Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2008-ին չարվածը պետք է իրականացվի հիմա

2008-ին չարվածը պետք է իրականացվի հիմա
27.11.2018 | 01:55

Նոյեմբերի 14-ին Հայաստանի հայությունը վերջապես իմացավ, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունից ավելի կարևոր խնդիրներ կան։ Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին առաջին հայացքից սենսացիոն նորություն` հղում անելով Արցախի պաշտպանության բանակի մարտական փորձառու գեներալ, 1991-94 թթ. ազատագրական պատերազմի մասնակից, հակամարտության գոտում 2016-ի ապրիլի ռազմական գործողությունների ակտիվ մասնակից, խորհրդարանի պատգամավոր, Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դաշինքի հարցն օրախնդիր է դարձել, հասունացել հայկական երկու հանրապետությունների միջև համապատասխան պայմանագրի կնքումը։ «Մենք պետք է ունենանք կնքված փաստաթուղթ, որում ասված լինի, որ Հայաստանն իրավաբանորեն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավորը», քանի որ Ադրբեջանը բռնագրավել է հայկական տարածքներ»,- հայտարարել է Բալասանյանը։ Նա նշել է, որ այս տարվա մայիսին Հայաստանի իշխանություններին նման առաջարկություն է արվել, որն ընդունվել է։

Ըստ նրա, այդ ուղղությամբ տրվել են հանձնարարություններ, կատարված է որոշակի աշխատանք, և կարելի է ասել, որ փաստաթուղթը գործնականորեն պատրաստ է. «Պարզապես, ելնելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներից, դրա քննարկումը որոշ չափով հետաձգվել է, բայց համոզված եմ, որ ՀՀ-ում դեկտեմբերյան ընտրությունից հետո այդ փաստաթուղթը կունենանք»։
Չի կարելի չհամաձայնել մի շարք փորձագետների հետ, որ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական երկյակը պետք է լինի կամ փորձի դառնալ տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան երկյակի գործողությունների հակակշիռը։ Իսկ տվյալ գիծը, հատկապես և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար ծայրահեղ վտանգավոր նախիջևանյան տարածաշրջանում, հստակ երևում է ոչ առաջին տարին։ Մշտական խոսակցություններն էլ այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամենասերտ կերպով «սուսուփուս» համագործակցում է Վրաստանը, միայն խորացնում են Հայաստանի և Արցախի զինվորական վերնախավի, ասենք, նաև շարքային քաղաքացիների լարվածությունը։ Հայտարարված երկկողմ պայմանագիրը, հավանաբար, պետք է արձանագրի վերջին տարիներին ձևավորված ստատուս քվոն, այսինքն` այն ռազմական, ֆինանսական և այլ օգնությունը, որ Հայաստանը ցույց է տալիս Արցախին` ապահովելով ԼՂՀ-ի քաղաքացիների անվտանգությունը։ Փաստաթուղթն իրավաբանորեն կարձանագրի ԼՂՀ-ի շուրջը ձևավորված վտանգավոր ու լարված իրադրությունը։ Վերջին հաշվով, Հայաստանն ու Արցախը սահմանակից են նաև Իրանին, որի շուրջն իրավիճակը գնալով սրվում է։ Վերջապես, առկա է «ահաբեկչական ինտերնացիոնալի» ներթափանցման (Իրաքից և Սիրիայից` Թուրքիայով) վտանգը։ ԼՂՀ-ի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը, հիմնվելով երկկողմ փաստաթղթի վրա, օրինական հիմունքներով կարող է ամեն տեսակի օգնություն ցույց տալ Արցախի հայությանը։ Փաստորեն Երևանն ու Ստեփանակերտը սկսում են հարաբերությունները կառուցել «մեկ ազգ` երկու պետություն» բանաձևի շրջանակում։ Ճիշտ է, մինչև այժմ այդ արտահայտությունը չարաշահել են հենց Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները, իսկ Երևանում և Ստեփանակերտում, լրատվական և հանրային մակարդակում քննադատելով Անկարայի և Բաքվի ճիգերը, պաշտոնական մակարդակում գերադասել են լուռ մնալ` չմեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները հին սխեմաներին, որոնք հայտնի են որպես պանթուրքիզմ։ Ամենայն հավանականությամբ, եթե գեներալ Բալասանյանի հիշատակած փաստաթուղթը հայտնվի և ստորագրվի Երևանի ու Ստեփանակերտի կողմից, ապա Հայաստանի ռազմական նոր հայեցակարգում և ազգային անվտանգության ռազմավարությունում տեղ կգտնի այն դրույթը, որ Հայաստանը ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և որ հանրապետությունները միմյանց ռազմական աջակցություն են ցույց տալու։


Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավորման գործընթացի անորոշությունը, ինչպես նաև տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքների» ապագայի ամպամած լինելը, ենթադրվում է, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ի ընտրություններից և նոր կառավարության կազմավորումից հետո Երևանն ու Ստեփանակերտը կարող են ընդհանուր տեսակետի հանգել այն դրույթի ուղղությամբ, որ Հայաստանը հանդես է գալու նաև որպես ներկայիս սահմաններում Արցախի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Դա կապված է այն բանի հետ, որ Թուրքիա-Ադրբեջան երկյակը, ԱՄՆ-ի մերթ բացահայտ, մերթ թաքնված աջակցությամբ, վերջին տարիներին ձգտում է փոխել նույն «Մադրիդյան սկզբունքների» ձևաչափը և, ցանկություն չհայտնելով խոսելու հայկական այն բռնագրավված հողերի մասին, որոնց մասին հիշեցրեց գեներալ Բալասանյանը, մշտապես առաջին պլան են մղում «բռնագրավված տարածքներից հայկական զորքերը հանելու», ինչպես արտահայտվում են Անկարայի և Բաքվի աղբյուրները, հարցը։ Կարծում ենք, որ այժմ լիովին տեղին է հիշեցնել բոլոր շահագրգիռ կողմերին և առաջին հերթին Ադրբեջանին ու Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ այս կամ այն երկրում Սահմանադրության (հիմնական օրենքի) լինել-չլինելն ամենևին պայմանավորված չէ այն բանով, թե, այսպես կոչված, «միջազգային հանրությունը» ճանաչու՞մ, թե՞ չի ճանաչում դիտարկվող պետական կազմավորման անկախությունն ու պետական ինքնիշխանությունը։ Այսպես, 2006-ի դեկտեմբերի 10-ից Արցախն ունի իր Սահմանադրությունը, իսկ դրա 142-րդ հոդվածում գրված է. «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացիորեն գտնվում է ԼՂՀ-ի իրավասության ներքո»։ Եվ քանի որ գեներալ Բալասանյանը, հիշատակելով Երևանի և Ստեփանակերտի միջև երկկողմ պայմանագրի մոտալուտ հայտնության մասին, հիշեցրել է աշխարհին, որ կան նաև բռնագրավված հայկական հողեր, ապա, կամա-ակամա, եթե Ադրբեջանը և միջազգային միջնորդները հրաժարվեն բռնագրավված հայկական հողերի շուրջ բանակցելուց, ապա ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնում չի լինի։ Այդ դեպքում Արցախին չի խանգարի երկողմ պայմանագրի այն կետը, ըստ որի, Հայաստանն իրավաբանորեն հայկական երկրորդ հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորն է, այսինքն, ըստ հենց Արցախի Սահմանադրության 142-րդ հոդվածի։


Իհարկե, այդ հարցերում պետք է նաև հասկանալ, թե ինչպես կարձագանքեն նման փաստաթղթի կնքմանը Ռուսաստանը և աշխարհի երկրները (այդ թվում` ԱՊՀ ՀԱՊԿ դաշինքի անդամ երկրները)։ Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը կանխատեսելի է` կլինի բուռն և բացասական։ Իրանը կլինի զուսպ և զգույշ։ Արևմուտքը կշարունակի իրեն ներկայացնել անկանխակալ կողմ, թեև ակնհայտորեն կդատապարտի Հայաստանին և Արցախին այդպիսի պայմանագիր կնքելու համար։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այստեղ նրբերանգներ կան։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և եթե Արցախին ռազմական օգնություն ցույց տա Ադրբեջանի կողմից ծավալուն մարտական գործողությունների վերականգնման դեպքում, ապա ամենահավանականն այն է, որ ՀԱՊԿ երկրները չեզոքություն կպահպանեն, քանի որ ԼՂՀ-ն չճանաչված հանրապետություն է, և ՀԱՊԿ-ի երկրների պարտավորությունները նրա վրա չեն տարածվում։ Բայց, դատելով Ղազախստանի և Բելառուսի վերջին շրջանի վարքագծից, չեն բացառվում «անշահախնդիր սիրո և հարգանքի» հերթական փոխադարձ զեղումները Մինսկի և Բաքվի, Աստանայի և Բաքվի միջև։ Ռուսաստանը, բացի ՀԱՊԿ-ում ընդհանուր աշխատանքից, նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, գործում է հայ-ռուսական երկկողմ «Մեծ պայմանագիրը», Հայաստանի տարածքում է գտնվում ՌԴ ԶՈՒ 102-րդ բազան, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները պաշտպանում են ռուս սահմանապահները։ Բայց արտաքին ռազմական ագրեսիայի դեպքում ռուս զինվորականները պաշտպանելու են միայն Հայաստանը։ Իսկ Ստեփանակերտի և Մոսկվայի միջև չկան այնպիսի իրական կապեր, ինչպիսիք կային, օրինակ, Աբխազիայի և Ռուսաստանի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև։


Թե ինչու պետք է հավատալ գեներալ Բալասանյանի խոսքին, կարծում ենք, հասկանալի կդառնա, եթե հիշենք 2016-ի մայիսի 7-ի այն վկայությունը, համաձայն որի, հենց Արցախի ԱԽ քարտուղարի գործողություններն են խափանել ադրբեջանական բլիցկրիգը հակամարտ բանակների շփման գծի Մարտակերտի ուղղությունում։ Պարզվում է, որ ադրբեջանական հարձակումից մի քանի ժամ առաջ նրան հաջողվել է մի գործողության իրականացում, որն էլ տապալել է ադրբեջանցիների բլիցկրիգը։ Ինչպես պատմում էին ականատեսները, ադրբեջանցիների լայնածավալ հարձակման նախորդ ամբողջ օրը Մարտակերտի վերևում` և դիրքերի, և քաղաքի, անօդաչու սարքեր էին պտտվում։ Արցախի պաշտպանության բանակի մարտիկներին չի հաջողվել դրանք ոչնչացնել։ Այդ ժամանակ Մարտակերտում գտնվող Բալասանյանը հանդիպել է տվյալ ուղղության զինվորական հրամանատարության հետ և պահանջել անհապաղ փոխել բոլոր կրակակետերի դիրքերը։ Իր որոշումը նա բացատրել է այն բանով, որ սարքերն ադրբեջանցիներին արդեն հաղորդել են արցախցիների կրակակետերի տեղաբաշխման մասին բոլոր տվյալները։ Սկզբում չէին ուզում կատարել գեներալի պահանջը. դրա համար պետք էր հանրապետության զինվորական հրամանատարության հրամանը, բացի դրանից, Բալասանյանը նրանց անմիջական հրամանատարը չէր և ծառայության գծով չէր կարող հրամայել։ Սակայն գեներալը պնդեց իր պահանջը և քանի որ մինչ օրս էլ վայելում է հրամանատարության մեծ հարգանքը, անմիջապես հրամայվեց փոխել կրակակետերի տեղերը։ Ապրիլի 1-ից 2-ի գիշերը հակառակորդը զենքի տարբեր տեսակներից սկսեց գնդակոծել կրակակետերը։ Ադրբեջանական հրամանատարությանը զեկուցեցին, որ հայկական բոլոր կրակակետերը ոչնչացված են, և կարելի է սկսել հարձակումը։ Երբ այն սկսվեց, հայկական առաջավոր ստորաբաժանումներն սկսեցին բոլոր կրակակետերից գնդակոծել ադրբեջանցիներին։ Հակառակորդն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է կատարվում։ Շուտով Բալասանյանը հետ նվաճեց նաև ադրբեջանցիների կողմից կարճ ժամանակով գրավված Թալիշ գյուղը։


Գեներալ-մայոր Բալասանյանի զինվորական հարուստ կենսագրությունը երաշխիք է, որ տվյալ դեպքում ապատեղեկատվության «նետում» չկա։ Երբ նման անհանգիստ ժամանակ փորձագետները խուսափում են իրականության հստակ գնահատականից, ապա Հայաստանի, Արցախի և անգամ Ադրբեջանի հասարակությունը բախվում է խնդիրների ոչ այնքան տրամաբանական ձևակերպման։ Սույն տողերի հեղինակը 1991-94 թթ. պատերազմի ամենասկզբում Երևանում այն փորձագետներից մեկն էր, որոնք փորձագիտական գնահատականի էին ենթարկում հակամարտող կողմերին ԵԱՀԽ-ի (ԵԱՀԿ-ի նախորդի) կողմից ուղարկվող, այսպես կոչված, «Հակամարտության գոտու կրակի դադարեցման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցերը», և շատ լավ հիշում է, որ վերլուծաբանները հակամարտության հենց սկզբից հարցնում էին և են. «Իսկ ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ ամեն երկիր ունի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր պլանը»։ Մի պահ մոռանանք, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ՄԽ-ի կարգավիճակում արդեն 11 տարի պնդում են, թե իրենց միջև ամեն ինչ որոշվում է համակարծությամբ, և հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումները համընկնում են։ Ֆրանսիայի մասին չենք խոսի. Ժակ Շիրակից հետո Ֆրանսիան էականորեն կորցրել է իր արտքաղաքական ինքնուրույնությունը։


Իսկ ահա ԱՄՆ-ը վաղուց ունի կարգավորման իր պլանը։ Դրանք ընդհանրապես շատ են եղել։ Հիշենք թեկուզ «Ընդհանուր պետության» տխրահռչակ պլանը, որը 2000-ականների սկզբին հրամցնում էր ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտա Ֆեռերո-Վալդները։ 1990-ականների ծայրահեղ հակահայկական «Հոբլի պլանի» մասին չխոսենք. վաղուց է եղել։ Սույն տողերի հեղինակը բազմիցս հանդիպել է 2000-ականների առաջին տասնամյակի ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի, Յուրի Մերզլյակովի, հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի «հավերժ» անձնական ներկայացուցիչ, լեհ դիվանագետ Անջեյ Կասպրշիկի հետ... Ամեն ինչ չես պատմի, իհարկե։ Բայց 2005-ին ամերիկացի Բրայզան կարգավորման գլխավոր թեմաներից հանկարծակի անցավ կարգավորման երկրորդ-երրորդական թեմաների, ինչը կարգավորմանն ԱՄՆ-ի «նորագույն» մոտեցումն է։ Իսկ «նորագույն» բառը մենք վերցրել ենք չակերտների մեջ, որովհետև իրականում Բրայզայի դիրքորոշումը, որը հետագայում «Մադրիդյան սկզբունքներում» ձևավորվել է որպես երկրորդ-երրորդ կարգի, լիովին ու անվերապահորեն արտահայտել է Արցախի և կարգավորման խնդրի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետը։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ