Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մանիպուլյացիաներով էլ չես կերակրի մարդկանց»

«Մանիպուլյացիաներով էլ չես կերակրի մարդկանց»
30.11.2018 | 00:46

«Ժողովրդի ձայն» քաղաքական միավորման անդամ ԱՇՈՏ ԱՇՈՏՅԱՆԸ, հետևելով այս օրերի ընտրական քարոզարշավին, լիովին արդարացի է համարում իրենց բոյկոտն այս քաղաքական միջոցառմանը, քանի որ, ըստ նրա, սա ընտրություն չէ։ «Այսօր լափի վրա դնում են երկու լոլիկ ու ներկայացնում իբրև խոհանոցային անգերազանցելի ուտեստ։ Ցավն այն է, որ դա արվում է այն մասսայի համար, որն այս տարիներին բաց է թողել կրթություն ստանալու, գիրք կարդալու հնարավորությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը, հավելելով, որ իրենք հարցումներ են արել քաղաքացիների շրջանում և պարզել, որ քաղաքականությամբ լրջորեն զբաղվող մարդիկ հասկանում են` Հայաստանում ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն է եղել։ Միջին գիտելիքներ ունեցող մարդիկ վախի ու կասկածի մեջ են, իսկ սպասելիքներ ունեն հիմնականում այն մարդիկ, ովքեր կրթված չեն։ Ըստ Աշոտյանի, նոր իշխանությունը փորձում է ամեն կերպ մարդկանց ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից։ «Վերջերս վարչապետը հայտարարեց, որ հեղափոխությունն իր առջև դրած խնդիրները կատարել է։ Ինձ թվաց, թե ես Հայաստանում չեմ ապրում։ Հետաքրքիր է, ո՞վ է այդ խնդիրները դրել, ժողովուրդը նման խնդիր չի դրել։ Մենք ասե՞լ ենք` գնացեք ու այսպիսի անիմաստ կադրային քաղաքականություն վարեք, ըմբոստացել էինք համակարգի դեմ, ոչ թե կոնկրետ Սերժ Սարգսյանի։ Պետական հանցագործներն իշխանափոխությունից 2 օր հետո պետք է հայտնվեին ճաղերի հետևում, ստեղծվեին հեղափոխական կոմիտեներ, համակարգը քանդեին ու նոր համակարգ կառուցեին։ Այս ամենից հետո նոր պետք է ընտրություններ նշանակվեին, երբ կլիներ ծրագրերի պայքար»,- ասաց նա՝ շեշտելով, թե հիմա տրամվայի հետևից վազելով ընտրությունների են տանում, ժողովրդին բաժանում են սևի ու սպիտակի։


Վերհիշելով Երևանի ավագանու ընտրությունները, Աշոտ Աշոտյանը նշեց, թե «սպիտակին» ընտրեցինք, որը 3 օր աղբանոցներում ման գալուց հետո հայտարարեց, թե նախկինները լավ էլ աշխատում էին։ «Բա որ լավ էին աշխատում, մկան վազքն ինչի՞ համար էր։ Այս ընտրություններում էլ գույները լրիվ խառնվել են իրար, սև ու սպիտակն իրար խառնված մի թիմում են, սևերն առանձին թիմ էլ ունեն, նարնջագույնն ու յոթգույնանիներն առանձին թիմով են մասնակցում, իսկ, ըստ օրենքի, ընդամենը 4 կուսակցություն պետք է խորհրդարան անցնի։ ՈՒ՞մ թույլտվությունը հարցրին, որ էս կարգի բաներ են անում։ Չէ՞ որ, իրենց ասելով, մենք ենք տերը այս երկրի։ Տիրոջը գոնե կեսբերան հարցնեին՝ ուզու՞մ ես, թե՞ չես ուզում։ Միայն պաշտոնյաներին հրապարակում հեռացնելու ժամանակ հարցրին ժողովրդին, էն էլ պատասխանատվությունն իրենց ուսերից գցելու համար, որ հետո ասեն` դե, ԲՀԿ ու ՀՅԴ, այդպես ժողովուրդն էր ուզում»,- հայտարարեց մեր զրուցակիցը, իսկ այն դիտարկմանը, թե ինչ ասել է սևերն ու սպիտակները մի ցուցակում, ասաց, որ Փաշինյանը նախկինում հայտարարում էր՝ ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, բայց հիմա ասում է, թե բոլոր շնորհալի ՀՀԿ-ականները կարող են լինել իրենց հետ։ «Հիմա Փաշինյանը հեղափոխությունը դրել է մի կողմ ու հայտարարում է, թե Հայաստանում կոռուպցիա, մենաշնորհ չկա, երկիրը տնտեսական զարգացում է ապրում։ Այս մանիպուլյացիաներով էլ չես կերակրի մարդկանց։ Այս ընտրություններում վարչապետն իր ցուցակի անհասկանալի երևույթներով է ներկայացել, որտեղ նաև ՀՀԿ-ականներն են, ընդ որում, ոչ թե մի քանի ակնհայտ դեմքեր, այլ շատ թաքուն հանրապետականներ։ Հիմա այս ամենի մեջ պետք է մտածել ում ձայն տալ»,- ասաց Աշոտ Աշոտյանը՝ հավելելով, որ այսօր նոր իշխանությունը նախկինի պես սկսել է հոտառությունը կորցնել, իսկ ժողովրդի հետ խաղ անել չի կարելի։


Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Փաշինյանի վերջին երթի ժամանակ օգտագործված գունավոր ճայթռուկներին։ «Էդ ինչ գունավոր ծխեր էին, դա սիմվոլիկա է, նույն պատկերն է, պարզապես սրանք հագուստներով էին, ԼԳԲՏ-ները` առանց հագուստի։ Էդ նույնն է, որ ֆաշիստական Գերմանիայի նշանը կպցնեմ կրծքիս, դուրս գամ փողոցում քայլեմ, ասեմ՝ սիրունության համար է»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ եզրահանգելով, որ այս ընտրություններն արդեն դատապարտված են, իսկ երկրում ոչ մի հեղափոխական իրադարձություն տեղի չի ունեցել։ «Կաշառակերներն ու կիսապրոֆեսիոնալները փոխարինվել են անփորձներով, իսկ մնացածը հետո կերևա։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ ընտրվեց, մեկ տարի Հայաստանում կաշառակերություն, խուլիգանություն, թալան չկար, բայց հետո ի՞նչ եղավ»,- ամփոփեց Աշոտ Աշոտյանը՝ Փաշինյանին առաջարկելով, որ մեկ ամսով իշխանությունն իրենց տա, այսինքն՝ ժողովրդին, ու տեսնի, թե ինչպես են երկիրն առաջ տանում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ