Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վերջին երեքում 11 խփած գոլ ու ոչ մի բաց թողած

Վերջին երեքում 11 խփած գոլ ու ոչ մի բաց թողած
18.12.2018 | 02:28

ՈՒզում էինք գրել, որ խոսքը, բնականաբար, «Բարսելոնին» է վերաբերում, հետո փոշմանեցինք՝ հասկանալով, որ ընթերցողն առանց հուշման էլ գլխի կընկնի վերաբերվելիքի մասին: Ինչ վերաբերում է մնացած հանդիպումներին, «Լիվերպուլը» քնքշորեն «շոյել» է «Մանչեստր Յունայթեդին»՝ հընթացս թույլ չտալով, որ «Էվերտոնի» հետ հանդիպումը հաղթանակով ավարտած մանչեստրյան մյուս թիմը շրջանցի իրեն, զարմանալի ժլատ են եղել սկուդետեի առաջատարները՝ ձեն ձենի տված նվազագույն հաշվով ավարտելով հերթականները, իսկ ինչ վերաբերում է ֆրանսիական դիվիզիոնին, այստեղ «դեղին բաճկոնավորների» ընդվզման պատճառով առաջնությունը դեռ երկար կիսատ խաղացած տուրեր կունենա, թեպետ կոնկրետ «Պարի Սեն Ժերմենի» պարագայում վիճակն այնպիսին է, որ եթե երեք հանդիպում էլ չանցկացնի, դարձյալ մնալու է մրցաշարային աղյուսակի գլխին:

ԱՆԳԼԻԱ
Տնային մրցակցությունում «Էվերտոնի» նկատմամբ հաղթանակը տուրում մեկ օր առաջ մեկնարկած «Մանչեստր Սիթիին» վերադարձրեց առաջին հորիզոնական, ու ամեն ինչ կարող էր կրկին վերադառնալ ի շրջանս յուր, եթե մեկ օր անց «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղում «Լիվերպուլը» հաղթանակ տոներ: Յուրգեն Կլոպի սաները դա չասենք, թե արեցին դյուրությամբ, քանզի մանկունիացիներն այն թիմը չեն, որ թողնեն իրենց գլխին անպատիժ երկանք աղան, բայց դե եղածը եղած է: Ի դեպ, այստեղ նույնությամբ կրկնվել է «Էվերտոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայության հաշիվը:
Փոփոխություններ չարձանագրվեցին նաև երրորդ հորիզոնականում, քանզի սեփական հարկի տակ «Տոտենհեմը» հաղթանակ կորզեց «Բյոռնլիից»:
Փոփոխությունները շրջանցեցին նաև պրեմիեր լիգայի չորրորդ հորիզոնականը: Հաղթական հուն վերադարձող «Չելսին» արտագնայում հաղթահարեց «Բրայտոնի» արգելքը՝ 2:1:
Դրամատիկ զարգացումներով աչքի ընկավ «Սաուտհեմպտոն»-«Արսենալ» դիմակայությունը, որտեղ անընդհատ հետապնդողի դերում էին Անգլիայի «հրեշտակներին» հյուր գնացած զինագործները: Խաղը ցույց տվեց, որ «հրեշտակներն» ավելի ռազմաշունչ էին տրամադրված՝ 3:2: Ցավալին այն է, որ տևական ժամանակ դիպուկությամբ աչքի չընկնող մեր Հենրիխ Մխիթարյանը մնաց-մնաց, միանգամից երկու գոլ հեղինակեց այս մրցակցությունում, ու վերջնահաշվում հանդիպումը զրոյական եղավ իր թիմի համար, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ սրանում եթե իր մեղքի բաժինն ունի էլ մեր Մխիթարյանը, մեղավորներից ամենավերջինն է:
«Լիվերպուլն» ունի 45, «Մանչեստր Սիթին»՝ 44, «Տոտենհեմը»՝ 39, «Չելսին»՝37, «Արսենալը»՝ 34 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Դորտմունդի «Բորուսիան» չի դադարում հաղթանակից հաճույք ստանալուց: Այս անգամ նրա սուր զգացողությունների զոհը հյուր եկած «Վերդերն» էր՝ 2:1: Դորտմունդցիները միավորների թիվը հասցրին 39-ի:
Արտագնայում բավական ծանր հանդիպում ունեցավ մյուս «Բորուսիան»՝ Մյոնխենգլադբախինը, որին միավորից ավելի վաստակելու հնարավորություն չտվեց «Հոֆենհայմը»: Այս զրոյական կամ գոլազուրւրկ ոչ-ոքին ավելի քան տեղին եղավ Մյունխենի «Բավարիայի» համար, որն արտագնայում երեք միավոր վաստակեց բունդեսլիգայի հետնապահի հետ մրցակցությունում: Ինքնին այս 4:0 հաշվի մեջ արտառոց ոչինչ չկա, եթե աչք փակենք նրա վրա, որ առաջնությունում բավական ծանր մեկնարկած մյունխենցիներն աաջին անգամ խփեցին այդքան շատ գոլ: Մյունխենցիները 30 միավորով երրորդ հորիզոնականում են ու գլադբախցիներին երկրորդը զիջում են ի հաշիվ լրացուցիչ գործակիցների:
Չորրորդն ու հինգերորդն այստեղ «Լայպցիգն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» են` համապատասխանաբար 28 ու 26 միավորներով: Առաջինը հյուրընկալելիս 4:1 հաշվով առավելության է հասել «Մայնցի» նկատմամբ, երկրորդը 2:1 հաշվով պարտության է մատնել «Բայերին»` դարձյալ սեփական հարկի տակ:

ԻՏԱԼԻԱ
Սեփական երկրպագուի նկատմամբ արտառոց ժլատ եղան սկուդետեի առաջին եռյակը կազմածները՝ բավարարվելով նվազագույն հաշվով հաղթանակով: «Յուվենտուսն» ու «Նապոլին» դա արել են արտագնայում, «Ինտերը»՝ սեփական հարկի տակ: Նրանց մրցակիցներն են եղել «Թուրինը», «Կալյարին», «ՈՒդինեզեն»: Առաջին եռյակը կազմածներից ամենածանր հաղթանակը եղել է «Նապոլիինը», որը մրցակցի դարպասը կարողացել է գրավել հավելյալ ժամանակում:
«Յուվենտուսն» ունի 46, «Նապոլին»՝ 38, «Ինտերը»՝ 32 միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Արտագնայում առաջին խաղակեսը 2:0 հաշվով շահած «Աթլետիկոն» երկրորդում իրեն ազատություններ է թույլ տվել, ինչից անմիջապես օգտվել են տանտերերը, ու եթե չլիներ մադրիդցիների փրկօղակ դարձած Գրիզմանը, «Վալյադոլիդը» նրանց մեկ միավորով կթողներ:
Հաղթական հանդիպում է ունեցել «Սանտյագո Բեռնաբեուում» «Ռայո Վալեկանոյին» հյուրընկալած «Ռեալը»: Հանդիպման ելքը որոշել է Կարիմ Բենզեմայի խփած միակ գնդակը:
Անհամեմատ թեթև ընթացք է ունեցել «Սևիլիա»-«Ժիրոնա» մրցակցությունը, որտեղ անդալուզցիները երկու գոլի առավելությամբ պարտության են մատնել հյուրերին:
Տուրի վերջին ու ամեն ինչ տեղը դնող մրցակցությունը եղել է «Լևանտե»-«Բարսելոն» դիմակայությունը: «Կապտանռնագույնները» փառահեղ հանդիպում են անցկացրել՝ հաղթելով հինգ անպատասխան գնդակի առավելությամբ: Հեթ տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին, որը նաև կատարել է երկու գոլային փոխանցումը: Ի միջի այլոց, սա այն «Լևանտեն» էր, որն անցած մրցաշրջանում չթողեց, որ «Բարսելոնը» մրցաշրջանն անցնի առանց պարտության: Այնպես որ այս հաղթանակը համարենք յուրօրինակ վրեժ:
«Բարսելոնն» ունի 34, «Սևիլիան» ու «Աթլետիկոն»՝ 31-ական, Մադրիդի «Ռեալը»՝ 29 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Հետաձգված խաղերը շարունակում են տեղ գտնել դիվիզիոնի հանդիպումներում, ու պատճառը սոցիալական հողի վրա առաջացած, գրեթե ողջ Ֆրանսիան համակած «դեղին բաճկոնավորների» ընդվզումն է: Հետաձգվածների մեջ են «Դիժոն»-«Պարի Սեն Ժերմեն», «Նանտ»-«Մոնպելիե» դիմակայությունները: Ընդ որում, եթե մայրաքաղաքցիների հետաձգված հանդիպումները (դրանք արդեն երկուսն են) ոչնչով չեն ազդում մրցաշարային աղյուսակում նրանց ունեցած դիրքի վրա (տասը միավոր ավելի ունեն երկրորդ տեղում գտնվող, 34 միավոր ունեցող «Լիլից»), ապա «Մոնպելիեի» պարագայում հարցն այդքան միանշանակ չէր, ինչն իր առարկայական հավաստումը գտավ «Լիոն»-«Մոնակո» դիմակայությունում, որտեղ տանտերերի հաղթանակը (3:0) նրանց բերեց երրորդ հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով «Մոնպելիեին»:


Ինչևէ: Տուրում մարտաշունչ հանդիպում են ունեցել «Նիմն» ու «Լիլը»: Արդեն 16-րդ րոպեին տասը հոգով մնացած հյուրերը հանդիպումը ոչ միայն շահելիս են եղել 1:0 հաշվով, այլև հետագայում երկու գոլ էլ են հեղինակել ու նոր միայն իրենց թուլանալու իրավունք վերապահել: Արդյունքում հեղինակելով երկու գոլ՝ «Նիմը» հաշվի տարբերությունը հասցրել է նվազագույնի, սակայն ավելին չի կարողացել անել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ