Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հին տարին ավարտվում է նոր խնդիրներով

Հին տարին ավարտվում է նոր խնդիրներով
25.12.2018 | 00:46

Նախատոնական ապրանքների գները թավշյա հեղափոխության առաջ չընկրկեցին։ Ինչպես միշտ, այս տարեմուտին էլ գները բարձրացան, և սա արդեն զուտ հայկական ավանդույթ է դարձել։


Երևի աշխարհի բոլոր ազգերի մեջ միայն հայերս ենք, որ ցանկացած գործ դնելիս ծրագրում ենք ներդրված 1000 դրամի դիմաց 10000 դրամի օգուտ քաղել։ Այս տրամաբանությամբ էլ Նոր տարվա շեմին ապրանքների գները կտրուկ բարձրանում են, մինչդեռ աշխարհում ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում, և դա ոչ այն պատճառով, որ այլ երկրներում գործարարներն ավելի բարեգութ են, ուղղակի գործում է առողջ բիզնեսի տրամաբանությունը՝ եկամուտ ստանալ ավելի շատ ապրանք վաճառելով։ Արդյունքում շահում են և՛ գործարարները, և՛ սպառողները։


Իսկ մեզ մոտ մարդկանց մեծ մասը անքուն գիշերներ է անցկացնում գլուխ ջարդելով, թե ինչպես է եղած աշխատավարձով կարողանալու ապահովել տնական սեղանի թեկուզ նվազագույն ճոխությունը։ Այլ երկրներում մարդկանց, հատկապես աշխատանք ունեցողների համար տոնը ավելորդ գլխացավանք չի դառնում, քանի որ նրանց աշխատավարձերը խիստ տարբերվում են մեր աշխատավարձերից։ Այս դառը ճշմարտությունը մի կողմից չի զսպում մեր գործարարների ախորժակը, մյուս կողմից չի արժանանում իշխանությունների ուշադրությանը։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի առևտրի ոլորտում, հակասում է առողջ տրամաբանությանը, ինչից տուժում է սպառողը, հատկապես միջին և ցածր խավը։ Օրինակ, ինչու՞ պիստակի մեկ կիլոգրամը, որը արժեր 6000 դրամ, այսօր արդեն վաճառվում է 10000 դրամով, իսկ 4000 դրամ արժողությամբ ընկույզը վաճառվում է 7000 դրամով։


Կա խնդիր, որը լուծում է պահանջում և անգամ հիմա ուշ չէ վերանայելու առևտրում հիմնավորված այս անարդյունավետ քաղաքականությունը։ Գաղտնիք չէ , որ ցանկացած հարցում, եթե պետությունը կամենա, խնդիրը լուծում կստանա, և բոլորովին էլ վատ չէր լինի, եթե գործադիրը հիշեցներ գործարարներին, որ Նոր տարին հարուստ ու աղքատ չի հարցնում։ Ավելին, հրապարակի թանկարժեք տոնածառը չի զարդարի մարդկանց տոնական սեղանները և չի կշտացնի նրանց։ Իհարկե, գուցե լինեն մարդիկ, որ չհամաձայնեն մեր առաջարկին, որպեսզի պետությունը միջամտի գնագոյացմանը, և սա դիտարկեն որպես գործարարի գործին կոշտ միջամտություն։ Սակայն նկատենք որ դա այդքան էլ այդպես չէ, քանի որ այդ մոտեցումը չի հակասի ազատ շուկայական քաղաքականությանը, հակառակը, կնպաստի, որպեսզի առևտրի ոլորտում լինի առողջ մրցակցություն, և գործեն ճիշտ սկզբունքներ։ Ի վերջո, մեր իշխանությունները ցանկացած ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս վկայակոչում են եվրոպական փորձը, ուրեմն ինչու՞ նախատոնական առևտրի հարցում չի կարելի կիրառել այն, այսինքն, առևտուրը բերել առողջ մրցակցային դաշտ ի նպաստ սպառողի և գործարարի շահերի, ինչը բխում է ազատ շուկայական տնտեսական քաղաքականությունից։


Ընդհանրապես, 2018-ը սոցիալական ոլորտում բավականին լարված է ավարտվում, և խնդիրը ոչ միայն ամանորյա ապրանքների գներն են, թանկացել է կենսական անհրաժեշտություն ապրանքը՝ ալյուրը։ ՈՒ թեև հացը դեռևս չի թանկացել, այնուհանդերձ, սպառողները նկատում են, որ պակասել է հացի քաշը։ Վերջապես, եթե ալյուրը թանկացել է, հացի գնի բարձրացումը օրերի հարց է։ Այս ֆոնի վրա լուրջ խնդիր է դարձել գործազրկությունը։
ՀՀ-ի անկախությունից ի վեր սա առաջին դեպքը չէ, երբ նախարարությունները միացվում և անջատվում են։ Ի՞նչ արդյունք կտա այս անգամ նախարարությունների միացումը, թողնենք, որ ժամանակը պատասխանի այս հարցին։ Տարեմուտի այս օրերին շատ ավելի կարևոր է լուծել գործազուրկների այն խնդիրը, որն առաջանում է նախարարությունների միավորումից և լուծարումից։ Սա լուրջ մարտահրավեր է իշխանությունների համար։ Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մոտեցումներով է լուծվելու սոցիալական այս թեժ լարվածությունը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ