Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրականում հենց սպառողի համար է թանկանում գազը

Իրականում հենց սպառողի համար է թանկանում գազը
11.01.2019 | 03:12

Հայաստանի կառավարությունը շարունակում է «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունները, որպեսզի ինչ-որ միջին տարբերակ գտնվի` գազի սակագնի բարձրացումը կոմպենսացնելու համար: Երեկ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գազի գնի առնչությամբ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, հարցը փակ չէ: «Քննարկելու տարբերակներ կան: Կառավարությունն ակտիվ աշխատում է ռուս գործընկերների հետ: Տարբեր սցենարներ կան քննարկելու, իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, այս պահին չեմ կարող ասել: Բանակցությունները տարբեր ելքեր կարող են ունենալ»,- ասել է նա: Թե ինչ հետաքրքիր զարգացումների մասին է խոսքը, կերևա առաջիկայում, սակայն առավել հավանական տարբերակ է նշվում այն, որ «Գազպրոմ Արմենիայի» ներդրումների կրճատման հաշվին է լինելու սակագնի փոխհատուցումը: Սակայն սրա հետևանքը կրկին կրելու է շարքային սպառողը, գուցե ոչ ուղղակի:


Մոտավոր հաշվարկներով 15 դրամի թանկացումը տարեկան 30 մլն դոլար է կազմում: Ասել է` այդքան գումար չի ներդրվի տնտեսության մեջ, ընկերությունը չի կատարի այդքան ներդրում Հայաստանի տնտեսությունում: ՈՒ այս պարագայում դեռ հարց է, թե սպառողի վրա թանկացումը կանդրադառնա՞, թե՞ ոչ: Եթե երկրի տնտեսություն չի մուտքագրվում այդքան գումար, ուրեմն ո՞վ է տուժողը: Մասնավոր այս ընկերությունը հաստատապես ոչ մի գործարքի չի գնա, որպեսզի վտանգի սեփական եկամուտները: ՈՒրեմն այսօրվա բանակցությունները, ոչ թե թանկացած գազի բեռը ինչ-որ կերպ «Գազպրոմ Արմենիայի» վզին փաթաթելն է, այլ ինչպես անել, որ հասարակությունը ուղղակի չկրի թանկացման ազդեցությունը:


Հաջորդ էական հարցը. Փաշինյանը հայտարարեց, թե «տեսանելի ապագայում» սակագինը նույնն է մնալու: Ստացվում է` չի բացառվում, որ «ոչ տեսանելի ապագայում» գազի գնի համար ուղղակի սպառողը վճարի: Այսուամենայնիվ, գազի գինը քաղաքականություն է, և այս պահին Ռուսաստանը, գազը Հայաստանին թանկ վաճառելով, ցուցադրում է այսօրվա իր վերաբերմունքը մեր հանդեպ: Մինչդեռ հիշենք, թե պաշտոնավարման առաջին օրերին ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, թե անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում գազն այդքան թանկ է սպառողին հասնում: ՈՒստի որոշվել էր ուսումնասիրել, թե ինչ է կատարվում այս ոլորտում: Հակառակ այս ամենի, ուսումնասիրման արդյունքը հասարակությունը չտեսավ, Պուտինը չնայած զարմացած էր բարձր սակագնի առկայությունից, բայց թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազը, իսկ Հայաստանի կառավարությունը շարունակում է պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, և որպես ձեռքբերում արձանագրվում է, որ վերջին ամիսներին Փաշինյանն է ամենաշատ Ռուսաստան գնացած ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ