Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կարևորը յուրաքանչյուր գործին բնորոշ ու անկրկնելի ձայնը վերարտադրելն է»

«Կարևորը յուրաքանչյուր գործին բնորոշ ու անկրկնելի ձայնը վերարտադրելն է»
11.01.2019 | 04:55

«Ակտուալ արվեստ» հրատարակչության ֆրանսալեզու ժամանակակից գրականության երկլեզվյան հավաքածուն համալրվել է ֆրանսիացի ժամանակակից գրող, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ օրոր» վեպով: Մարոկկոյում ծնված Սլիմանիի այս վեպը 2016-ին շահել է ֆրանսիական հռչակավոր «Գոնկուր» մրցանակը, թարգմանվել է աշխարհի ավելի քան 40 լեզվով: Գիրքը հայ ընթերցողին ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գումարման առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում: «Իրատեսի» զրուցակիցը թարգմանության հեղինակ ԱՆԱՀԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է:

-Թարգմանության ընթացքն ինչպիսի՞ն էր, ի՞նչ դժվարություններ կային, հե՞շտ էր, թե՞ դժվար Սլիմանիի գրականությունը հայերեն փոխանցելը:
-Ընդհանրապես որևէ թարգմանության հիմնական դժվարությունը, եթե խոսում ենք գեղարվեստական գրականության մասին, հիմնականում նույնն է, անկախ տեքստի բարդությունից. գտնել ճիշտ երանգը, ճիշտ տոնայնությունը, մթնոլորտը, ճիշտ «ձայնը»: Քանի որ, նույնիսկ եթե որոշ տեքստերում առկա են առավել շատ տեխնիկական դժվարություններ՝ բարդ հասկացություններ, եզրույթներ, և այլն, իրականում դրանք ամենահեշտ հաղթահարվող դժվարություններն են, և ի վերջո, կարևորը յուրաքանչյուր գործին բնորոշ ու անկրկնելի ձայնը վերարտադրելն է: Տվյալ դեպքում թարգմանության դժվարությունը հենց տեքստի պարզության մեջ էր. բավականին չոր ու հատու ոճը, առանց սեթևեթանքի ու պաճուճազարդման, դժվար էր նրանով, որ պետք էր գտնել ճիշտ տոնայնությունը, որպեսզի տեքստը մնա պարզ, բայց ոչ պարզունակ, անպաճույճ, բայց ոչ անհամ: Կարծում եմ, հուսով եմ, որ կարողացել եմ այդ առումով հավատարիմ մնալ բնագրին, ու հայ ընթերցողը նույն հնարավորությունն ունի, ինչ բնագրով ընթերցողը, ինքն իր համար դատելու, թե որքանով են այդ կերպարները համոզիչ կամ ոչ, կյանքով լեցուն, թե անկյանք:
-Վեպի հերոսուհին մեղքի զգացում ունի. նա կարծում է, որ աշխատանքի, զբաղվածության պատճառով չի կարող իդեալական մայր լինել: Իրականում չկա երկընտրանք, և հեղինակը չի մեղադրում, պարզապես ներկայացնում է իրականությունը:
-Իրավացի եք, ընդհանրապես, ամբողջ ստեղծագործությունում կարծես ոչ թե փորձ է արվում որևէ մեկին դատապարտելու, այլ ներկայացնելու իրավիճակն այնպես, ինչպես կա։ Վեպը մի շարք սոցիալական հարցեր է բարձրացնում, որոնցից մեկն էլ ընտանեկան ու մասնագիտական-աշխատանքային կյանքի համատեղումն է, հատկապես կանանց համար, աշխատանքի ու երեխաների միջև պառակտվող մայրը՝ ժամանակակից հասարակությունում։ Քիչ չեն կանայք, ովքեր երեխա ունենալուց հետո ցանկանում են, նույնիսկ կարիք ունեն, վերադառնալ աշխատանքի, մասնագիտական կարիերա ունենալ, կայանալ, սակայն միաժամանակ նրանք ցանկանում են նաև լավ մայր ու լավ կին լինել:
Ժամանակակից աշխարհում կարող է թվալ, որ աշխատանքի ու ընտանիքի այդ համատեղումը բավականին դյուրացել է, սակայն երբ ինքդ ես հայտնվում այդ իրավիճակում, գիտակցում ես, որ իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որ դա բազում զոհաբերություններ է պահանջում, և որ հաճախ կանայք, այդ ամենով հանդերձ, իրենց փոքր-ինչ մեղավոր են զգում, ու ոչ ամբողջական` ոչ իրենց աշխատանքում, ոչ ընտանիքում: Դրան գումարվում է նաև դրսից հայացքը. մի կողմից, աշխատող մայրերին հաճախ եսասեր են համարում ու ոչ հոգատար, մյուս կողմից, մայրերը, ովքեր տանն են մնում ու ամբողջովին նվիրվում երեխաների խնամքին, նույնպես լիովին գնահատված չեն, համարվում են «չաշխատող», ու բավականաչափ չի գիտակցվում, թե որչափ հոգնեցուցիչ է, ֆիզիկապես ու հոգեպես մաշող տան ու երեխաների հոգսը։
Միրիամի վերապրումների ու վարանումների միջոցով տեսնում ենք այն բեռը, ծանրությունը, որ ճնշում է մայրերին, ովքեր ցանկանում են օջախից դուրս կայանալ ու փթթել: Միրիամը նախ վարանում է իր ամենաթանկարժեք բանը` իր երկու երեխաներին, վստահել կատարելապես անծանոթ, օտար կնոջը: Սակայն նա փակված է զգում իրեն, բանտարկված մոր դերում: Զգում է, որ խեղդվում է, մեռնում այդ «պարզ, համր, բանտային» երջանկության մեջ: Երեխաների մայրը մտքեր ու զգացողություններ ունի, որ կամաչեր անգամ ամենամոտ ընկերուհուն խոստովանել: Այն, որ երեխաները, անկասկած նրա ամենաթանկարժեք գանձը լինելով հանդերձ, նաև ճնշում են, որ բերնեբերան լցված է նրանց հոգսերով ու ժամանակ չունի որևէ այլ բանի, ժամանակ չունի ապրելու, մասնագիտորեն կայանալու: Հիշում է այն օրը, երբ փաստաբանի դիպլոմն էր ստացել, ու մտածում էր, թե ինչի համար էր այդ ամենը:
-Ի՞նչ կասեք դայակ-ընտանիք հարաբերության մասին:
-Գրքում արծարծվում է նաև դայակ-ընտանիք կապը, այն բարդ հարաբերությունները, որ կապում են ծնողներին՝ իրենց երեխաներին պահող անձի հետ։ Նաև երեխա-դայակ հարաբերություններն ու, այդ լույսի ներքո վերանայված, երեխա-ծնող հարաբերությունները։
Վեպում մի հատված կա, ուր նկարագրվում է դարակի վրա դրված նկարը, որում երևում է դայակը երեխաների հետ, ու վերջինս հիշում է, ինչպես էր ընտանիքի հայրը` Պոլը, պնդել, որ այդ նկարը ի ցույց դրվի, նշելով. «դուք ընտանիքի մաս եք կազմում»: Եվ իրոք, այդ դայակները, որոնց մենք վստահում ենք մեր երեխաներին, և որոնց հետ երեխաները երբեմն ավելի շատ են արթուն ժամանակ անցկացնում, քան սեփական ծնողների, որոշակի առումով ընտանիքի մաս են սկսում կազմել: Եվ այս հարաբերությունում խութերն ու երկիմաստությունները շատ են: Դայակը դառնում է ինչ-որ չափով մեր ընտանիքի մասը, թեև նաև մեր վարձու աշխատողն է: Մենք նրան վարձում ենք, գումար ենք վճարում, սակայն ուզում ենք, որ նա ոչ միայն խնամի մեր երեխաներին, այլ նաև անկեղծորեն սիրի: Նրան ենք վստահում մեր տունը, մեր երեխաներին, նրան մեր ընտանիքի մի մասն ենք դարձնում, ուզում ենք, որ մեր երեխաների դժվարություններով ու թախծով զբաղվի, սակայն չենք ուզում, որ իր խնդիրներն ու դժվարությունները իր հետ բերի, մեր երեխաների վրա ծանրացնի: Այս հարաբերությունը միաժամանակ և փողի, և զգացմունքների վրա է հիմնված:
Սրա հետ մեկտեղ, ու սրա միջոցով, նաև մեկ այլ հարց է շոշափվում, որ մեզ մոտ, թե այլ երկրներում տարակարծությունների ու բանավեճերի տեղիք է տալիս հաճախ. արդյո՞ք երեխաներ խնամելու պատասխանատվությունը կարելի է փոխանցել մեկ ուրիշի։ Արդյո՞ք այդ պատասխանատվությունը մեր ուսերից մեկ ուրիշի ուսերին դնելուց հետո իրավունք ունենք մեղադրելու վերջինիս, որ լավ չի կատարում այդ պարտականությունը:
Այստեղ նաև մեկ այլ երևույթ է վեր հանվում. ծնողների մղձավանջը, այն, որ չգիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ իրենք տանը չեն։ ՈՒ այս տեսանկյունից ծնողի վախը, նույնիսկ սարսափը, ընդհանուր է` անկախ աշխարհագրությունից ու դիրքից։ Երեխան, անվիճարկելիորեն, ծնվելու առաջին իսկ պահից սկսած անսահման երջանկությամբ է լցնում մորը, ծնողներին, սակայն հենց այդ նույն պահից նաև աննկարագրելի տագնապներ առաջացնում, անհանգստություն, որոնք թերևս մարդուն այլևս չեն լքում։ Կարծում եմ, որ ցանկացած մայր երեխա ունենալուց հետո այս կամ այն պահի մտածել է, չկամենալով անգամ պատկերացրել, թե ինչ կլիներ, եթե... Իսկ եթե հանկարծ որևէ բան պատահի... Նման անձկության, տագնապի պահեր երևի բոլորն են ունեցել, և երբեմն վատագույնը պատկերացրել։
-Եվ պատահում է ամենաչսպասվածը: Իդեալական թվացող դայակը սպանում է երկու երեխաներին: Դայակի հրեշավոր արարքի միջոցով սոցիալ-հոգեբանական լրջագույն խնդիրներ են վեր հանվում:
-Իրոք, գրքում, ու նաև դայակի արարքի շրջանակներում, մի շարք սոցիալական խնդիրներ են արծարծվում։ Մի քանիսի մասին արդեն ասացի. ժամանակակից հասարակությունում աշխատանք-ընտանիք համատեղելու դժվարություն, ծնողներ-դայակ հարաբերություններ, և այլն։
Բայց կան նաև այլ խնդիրներ, ինչպես օրինակ միայնության, մեկուսացման զգացումը՝ տարբեր մակարդակներում։ Կա մոր՝ Միրիամի միայնության զգացումը, որն ինչ-որ պահի գիտակցում է, որ երեխաներ ունենալը չի փարատում միայնության զգացումը, երբեմն նույնիսկ ուժգնացնում է։ Կարելի է շրջապատված լինել երեխաներով ու նրանց հոգսերով, ու միաժամանակ կատարելապես միայնակ զգալ, անտեսված ու չհասկացված։ Բայց կա նաև դայակի միայնությունը։ Ոչ միայն, ինչպես նշեցի ծնողներ-դայակ հարաբերությունների մասին խոսելիս, նա ամբողջովին տան անդամ չի դառնում, այլ նաև, ողջ «հարազատությամբ» հանդերձ, շարունակում է ընկալվել առավելապես որպես «պաշտոն», «գործառույթ». նրա անհատականությունը, նրա անձնական խնդիրները չեն էլ դիտարկվում։ Մի օր երեկոյան պատահաբար հեռավոր մի փողոցում դայակին նկատելով` ընտանիքը զարմանում է ու կարծես նոր բացահայտում, որ դայակն իրենց տնից դուրս կյանք ունի: Նաև սարսափելի տագնապը դայակի, որ վախենում է աշխատանքը կորցնելուց ու վերջնականապես մեկուսանալուց, այլևս ոչ ոքի պետք չլինելուց։
Վեպը նաև մեկ այլ խնդիր է վեր հանում, որը դասակարգային է։ Ծնողների ու դայակի կենսամակարդակների տարբերությունն ակնհայտ է, այն, ինչ դայակի համար շռայլություն է՝ սննդի, հագուստի, այլ առումներով, ընտանիքի անդամների կողմից հաճախ չի գնահատվում, աղբամանը նետվում, ու դայակը կարող է անարդարության զգացում ունենալ, նույնիսկ ատելության։ Դայակի մեկուսացումն ահագնանում է նաև մեկ այլ հանգամանքով, որն ամենևին նման չէ մեր իրականությանը. այն, որ Ֆրանսիայում դայակները հաճախ այլազգի են լինում, և սա ի դեպ նույն դասակարգային, ու միաժամանակ նաև էմիգրացիայի ու ինտեգրման խնդիրների հետ է առնչվում։ Հիշենք խաղահրապարակի տեսարանը, ուր ներկայացվում է բազմալեզու շաղակրատանքը՝ մաղրիբցի, ֆիլիպինցի, ռուս, իվուարցի դայակների, ուր լսում ենք լեզուներ ու բարբառներ.... ՈՒ այստեղ Լուիզը կրկնակի օտար է դառնում, քանզի նա չի պատկանում ոչ միայն այն մարդկանց աշխարհին, ում համար դայակություն է անում, այլ նաև դայակների աշխարհին, լինելով «բնիկ» ֆրանսուհի, սպիտակամորթ ու շիկահեր: Այստեղ խոսքը դայակի մասին է, սակայն կարող ենք ընդլայնել սպեկտրը, ու դիտարկել միայնության գաղափարն ավելի ընդհանուր համատեքստում, որևէ աշխարհին պատկանելու ու միաժամանակ չպատկանելու, ծայրահեղ մեկուսացման, բոլորի կողմից մերժված լինելու զգացումը, որ սպառնում է ժամանակակից հասարակություններին։
Արծարծվում է նաև գաղափարների ու իրականության բախման խնդիրը ֆրանսիական (բայց գուցե ոչ միայն) հասարակության յուրահատուկ խավի մոտ. միջին խավի մարդիկ, ովքեր բավականին ազատամիտ են, մերժում են հիերարխիաները, կրթված են, ռասիստ չեն, կարծում են, թե ցանկացած անձի, անկախ նրա ծագումից, նույն կերպ են վերաբերվում: Այլ կերպ ասած, ինչ-որ առումով մերժում են սոցիալական դասակարգերը, ասես որևէ տարբերություն հասարակության մեջ չլինի: Եվ ահա օրերից մի օր նրանց ընտանիքում է հայտնվում տարբերվող մեկը, նրանց վարձու աշխատողը, ու նրանց տեսությունները, նրանց արժեքները բախվում են իրենց պատկերացումներից տարբերվող իրականության, և նրանք գիտակցելու են, որ իրերն այնքան ել պարզ ու դյուրին չեն, ինչպես իրենք էին պատկերացնում:
-Ըստ Ձեզ՝ ինչու՞ է գրվել այս վեպը, զգուշացու՞մ է, հորդո՞ր, ահազա՞նգ, հետաքրքրաշարժ ու արտասովոր պատմությու՞ն:
-Չեմ կարծում, թե որևէ գեղարվեստական գրքի դեպքում կարելի է պատասխանել այն հարցին, թե ինչու է այն գրվել, բացառությամբ հստակ արտահայտված դիդակտիկ բովանդակությամբ գրքերի։ Ամեն դեպքում, եթե կա հստակ «ինչու՞», դրա պատասխանը կարող է միայն հեղինակը տալ, թեև կասկածում եմ։ Մենք ընդամենը կարող ենք խոսել դրա թողած տպավորության, առաջացրած մտքերի ու զգացումների, դրա թողած հետքի մասին։ Իսկ այդ հարցում իմ պատասխանն առավել լեգիտիմություն չունի, քան ցանկացած ընթերցողի։
Ըստ իս, վեպը հետաքրքիր է նրանով, որ սկսվում է հենց վերջին հանգուցալուծումից: Ի սկզբանե, ընթերցողը, ի տարբերություն ծնողների, գիտի, թե ինչպես է վերջանալու այս պատմությունը, թե ինչպես է իրեն դրսևորելու ասես հեքիաթների խորքից դուրս եկած այս բարի փերին: Սա թերևս լրացուցիչ մարտահրավեր է ստեղծում ստեղծագործության գրավչության տեսանկյունից. երբ չկա լարված, տագնապալի սպասումը, ինչպես դասական դետեկտիվ վեպերում, թե ի վերջո ինչ է լինելու, երբ ի սկզբանե գիտես, թե ինչ է տեղի ունեցել, ու հիմա մնում է միայն փորձել հասկանալ, թե ինչու, թերևս ավելի դժվար է ընթերցողին կառչած պահել գրքիդ էջերին: ՈՒ թե ինչքանով է դա հաջողվել հեղինակին, արդեն ընթերցողը պիտի դատի:
Թեև, մյուս կողմից, եթե այս հանգուցալուծումը չտրվեր, գուցե և ընթերցողը ձանձրանար պարզապես դայակի առօրյան ընթերցելիս, գուցե կիսատ թողներ ընթերցանությունը: Մինչդեռ այսպիսով որոշակի տագնապ ու անձկություն է հաստատվում գրքի հենց սկզբից ու ցանկություն է առաջանում հասնելու մինչև վերջ ու հասկանալու, թե ինչպես ենք հասել դրան:
Գրքի քննադատություններից մեկն այն է եղել, որ այնուհանդերձ հստակ հիմնավորում ու բացատրություն չի տրվում դայակի քայլին: Մինչդեռ կարծում եմ, որ դա մտադրված է արվել, քանզի նման սարսափելի ու ողբերգական քայլը երբևէ հիմնովին բացատրվել կամ հասկացվել չի կարող:
Իսկ թե ի՞նչ կարող է տալ ընթերցողին, արդեն ամեն ընթերցող ինքը կորոշի։


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ