Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հավերժական Թերեզա Մե՞յը, թե՞ հավերժական բրեկզիտը

Հավերժական Թերեզա Մե՞յը, թե՞ հավերժական բրեկզիտը
17.01.2019 | 10:35

Թերեզա Մեյի կառավարությունը Համայնքների պալատում վստահության քվե ստացավ, բայց դա դուրս չի բերում Մեծ Բրիտանիային բրեկզիտի փակուղուց: Բրիտանիայի խորհրդարանը 19 ձայնի տարբերությամբ մերժեց Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը` նրան կողմ էր 325, դեմ` 306 պատգամավոր: Անվստահություն հայտնելու առաջարկը ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Կորբինինն էր, երբ Համայնքների պալատը հունվարի 16-ին ձայների մեծամասնությամբ մերժեց ԵՄ-ից դուրս գալու Մեյի կառավարության` ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Բայց ապստամբ պահպանողականները, նրանց դաշնակից տորիները, հյուսիսիռլանդացի յունիոնիստները, որ նախօրեին քվեարկել էին Մեյի ու Բրյուսելի նախագծի դեմ, այս անգամ ոորոշեցին աջակցել կառավարությանը:


Հիմա Թերեզա Մեյը խորհրդարանի որոշումով` 3 աշխատանքային օրում` այսինքն` երկուշաբթի, պետք է Համայանքների պալատին առաջարկի ԵՄ-ի հետ համաձայնագրի նոր տարբերակ: Անվստահություն հայտնելու քվեարկությունից հետո Թերեզա Մեյը հայտարարեց, որ հենց նույն երեկոյան խորհրդակցություններ կսկսի խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ, իսկ երկուշաբթի նորից պաշտոնապես խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Դատելով կառավարությունից լրահոսին` դա լինելու է նույն համաձայնագիրը, որ Համայնքների պալատը մերժել է արդեն, որևէ նոր ծրագիր Մեյը չունի: Բացի այդ` ԵՄ ներկայացուցիչները բազմիցս և վճռականորեն հայտարարել են, որ Լոնդոնի նախընտրածշրջանակներում ուրիշ ոչինչ չեն կարող Բրիտանիային առաջարկել և չեն պատրաստվում վերանայել նախագիծը: «Մենք ունեցել ենք հանրաքվե և խորհրդարանը պարտավոր է կատարել այդ որոշումը»` չնչին փոփոխություններով Թերեզա Մեյն այս նախադասությունը չորեքշաբթի օրը խորհրդարանում համարյա 15 անգամ կրկնեց` ի պատասխան պարզելու փորձերի` պատրա՞ստ է վարչապետը հրաժարվել իր որևէ տեսակետից ԵՄ-ից դուրս գալու ձևի հարցում: Համարյա նույնը նա ասաց քվեարկությունից հետո. «Ես կատարում եմ ժողովրդի ընդունած որոշումը հանրաքվեում»:


Բրիտանացի քաղաքական մեկնաբանները գտնում են, որ այս իրավիճակում մեծ է արտահերթ ընտրությունների հավանականությունը և Մեյը, համոզվելով, որ չի ստանալու խորհրդանի համաձայնությունը, հրաժարական կտա: Արտահերթ ընտրություններ է պահանջում Լեյբորիստների նախագահ Ջերեմի Կորբինը: «Եթե կառավարությունը չի կարողանում խորհրդարանում որոշում անցկացնել, պետք է նոր մանդատի համար դիմի ժողովրդին»` հայտարարեց Կորբինը երեկ խորհրդարանում: Բայց անվստահության քվեարկությունից հետո Կորբինն այլևս արտահերթ ընտրությունների մասին չխոսեց, այլ կոչ արեց կառավարությանը խոստանալ, որ թույլ չի տա «հախուռն բրեկզիտ»` առանց ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման: «Կառավարությունը մեկընդմիշտ պետք է բացառի աղետի հեռանկարը` առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տեսքով և ես կոչ եմ անում վարչապետին դա նել հենց հիմա»` ասաց Կորբինը: Թերեզա Մեյը գտնում է, որ ընտրությունները չեն պատասխանի ի՞նչ անել հարցին: «Ընտրությունները չեն տա հետագա գործողությունների մասին ոչ մի առանձին վերցրած հարցի պատասխանը»` ասաց վարչապետը: Շոտլանդիայի ազգային կուսակցության խմբակցության ղեկավար Իեն Բլեկֆորդը կառավարությանը կոչ արեց սեղանին թողնել ԵՄ-ից դուրս գալու հայտարարության հետկանչը: Բրիտանացի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ ստեղծված պատային իրավիճակում Բրիտանիան մարտի 29-ին նախատեսված բրեկզիտի հետաձգում կխնդրի ԵՄ-ից: ԵՄ ներկայացուցիչներն արդեն հասկացրել են, որ պատրաստ են մինչև ամառ ժամանակ տալ Լոնդոնին: Չի բացառվում նաև առանց ԵՄ-ի հետ համաձայնագրի բրեկզիտի տարբերակը:
BBC


Հ.Գ. ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրին Համայնքների պալատում դեմ քվեարկեց
432, կողմ` 202 պատմավոր` 230 ձայնի տարբերությամբ քվեարկություն չէր եղել Բրիտանիայի խորհդարանի պատմության մեջ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ափսոսանք հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Լոնդոնի և Բրյուսելի երկար բանակցած համաձայնագիրը: «Ես ցավով եմ ընդունում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քվեարկության արդյունքները»,- հայտարարեց Յունկերը: The Guardian-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով իրավիճակին` Մեյին՝ կոչ է արել չլքել ԵՄ-ն:


Եվրասկեպտիկները դժգոհ են փաստաթղթից, քանի որ Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020-ը, հնարավոր է նաև՝ ավելի երկար ժամանակ, ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին` չունենալով ձայնի իրավունք: Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվե, որ անհնար է համարում վարչապետ Մեյը՝ վկայակոչելով 2016-ի հանրաքվեի արդյունքները, երբ բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն:


«Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, թե ինչին է դեմ Համայնքների պալատը, սակայն ոչինչ չասաց, թե ինչի՞ն է կողմ, ի՞նչ է պատրաստվում անել և առհասարակ պատրաստվու՞մ է հարգել ժողովրդի որոշումը», - խորհրդարանի քվեարկությունից հետո պատգամավորների հրաժարականի կոչերից հետո հայտարարեց վարչապետ Թերեզա Մեյը, որ Բրյուսելին խոստանում էր Եվրամիությունից դուրս գալու գործընթացը սկսել մարտին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ նոր բանակցությունները` բրեկզիտի պայմանների շուրջը, հայտնել է Le Figaro-ն: «Կարելի է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, քանի որ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար և բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից», - ասել է Մակրոնը և հավելել, որ առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալիս առաջին հերթին տանուլ կտան իրենք՝ բրիտանացիները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ