Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դուխաթափության» առաջին ծիլերը

«Դուխաթափության» առաջին ծիլերը
18.01.2019 | 01:48

Օրերս, խոսելով Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվող ակցիաների և դրանց շրջանակներում ավտոճանապարհների հնարավոր արգելափակումների մասին, Փաշինյանն ուղիղ եթերով ասաց.
«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել (տեքստի գրագիտությունը Ն. Փաշինյանինն է:- Գ.Գ.):»


Վարչապետի այս խոսքերից, առաջին հերթին, մի տեսակ «անասնաֆերմայի» հոտ եմ առնում: Հուսով եմ` նա չի մոռացել, որ սկզբնական շրջանում իր` «Մերժիր Սերժին» ակցիային մասնակցում էին համարյա միայն ներկա նախարարները: Իսկ հետո, երբ հասան մայրաքաղաք, հանրության ճնշող մեծամասնությունը դեմ էր այդ անհնազանդության ակցիաներին: Որպես ապացույց` կան բազմաթիվ տեսագրություններ` ինչպես են արգելափակված ճանապարհներից վրդովված քաղաքացիները վեճի, քաշքշուկի ու անգամ ծեծկռտուքի բռնվում ակցիայի մասնակիցների հետ: Ի՞նչ է փոխվել հիմա: Իշխանությունը ժողովրդինը չէ՞ր: Էլի խաբվե՞ց ժողովուրդը:


Ի՞նչ խոսք, ժողովրդի իշխանություն` չի նշանակում կամայականություն, բայց այս ամենի առաջին մեղավորը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է, որովհետև անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին իր քաղաքական նպատակներին ամեն գնով հասնելու ճանապարհին փափուկ բարձ է դրել ժողովրդի գլխի տակ` նրան համարելով գերագույն դատարան: Ահա նրա սխալը, որը կարող է իսկական աղետ դառնալ առաջին հերթին իր, երկրորդ հերթին` պետության համար: Նա շատ լավ գիտակցել է, որ գերագնահատված ժողովրդից ամբոխ` մեկ քայլ է, իսկ ամբոխից անկառավարելի բան մեկ էլ ամբոխն է: Կարողանալու՞ է արդյոք վարչապետն ընդհանուր հայտարարի գալ ժողովրդի հետ: Իր հերթին ժողովուրդը կհամակերպվի՞, որ ինքը բացարձակ իշխանություն չէ այս երկրում, որ իրեն խաբել են կամ գերագնահատել:

Իրավիճակին ուշադիր նայելիս կասկածից վեր է, որ իշխանություն-ժողովուրդ կողմերի միջև ամեն վայրկյան խոր անդունդ է փորվում, և վաղ թե ուշ «տրոյական ձի» է կառուցվելու, թե որ կողմից, ժամանակը ցույց կտա: Այդ ամենի «ախտանշանները» երևացին վարչապետի` վերոբերյալ խոսքի չերևացող կողմից, ենթադրելի է, որ սրանով նա իրավիճակը կամաց-կամաց տանում է դեպի անցյալ` ջրցանների, ոստիկանական մահակների, ճտքակոշիկների, ջարդված ծնոտների ու ոստիկաններից փախչող այլախոհների ժամանակաշրջան: Ցավոք սրտի, ուզենք, թե չուզենք, այդ ամենը տեղի է ունենալու, որովհետև պետության ղեկավարի կողմից, ժողովրդին ուղղված խոսքում, ասվում է` դուք լիազորված չեք: Եթե լիազորված չեն, ուրեմն ամեն ինչ ապօրինի է, կեղծ, անօրինական է, հակաժողովրդավարական է, իսկ սա օրենքի երկիր է: Սրանով մեծանում է հավանականությունը, որ մոտ ապագայում ոստիկանի ու ժողովրդի միջև կրկին փշալար է դրվելու, երկուստեք իրար հայհոյելու են, նվաստացնելու են, ծեծելու են: Այնինչ ամիսներ առաջ ոստիկանը ժողովրդինն էր, իսկ ժողովուրդը` պետության հպարտ քաղաքացի, պետության գերագույն միավոր:
Սա ժողովրդի քաղաքական «դուխաթափության» առաջին փուլն էր:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ