Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաքվի ու Երևանի փարիզյան պարահանդեսը

Բաքվի ու Երևանի փարիզյան պարահանդեսը
20.01.2019 | 16:43

Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ստեղծվել է իրավիճակ, որի մասին ասված է «Պարահանդես ավարտվեց, մոմերը մարեցին, բարապանը մատուցեց կառքը»: Եվ ոչ այն պատճառով, որ «պարողները» վիթխարի տպավորություն են թողել դիվանագիտական վարպետության վիրտուոզ կատարմամբ, այլ այն պատճառով, որ նվագախումբը շարունակում է նվագել այն ժամանակ, երբ անդրկուլիսներում բալետմայստերները շարունակում են հրահանգներ տալ, թեպետ քչերը գիտեն դիվանագիտական «պա»-երի արդյունքները, բայց բոլորին հավատացնում են, որ պարողներն արդեն գլիսադի մեջ են` նախապատրաստական շարժում ցատկից առաջ: Փարիզի հանդիպման արդյունքներով` Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ-ները շատ դրական հայտարարություններ արեցին, որ առաջին անգամ էր շատ երկար ժամանակի մեջ: Եվրամիությունը Փարիզի հանդիպման մեջ տեսավ «դրական ազդանշան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման առաջընթացի համար»: Արձագանքեց և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ վարչապետ նշանակվելու առիթով Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձում նշեց, որ «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»: Արձագանքեց նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որ ողջունեց նախարարների հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահների շփումները Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ. «Այս ուղղությամբ մենք կարող ենք նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը, որ հնացածի հատկանիշներ է ձեռքբերել, բայց, իհարկե, լուծման ենթակա է Երևանի ու Բաքվի բարի կամքի դեպքում և միջազգային հանրության աջակցությամբ` այդ թվում` համանախագահների»: Ճիշտ է, Լավրովը խորհրդավոր հայտարություն արեց. «հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին հնչած հայտարարությունները, այդ թվում` Բաքվից, արժանի են բոլորեքյան աջակցության»: Նա հույս հայտնեց, որ «հայկական կողմն էլ փոխադարձությամբ կպատասխանի»: Ճիշտ է` պարզ չէ` ինչ ուղղությամբ և ինչու՞մ է Բաքուն «հանգուցալուծում գտնելու» պատրաստակամություն դրսևորում և հատկապես ի՞նչ «փոխադարձություն» է սպասվում Երևանից: Ի՞նչ է կատարվում ու ինչու՞ է միջազգային հանրությունը իր կողմից սկսել դրական ազդակներ հղել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների ուղղությամբ: Առայժմ մակերեսին մեկ ձեռքբերում է` Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները գիտակցել են «բնակչության խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցների ձեռնարկման» կարևորությունը: Յուրաքանչյուր գրագետ կոնֆլիկտաբան կասի, որ նման կոնկրետ միջոցների մասին խոսում են, երբ ինչ-որ որոշում է ընդունվել և գործնականում իրականացման հարցն է դրված: Իրադարձությունների միայն այդպիսի ընթացքն է նյութ ստեղծում համապատասխան վերակողմնորոշման համար` ուղղված կոնֆլիկտին ապակառուցողական մասնակցությունից հրաժարվելու անհրաժեշտության ձևավորմանը: Այդ մեթոդները կարող են լինել քաղաքական, տեղեկատվական, վարչական, սոցիալ-հոգեբանական կամ խառը: Այս դեպքում կոնֆլիկտի կարգավորման որևէ լուծման մասին չի հաղորդվում: Այդ պատճառով կարելի է կառուցել գործողությունների ցանկացած շարք` խաղաղաղության դիմաց տարածքների փոխանակում, տնտեսական կամ այլ զիջում արտոնությունների դիմաց, որոշակի էթնիկ խմբի նոր կարգավիճակի սահմանում: Բացի այդ` կոնֆլիկտի մեջ գտնվող երկրների բնակչության մեջ չպետք է ստեղծվի «հաղթելու-պարտվելու» զգացողություն, հիմքում պետք է այլ բանաձև լինի` «բոլորն են հաղթել»: Վերստին (տեսականում) խաղաղության նախապատրաստման միջոցներ պետք է դիտվեն համատեղ դիտորդական հանձնաժողովների, դիտարկման կետերի ձևավորումը, կոնֆլիկտի մասնակից զինված ստորաբաժանումների հետքաշումը, խաղաղարար ուժերի բաժանարար գոտիների ու պատասխանատվության գոտիների ստեղծումը, միասնական մամլո կենտրոնի ստեղծումը` կատարվող իրադարձությունների մասին հասարակության օբյեկտիվ տեղեկացվածության համար: Եվ. Իհարկե, մշտական ու ինտենսիվ բանակցային աշխատանք դիվանագիտական ու պետական այլ խողովակներով: Բայց այս ամենը առանց բազային մակարդակի կոնկրետ լուծման հետ կապի իրականացնել հնարավոր չէ: Այդ առումով բրիտանացի հայտնի քաղաքագետ Թոմաս դե Վաալը արձանագրել է. «Հանկարծ փոխվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն գործընթացի մթնոլորտը: Դա շատ դրական հայտարարություն է: Հիմա աշխատանքի անցնելու, ավելի շատ շահագրգիռ կողմերի ներգրավելու, հասարակության մեջ բարդ հարցերի դեբատներ սկսելու ժամանակն է»: Բայց դա հաջորդ` երկրորդ բաղադրիչն է: Որտե՞ղ է առաջինը: Ավաղ, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում այդ մասին ոչինչ ասված չէ: Այսօր: Թեպետ կարող է ասվել վաղը, չէ որ շարունակում են աշխատել Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի Դուշանբեի պայմանավորվածությունները կոնֆլիկտի կողմերի շփման գծում լարվածության նվազման մասին, որ նրանց միջև քաղաքական վստահության ձևավորման նշան է, ակնհայտ է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ դիվանագիտական մեծ ակտիվությունը: Գուցե մենք շուտով կիմանանք` ի՞նչ է դրված Մամեդյարովի ու Մնացականյանի սեղանին, ի՞նչ փաստաթուղթ են նրանք նախապատրաստում Ալիև-Փաշինյան հանդիպման համար և հնարավորություն կստանանք առավել ճշգրիտ կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: իսկ առայժմ լսենք պարահանդեսային երաժշտությունը, որի դաշնավորումը շարունակվում է սուսուփուս արվել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իսկապես` ի՞նչ է ակնկալում ՌԴ ԱԳ նախարարը իր հայտարարության «խորհրդավոր» մասով: Կամ` ո՞վ է մեղավոր, որ Արցախի հակամարտությունը «հնացող» է: Երբ Լավրովը խոսում է Բաքվի պատրաստակամության ու աջակցության մասին, Բաքուն, որ օրը մեկ հայտարարում է` հայկական երկրորդ պետությունը չի հանդուրժի, պատրա՞ստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Եվ ի՞նչ «փոխադարձություն» է Լավրովն ակնկալում Հայաստանից` տարածքներ խաղաղության դիմա՞ց: Խաղաղությանը ժողովուրդներին նախապատրաստելը ա՞յդ քարոզչությունն է ենթադրում: Բայց դա աբսուրդ է, որին ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունը երբեք չեն գնա: ՌԴ ԱԳ նախարարը հերթական ռևերանսն է անում Ադրբեջանի՞ն: Փաստացի` եթե Փարիզում նախարարները կարևորել են ժողովրդին խաղաղության նախապատրաստել` անելիք ունի միայն Բաքուն, որ օր առաջ պետք է դադարեցնի ատելության քարոզչությունն ու սպառազինվելը: Կանի՞ դա Իլհամ Ալիևը: Ոչ, որովհետև միայն արտաքին թշնամու դեմ պայքարի անհրաժեշտությամբ է պահում իր իշխանությունը: Ուրեմն` ի՞նչ է ուզում Լավրովը: Ո՞րն է նրա նոր «պլանը»: Եվ ինչու՞ են ոգևորվել ԵՄ-ից` ՄԱԿ ու ԱՄՆ: Պարզապես քաղաքավարական համընկնում է, թե՞ կա փաստաթուղթ, որը շուտով Նիկոլ Փաշինյանը կներկայացնի ժողովրդի քննարկմանը` ինչպես խոստացել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ