Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր ճանապարհները, գյուղերը ավերակ են, բյուջեն ուղղում են կենտրոնը սիրունացնելուն»

«Մեր ճանապարհները, գյուղերը ավերակ են, բյուջեն ուղղում են կենտրոնը սիրունացնելուն»
22.01.2019 | 04:45

Երբ մեր քաղաքում որևէ վայր շրջափակվում էր «Ավելի բարեկարգ Երևան» պաստառով, վերջում լավ բան դուրս չէր գալիս: Գաղտնիք չէ, որ ավելի բարեկարգ Երևանում Երևանից բան չի մնացել: Քանդվող ու իր դեմքը կորցնող քաղաքում խոսվում էր նաև օպերայամերձ տարածքում մշակութային միջավայր ունենալու մասին: Կանաչը բետոնով փոխարինելու վտանգների մասին:
Ինչևէ, թամանյանական նախագծով կառուցված շենքն ուներ հարակից այգի: Քաղաքապետարանը վերականգնելու է այն, նախատեսվում է ազատել նաև հանգստի համար նախատեսված կանաչապատ մյուս գոտիները: Քաղաքի կանաչապատման նախագիծը թվում է՝ բոլորիս երազանքն է, թեև այստեղ էլ բախվում ենք գործարարների շահերին, նշված տարածքի բազմաձև սրճարաններում ժամանակ անցկացնելու սովորության ուժին և, ի վերջո, այն տեսակետին, որ մեր քաղաքում օպերային թատրոնի շրջակայքը վերափոխելուց ավելի կարևոր բաներ կան:
Փորձել ենք պարզել՝ ի՞նչ են մտածում այս մասին արվեստի մարդիկ:

«ՓՈԽԱՐԵՆԸ ՔԱՂԱՔԸ ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ ԿԱԶԱՏԱԳՐՎԻ ԲԵՏՈՆԻՑ»

ՆԱՐԵԿ ԿՆՅԱԶՅԱՆ (քանդակագործ)


-Նարեկ, ի՞նչ կասեք կանաչապատման ծրագրի մասին, որի շրջանակում ապամոնտաժվելու են նաև օպերային թատրոնի հարակից սրճարանները:
-Ես` որպես երևանցի, որն իր վստահության քվեն է տվել քաղաքային նոր իշխանություններին, որոնք այսօր վայելում են երևանցիների, կարելի է ասել, բացարձակ վստահության քվեն, ակնկալում եմ ավելի բազմաշերտ, տեսական ու գաղափարական լուծումներ, ինչը չի ենթադրում միայն աղբահանության պատշաճ իրականացում, կանաչապատում: Թեև, ինչ խոսք, դրանք նույնպես կարևոր են: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունները կարևորում են այդ երկու խնդիրները, ինչը, համաքաղաքացիներս էլ կարող են փաստել, դեռևս հավուր պատշաճի չի էլ արվում:
-Նկատի ունեք, որ կան ավելի կարևոր խնդիրներ, քան քաղաքի կենտրոնը ներկայանալի դարձնե՞լը:
-Քաղաքը չի սկսվում ու ավարտվում կենտրոնով: Երևանը մեկ մարմին է, և այդ բազմաշերտ խնդիրները, որ ունի կենտրոնը, ունեն նաև Երևանի մյուս համայնքները: Կուզեի, որ քաղաքային նոր իշխանություններն այդ սկզբունքով առաջնորդվեին:
Ինչ վերաբերում է օպերային թատրոնի հարակից սրճարանների խնդրին, կասեմ հետևյալը. երբ օպերան պիտի կառուցվեր, այդ սրճարանների տարածքում բնակելի տներ էին: Սակայն հանուն օպերային թատրոն ունենալու տեսլականի մարդիկ «զոհաբերեցին» իրենց տները:
-Խնդրի սոցիալական կողմի մասին ի՞նչ կասեք, ի վերջո, տուժում են գործարարները, որոշ մարդիկ էլ աշխատանք են կորցնում:
-Հիմա բոլորս էլ գիտենք ովքեր են այդ սրճարանների տերերը, ապամոնտաժելու դեպքում, չեմ կարծում, թե կորուստները մեծ կլինեն նրանց համար: Փոխարենը քաղաքը փոքրիկ քայլերով կազատագրվի բետոնից: Սրճարանի աշխատողները նույնպես չեն մնա առանց աշխատանքի, քանի որ այդ ոլորտում, քիչ թե շատ, կա աշխատանքի պահաջարկ:
-Ինչպիսի՞ Երևան եք ուզում: Խոսքը քաղաքի արտաքին տեսքի մասին է:
-Բոլոր երևանցիների նման ուզում եմ, որ բետոնաշենքային Երևանը դառնա բարձր մշակույթ ունեցող քաղաք, որտեղ շատ են կանաչը, այգիներն ու արևը:

«ԻՆՉՈՒ՞ ՉԿԱՆԱՉԱՊԱՏԵՆ, ԱՍԵՆՔ, ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ»

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ (երգահան, կոմիտասագետ)


-Պարոն Շահնազարյան, ըստ Ձեզ՝ հրատա՞պ է օպերային թատրոնի շենքի մերձակա տարածքի բարելավումն ու կանաչապատումը:
-Մեր Երևանը, նաև Արարատյան դաշտը անապատ են դարձրել: Առաջին անտառը, որ կարող է հանդիպել, գտնվում է Աղվերանի մոտ, որը անտառ էլ չէ, ցածր ծառեր են, ժողովուրդը դրանց թփուտ է ասում: Այսինքն՝ մենք վերացրել ենք մեր բնությունը: Գիտե՞ք, որ Լոս Անջելեսում ջուր չկա, անապատ է, (անձրևի ջրերն են հավաքում, որ օգտագործեն), բայց թաղված է կանաչի մեջ: Մենք դրախտի վրա ենք ապրում, գետնի տակ ջուր է գնում, բայց ամբողջ երկիրը դարձրել ենք անապատ: Նման բան չգիտեմ՝ էլ որտեղ կա: Եվրոպայում տունը որքան էլ լավ տեղում լինի, եթե կանաչապատում չկա, գինն ընկնում է:
Օպերային տարածքում, իհարկե, պետք է կանաչապատում անել, բայց պետք է հաշվի առնել նաև անհատ մարդկանց շահերը, և չպետք է հայ մարդը, թեկուզ գործարարը, տուժի, պայմանագիր են կազմել, գումար են ներդրել, պետք է փոխհատուցում տրվի:
-Բոլոր դեպքերում՝ միանշանակ չէ՞, որ օպերայի տարածքում պետք է մշակութային միջավայր ապահովել:
-Եթե անկեղծ ասեմ՝ ինձ ո՛չ օպերան է հետաքրքրում, երբ մեր ժողովուրդը թաղված է ռաբիսի և թուրքական ելևէջների ճահճի մեջ, ո՛չ կենտրոնը, երբ մեր ժողովուրդը հիմնականում ապրում է ավարձաններում, Երևանից դուրս: Չեմ հասկանում, թե կենտրոնն ինչ է դարձել մեզ համար: Մշակույթի նախարարությունը դարձել է Երևանի կենտրոնի նախարարություն, ճարտարապետությունը՝ Երևանի կենտրոնի, մեր հայրենիքը Երևանի կենտրո՞նն է: Մեր ճանապարհները, գյուղերը ավերակ են, բյուջեն ուղղում են կենտրոնը սիրունացնելուն: Մի պահ էլ որոշել էին, որ պետք է խալի լինի հրապարակի կենտրոնում: Դա նման է նրան, որ աղքատ, խարխուլ պատերով տանը փայլուն լույսերով կախովի առաստաղ ամրացնես:
Մեր գումարները պետք է ուղղվեն ավելի շատ Երևանից դուրս, հավասարաչափ պետք է զարգանա երկիրը: Չի կարող զարգանալ մի երկիր, որտեղ մայրաքաղաքի տան գինը ոչ թե երեք-չորս, այլ տասը-քսան անգամ թանկ է, ասենք, Վանաձորի տան գնից:
Հիմա ուզում են կանչապատել, իսկ ինչու՞ չկանաչապատել, ասենք, Հարավարևելյան թաղամասը: Կենտրոնի ապրող հայն ի՞նչ առավելություն ունի ծայրամասում ապրող հայից: Այնտեղ էլ վիճակը լավ չէ, չէ՞:

«ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ, ՈՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԻ»

ՍԵՐԳԵՅ ՍԱՖԱՐՅԱՆ (բալետի արտիստ)


-Օպերային թատրոնի շրջակայքում սրճարաններին փոխարինելու են կանաչ տարածքները: Ի՞նչ տրամադրություններ են տիրում օպերային թատրոնում:
-Դրական, իմ կոլեգաներից շատերն են հավանություն տվել քաղաքապետարանի որոշմանը, շատ ենք ուզում, որ օպերայի մերձակա տարածքը կանաչապատվի, բարեկարգվի: Բազմիցս շրջագայել ենք աշխարհի տարբեր հեղինակավոր թատրոններում, և կարող եմ վստահեցնել, որ դրանց շրջակայքում չկան սրճարաններ, խաղային ատրակցիոններ:
-Իսկ չկա՞ հակառակ գործոնը. մարդիկ սովոր են այդ տարածքում հանդիպելու, սրճելու, սրճարանները ինչ-որ առումով դարձել են հարազատ:
-Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ սրճարաններն ամբողջությամբ չեն վերանալու, երկրորդ պլանում կլինեն համապատասխան կետեր սրճելու, զրուցելու համար: Բայց երբ մոտենում ես թատրոնին, պետք է շուրջբոլորը կանաչ տարածք լինի, ոչ թե ականջիդ հասնեն սրճարաններից հնչող ռաբիսն ու քաղաքային ֆոլկլորը:
-Ինքներդ ինչպիսի՞ն կուզեիք լիներ օպերայի շրջակայքը. շատ հաճախ փորձում են մի նոր լավ բան անել, բայց, մեկ է, դժգոհություններ են առաջանում:
-Կարծում եմ՝ մտահոգվելու կարիք չկա, թե ինչպես կօգտագործեն տարածքը: Կարևորն այն է, որ դա կանաչ տարածք է, ժամանակ է պետք, որ ծառատունկ լինի, ծառերը, ծաղիկները աճեն, ու վերջնական պատկերը տեսանելի լինի:
-Սոցիալական կողմը մտահագիչ չէ՞: Ի վերջո, մարդիկ աշխատանք են կորցնում:
-Չգիտեմ՝ նրանց այլընտրանք առաջարկվելու՞ է, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ քաղաքի սրտում աշխատող բարմենը, մատուցողն իր բարձր որակավորմամբ կարող է աշխատանք գտնել մեկ այլ վայրում:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ