Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մեր ազգի պատմությունը մեր մշակույթի պատմությունն է՝ իր բոլոր դրսևորումներով»

«Մեր ազգի պատմությունը մեր մշակույթի պատմությունն է՝ իր բոլոր դրսևորումներով»
25.01.2019 | 12:29

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցան մի շարք կարևոր փոփոխություններ, զարգացումներ ու հետզարգացումներ: Այդ ընթացքում՝ կարծրացած արժեքների վերարժևորման փուլում, որպես հանրակենսունակ մարմին, զարգացումների վերոհիշյալ երկու վիճակներն էլ ապրել է հայ մշակույթը:
Չափազանց կարևորելով հայ մշակույթը և այն դիտելով որպես ազգային հոգևոր ու ֆիզիկական զարգացման կարևոր կռվաններից մեկը, օրերս փորձեցի անդրադառնալ դրա անշոշափելի կողմերից մեկին՝ երաժշտությանը. կարճ ու բովանդակալից զրույց ունեցա «Արար» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, երիտասարդ երաժիշտ ԳՈՌ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:

-Ե՞րբ եք հիմնադրել երգչախումբը և ի՞նչ պայմաններում։
-Երգչախումբը հիմնադրվել է 2013-ին, երբ ես ուսանում էի մանկավարժական համալսարանի «Երաժշտական կրթություն» բաժնում: Նախապատմությունն այսպիսին է։ Դեռ փոքր հասակից զբաղվել եմ երաժշտությամբ, նվագել ժողովրդական փողային գործիքներ՝ շվի, ծիրանափող, սրինգ։ Մանկավարժականում ուսանելու վերջին տարում պատրաստվելով և՛ ավարտական քննությունների, և՛ համերգի, փորձեցի հետաքրքիր ձևով ներկայացնել ծիրանափողը: ՈՒնենալով մեծ սեր երգչախմբային արվեստի նկատմամբ` փորձեցի միավորել ծիրանափողը և երգչախումբը: Մանկավարժականի ուսանողներից կազմեցի երգչախումբ, որը մինչ այժմ գործում է:
-Ինչի՞ն է միտված երգչախմբի գործունեությունը։
-Կարծում եմ` երաժշտությունը առաջադրում և լուծում է բազում կարևորագույն խնդիրներ՝ տիեզերքի, մարդու, հասարակության, մեզ շրջապատող բնության և այս ամենի ներդաշնակությանն ուղղված: Տեխնիկապես հագեցած ժամանակակից աշխարհում ահռելի չափերի է հասնում աղմուկը, որի վնասները չափազանց մեծ են հատկապես կենդանական աշխարհի, մարդկանց և հասարակությունների համար, նրանք դառնում են հոգեպես անհավասարակշիռ, ագրեսիվ բնության և միմյանց նկատմամբ: Այլ կարևորագույն խնդիրներ լուծելու հետ մեկտեղ «Արար» երգչախումբը առաջնահերթ է համարում լուծել մարդկանց և հասարակության ներդաշնակության խնդիրը, որքան շատ բարձրորակ երաժշտություն, այնքան քիչ աղմուկ և վերը նշված խնդիրները:
-Ինչպե՞ս եք ընկալում մշակույթը։
-Մարդը` որպես մշակութաստեղծ և մշակույթը` որպես մարդաստեղծ գործոն: Գերմանացի հանճարեղ բանաստեղծ Ֆրիդրիխ Հյոլդեռլինը այսպիսի տողեր ունի. «Սովորիր արվեստը կյանքում, արվեստում կյանքը ուսանիր, Եթե մեկը դու ճիշտ ես տեսնում՝ տեսնում ես մյուսը նույնպես»: Այո, եթե ճիշտ ենք տեսնում և ընկալում արվեստը, մշակույթը, կյանքն էլ ենք ընկալում ճիշտ, հակառակը՝ չիք:
-Ի՞նչ եք տալիս երգչախմբին և ի՞նչ եք ստանում, հոգևոր իմաստով, իհարկե:
-Երգչախումբը ստեղծում է մետաֆիզիկական, աննյութական միջավայր, որտեղ հարաբերվում են նրբագույն զգացմունքները, եթերային ոլորտները անտես թելերով կապվում ու ներթափանցում են ամենախոր, դրամատիկ, անշոշափելի ենթաշերտեր: Այստեղ երաժշտությունը աննյութական մի ծով է, երգչախումբը՝ նավ, ես՝ գուցե նավապետ. սա է իմ և երգչախմբի հարաբերությունը:
-Ի՞նչն է խթանում Ձեր գործունեությունը։
-Ամեն մարդ կոչված է որևէ առաքելության իր կյանքում, և սա շատ կարևոր է գիտակցել: Մեր առաքելություններով մենք հավասարակշռում ենք աշխարհը: Մենք մեր առաքելությունն ենք փորձում կատարել, և այս գիտակցությունը ամենամեծ խթանն է:
-Երբևէ պետական աջակցություն ստացե՞լ եք։
-Պետական աջակցություն չենք ստացել: Չափազանց կարևոր է, որ պետությունը գիտակցաբար իր կարողությունների մեծագույն չափով աջակցի նման խմբերին (սա, թերևս, աջակցություն չէ, այլ ինքնապաշտպանություն պետության համար): Մենք, որպես ազգ և պետություն, մեկ կարևոր որակ ունենք` մեր մշակույթը: Մեր ազգի պատմությունը մեր մշակույթի պատմությունն է՝ իր բոլոր դրսևորումներով, իսկ այսօր դրված է մշակույթի նախարարություն ունենալ-չունենալու հարցը: Ինչպես երգչախմբի պարագայում և ամենայն տեղ կարևոր է առաջնորդի, «նավապետի» գործոնը, այնպես էլ պետության համար մշակույթի նախարարությունը պետք է իր ձեռքում ունենա պետության ղեկը: Իսկ այսօր, Նիցշեի խոսքով ասած, «Մշակույթը լոկ խնձորի բարակ մաշկն է շիկացած քաոսի վրա»:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հասարակությունից, ասելիք ունե՞ք նրան։
-Ցանկացած հասարակություն պետք է ունենա բարոյական մեկնակետ, նշաձող, որով և կարելի է չափել տվյալ ազգի ու պետության քաղաքակրթության աստիճանը: Դարերով հղկված բազում բարոյական նորմեր ու օրենքներ այսօր վերացել են, ոտնձգություններ են տեղի ունենում մեր մշակույթի նկատմամբ, ինչի համար մենք վստահաբար պատժվում և պատժվելու ենք: Այս ամենի ամենավառ օրինակը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքին վնաս հասցնելն ու խոչընդոտելն է նման կառույցի կարևորագույն աշխատանքին: Միայն մեկ օրինակով կարելի է ցույց տալ, թե որքան ենք իջեցրել մեր գիտակցության ու կեցության նշաձողը: Ավստրիական պետությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը՝ Աուգարտենը, որը երգչախմբի անդամների կեցության և ուսման վայրն է: Իսկ Հայաստանում երգչախմբից փորձում են վերցնել մի համեստ փորձատեղ: Ինչպես Ջիվանին էր ասում՝ «Խելքի աշեցեք»:


Զրույցը`
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ