Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կյանք` երկրից անդին

Կյանք` երկրից անդին
01.02.2019 | 01:29

Հունվարի քսանութի առավոտյան իր մահկանացուն կնքեց անվանի հայագետը, հայ բանագիտության մեծ երախտավորը, հայ ժողովրդի արժանավոր զավակը` ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա իր սերնդի մեջ վերջինն էր, վերջին կաղնին, որն ամուր կանգնած էր ժամանակի քամուն ընդդեմ: Մենք կորցրինք մեր վերջին դասականներից մեկին, ուղնուծուծով մի հայի, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է մեր կյանքին համ ու հոտ տալով` ժողովրդի ստեղծածը ժողովրդին վերադարձնելով: Նա ժողովրդի մարդ էր` ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդից կյանք առած ու ժողովրդի կյանքին գույներ տվող: Դժվար է գտնել գրականության հետ առնչություն ունեցող մեկին, որը լսած չլինի նրա անունը և, եթե կարդացել է նրա «Հայ հին վիպաշխարհը», բարի կախարդանքով կախարդված չլինի: Նա գիտնական էր` բառի ամենաուղիղ իմաստով: Նրա կորուստը ծանր է լինելու բոլորիս համար. ո՞ր ազգն է իր մեծ զավակի մահը թեթև տարել, որ մենք տանենք:
Երբ լսեցի վարպետի մահվան բոթը, միանգամից հիշեցի, որ անվերջ ծրագրում էի հանդիպել վարպետին, համբուրել նրա աջն ու զրուցել հետը. որքա՜ն բան կսովորեի: Ցավոք, այդպես էլ չկարողացա արժանանալ նրա խրատող հայացքին:
Չգիտեի անգամ, որ ես ու վարպետն այդքան մտերիմ ենք: Որտեղի՞ց մեզ այդքան մտերմություն, երբ չենք էլ ճանաչել իրար: Բայց մի՞թե ճանաչել եմ Մանուկ Աբեղյանին ու Կարո Մելիք-Օհանջանյանին, Հայր Ալիշյանին, Թումանյանին ու մյուսներին. մեզ անչափ չափավոր հայությունն է կապել իրար:


Այսօր վարպետն էլ մեզ հետ չէ, նա այլևս կանգուն չէ, բայց չի էլ տապալվել, բարձրացել է վեր` այնտեղից ուշադրությամբ հետևելու երկրագնդի այն հատվածին, որ Հայաստան է կոչվում, որտեղ ինքն է ծնվել, իր սիրելի ժողովուրդը, որտեղ դեռ այնքա՜ն Սարգիսներ են ծնվելու: Չէ՞ որ նրա պես մարդիկ երբեք չեն մահանում, նրանք ապրում են հավերժ, հար-հավետ, և Թումանյանն ամենևին չի վրիպել.
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ,
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
Սարգիս Հարությունյանը թեպետ ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ, բայց հոգեպես մեր կողքին է, մեր մեջ, մեր ժողովրդի սրտում: Եվ թող իմ այս համեստ գրությունն այսօր խնկարկման ծես լինի վարպետի հոգուն, որի աջը համբուրելու և հայացքին արժանանալու պատիվն այդպես էլ չունեցա:
Լույս իջնի հոգուդ, վարպե՛տ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ