Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Մահը կարող է լինել արկածախնդրություն, կարող է սարսափ ներշնչել, կարող է նաև ցանկալի լինել ու ազատություն բերել»

«Մահը կարող է լինել արկածախնդրություն, կարող է սարսափ ներշնչել, կարող է նաև ցանկալի լինել ու ազատություն բերել»
08.02.2019 | 02:37

«Իրատեսի» հյուրը գրող ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ է: Մեր զրույցը հիմնականում անդրադարձ է նրա նորատիպ «Կորեական դելիկատես» ժողովածուին:
Թեև «Կորեական դելիկատեսը» Համբարձումի առաջին գիրքն է, սակայն մեր հասարակության գրասեր զանգվածը նրան ճանաչում է վաղուց՝ տպագիր և էլեկտրոնային մամուլում հրատարակված բազմաթիվ ստեղծագործությունների շնորհիվ:


Ես վստահ եմ, որ նրա ընթերցողների մեջ քիչ չեն լինի մարդիկ, որոնք ինձ նման կզարմանան, երբ «Կորեական դելիկատես» ժողովածուի անոտացիայում կարդան, որ այն Համբարձում Համբարձումյանի առաջին գիրքն է:
Քանի որ ապրեցինք ու ապրում ենք ներքաղաքական արտասովոր ժամանակներ, և քանի որ Համբարձումը մեկն է այդ ժամանակների գործուն ներկայացուցիչներից, ուստի հասկանալի պատճառներով մեր զրույցը չի սահմանափակվել սոսկ նրա գրական կյանքին վերաբերող թեմաների շրջանակներում:


Իհարկե, ստեղծագործող, պատմվածքագիր Համբարձում Համբարձումյանը իր գրով, իր գեղարվեստական նյութով արդեն իսկ տալիս է մեր խութաշատ իրականության սթափ գնահատականները: Նրա գործերը, լինելով հորինվածք, գրողական շարադրանք, իրենց վրա կրում ու ընթերցողին ցուցանում են վավերագրության դրոշմը: Հաճախ անձնական ու հանրային կյանքին առնչվող այս կամ այն միջադեպը դառնում է բոլորիս քաջ ծանոթ ռեալության մերկապարանոց արտացոլանք:


Եվ որքան էլ ընթերցողների համար հետաքրքիր լինեն այս հարցազրույցում արծարծված հարցերը, վստահեցնում ենք, որ ամենահետաքրքիրն ու տպավորիչը նրանք կարող են գտնել «Կորեական դելիկատես» գրքի էջերում:


-Համբարձում, թանձր մռայլություն կա պատմվածքներիցդ շատերում: Սա քո վերաբերմո՞ւնքն է կյանքի հանդեպ, թե՞ կյանքինը՝ քո:
-Այնքան էլ համաձայն չեմ, որ բոլոր պատմվածքներում թանձր մռայլություն կա։ Թեև, այո՛, որոշ պատմվածքներում հումորի չափաբաժինը քիչ է։ Օրինակ՝ «Կորեական դելիկատես» պատմվածքում հումորը և վերջաբանը օգնում են, որ պատմվածքը ծանր տպավորություն չթողնի։ Գրքում ամփոփված պատմվածքների մեծ մասը պատերազմի ու հետպատերազմական տարիներից մնացած հիշողությունների հիման վրա է գրվել։ Թերևս այդ է պատճառը, որ դրանց մեջ մռայլություն կա։ Իսկ ընդհանրապես, ես սիրում եմ հումորը, ունեմ նաև երգիծական պատմվածքներ, որոնք տեղ չեն գտել այս գրքում։
-«Թղթե ծաղիկներ» պատմվածքիդ հերոսը՝ դպրոցական տղան, վիրավորված է «անփողությունից»: Սա հայաստանցի շատ դպրոցականների համար ծանոթ վիճակ է, բայց և անհասկանալի, աներևակայելի՝ մեր հանրության որոշ հատվածի երեխաների համար: Ո՞րն է այսօրինակ ծայրահեղությունները բացասելու ճանապարհը, և կա՞ այն առհասարակ:
-Ճիշտ եք. չնայած պատմվածքը 90-ականների մասին է, այսօր էլ քիչ չեն երեխաները, որոնք սոցիալական ծանր պայմաններում են ապրում։ Եթե վիճակագրությանը նայենք, ապա կտեսնենք, որ շատ երեխաներ թերասնվում են, իսկ ոմանք դպրոց չեն հաճախում կոշիկ, հագուստ կամ գրենական պիտույքներ չունենալու պատճառով։ Սոցիալական բևեռացման խնդիրը լուծելու ճանապարհը տնտեսական զարգացումը և պետության սոցիալական քաղաքականությունը բարեփոխելն է։ Պետությունն իր առջև պետք է խնդիր դնի և կարճ ժամանակում հասնի նրան, որ ծայրահեղ աղքատությունը վերացվի, որպեսզի այլևս թերասնվող կամ աղքատության պատճառով դպրոց չհաճախող երեխաներ չունենանք։
-Համբարձում, աշխատում ես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ ուսանում են ապահովված ընտանիքների երեխաներ: Ինչպե՞ս կբնութագրես նրանց: Արդյո՞ք նրանց մեջ չկան քո ակնարկած սոցիալական անհավասարության իրողությամբ պայմանավորված արատավոր որակներ:
-Իրականում սխալ պատկերացում է, զարմանում եմ, որ նման պատկերացում կա «Թումոյի» գործունեության մասին։
-Դե՛, գոնե իմ ճանաչած «թումոյականնրը» բարեկեցիկ ապրող, առնվազն հացի խնդիր չունեցող ընտանիքներից են:
-Ասեմ, որ «Թումոն» անվճար է, և այնտեղ սովորում են շատ տարբեր սոցիալական խավերի պատկանող երեխաներ։ Ավելին, այն դեպքերում, երբ տրանսպորտային խնդիր է առաջանում, «Թումոն» նաև տրանպորտ է հատկացնում՝ երեխաներին կրթական կենտրոն հասցնելու համար։ Բոլորի համար հասանելի լինելը «Թումոյի» փիլիսոփայությունն է։
-Տպավորություն է, որ մահն ընկալում ու մատուցում ես իբրև արկածախնդրություն, իբրև դոնքիշոտյան ցնորքի նյութականացում: «Մեռելը», «Սանչոն» պատմվածքներում նկարագրածդ մահերն ու հանգուցյալները առավելապես օրինաչափությունների՞ ծիրում են, թե՞ գեղարվեստական պայմանականության շեշտադրումներում:
-Ճիշտն ասած՝ արդեն չեմ հիշում, թե այդ պատմվածքները գրելիս ինչ եմ մտածել մահվան մասին։ Մի պատմվածք ունեմ՝ «Գազանիկը և Մահը», որտեղ ծանր հիվանդությամբ տառապող հերոսը, որը նախկին բռնցքամարտիկ է, մահվան վախը չի կարողանում հաղթահարել և այդ պատճառով չի կարողանում հրաժեշտ տալ կյանքին։ Եվ ահա գիշերը երազ է տեսնում։ Երազում ռինգ է դուրս գալիս մահվան դեմ և հաղթում։ Առավոտյան մահանում է։ Մահը կարող է լինել արկածախնդրություն, կարող է սարսափ ներշնչել, կարող է նաև ցանկալի լինել ու ազատություն բերել։
-Բանակի կյանքը քո ստեղծագործություններում ներկայանում է մերկապարանոց դաժանությամբ: Բայց այդ համապատկերում առկայծում է պոեզիայի լույսը: Այնուամենայնիվ, բանակում տեղ կա՞ պոեզիայի համար, թե՞ դու այդ տեղը հորինել ես՝ իբրև քո գրողական երազանքի վերացարկում:
-Իհարկե կա։ Կարծում եմ, որ նույնիսկ ավելի շատ կա, քան քաղաքացիական կյանքում։ Շատ զինվորներ կան, որոնք քաղաքացիական կյանքում աչքի չեն ընկել պոեզիայի հանդեպ հետաքրքրությամբ, իսկ ծառայության ժամանակ կարդում կամ գրում են։ Զինվորական ծառայությունը թվում է միօրինակ, միապաղաղ, սակայն իրականում զինվորական կյանքում սահմանային հոգեվիճակները, զգայական պոռթկումները ավելի շատ տեղ ունեն։ Դրան գումարվում է նաև այն, որ սահմանային զորամասերը սովորաբար տեղակայված են գեղեցիկ բնապատկերներով վայրերում։

-«Սաշան» ամենահավանածս պատմվածքն է: Ազնիվ երազանքի և կոպիտ իրականության բախման կիզակետում հայտնված մարդիկ ելք են փնտրում: «Սաշայի հոգում մի տխուր մեղեդի էր հնչում: Շեփորի հուսահատ ձայնը սփռվում էր կեղծիքի ու կեղտի մեջ թաղված քաղաքի վրա և պարտության զգացողությունը սեղմում էր կոկորդը»: Շեփորի կանչով երեք տասնամյակ առաջ փողոց դուրս եկածներս, ի հեճուկս դառը պարտությունների, չենք դադարում կրկին ու կրկին ելնել փողոց և հավատալ գալիք հաղթանակներին: Սա ի՞նչ է՝ ապուշությու՞ն, լավատեսությու՞ն, համառությու՞ն, թե՞ կա մեկ այլ բանաձևում վերջին տասնամյակների թոհուբոհում քաշքշվող հայ մարդու համար։
-Սա մեր ժողովրդի կենսունակության, ազատության ու սոցիալական արդարության ձգտելու ապացույցն է։ Թեև պատմվածքում վերջաբանը լավատեսական չէ, բայց իրականում ինձ համար ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը անակնկալ չէր։ Գրեթե բոլոր ընտրություններից հետո ժողովուրդը դուրս է եկել վիճարկելու կեղծված ընտրությունները և բարձրաձայնելու իր սոցիալական խնդիրները։ Ես վստահ էի, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվելու։ Ավելին, ես ենթադրում եմ, որ ապագայում մենք էլի սոցիալական ու քաղաքական շարժումներ կտեսնենք։ Փողոցային պայքարը քաղաքական կյանքի կազմակերպման մեր ձևն է, որովհետև 88-ին հենց այդպես է սկսվել ու ձևավորվել պետությունը։
-«Կորեական դելիկատեսը» պահանջարկ ունեցող գրքերի թոփ-տասնյակում է: Սա խթանու՞մ է հաջորդ գրքի շուտափույթ ծնունդը, թե՞ տրամադրում է վաստակած հանգստի ու «գրադադարի»:
-Այո՛, «Կորեական դելիկատեսը» ամենավաճառվող գրքերի տասնյակում է, սակայն վաճառված գրքերի քանակը իրականում ոգևորող չէ։ Գրական շուկան այնքան փոքր է, որ 15-20 վաճառված գրքով կարող ես «բեսթսելլերի» հեղինակ դառնալ։ Ես իմ գրել-չգրելը վաճառքի հետ չեմ կապում, թեև, իհարկե, ուրախ կլինեմ, որ «Կորեական դելիկատեսի» տպաքանակը սպառվի, որպեսզի հրատարակիչը վնասներ չկրի։ Հրատարակիչների ու գրողների պրոֆեսիոնալ համագործակցությունը գրահրատարակչական դաշտի ձեռքբերումներից է, որը անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել։ Վաղուց հակաուտոպիայի ժանրում վեպ գրելու գաղափար ունեի, հիմա այդ վեպի վրա եմ աշխատում. այնպես որ, փորձում եմ երկարատև «գրադադարից» դուրս գալ։

-Համբարձում, ուրա՞խ ես, թե՞ հիասթափված, որ չես հայտնվել նորաստեղծ խորհրդարանում: Գրողի և քաղաքական գործչի կարգավիճակները կարողանալո՞ւ էիր համատեղել:
-Ոչ ուրախ եմ, ոչ էլ հիասթափված։ Երբ ընտրություններից առաջ հրապարակվեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և պարզվեց, որ ցուցակի ոչ անցողիկ հատվածում եմ, արդեն իսկ պարզ էր, որ պատգամավոր ընտրվելու հնարավորությունը շատ փոքր է։ Ցուցակում հայտնվելն ու ընտրություններին մասնակցելը պատասխանատվություն ստանձնելու փորձ էր, որպեսզի ինձ հետո չմեղադրեմ ծուլության և անտարբերության համար։ Ազատ արվեստագետի կարգավիճակը ինձ համար շատ ավելի հրապուրիչ է, այնպես որ հիասթափության խնդիր չկա։ Կարծում եմ` եթե խորհրդարանում հայտնվեի, ապա կկարողանայի համատեղել գրողի ու քաղաքական գործչի կարգավիճակները։ Ավելին, ենթադրում եմ, որ ավելի շատ ազատ ժամանակ ու հնարավորություն կունենայի գրելու համար, քան հիմա ունեմ։ Մյուս կողմից՝ գուցե այդ կարգավիճակը որոշ չափով կաշկանդեր՝ սեփական տեսակետները բարձրաձայնելու առումով։ Ամեն դեպքում, ես արդյունքից գոհ եմ։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ