Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծովային տերությունները պատրաստվում են ապագա ծովամարտերին

Ծովային տերությունները պատրաստվում են ապագա ծովամարտերին
08.02.2019 | 12:20

Ի պատասխան չինական ռազմածովային նավատորմի ձեռքբերումներին բոլոր ծովային տերությունները սկսել են մոդեռնացնել իրենց ռազմածովային ուժերը` գրում է Նատալի Գիբերը Le Monde-ում: Ֆրանսիայի Ռազմածովային ուժերի շտաբի պետ Քրիստոֆ Պրազյուկը կրկնում է, որ Պեկինը «4 տարում կառուցել է նավատորմ` ֆրանսիականին համարժեք» և արդեն Միջերկրական ծովում տեղակայել է ավելի շատ նավեր, քան բոլոր եվրոպական բանակները միասին: Չինական ռազմածովային նավատորմը հիմա ամենուր հայտարարում է, որ 1,6 միլիոն տոննա ընդհանուր ջրատարողություն ունի, երկրորդը ԱՄՆ-ից հետո (3,3 միլիոն տոննա)` առաջ անցնելով Ռուսաստանից (1 միլիոն տոննա):


Չինաստանը 2010-ականներից արտադրում է սերիական նավեր, 2015-ից ծավալում է իր «ծովային շահերի» պաշտպանության քաղաքականություն, որպեսզի առաջ գնա կղզիների առաջին շղթայից` ծովային սահմանից, որ պահում են ԱՄՆ-ի դաշնակիցները (Ճապոնիա, Ֆիլիպիններ, Թայվան): Ալեքսանդր Շելդոն-Դյուպլեն` պաշտպանության պատմության բաժնի աշխատակիցը, ընդգծում է, որ հենց Չինաստանն է այդպես ուրվագծում իր քաղաքականությունը: «Վերջին խոշոր վերափոխումը` մեծ հեռահարության զենիթային հրթիռների հայտնությունն է` բաց ծովում պաշտպանության համար»` նշում է պատմաբանը: Հիմա քանակն ու որակը Պեկինի համար ձեռք ձեռքի տված են: Պեկինի ձեռքբերումները հիմնված են ներքին տեխոնոլոգիական իննովացիաների վրա: Նրանք ցուցադրվեցին 2018-ին ծովում էլեկտրամագնիսական հրանոթի փորձարկումով, ավիակիրների դեմ բալիստիկ հրթիռների մշակումով կամ հեռանկարային չինական ավիակրի ծրագրով, որի վրա լինելու են էլեկտրամագնիսական տեխնոլոգիաներով 6 կատապուլտներ, որ ԱՄՆ-ը նոր է յուրացնում: Իսկ դա նշանակում է, որ Չինաստանը գերակայում է այս ոլորտում: «Պեկինի գլխավոր նպատակն է դիմակայել ԱՄՆ-ի ցանկացած աջակցության իր որևէ դաշնակցի Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում կամ Թայվանում, եթե Չինաստանը նախաձեռնի վերամիավորում»` բացատրում է Շելդոն-Դյուպլեն: Այդ քայլերը կարող են ուժեղացնել համընդհանուր լարվածությունը: Ծովային բոլոր տերությունները սկսել են մոդեռնացնել իրենց ռազմածովային ուժերը: Իսկ ավելի ու ավելի մեծ տարածքների անձեռնմխելիության ագրեսիվ ապահովումը որոշակի ռիսկեր է պարունակում: ԱՄՆ ռազմածովային նավատորմի գերակայությունը իր նավերի մարտունակության մեծացումն է, մասնավորապես` ծովային ավիացիայի խմբերում:

«Ավիակիրների դեմ ուղղված չինական զենիթահրթիռային համակարգերը կստիպեն ԱՄՆ ռազմածովային ուժերին Չինաստանի ափերից 2000 կիլոմետրի վրա միջամտություն իրականացնել»` ընդգծում է Ալեքսանդր Շելդոն-Դյուպլեն: Իր ավիակիրների գործողությունների տրամագծի ընդլայնման համար ԱՄՆ ռազմածովային նավատորմում հավելվում են ծովային անօդաչու թռչող սարքեր: «Նրանց անհրաժեշտ է կրակային հզորությունը պահպանել, քանի որ նպատակը մարտը առաջին իսկ օրը շահելն է»` գտնում է փորձագետը: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը վեց անգամ քիչ նավեր ունի ԽՍՀՄ-ից: ՌԴ-ն մոդեռնացնում է իր ռազմածովային նավատորմը` ունենալով սահմանափակ ռեսուրսներ և այլևս չի կարող արտադրել մեծ նավեր: Բայց նրա ռազմածովային նավատորմը, որ նախատեսված է մուտքը արգելափակելու համար, նորանոր հնարավորություններ է ձեռքբերում:

«Քանի որ Ռուսաստանը չի կարող իր օվկիանոսային նավերը փոխարինել, զինում է հրթիռներով, որ կրակում են և ծովի, և ցամաքի թիրախների վրա: Նրա զենքը կարող է հավասարը հավասարի պես կռվել ամերիկյան «Թոմահավկների» հետ` մեծ հեռահարության գերձայնային հականավային հրթիռների հետ»` նշում է փորձագետը: Նոր զինատեսակի` ջերմամիջուկային մարտագլխիկով վիթխարի տորպեդ, ստեղծելու Ռուսաստանի ծրագիրը, որի նպատակը միջուկային հարվածներ հասցնելն է վարչական-արդյունաբերական կենտրոններին, ցույց է տալիս ԱՄՆ գերազանցությունը փոխհատուցելու ձգտումը: Մյուս տերությունները չափազանց լուրջ են վերաբերվում ռուսական սուզանավերի հնարավորություններին: Եվրոպական ռազմածովային ուժերը նույնպես մեծացնում են իրենց ներկայությունը ծովում` կախված ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների հետ: Փորձագետները գտնում են, որ նրանց կարող են ավելիին հասնել` հաշվի առնելով իրենց Ռազմածովային ուժերում կատարվող ներդրումները: Մասնավորապես, նրանք հետ են մնում ռուսական գերձայնային հրթիռներից, որ հիմա թույլ են տալիս նույնիսկ մեկ հածանավին կանխել ավիակիրների տորմիղի ափին մոտենալը:
Նատալի Գիբեր, Le Monde


Հ.Գ. Միջուկային զենքի տարածումը ցամաքում ու ծովում դառնում է վտանգավոր: Եվ իսկապես չեն բացառվում ապագա ծովամարտերը` նաև միջուկային զենքի կիրառմամբ: Առայժմ լրագրողների մռայլ կանխատեսումները կարող են իրականություն դառնալ, եթե քաղաքական ամբիցիաները հնարավոր չլինի կանխարգելել: Սա այն դեպքն է, որ ծով չունենալը Հայաստանի համար …բարիք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ