«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեր Բերմուդները

Մեր Բերմուդները
09.02.2019 | 12:54

Իրավապահները վերականգնեցին պարիտետը` 2019-ի փետրվարի 9-ին կատարված փաստ է այն, ինչ 11 տարի Հայաստանում անհնար էր` մարտի 1-ի գործով հարցաքննվել են Հայաստանի 3 նախագահները, որ գուցե ճակատագրի հեգնանքով անքակտելիորեն կապված են միմյանց 2008-ի փետրվարի 29-ից սկսված ու մարտի 1-ին շարունակված իրադարձություններով: Այդ ժամանակ` գործող, բայց արդեն ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Նրանից իշխանությունը ժառանգած Սերժ Սարգսյանի փաստաբանը հաստատել է, որ նա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, ու հնարավոր է նորից հարցաքննվի: Երրորդը և ամենակարճը հարցաքննվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Երեքից միայն նա է հրաժարվել փաստաբանի ծառայություններից: Առաջին եւ երրորդ նախագահները հարցաքննվել են որպես վկա, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ:


Ինքնին հասկանալի է, որ հետաքննության մանրամասներին տեղյակ են սահմանափակ թվով մարդիկ` ծառայության բերումով: Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում համարյա ոչինչ հայտնի չէ: Կա միայն Սերժ Սարգսյանի փաստաբանի հայտարարությունը` իրականության չեն համապատասխանում լուրերը, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Իսկ կտա՞: Ռոբերտ Քոչարյանը հերքում է ամեն ինչ` մնում է հերքի, որ ինքն այդ ժամանակ ՀՀ նախագահն է եղել, բոլորն ամեն ինչ արել են` առանց նախագահին տեղյակ պահելու` հրամաններ են տվել, որոնց Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չի եղել, որոշումներ են ընդունել ու իրագործել միայն նրանք, որ արդեն ողջ չեն և նրանք, որ Հայաստանում չեն ու իրավապահներին հասանելի չեն: Հիմա իրավապահների խնդիրն է ապացուցել այն, ինչ բոլորը վաղուց գիտեն` 2008-ի փետրվար-մարտին Ռոբերտ Քոչարյանն է եղել է պետության առաջին դեմքը ու Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատվություն կրում թե ընտրությունների կազմակերպման ու անցկացման, թե հետընտրական գործընթացների համար: Իրավապահները պիտի ապացուցեն, որ միայն նա կարող էր ու նա է հրամաններ տվել ուժայիններին, գուցե նաև ղեկավարել Մարտի 1-ի օպերացիան։


Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը, որ այդ ժամանակ վարչապետ ու ըստ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների` ընտրված նախագահ էր: Ու եթե նույնիսկ մարտի 1-ի իրադարձությունների մասով Սերժ Սարգսյանը շարունակի «անտեղյակության» մարտավարությունը, կարո՞ղ է նույնն անել ձերբակալությունների ու դատավարությունների մասով, որ արդեն իր նախագահության շրջանում էին:


Այն Սերժ Սարգսյանը, որ իր նախագահության 10 տարում Ռոբերտ Քոչարյանին ունեցել է ոչ թե իբրև ընկեր ու զինակից, այլ` ընդդիմախոս ու ամեն պահի իշխանությունը վերցնելու պատրաստ հակառակորդ: Այն Սերժ Սարգսյանը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը կանխելու նպատակով 2015-ին սահմանադրական փոփոխություններ արեց ու Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման մոդելի, որ նաև իրեն էր երրորդ ժամկետի հնարավորություն տալիս: Այն Սերժ Սարգսյանը, որ հարկադրված էր համաձայնել Կարեն Կարապետյանի վարչապետությանը ու նույնիսկ ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ դառնալուն` լավ իմանալով, որ շատ որոշակի տեղերում ու շատ որոշակի մարդիկ Կարեն Կարապետյան ասելով Ռոբերտ Քոչարյան էին հասկանում: Իվերջո` այն Սերժ Սարգսյանը, որ ստիպված էր իր նախագահական ժամկետը սկսել ոչլեգիտիմության խարանից բացի` 10 սպանություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամում, մինչդեռ բռնությունը Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու միակ ճանապարհը չէր, և դա գիտեին երեք նախագահներն էլ: Եթե Ռոբերտ Քոչարյանը իր բոլոր կողմնակիցներին, մեղմ ասած, «գցում է», ինչու՞ է Սերժ Սարգսյանի փաստաբանը բարձրաձայնում նրա հավատարմության երրդումը Ռոբերտ Քոչարյանին: Գուցե նա էլ «Չեմ տեսել, չեմ լսել, չգիտեմ, չեմ ասի» մարտավարության մեջ է մնալու` ապահովելու իր չկալանավորվելու երաշխիքը:

Իվերջո` Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից բացահայտ առավելություն ունի` թիկունքում կուսակցություն կա, թեկուզ ընդդիմադիր: Թեպետ 10 տարի ամեն ինչ արեց` ՀՀԿ-ին վարկաբեկելու ու ոչնչացնելու համար, ՀՀԿ-ն դեռ պետք է Սերժ Սարգսյանին իբրև պաշտպանության միջոց ու հենց այդ պատճառով էլ չի հեռանում ՀՀԿ-ի նախագահությունից:
Լևոն Տեր-Պետրոսյանի համար ՀՔԾ հետաքննությունը, գուցե նաև դատավարությունը, 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի` 11 տարի հետո, հավաստումն է լինելու: Նա սպասում է դատավարությանը բոլորից շատ` նաև վերջապես թոթափելու իրեն ուղղված մեղադրանքները, որ թողեց ժողովրդին կրակի բերան ու հեռացավ` ոչինչ չանելով հետագա իրադարձությունները կանխելու համար: Եթե Ռոբերտ Քոչարյանի խնդիրն ապացուցելն է, որ ինքը մեղավոր չէ, Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է ցույց տալ, որ ինքը ոչինչ անել չէր կարող:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ցավալի ու անարդար կլինի, եթե Մարտի 1-ի վերաբացված գործով չգտնվեն ու չպատժվեն 10 սպանությունների ոչ միայն մեղավորները, այլև անմիջական կատարողները: Քաղաքական արդարությունը վերականգնելն այլևս անհնար է` ոչ մի դատավարություն Լևոն Տեր-Պետրոսյանին չի վերադարձնի նախագահի աթոռը, որից նա 1998-ին հրաժարվել էր և 2008-ին ուզում էր իրավիճակ փոխել երկրում ու կարող էր, եթե ընտրությունների արդյունքները չկեղծվեին: Բայց այս հետաքննությունը պետք է նախադեպ լինի` ապացուցելով, որ անպատժելիության ու անձեռնմխելիության տարբերակ ու վաղեմության ժամկետ չկա: Ու հենց այդ պատճառով պետք է նաև բացարձակ օբյեկտիվ ու իրավականորեն անխոցելի լինի:

Դիտվել է՝ 2417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ