Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հեղափոխությունից 40 տարի անց Իսլամական Հանրապետությունը կայուն դիմադրում է

Հեղափոխությունից 40 տարի անց Իսլամական Հանրապետությունը կայուն դիմադրում է
14.02.2019 | 14:05

Ընդդիմադիրների վրա համբերատար ու շատ արդյունավետ որսի գնով Իրանի կառավարությունը դիմակայեց 2009-ի բողոքի գործողություններին, իսկ հիմա բախվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականության հետ` գրում է Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում: Իսլամական հեղափոխության և հեղափոխական վարչակարգի, որի հայտնությունը ցնցեց Մերձավոր Արևելքը, 40-ամյա պատմությունը նման է ամերիկյան բլրակներին: Բարձր մակարդակում վարչակարգը միշտ իսլամական է ու միշտ հեղափոխական, ստորին մակարդակում` ավելի ու ավելի քիչ է այդպիսին:

«Իշխանության ու հասարակության նման բաժանումը վարչակարգի գլխավոր խնդիրն է առաջիկա տարիներին»` ընդգծում է Point-ի լրագրող Արմեն Արեֆին «Գարունը Թեհրանում» գրքում: «Քանի դեռ Իրանը գտնվում է իր հզորության գագաթնակետին տարածաշրջանային առումով, Սիրիայում իր հաղթանակից ու Իրաքում իր դիրքերն ամրապնդելուց հետո, սեփական սահմանների ներսում Իրանը կավե ոտքերով հսկա է, որովհետև վարչակարգին մարտահրավեր է նետում սեփական բնակչությունը տնտեսության ոչ ճիշտ կառավարման պատճառով, նաև Իրաքում ու հատկապես Սիրիայում ներդրումների: Ցույցերի ժաանակ պարբերաբար լսվում են կոչեր` «Ոչ մի Գազա, ոչ մի Լիբանան, մեզ պետք է ունենալ Իրան»` գրում է Արեֆին: Վարչակարգի իշխանության սկզբում մարդիկ 4 կարգախոս ունեին` անկախություն, ազատություն, հանրապետություն, իսլամ: Ի՞նչ է մնացել հիմա: «Իրանցիները հակված են հանրապետության սկզբունքին,-ասում է Իրանում 2000-2005-ին Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Նիկուլոն: -Նրանք չեն պատկերացնում շահի վերադարձը: Նրանք երդվել են ու պահում են երդումը: Նրանք գնահատում են, որ գործող վարչակարգւ առաջինն էր Սեֆեիդների դինաստիայից և բազում դարեր Ռուսաաստանին, հետո Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին ենթարկվելուց հետո, որ Իրանին լիակատար անկախություն տվեց: Չմոռանանք իսլամական հեղափոխության ամենատարածված կարգախոսը` «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք»: Այսօր իրանցիները, իհարկե, առանց տատանվելու կընտրեն Արևմուտքը, բայց ժողովուրդը չի ցանկանում վերադառնալ գերտերություններին ենթարկվածությանը»: 40 տարում Իրանը խիստ փոխվել է:

«Խնդիրն այն է, որ մեր երեխաները չեն ցանկանում ապրել ինչպես մենք»` անցյալ տարի ասաց Հասան Ռուհանին: Չափավորական նախագահը, որ վարչակարգի ծնունդն է, դրանով ամեն ինչ ասել է: Ինչպե՞ս հավաքել պազլը: Հասարակությունը տարանջատվել է հոգևորականներից ու հիմա առանց վախի ծիծաղում է կնգուղներով մոլլաների վրա: Նրանք Մեջլիսում ընդամենը 6% են, 1950-ի` առաջին խորհրդարանական ընտրությունների 61%-ի համեմատ և նույնիսկ կին պատգամավորները հիմա ավելի շատ են մոլլա պատգամավորներից: Շատ իրանցիներ հեռացել են գյուղերից, որտեղ պահպանվում է պահպանողական ոգին: 78 միլիոն իրանցիների 80% -ն ապրում է քաղաքներում և 95% -ը գրագետ է: «Հակառակ տարածված կարծիքի` Իրանը ոչ այնքան երիտասարդ երկիր է»` հիշեցնում է աշխարհագրագետ ու Իրանի հարցերով փորձագետ Բեռնադ Ուրկադը: Ամենամեծ տարիքային խումբը 25-50 տարեկաններն են: Նրանք ակտիվ են: Նրանք ուզում են ամուսնանալ, Նրանք ուզում են, որ իրավիճակ փոխվի, բայց ոչ ցանկացած գնով: Այդ լիովին չափահաս մարդիկ իրերի բերումով դարձել են ռեալիստ` և դա է իրանական հասարակության պահանջներն ընկալելու բանալին: Նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում վերապրելու հավանական այլընտրանքի բացակայությամբ վարչակարգը պետք է գտնի հասարակությունը համախմբելու հնարավորություններ` գտնում է մի ձեռներեց Թեհրանից: Ռուհանին շեշտը դնում է միջուկային պայմանագրի վրա, բայց դա չաշխատեց: Զարմանալի է, որ երբ հարցեր ենք տալիս իրանցիներին, շատերը մեղադրում են իրենց իշխանություններին, բայց ոչ Դոնալդ Թրամփին, որ նրանց խոսքով «զբաղվում է քաղաքականությամբ իր ընտողների շահերից ելնելով, իսկ մեր ղեկավարները ձգտում են պահել իրենց իշխանությունը»: Տնտեսությունը խեղդվում է պատժամիջոցների երկու ալիքներից, որ 2018-ին սահմանեց ԱՄՆ նախագահը: Ամբողջ երկրում կանոնավոր հանրահավաքներ են: Առաջին հերթին` հանուն աշխատավորների վիճակի բարելավման, սակայն կարող են արագ վերաճել վարչակարգի դեմ, որ հենվում է անցողիկի վրա հոգևորի գերակայության, «վելայաթ է ֆակիհի» սրբազան սկզբունքի վրա, որի համաձայն իսլամական ու հեղափոխական անբիծություն ունեցող ղեկավարը լուծում է բոլոր հիմնական հարցերը օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մեջ, հատկապես անվտանգության հետ կապված: Այստեղից էլ Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի (Պասդարան) դերը: Այդ էլիտար զորախումբը պատասխանատու է իսլամական հեղափոխության պաշտպանության համար և շատ ավելի լավ է զինված, քան կանոնավոր բանակը:

«Իրանը պետք է լուծի ևս մեկ հակասություն,-հիշեցնում է Բահրեյնում ապրող փորձագետ Կլեման Թերմը,-կկարողանա՞ վարչակարգը երկար համատեղել հակաամերիկյան հեղափոխական գաղափարախոսությունը տնտեսական գլոբալացման գործընթացում ինտեգրման ռազմավարության հետ, որտեղ գերակայում է ԱՄՆ-ը»: Կարճաժամկետ հեռանկարում Իրանն այլ ընտրություն չունի` բացի պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու սպասել Դոնալդ Թրամփի ձախողմանը, որպեսզի ԱՄՆ-ի հաջորդ նախագահը վերադառնա Թեհրանի հետ ավելի չափավոր հարաբերությունների:
Ժորժ Մալբրյունո, Le Figaro


Հ.Գ. Կարճաժամկետ հեռանկարում Եվրամիությունը ևս կանգնում է Իրանի կողքին` ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելով, Իրանի հետ առևտուր անելու համար, հեռանկարում` պահպանելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: Ոչ միայն Ֆրանսիան, ԵՄ-ն էլ, Չինաստանն էլ, ԱՄՆ-ում դեմոկրատներն էլ սպասում են, որ 2020-ին Թրամփը չի վերընտրվի և աշխարհը կվերադառնա իր նախաթրամփյան խաղաղ կարգին: Բայց ոչ ոք երաշխիք չունի, որ Դոնալդ Թրամփը չի վերընտրվի:
Հայաստանի խնդիրները շատ ավելի լոկալ են` համագործակցել Իրանի հետ անվտանգության ու էներգետիկ ոլորտներում` առաջին հերթին և խուսափել պատժամիջոցներից: Մնացածը կերևա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ