«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանում փաստացի ուժեղ ընդդիմության բացակայության պայմաններում Արցախն ինքնուրույն է իր վրա վերցրել ընդդիմության գործառույթը

Հայաստանում փաստացի ուժեղ ընդդիմության բացակայության պայմաններում Արցախն ինքնուրույն է իր վրա վերցրել ընդդիմության գործառույթը
15.02.2019 | 01:26

Արցախի Հանրապետությունում գրեթե պաշտոնապես մեկնարկել է նախընտրական շրջանը։ Ընդ որում, իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ խոսքը հերթական ընտրությունների մասին է։ Նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ այլևս իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնում, թեև դրա իրավունքն ըստ սահմանադրության ունի։ ՈՒշագրավ է, որ, ըստ սահմանադրության, անցկացվելու է միաժամանակ երկու ընտրություն՝ հանրապետության նախագահի և Ազգային ժողովի, ընդ որում, ԱԺ ընտրությունների հարցն ընդհանրապես չի էլ հիշատակվում, ինչը, սակայն, լուրջ գործոն է լինելու ընտրական ընդհանուր փաթեթում։


Ամեն դեպքում, արդեն հիմա գոնե Արցախի նախագահի թեկնածուների պակաս չի նկատվում։ Հայտարարությունների մակարդակով նախագահական հավակնությունների մասին դեռ վաղուց հայտարարել էր նախկին վարչապետ և պետնախարար, այժմ Բակո Սահակյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Օրերս իր մտադրությունների և քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կուսակցությունից հայտնեցին` չեն բացառում, որ իրենք էլ խորհրդակցություններից հետո թեկնածու կառաջադրեն Աշոտ Ղուլյանին։ Բացի այդ, շոշափվում է նաև արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի անունը, և ի վերջո, օրերս գուցե շատերի համար անսպասելիորեն ակտիվացավ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Թվարկվածը հնարավոր թեկնածուների ամբողջական ցանկը չէ։ Բայց հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակներն այսօր արդեն աշխատում են հայկական մենթալիտետային ստանդարտների մեջ տեղավորել Արցախի ապագա ընտրությունները՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո նշվածներից ով է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ով նախորդ իշխանությունների թեկնածուն։ Այս թեմայով խոսակցությունները թեև Հայաստանում եռում են, սակայն Արցախում ամեն ինչ ընթանում է իր հունով, շատ ավելի հանգիստ մթնոլորտում, քան այդ մասին գրվում է հայաստանյան լրատվամիջոցներում։


Արցախի ընտրությունների շուրջ որոշակի ակտիվություն առաջացրեց պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը։ Նրա այս պահի ակտիվացումը փորձագիտական և վերլուծական շրջանակների համար բավականին անսպասելի էր։ Բաբայանի գործողություններին որոշակի իմաստային երանգ է հաղորդում այն, որ Նիկոլ Փաշինյանի բարի ցանկությամբ ազատության մեջ հայտնված Սամվել Բաբայանն ակտիվացավ հայաստանյան և արցախյան ղեկավարների միջև արտաքուստ լարված հարաբերությունների հերթական փուլում։ Բնականաբար, այդ ամենը հայաստանյան մամուլում, սոցցանցերում և շահագրգիռ շրջանակներում լրացուցիչ եզրակացությունների առիթ հանդիսացավ՝ երբեմն դավադրության տեսություններից բխող։ Անգամ մասնագիտական խմբերում գերիշխում է այն կարծիքը, թե Սամվել Բաբայանը ներարցախյան քաղաքական զարգացումներում Նիկոլ Փաշինյանի ակտիվ խաղաքարտերից է դարձել։ Նման մտավախություններ կային նաև Արցախի վերնախավի մի հատվածում և հասարակական շրջանակներում։ Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունների ամենավերին օղակներին մոտ կանգնած խմբերի թե՛ վարքագիծը, թե՛ արձագանքները, թե՛ ներքին շրջանառության մեջ դրված ուղերձներն այսօր հիմք են տալիս ենթադրելու, որ ՊԲ նախկին հրամանատարը փորձում է հերթական խաղը շրջանառության մեջ դնել՝ ընդ որում ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան թատերաբեմում։ Այս պահին այս գերակտիվության միակ նպատակն ակտիվ գործոն դառնալն ու մոռացվածի կարգավիճակից ձերբազատվելն է։ Ընդ որում, նախկին ռազմական գործչի վերադարձի այս ծրագիրը հիմնված է հանրության լայն շրջանակներում արմատավորվող այն կարծրատիպերի վրա, որ ՀՀ և ԱՀ քաղաքական էլիտաների միջև շատ խոր հակասություններ կան, և իբր հենց Սամվել Բաբայանի վրա է կանգ առել ՀՀ վարչապետի ընտրությունը` որպես ԱՀ ապագա նախագահի։


Սամվել Բաբայանի հետ իհարկե որոշ շրջանակներ նպատակաուղղված աշխատանքներ իրականացրել են՝ փորձելով նրան դետոնատորի դեր տալ և համոզել նրան, որ Նիկոլ Փաշինյանի և Արցախի ներկայացուցիչների միջև այսօր արդեն սկսված են բանակցությունները Արցախի ապագա իշխանությունների թե՛ կադրային կազմի, թե՛ կոնֆիգուրացիայի շուրջ։ Հետաքրքիր է, որ քաղաքականություն իր վերադարձի մասին հայտարարությունը Սամվել Բաբայանը կատարել է հայաստանյան թավշյա հեղափոխության մեջ մասնաբաժին ունեցող «Ազատություն» ռադիոկայանի եթերով։ Եթե հիմնվում ենք այսօր շրջանառության մեջ դրվող վերլուծությունների վրա, ապա պարզ է դառնում, որ Սամվել Բաբայանն ինքնաառաջադրված քաղաքական միավոր է, որի նպատակն է մի կողմից հիշեցնել իր գոյության մասին անձամբ Փաշինյանին, մյուս կողմից առնվազն իրարանցում և նյարդային իրավիճակ առաջացնել Արցախում՝ շոշափելով նաև տեղի տրամադրություններն ու հասկանալ իր կողմնակիցների կոնսոլիդացման աստիճանն ու պատրաստվածությունը։ Սամվել Բաբայանն արցախյան և հայաստանյան հանրություններին նրբորեն հրամցնում է այն գաղափարը, թե խաղում է Փաշինյանի դաշտում։ Այդ նպատակով նա բավականին լուրջ սադրանքի է դիմում՝ Արցախի ղեկավարությանը մեղադրելով Արցախյան հիմնահարցի գործող կոնցեպտներից մեկի՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» տարբերակի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Ըստ էության ուղղակիորեն ասվում է, որ Արցախի ղեկավարությունը ժամանակին՝ 2016 թ. դեմ չէր տարածքներ հանձնելուն։ Այժմ, սակայն, Նիկոլ Փաշինյանի օրոք դեմ է նույն գաղափարին։ Այսպիսով՝ Սամվել Բաբայանն ուզում է տեղավորվել իշխանական օրթոդոքս քարոզչամեքենայի՝ «բա Սերժ Սարգսյանի ժամանակ ինչու՞ չէիք խոսում» հայտնի կարծրատիպերի մեջ։ Բաբայանը Բաբայան չէր լինի, եթե չխաղար մի քանի զուգահեռ դաշտերում։ Նա միաժամանակ նրբորեն հարվածում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնարկելով, որ վերջինիս օրակարգում նույնպես կա հանրության կողմից սուր ընկալվող խաղաղության կոնցեպտը։


Այսպիսով՝ Բաբայանը և նրա թիմը որոշակի պլացդարմներ են պատրաստում զարգացումների բոլոր հնարավոր սցենարների համար։ Հատկանշական է, որ Բաբայանի քաղաքական և քարոզչական հենարանները վերջին օրերին աննախադեպ հրապարակային ակտիվություն են դրսևորում և հանդես են գալիս արմատական ընդդիմության դիրքերից՝ քննադատության թիրախ դարձնելով ՀՀ գործող իշխանությունների գրեթե բոլոր գործողությունները՝ սկսած կառավարության ծրագրից, վերջացրած ամենաօպերատիվ գործողություններով։ Այս առումով չի բացառվում, որ սա ևս մեկ փաստարկ է, որ Բաբայանի թիմը փորձում է ճնշում գործադրել և՛ ՀՀ, և՛ ԱՀ ղեկավարության վրա։ Արցախի նախագահի վրա ճնշման փաստարկ է դիտարկվում նրանց միջև եղած ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին ակնարկը, ինչը որոշակիորեն նմանվում է սադրանքի։ Բաբայանի և Բակո Սահակյանի հարաբերությունները, ինչպես հայտնի է, ամենևին էլ բարիդրացիական չեն, բայց ըստ շրջանառության մեջ դրվող լուրերի, այս երկու գործիչները իբրև թե պայմանավորվել են, որ Բակո Սահակյանը չի խոչընդոտելու Բաբայանի վերադարձին, եթե վերջինս 2020 թվականին ցանկանա խաղալ քաղաքական դաշտում, թեև կան սահմանադրական որոշ խոչընդոտներ անցած 10 տարիներին Արցախում բնակվելու հետ կապված։


Այլ հարթության մեջ է գործում Վիտալի Բալասանյանը, որի դիրքերը, ի տարբերություն Սամվել Բաբայանի, առավել ամուր են. վերջին տասնամյակում նա մշտապես գործող դերակատարներից է եղել։ Նույնիսկ եղել է նախագահի թեկնածու, այժմ զբաղեցնում է անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Ընդհանուր առմամբ ոչ մեկին առանձնապես չի զարմացնում, որ Վիտալի Բալասանյանն ունի նախագահ դառնալու իրական հնարավորություններ, առավել ևս, որ Բակո Սահակյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Վիտալի Բալասանյանի պարագայում հայկական քաղաքական շրջանակները և դրսի հետ կապված հայտնի հիմնադրամի ներկայացուցիչները բավականին վատ ասոցիացիաներ ունեն, և պարզ է, որ Բալասանյանին ներկայացնում են իբրև ռոբասերժական նախկին ռեժիմի ժառանգորդ և շահերի պաշտպան, որը ապագա ընտրություններում կարող է հանդես գալ որպես նախորդ ռեժիմի խաղաքարտ։


Սա, իհարկե, ամենապարզունակ սխեման է, որ կարելի է դիտարկել։ Վերը նշվածը կարող էր ճշմարտանման լինել, եթե որպես հիմք ենք ընդունում, որ այժմ ՀՀ և Արցախի ղեկավարների միջև կան խոր և անվերադարձ հակասություններ։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել բավականին հետաքրքիր նրբերանգների վրա։ Վիտալի Բալասանյանը բավականին կոշտ արձագանք է տվել ՀՀ նոր իշխանությունների որոշ հայտարարությունների, գործողությունների։ Հիշենք թեկուզ ԱԺ պատգամավոր Սասուն Սիքայելյանի հայտնի հայտարարության հետ կապված կոշտ արձագանքը։ Օրերս՝ Հայոց բանակի կազմավորման տոնակատարության ժամանակ, Վիտալի Բալասանյանը շատ ուշագրավ հայտարարություններ արեց, հետո նաև մի քանի հեռուստաընկերություններում վերահաստատեց։ Վիտալի Բալասանյանն ուղղակիորեն նշեց, որ անկախ նրանից, թե ինչ է քննարկվում Արցախի հարցի շուրջ, Արցախը պատրաստ չէ որևէ տարածքային զիջման։ Հաշվի առնելով, որ նա գործող պաշտոնյա է, նրա խոսքերը պետք է դիտարկել որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում։ Ավելի շատ աղմուկ բարձրացրեց Վիտալի Բալասանյանի հաջորդ հայտարարությունը. նա ծիծաղելի համարեց ՀՔԾ-ի, այդ թվում Մարտի 1-ի գործին հատուկ խանդով վերաբերվող նոր իշխանությունների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքները։ Այս երկու հայտարարություններն էլ հակասում են Հայաստանի պաշտոնական տեսակետին և ցույց են տալիս, որ Արցախը կարող է ինքնուրույն կարծիք ունենալ ներհայաստանյան զարգացումների շուրջ։ Շատ հետաքրքիր է, որ ի տարբերություն ամիսներ առաջ համանման դեպքերի՝ պաշտոնական Երևանը բավականին մեղմ և չեզոք վերաբերվեց այդ ամենին։ Քարոզչական հակադարձման, պիտակավորման, հրաժարականների պահանջների ականատես չդարձանք, ֆեյքային քարոզչամեքենան հակահարձակ չեղավ։ Սա վկայում է, որ հայաստանյան նոր ղեկավարությունն իշխանության գալուց ամիսներ անց ի վերջո ըմբռնել կամ կողմնորոշվել է, թե ինչպես պետք է աշխատի Արցախի Հանրապետության վերնախավի և հասարակության հետ։ Երևի թե վերջնականապես հասկացվել է, որ Արցախը, դեֆակտո լինելով Հայաստանի անբաժան մասը, այնուամենայնիվ հատուկ վերաբերմունքի է արժանի։ Այստեղ, ի տարբերություն ՀՀ մարզերի, ապագայի իշխանական կոնֆիգուրացիան կազմելիս պետք է հաշվի առնել Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, հասարակության ակտիվ հատվածի կարծիքը։ Ապագա կոնֆիգուրացիան առնվազն պետք է փոխհամաձայնեցված լինի, և պարտադիր չէ, որ պաշտոնական Երևանի դիրեկտիվ նշանակմամբ հայկական երկրորդ հանրապետությունում նոր ղեկավարություն ստեղծվի։ Շատ հնարավոր է, որ Հայաստանը Արցախի գոնե արտաքինից ըմբոստ դրսևորումները օգտագործի Արցախյան հարցի լուծման համատեքստում։ Սա պրագմատիկ առումով կարող է օգտակար լինել ՀՀ ղեկավարությանը։ Հայկական երկրորդ հանրապետության դիրքորոշումները ևս մեկ ապացույց կարող են լինել Նիկոլ Փաշինյանի ձեռքում, որ Արցախը պետք է որպես առանձին միավոր հանդես գա բանակցային սեղանի շուրջ։ Արցախի հետ առանձին պետք է պայմանավորվել, քանի որ վերջինիս վրա ներգործելու այնքան լծակ գոյություն չունի, որքան շատերին թվում է։


Հայաստանում փաստացի ուժեղ, գործուն ընդդիմության բացակայության պայմաններում, ըստ էության, Արցախն ինքնուրույն է իր վրա վերցրել ընդդիմության գործառույթը, որպեսզի համաշխարհային հանրությանը հասկացնի, որ ինքնուրույն միավոր է՝ իր տեսակետներով։ Եթե նույնիսկ Երևանի հետ կարողանան ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվել, դա դեռ չի նշանակում, որ դրանք իրագործելի են, քանի դեռ Արցախի հետ չեն պայմանավորվել։
Գուցե նաև սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ շատ ավելի պրագմատիկ վարքագիծ է դրսևորում։ Եվ ինչպես ցույց տվեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ օրերս Արցախ կատարած այցն ու այնտեղ կայացած հանդիպումները, ակնառու էր, որ որոշակի ճշտումներ, դիրքերի համադրումներ են կատարվել, և երկու երկրների իշխանությունների միջև փոխհամաձայնեցվածություն արդեն իսկ զգացվում է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ