Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սոֆիկո, դու իմ Սոֆիկո

Սոֆիկո, դու իմ Սոֆիկո
15.02.2019 | 03:37

-Սոֆիկո Ճիաուրելիի նման մարդկանց մասին ասում են. «Ծնվել է ոսկե գդալը բերանում»: Մայրը հանրաճանաչ դերասանուհի Վերիկո Անջափարիձեն էր, որի անունը բրիտանական «Ով ով է» հանրագիտարանում նշվում է 20-րդ դարի լավագույն դերասանուհիների շարքում: Հայրը կինոբեմադրիչ, գրող և նկարիչ Միխայիլ Ճիաուրելին էր, որը վայելում էր ոչ միայն ժողովրդի սերն ու համակրանքը, այլ նաև Ստալինի: Սկզբունքորեն Սոֆիկոն ցանկության դեպքում կարող էր ընդհանրապես չաշխատել, ճկույթն անգամ չշարժել, բայց ապրել անհոգ և ապահով: Բայց նա, ինչպես ասում են, «թխված» էր այլ խմորից, քանի որ չէր սիրում միայն վայելել, այլև ցանկանում էր կիսել այդ վայելքը բոլորի հետ: Կիսել ողջ աշխարհի հետ իր տաղանդն ու էներգիան, սիրելու իր կարողությունը: Ես մի ժամանակ նրա հարսն եմ եղել՝ տղայի կինը, այդ օրերն իմ մեջ տպավորվել են, այդ ժամանակների մասին ունեմ ջերմ հիշողություններ,- պատմում է դերասանուհի Իա Նինիձեն և շարունակում,- ենթադրվում է, որ սկեսուրը պետք է իր բնույթով չար լինի, մշտապես դժգոհ բոլորից, հատկապես հարսից, նրա հետ կապված ամեն ինչից: Իմ դեպքում հակառակն էր: Եվ առաջին զգացողությունը, որն ունենում եմ, երբ լսում եմ նրա անունը, հրճվանքն է, քանի որ նա իմ հարազատն է, շատ սիրելի մարդ, իսկ հետո միայն հանճարեղ դերասանուհի:


-Դուք նկարահանումների ժամանակ եք ծանոթացել, այնպես չէ՞, մեծ դերասանուհին և փոքրը:
-Այո, նկարահանումների ընթացքում, իմ առաջին ֆիլմի: Ես խաղում էի մշտապես հղի դերասանուհու (կերպարը մարմնավորում էր Սոֆիկոն) դստեր դերը: Հիշում եմ, թե ինչպես էի հիացմունքով նայում նրան, անընդհատ ու ակնդետ հայացքով փնտրում նրա լուռ համաձայնությունը: Նա ուղղակի իր հմայքով ձգում էր բոլորին, ինչ էլ որ աներ: Ես ընդամենը յոթ տարեկան էի և դեռ չգիտեի, թե տաղանդը որքան դյութիչ կարող է լինել: Իմ տարիքի երեխայի համար գայթակղիչ էր այն, ինչ նա անում էր, ինձ անսահման դուր էին գալիս նրա պահվածքը, ուրախ բնավորությունը, կատակները, անկեղծությունը: Իհարկե, տարիներ հետո, երբ ես դարձա նրա հարսը, փորձում էի պարզել ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Նա շարունակում էր մնալ անկեղծ, բաց, ընկերական:
-Հայտնի է, որ նրա մայրը՝ հանրաճանաչ դերասանուհի Վերիկո Անջափարիձեն, երկար ժամանակ չէր ընդունում, որ դուստրն օժտված է դերասանական տաղանդով:
-Այո, այդպես է: Գիտեմ, որ Սոֆան սկզբում դերասանուհի դառնալու մտադրություն չուներ: Մանկության տարիներից երազել էր պարուհի դառնալ, դեռահասության տարիքից արդեն լրջորեն հետաքրքրվում էր բժշկությամբ: Սոֆան բավականին երիտասարդ էր, երբ ամուսնացավ Գեորգի Շենգելայայի հետ, որը որոշել էր ընդունվել Գերասիմովի անվան կինոարվեստի համառուսաստանյան պետական համալսարան՝ ուսանելու ռեժիսորական ֆակուլտետում: Սոֆիկոն ուզում էր ամուսնու կողքին լինել և նրա հետ մեկնեց Մոսկվա: Չձանձրանալու և որևէ բանով զբաղվելու համար ընդունվեց դերասանական ֆակուլտետ: Իհարկե, նրա ճանաչված ազգանունը դեր խաղաց, բայց այն փաստը, որ նա օժտված է դերասանական տաղանդով, շուտով պարզ դարձավ բոլորի համար: Որոշ ժամանակ անց, երբ Սոֆան դեռ ուսանող էր, նկարահանվեց Ռեզո Չխեիձեի «Մեր բակը» ֆիլմում: Ֆիլմն արժանացավ ոսկե մեդալի և գրավեց բոլորի կողմից սիրված հնդիկ դերասան Ռաջ Կապուրի ուշադրությունը: Ֆիլմը դիտելուց հետո նա նամակ էր ուղարկել Վրաստանի մշակույթի նախարարություն՝ խոսելով Սոֆայի անկրկնելի տաղանդի մասին: Հայտնի դերասանի բարձր գնահատականն ազդեցություն ունեցավ Սոֆիկոյի ոչ միայն հետագա դերերի ստանձնման, այլ նաև նրա…աշխատավարձի վրա: Նրան նույնիսկ ավելի շատ էին վճարում, քան նրա ճանաչված մորը՝ Վերիկոյին: Մայրն անգամ այդ առիթով սրամտում էր՝ ասելով. «…մեր տանը երկու դերասանուհի կա. մեկը հարուստ, մյուսն՝ աղքատ»: Հայրը հիանում էր Սոֆայով միշտ, աջակցում էր նրան բոլոր ձեռնարկումներում, օգնում ամեն ինչում: Վերիկոն այդ առումով ավելի զուսպ էր, գովասանքներ չէր շռայլում, հաճախ քննադատում էր: Միայն շատ տարիներ անց, ճաշկերույթներից մեկի ժամանակ, որին ներկա էին Մայա Պլիսեցկայան, Արկադի Ռայկինը և այլ հանրաճանաչ մարդիկ, Վերիկոն բաժակ բարձրացրեց՝ ասելով. «…եկեք խմենք իմ դստեր կենացը, որն ավելի մեծ դերասանուհի է, քան ես»: Դա Սոֆայի համար ցնցող բացահայտում էր, բայց նա ոչ թե ուրախացավ, այլ վախեցավ: Նրան թվաց, թե մայրը, որն արդեն ութսունն անց էր, հրաժեշտ է տալիս բոլորին՝ հերթափոխը փոխանցելով իրեն: Իհարկե, նրա կանխագուշակությունները չկատարվեցին:
-Դու հիշատակեցիր Վերիկոյի տանը կայացած պատվաճաշի մասին: Երբևէ մասնակցել ե՞ս այնտեղ կազմակերպված որևէ խնջույքի:
-Իհարկե, Սոֆիկոն այդ առումով իսկապես «կին-տոն» էր: Նա շատ էր սիրում ու կարողանում էր հյուրեր ընդունել և ասում էր. «Յուրաքանչյուր նոր հյուր, որ ներս է մտնում իմ տուն, շեմքից արդեն իր հետ երջանկություն է բերում»: Հյուր ընդունելու մշակույթը նա ժառանգել էր ծնողներից, կարելի է ասել, որ այդ շնորհը արյամբ փոխանցվել էր մնացած մյուս տաղանդների հետ: Ժամանակին նրա ծնողներն իրենց կացարանը կոչել էին «բաց դռներով տուն»: Նրանք իսկապես չէին փակում դուռը, քանի որ օրվա բոլոր ժամերին հյուրեր ունեին՝ գիշեր թե ցերեկ: Դռան զանգն ուղղակի չէր լռում: Այդպիսին էր նաև Սոֆիկոյի տունը: Ով ասես որ նրան հյուր չէր գալիս. դերասաններ, նկարիչներ, մտավորականներ: Սեղանը ծանրաբեռնված էր համադամ ուտեստներով, գինին հոսում էր գետի նման: Սոֆիկոն շատ հաճախ թամադայի դեր էլ էր կատարում, կենացներ էր ասում, կատակներ անում: Բոլորը միանգամից սիրահարվում էին տանտիրուհուն և չէին ուզում գնալ տուն, քանի որ մթնոլորտը բոլորին հարազատ էր, և հավաքվածները խոսում էին նույն՝ արվեստի լեզվով: Ես ուշադիր լսում էի, որ հանկարծ որևէ հետաքրքիր կամ անմոռանալի պահ բաց չթողնեմ: Ես նման երեկույթների երբեք չէի մասնակցել: Այդ խնջույքներում փայլում էին հանճարեղ մարդիկ, որոնք հետագայում պատմություն էին դառնալու։ Սոֆան հրաշալի մարդ էր, մաքուր ու բաց հոգով, շռայլ ու ջերմ՝ աշխարհի հանդեպ: Նույնիսկ հասարակ մարդիկ սիրում էին նրան: Երբ միասին շուկա էինք գնում, մարդիկ բազմագույն մրգերով լեցուն ծղոտե կողովները գրկած ուղղակի «հետապնդում» էին մեզ՝ փորձելով նվերներ մատուցել. գունեղ, անուշաբույր մրգեր, քաղցրեղեն:
-1968 թվականին Սոֆիկոն նկարահանվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում: Հայտնի է, որ «Հայֆիլմ» կինոստուդիան երկար ժամանակ չէր հաստատում Սոֆայի թեկնածությունը: Ասում են, որ ֆիլմը դիտելուց հետո նրա հետ ծանոթանալու մասին էին երազում նույնիսկ Ֆելինին և նրա կինը՝ Ջուլիետա Մազինան: Ի՞նչ ես կարծում, նա կարո՞ղ էր առաջընթաց ունենալ, եթե ապրեր մեկ այլ երկրում:
-Ինձ հայտնի է, որ ինստիտուտն ավարտելուց հետո դերասանուհուն հրավիրում էին խաղալու մայրաքաղաքի տարբեր թատրոններում, բայց նա առանց Թբիլիսիի, առանց իր հայրենիքի չէր պատկերացնում իր կյանքը:
-Նա ունե՞ր թշնամիներ, չարակամներ:
-Բնականաբար, ինչպես բոլոր հանրաճանաչ մարդիկ, այնպես էլ նա, շրջապատված էր սևով ու ճերմակով, բարությամբ ու չարությամբ: Հանրաճանաչ ծնողների դուստր լինելով՝ նա կարող էր առանց ավելորդ ջանքերի նշանակվել թատրոնի տնօրեն, զբաղեցնել պաշտոններ: Նա ամենևին չէր ձգտում իշխանության: Նրա ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր իր դերերի, ընտանիքի, տան վրա, բայց քանի որ թատրոնում նրա ուժն ու տաղանդը հրաշալիորեն զգում էին և չէին կարող չընդունել, իհարկե նրան նաև նախանձում էին: Բայց նա ժամանակ չէր ծախսում չարակամ և նախանձ մարդկանց վրա, շարունակում էր ստեղծագործել, արարել, աշխատել: Հետո այդ նույն թատրոնում սկսվեցին խժդժություններ, իսկ Սոֆային չէին կարող հեռացնել: Բայց դերասանուհին այս անգամ էլ մնաց իր բարձրության վրա. նա ուղղակի ոչինչ չասելով հեռացավ:
-Դուք ասացիք, որ նրա ամբողջ իշխանությունը դրսևորվում էր ընտանիքում: Բայց մի՞թե վրացական ընտանիքում որոշիչ ձայնը տղամարդունը չէ:
-Ո՛չ , այդպես չէ, եկեք հիմք չընդունենք կարծրատիպերը: Սոֆան հաճախ ծիծաղում էր այդ տեսակետի վրա: Իզուր չէ, որ մեր խորհրդանիշներից մեկը Մայր Վրաստանի արձանն է, որը գտնվում է Սուրբ լեռան վրա: Այդ արձանը մարմնավորում է կնոջ, որի մի ձեռքում դաշույնն է, մյուսում՝ բաժակը: Այնպես որ, վրացական օջախի թագուհին կինն է: Իսկ իր տանը Սոֆիկոն լիարժեք տիրուհի էր: ՈՒ բազմաթիվ ճաշկերույթների ժամանակ նրա պատվին հնչում էր. «Խմենք մեր կանանց ու մայրերի կենացը, որոնք վառ են պահում մեր օջախները՝ տալով մեզ ազատություն, կյանք և անմահություն»:
-Իսկ ի՞նչ եղավ հետո, երբ Սոֆիկոն հեռացավ թատրոնից:
-Սոֆան երբեք անգործ չի մնացել, նա շարունակում էր նկարահանվել, մասնակցում էր աշխարհում կազմակերպված կինոփառատոներին, իսկ 80-ականների վերջին երկրորդ ամուսնու՝ Կոտե Մախարաձեի հետ իրենց տանը ստեղծեց փոքրիկ թատրոն՝ կոչելով այն մոր՝ Վերիկոյի անունով՝ «Վերիկոյի անվան թատրոն»:
-Ի՞նչ հարաբերություններ ուներ ծնողների հետ Սոֆան:
-Աստվածացնում էր նրանց: Նվիրված դուստր էր, պաշտում էր ծնողներին:
-Իսկ ինչպե՞ս ընդունեց այն փաստը, որ Դուք 15 տարեկանում արդեն հանդիպում էիք իր որդու հետ:
-Հրաշալի: Նույնիսկ կասկածում եմ, որ մեր հարաբերությունների զարգացման հարցում կար նրա գործուն միջամտությունը: Նիկոլան երիտասարդ էր, անփորձ, մեծ էր ինձնից երեք տարով: Եվ հանկարծ ծնողները պարզեցին, որ նա տարվել է ամուսնացած, իրենից տարիքով մեծ կնոջով: Հավանաբար, թե Սոֆիկոն, թե Գեորգին շատ մտահոգված էին: Այդ ժամանակ ես Նիկոլային նույնիսկ չէի էլ ճանաչում: Մենք ուղղակի միմյանց բարևում էինք, երբ ես գնում էի Սանդրիկի հետ հանդիպման (Սոֆիկոյի կրտսեր որդու): Նիկոն իմ աչքում հասուն տղամարդ էր, երբ նա ներս էր մտնում, ես ոտքի էի կանգնում ու ամաչելով բարևում նրան, իսկ նա մեծագույն հանդուրժողականությամբ պատասխանում էր. «Դուք նստեք, նստեք…»: Եվ ահա էկրան բարձրացավ «Երկնային ծիծեռնակներ» ֆիլմը: Այդ առիթով պապիկս մեծ խնջույք էր կազմակերպել ու հրավիրել էր ֆիլմում նկարահանված ողջ անձնակազմին: Հյուրերը Լենինգրադից էին: Սոֆիկոն, ընտանյոք հանդերձ, հրավիրվածների թվում էր: Նիկոլան, որը ծնողներից գաղտնի ծխում էր, խնդրեց ինձ պապիկիցս մի գլանակ թռցնել և հսկել, որ ինքը ծխելու ընթացքում չբռնվի: Ես պատշգամբի դռան հետևում կանգնած ուշի ուշով հսկում էի, իսկ նա ծխում էր: Ավարտելուց հետո նա մոտեցավ դռանը, շուրթերը սեղմեց ապակուն՝ ի նշան համբույրի: Եվ վերջ… այդ պահից ամեն ինչ սկսվեց: Ես կորած էի, այլևս ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել, ոչ մի բանով չէի զբաղվում, տետրերս սկզբից մինչև վերջ գրոտել էի, լցրել սիրո խոստովանություններով: Նիկոն ամեն օր ինձ դիմավորում էր դասերից հետո, ուղեկցում տուն: Հարաբերությունները պլատոնական էին, ես դեռ դպրոցական էի: Մենք շարունակում էինք հանդիպել, և ես օրեցօր համոզվում էի, որ Նիկոյի ծնողները քաջալերում են մեզ, խրախուսում: Մեկ տարի շարունակ մենք հանդիպում էինք, երբ մի օր նա ինձ նշանի մատանի նվիրեց: Ես հրճվանքից խելագարվում էի: Հաջորդ օրն իսկ ես վազեցի Սոֆայի մոտ և երջանկությունից շողալով նրան ցույց տվեցի մատանին: Իհարկե, նրանք արդեն տեղյակ էին և շատ գոհ: Կար մի խանգարող հանգամանք՝ ես անչափահաս էի: Բայց Սոֆիկոն միշտ կարողանում էր ելք գտնել ցանկացած իրավիճակից: Նա այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր էր և պայմանավորվեց զագսում: Ես ազգանունս չփոխեցի: Այդ ժամանակ արդեն հայտնի էի երկրում որպես երիտասարդ դերասանուհի Իա Նինիձե: Ամուսնուս ընտանիքը կատակում էր և ըմբռնումով մոտենում այդ փաստին:
-Իսկ Սոֆիկոն չէ՞ր խանդում; Չէ՞ որ սկեսուրները սովորաբար խանդում են հարսներին: Ամեն սկեսուր չէ, որ հաշտվում է այն փաստի հետ, որ տղայի կյանքում հայտնվել է մեկ ուրիշ կարևոր, գլխավոր կին:
-Ո՛չ, ո՛չ, նա, ընդհակառակը, հրճվանք էր ապրում, ցնծության մեջ էր: Ընկերուհիները պատմում էին, որ նա իմ մասին խոսելիս ասում էր, որ ես այնքան եմ ամեն ինչով նման իրեն, կարծես իր դուստրը լինեմ, և իր որդին ավելի լավ ընտրություն չէր կարող անել: Իրոք որ, ես և Սոֆիկոն շատ լավ էինք հասկանում միմյանց բոլոր հարցերում, նույնիսկ կենցաղային: Բայց քանի որ Նիկոն, չափազանց տաղանդավոր լինելով, «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ էր և սիրում էր զվարճանալ, աշխատում կամ սովորում էր ըստ ցանկության, մեր հարաբերությունները գնալով վատանում էին և վերջիվերջո մենք բաժանվեցինք: Այդ ժամանակ բաժանվեցին նաև Նիկոյի ծնողները՝ Սոֆիկոն և Գեորգին:
-Իր հարցազրույցներում Սոֆան բազմիցս կրկնել է, որ կյանքում ինքը շատ մեծ տեղ է հատկացնում սիրուն:
-Ես ինքս էլ հաճախ եմ այդ մասին լսել նրանից: Նա կրկնում էր, որ սերը մարդուն նվեր է Աստծու կողմից և բոլորին չէ, որ արարիչը պարգևատրում է, բոլորը չէ, որ ընդունակ են սիրելու:
-Նա վախենու՞մ էր ծերանալուց: Գիտե՞ր ինքն իր արժեքը որպես կին:
-Ո՛չ, չէր վախենում:
Իր հայրենիքում՝ Վրաստանում, Սոֆիկոյի մասին խոսելիս ասում էին` «վրացական Սոֆի Լորեն»: Նա դեմ էր պլաստիկ վիրահատություններին, դիետաներին: Նա հմայիչ կին էր, սիրում էր գեղեցիկ ու ճաշակով հագնվել, կրում էր ինքնատիպ զարդեր, մեծ, աչքի ընկնող մատանիներ, փղոսկրե ապարանջաններ, նռնաքարից պատրաստված վզնոցներ: Մահվանից առաջ նա ինձ նվիրեց իր արծաթյա շքեղ ապարանջանն ու կանաչ, մեծ քարերով մատանին:
-Այսինքն նրա որդուց՝ Նիկոյից, բաժանվելուց հետո էլ ձեր մտերմությունը շարունակվում էր:
-Այո, մեր կապը երբեք չի կտրվել: Նա ինձ ասում էր. «Դու իմ հարսն ես ընդմիշտ, իմ ամենասիրելի հարսը»: Նա անկեղծ էր և երբեք չէր ստում: Նրանից ես ջերմություն եմ ստացել միշտ: Նա ինձ համար երկրորդ մայր է եղել: Ես երբեք չեմ մոռանա նրան, ինձ շարունակ թվում է, որ հիմա կբացվի իմ տան դուռը և ներս կմտնի նա՝ երիտասարդ, գեղեցիկ, ես կարող եմ մոտենալ նրան, գրկել ու շշնջալ. «Սոֆիկո, դու իմ Սոֆիկո…»:


Թարգմանությունը՝
Լիլիթ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Սոֆիկո Ճիաուրելին ծնողների` կինոռեժիսոր Միխայիլ Ճիաուրելիի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերիկո Անջափարիձեի հետ
Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ