«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ու բարեգործական համերգը

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ու բարեգործական համերգը
19.02.2019 | 14:05

Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) հետ ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


ՀՊՍՆ-ի և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի տնօրեն ՍԱՐԳԻՍ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ հոբելյանական փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 90-ամյակին, հիմնականում հնչելու են այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց նվիրվել են նախորդ ինը փառատոները: «Ամփոփելու ենք ինը տարիների աշխատանքը և շարունակելու ենք հայ կոմպոզիտորներին պրոպագանդելու գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով բարեգործական համերգին՝ նա նշեց, որ Հասմիկ Պապյանին հրավիրել են մասնակցելու փառատոնին, ներկայացնելու հայ կոմպոզիտորների ռոմանսները, օպերային արիաները, և Հասմիկ Պապյանը սիրով համաձայնել է՝ իր հերթին առաջարկելով, որ բացման համերգը լինի բարեգործական, ու հասույթն ուղղվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին:
Հետաքրքրվեցի՝ ինչպիսի՞ն է հանդիսատեսի արձագանքը նման դեպքերում. երաժշտասերները գնում են համերգին, որովհետև այն սպասվա՞ծ է, լավն է, թե՞ նաև բարի գործ անելու մղումն է իր դերն ունենում:


«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կարևորում է հայ կոմպոզիտորական դպրոցի պրոպագանդումը, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը, և այս համատեքստում բարեգործական համերգ կազմակերպելը շատ հետաքրքիր ձևաչափ է: ՈՒնկնդիրն, իհարկե, ակտիվ մասնակցություն է ունենալու համերգին, ինչն արդեն երևում է համերգի նկատմամբ հետաքրքրությունից։ ՈՒրախ ենք, որ մեր աշխատանքով կարող են մի փոքր ծառայել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար»,- ամփոփեց Սարգիս Բալբաբյանը:


Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնն անցկացվելու է մինչև մարտի 12-ը: Անցած 9 տարիների ընթացքում փառատոնն իրականացրել է 48 համերգ՝ հնչեցնելով 78 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործություն: Փառատոնի շրջանակներում թվայնացվել են հայ կոմպոզիտորների մի շարք արժեքավոր ստեղծագործություններ, և 60 տարվա ընդմիջումից հետո հնարավորություն է ստեղծվել հնչեցնել դրանք:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ