Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ՀՔԾ-ն հստակեցրել է՝ ինչու Խաչատուրովին քրգործի նյութերը չեն տրամադրվել ռուսերեն թարգմանությամբ

ՀՔԾ-ն հստակեցրել է՝ ինչու Խաչատուրովին քրգործի նյութերը չեն տրամադրվել ռուսերեն թարգմանությամբ
20.02.2019 | 14:18

Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովը չի տիրապետում քրեական դատավարության լեզվին՝ հայերենին, տիրապետում է ռուսերենին, նախաքննության ընթացքում նրա հետ քննչական և դատավարական գործողություններն իրականացվել են թարգմանչի մասնակցությամբ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել են Հատուկ քննչական ծառայությունից: Յուրի Խաչատուրովը և նրա պաշտպանը միջնորդել են քրեական գործի նյութերին ծանոթանալու համար իրենց ներկայացվեն ռուսերեն թարգմանված նյութերը: Միջնորդությունը ՀՔԾ քննիչը մերժել էր։ ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները:
3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են»:


Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետով սահմանված է, որ մեղադրյալն իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն:
Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված է հանձնման ենթակա փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման, փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումների, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի, դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենները:
Նախաքննության ընթացքում արդեն իսկ մեղադրյալ Յուրի Խաչատուրովին տրամադրվել են որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները, իսկ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման որոշումներին ու դրանց եզրակացություններին նա հրաժարվել է ծանոթանալ, հետևապես գործի բոլոր նյութերին ծանոթանալու համար ռուսերեն թարգմանված օրինակները մեղադրյալին տրամադրելու պարտականություն վարույթն իրականացնող մարմինը չունի»:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ