Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մատանու անգին քարը

Մատանու անգին քարը
22.02.2019 | 04:49

Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի ընթացիկ շաբաթվա վերջին չորս դիմակայությունները՝ ամբողջացնելով փլեյօֆյան այս փուլի առաջին հանդիպումները: ՈՒ թեպետ գրանցված հաշվի տեսակետից առավել հետաքրքրական են ներկայանում չորեքշաբթի կայացած մրցակցությունները, այդուհանդերձ, գնանք նյութը ժամանակագրական կարգով ներկայացնելու ճանապարհով:

«ԼԻՈՆ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Միանշանակ է, որ հանդիպման ֆավորիտը իսպանական գրանդն էր, ու շատ հասկանալի պատճառներով ակնկալվում էր, որ ֆրանսիական վոյաժից հետո հարազատ «Կամպ Նոուում» այն առանձնապես լուծելու խնդիրներ չպիտի թողնի: Սա՝ ենթադրելիքի կտրվածքով, մինչդեռ իրականությունը եկավ ապացուցելու, որ տեսականն ու գործնականը շատ դեպքերում կարող են միևնույն կետում և չհատվել:


Սովորաբար երկրորդ խաղակեսում առանձնակի ակտիվացող «կապտանռնագույններն» այս դիմակայությունում էլ գործեցին ծանոթ սխեմայով, բայց այսքան վրիպումներ թույլ տվող «Բարսելոն», մեղքս ինչ թաքցնեմ, ես առաջին անգամ տեսա Աստծո պարգևած այս համեստ օրերում: Վրիպում էին, ու նրանց մեջ անգամ Մեսին, այնպիսի դիրքերից, որոնցից տեսականորեն անհնար էր վրիպել, իսկ ինչ վերաբերում է ֆրանսիացիների դարպասապահին, նա պարզապես հերոսացավ: Ինչևէ: Արդյունքում` գոլազուրկ ոչ-ոքի, ու դժվար թե ուրախության ուղտը կրկին չոքի ֆրանսիացիների դռանը:

«ԼԻՎԵՐՊՈՒԼ»-«ԲԱՎԱՐԻԱ»
Քիչ է ասել` խելահեղ խաղ: Լիվերպուլցիները մյունխենցիներին քրքրում էին հնարավոր բոլոր միջոցներով, մյունխենցիները պատասխանում էին հնարավոր թրատումներով: Մի խոսքով, ֆուտբոլասերը էկրանից պոկվելու ժամանակ չունեցավ, ու չնայած դրան, այստեղ էլ գոլազուրկ ոչ-ոքին էր, ինչ լիոնյան դիմակայությունում, միայն այն տարբերությամբ, որ սպասվելիք պատասխան խաղը ոչ մեկին էլ չի խոստանում երաշխավորված առավելություն, իսկ թե բան է, գործը հասնի նրան, որ բավարացիները խաղը փրկելու տարբերակում հայտնվեն, կասկած չունենաք՝ լիվերպուլցիների առնվազն կեսին պատգարակներով կհանեն «Ալյանս արենայից»: Ահա թե ինչ է մեզ սպասում պատասխան խաղում:

«ՇԱԼԿԵ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»
Այս դիմակայությունը դարձավ շաբաթվա չորս հանդիպումների զարդը, ու որքան էլ տարօրինակ կարող է թվալ, դրան նման կարգավիճակ հաղորդեցին գերմանական ակումբի ֆուտբոլիստները, որոնք, ակնհայտորեն համոզված լինելով, որ եթե մեռնելը կա, խռխռացնելն ինչ ֆիքստուլություն է, ամբողջ թափով կպան գործի: Այդ կպչելն ավարտվեց նրանով, որ «քաղաքաբնակները» հանդերձարան գնացին հակված գլուխներով, քանզի Ագուերոյի խփած գոլին «Շալկեն» պատասխանեց երկուսով, ու բնավ էլ նշանակություն չունի, որ Բենտալեբի դուբլը տասնմեկմետրանոցներն իրացնելու արդյունք էր. գոլը գոլ է մնում, ինչ դիրքից էլ խփված լինի:


Բնականաբար, ընդմիջմանը Խոսեպ Գվարդիոլան համապատասխան ցուցումներ տվեց թիմին, սակայն երկրորդ խաղակեսից արդեն բավական ժամանակ էր անցել, մինչդեռ հաշվի մեջ փոփոխություն չէր գրանցվում: Անգլիացիների համար իրավիճակը բարդացավ նաև նրանով, որ 68-րդ րոպեին Օտամենդին հեռացվեց խաղադաշտից: Րոպե առ րոպե սենսացիան ստանում էր ավելի ու ավելի ամբողջական տեսք, սակայն Լերոյ Սանեն 85-րդ րոպեին բանը չթողեց հասնի դրան: Հաշիվը վերականգնվեց, իսկ հետագա մի քանի րոպեն գերմանական ակումբի համար վերածվեց ողբերգության, քանզի 90-րդ րոպեին Ռահիմ Սթեռլինգը խփեց հաղթական գոլը՝ պատասխան խաղում իսպառ զրոյացնելով «Շալկեի» առանց այն էլ չունեցած հույսերը:

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»
Եթե «Շալկե»-«Մանչեստր Սիթի» մրցակցությունը, պատկերավոր ասած, հարսանեկան հանդիսության մատանին էր, ապա «Աթլետիկո»-«Յուվենտուս» դիմակայությունն այդ մատանու անգին քարն էր:


Գոլերի տեսքով կրքերն այստեղ եռացել են երկրորդ խաղակեսում: Ամեն ինչ սկսվել է «Աթլետիկո» նոր-նոր տեղափոխված Ալվարո Մորատայի կողմից «ծեր սինյորայի» դարպասի գրավումից, սակայն Չեմպիոնների լիգայի խաղարկությունների պատմության մեջ երկրորդ անգամ գործադրված VAR համակարգի «վերդիկտը» եղել է ի վնաս տանտերերի:
ՈՒթ րոպե անց, 78-րդ րոպեին, Դիեգո Սիմեոնեի սաներին հաջողվել է երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը, ու փաստն այս անգամ ընդունվել է առանց առարկությունների: Այս հաջողությունից հետո մադրիդցիները թուրինցիներին խելքը գլուխը ժողովելու ժամանակ չեն էլ տվել ու երեք րոպե անց մի անգամ էլ փաղաքուշ «գրկել» են իտալացիներին՝ փաստացի նրանց կանգնեցնելով ողբերգության առաջ: Այսպես ենք ասում՝ նկատի ունենալով հաշիվ պահել կարողանալու «Աթլետիկոյի» հմտությունը:


Ի՞նչ կլինի պատասխան խաղում, հայտնի է միայն Աստծուն, բայց եթե այն «ծեր սինյորայի» համար ավարտվի անցանկալի ելքով, ոչ թե նրան, այլ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին են ուղարկելու… ծերանոց:
Չկասկածեք: Թիմն ահռելի գումարներ չի ծախսում նրա համար, որ մեկ ութերորդից դառնա հանդիսատես այն դեպքում, երբ չեմպիոնական տիտղոսի համարյա թիվ մեկ ֆավորիտ էր ընկալվում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ