Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեսին թիմի ներսում առանձին թիմ է

Մեսին թիմի ներսում առանձին թիմ է
26.02.2019 | 01:18

Ֆուտբոլային այս շաբաթավերջն էլ ֆուտբոլասերին ձանձրանալու առիթ չտվեց: Նախ կատարյալ հանդիսություն էր Սևիլիայում, որտեղ անգերազանցելի էր բոլոր ժամանակների ֆուտբոլային մեծագույն կախարդը, գավաթային գերլարված հանդիպում էր Անգլիայում՝ «Չելսիի» գլխավոր մարզչի համար ակնհայտորեն ճակատագրական ելքով, ու այստեղ երևի այնքան էլ ամեն ինչ պայմանավորված չէ այս հանդիպմամբ. Սարիից դժգոհություններն ավելի խորքային արտահայտություն ունեն: ՈՒրիշ արժանավոր հղումներ էլ կարող ենք անել, զի հետաքրքրություն ներկայացնող հանդիպումների պակաս չկա, սակայն այդ ամենը՝ ստորև:

ԻՍՊԱՆԻԱ
«Սևիլիան» «Բարսելոնի» ձեռքին այս մրցաշրջանում մեկ ծանր օր չէ, որ ունեցել է: Առաջնության հերթականն ավելի քան հարմար առիթ էր հասցրած վիրավորանքների պատասխանը տալու, ու խաղն այս տրամաբանությամբ էլ սկսվեց:
Հուրախություն անդալուզական ակումբի երկրպագուների, 22-րդ րոպեին Խեսուս Նավասն առաջ մղեց իր թիմին, սակայն չորս րոպե անց «Բարսելոնը» հավասարեցրեց հաշիվը: Մեսին էր դարպասը գրավողը: Մինչև հանդիպման առաջին կեսի ավարտը Մերկադոն ևս մեկ անգամ առաջ մղեց դաշտի տերերին, ու հանդերձարանում թիմը, նաև մարզչի ակտիվ ցուցումներով, շատ ավելի հանգիստ պայմաններում կարող էր կառուցել խաղի ստրատեգիան: Կարող էր, սակայն հարցերի հարցն էր մնում բաց, իսկ դա հետևյալն էր. ասենք թե գտնում են «Բարսելոնին» կամազրկելու, թևաթափ անելու ուղին, սակայն Մեսիի՞ հետ ինչպես վարվել, քանզի եթե առանձին վերցրած կատալոնյան ակումբը դառնում է լուծելիք խնդիր, անլուծելի է մնում Մեսիի հարցը, ում համար արդեն երկար տարիներ կա հայտնի բանաձևումը՝ այնտեղ, որտեղ ավարտվում է «Բարսելոնը», այդտեղից սկսվում է Մեսին:
Խաղավարտից հետո անդալուզցիների գլխավոր մարզիչը կասի, որ իրենք կարողացան լուծել «Բարսելոնի» հարցը, սակայն ոչինչ չկարողացան անել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, որը նաև երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը, ապա առաջ մղեց կատալոնացիներին, վերջում էլ հանդիպման 4:2 հաշիվը վերջնականապես ձևակերպելու համար ծամած կամ ոսկերչական փոխանցում արեց Լուիս Սուարեսին:
Ահա այսպիսի հանդիպում դիտելու ու այսպիսի որակյալ ֆուտբոլ վայելելու երջանկություն ունեցավ սևիլիացի հանդիսատեսը, ում համար սեփական թիմի պարտությունը առանձնապես վշտալի չեղավ, քանզի վայելում էր աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստի փառահեղ խաղը, որը գեղագիտական հաճույքի անսպառ պաշար էր այս արևի տակ Աստծո կողմից իրեն շնորհված մնացած օրերի համար:
Ասել էինք, որ «Կամպ Նոուում» «Վալյադոլիդի» հետ հանդիպումից հետո «Բարսելոնը» ունենալու է չորս հանդիպումից բաղկացած ուղևորություն, որոնցից մյուս երեքը` արդեն Լիոնում ու Մադրիդում: Առաջինը Չեմպիոնների լիգայի շրջանակներում ֆրանսիացիների հետ ունենալիք պատասխան խաղն է, մյուս երկուսն էլ կլասիկո են՝ մեկը ներքին առաջնության, մյուսը գավաթի խաղարկության տեսքով: Այստեղ ու այսքանով էլ ավարտենք կատալոնյան ակումբի թեման իր անգերազանցելի առաջատարով, այլապես մյուս հանդիպումների համար ոչ տեղ կունենանք, ոչ ժամանակ:
Հաղթական են եղել իսպանական ֆուտբոլի առաջին եռյակը կազմած մյուս երկու թիմերի մրցելույթները նույնպես: «Աթլետիկոն» տնային խաղում հաղթանակ է կորզել «Վիլյառեալից»՝ 2:0, իսկ «արքայականը» դրսում կոտրել է «Լևանտեի» դիմադրությունը՝ 2:1: Միջանկյալ նկատենք, որ մրցակցի դարպասը երկու դեպքում էլ «Ռեալը» գրավել է տասնմեկմետրանոց տուգանայիններով:
«Բարսելոնն» ունի 57, «Աթլետիկոն»՝ 50, «Ռեալը»՝ 48 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Վերջին երեք խաղում ունեցած միավորների կորստյան պատճառով Մյունխենի «Բավարիային» հնարավորինս թույլ տալով կրճատել իրենից հետ մնալը՝ Դորտմունդի «Բորուսիան» վերջապես դուրս եկավ ոչ-ոքիներով հանդիպումներն ավարտելու շոկից ու հաղթական հանդիպում ունեցավ հյուր ժամանած «Բայերի» հետ՝ 3:2: Վաստակած այս երեք միավորը, սակայն, բավարացիների նկատմամբ նրան առավելություն չբերեց, քանզի մյունխենցիներն էլ իրենց հերթին էին հաղթական հանդիպում ունեցել Բեռլինը ներկայացնող «Հերտայի» հետ՝ 1:0:
Հետաքրքրական է, որ բունդեսլիգայում պայքարը լարված բնույթ է ստանում նաև երրորդ տեղի համար, ու այստեղ մատը տանողն ու սեփական աչքը հանողը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է, որը վերջին երեք խաղում արդեն իսկ կորցրել է ութ միավոր: Այս անգամ նրա շունչը կտրողը գերմանական գայլերն էին՝ հաղթական ու հաղթականի հետ միաժամանակ անպատասխան երեք գնդակի առավելությամբ: Սույնով, ի դեպ, «Վոլֆսբուրգը» հրաշալի նվեր արեց չորրորդ հորիզոնականում գտնվող երկրի գործող փոխչեմպիոնին՝ «Լայպցիգին», որը գլադբախցիներից արդեն հետ է երկու միավորով, սակայն մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Դորտմունդի «Բորուսիան» ունի 54, «Բավարիան»՝ 51, Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 43 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Սկսենք «Ֆիորենտինա»-«Ինտեր» դիմակայությունից, որն աչքի է ընկել դարպասի բազմիցս գրավումներով: Հանդիպումը տանտերերի համար սկսվել է միլանյան թիմը ներկայացնող դե Վրեյի ձախողումով՝ փոխանցման դեմն առնելիս գնդակն անզգուշորեն շեղել է սեփական դարպասը: Նկատենք, որ առաջին խաղակեսում «Ինտերը» կարողացել է երկու գոլ հեղինակել:
52-րդ րոպեին Պերիշիչը հյուրերի առավելությունն ավելացրել է ևս մեկ գոլով, ու այստեղ նոր միայն «մանուշակագույնները» հիշել են, որ իրենք էլ պարտավորություններ ունեն: Նրանք նախ կրճատել են հաշվի տարբերությունը, ապա մրցավարի կողմից անսահմանորեն ավելացրած ժամանակում հավասարեցրել հաշիվը: Վիճակագիրների համար ասենք, որ այդ գոլը խփվել է հանդիպման 90+11-րդ րոպեին:
Գոլառատ հանդիպում է գրանցվել նաև Պարմայում, որտեղ տեղի համանուն թիմին «Նապոլին» չորս անգամ պարտադրել է գնդակը հանել դարպասից՝ սեփականը պահելով անառիկ: Ինչ վերաբերում է «ծեր սինյորայի» հերթական երեք միավորին, այն բոլոնիական ծագում ունի՝ 1:0: «Յուվենտուսն» ունի 69, «Նապոլին»՝ 56, «Ինտերը»՝ 47 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում հերթական երեք միավորն է վաստակել «Պարի Սեն Ժերմենը». մրցակիցը եղել է «Նիմը»՝ 3:0: Փարիզցիներից երկու գոլ հեղինակել է Կիլիան Մբապեն: Սրանք դարձել են քսանամյա հարձակվողի 50 և 51-րդ գոլերն ընթացիկ մրցաշրջանում: Այս ցուցանիշով Մբապեն դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է ակտիվում գրանցել 50 և ավելի գոլ: Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, ու խոսակցություն է պտտվում, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղ գրավել նրա կազմում:
«Ստրասբուրգը» սեփական հարկի տակ լուրջ դիմադրություն է ցույց տվել ընթացիկ մրցաշրջանում փոխչեմպիոնական հավակնություններ ունեցող «Լիլին»՝ 1:1
Ֆրանսիական առաջնության առաջին եռյակն ունի հետևյալ միավորներն ու դասավորությունը. 68 միավորով առաջին հորիզոնականում է «Պարի Սեն Ժերմենը», «Լիլի» անվան դիմաց 50 թիվն է, «Լիոնն» ունի 46 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի հանդիպումը բաց են թողել երկու թիմ՝ «Չելսին» ու «Բրայտոնը», քանզի «թոշակառուները» «Մանչեստր Սիթիի» հետ զբաղված են եղել գավաթային հանդիպում անցկացնելով, այն էլ ինչպիսի՜ խաղ անցկացնելով՝ եզրափակիչ:
Սկսենք հենց այս հանդիպումից:
Խաղի հիմնական ժամանակը ի հայտ չի բերել ուժեղագույնին, ու մրցավարը հարկադրված հավելել է ևս երեսուն րոպե: Չնայած գոլ արձանագրելու դրվագներին՝ լուսատախտակի վրա անփոփոխ է մնացել 0:0 հաշիվը, և ուժի մեջ է մտել հարցը տասնմեկմետրանոցներով վճռելու պահանջը: Այստեղ առավել հաջողակ են եղել «Մանչեստր Սիթիի» ֆուտբոլիստները: Խոսեպ Գվարդիոլայի սաները շահել են այս տարվա հնարավոր չորս մրցանակներից առաջինը:
Դառնանք առաջնության հանդիպումներին:
Անվիճելիորեն կենտրոնականը «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայությունն էր, որտեղ այդպես էլ չարձանագրվեց դարպասի գրավում ու, եթե անկեղծ, այս ոչ-ոքին հօգուտ լիվերպուլցիների էր:


Հարկավ տհաճ իրողությունների շարքից էր «Բյոռնլի»-«Տոտենհեմ» դիմակայության 2:1 հաշիվը, որը լոնդոնցիներին հնարավորություն չտվեց ավելի մոտենալու «Մանչեստր Սիթիին»:
«Լիվերպուլն» ունի 66, «Մանչեստր Սիթին»՝ 65, «Տոտենհեմը»՝ 60 միավոր:
Վերջում անդրադառնանք ևս մեկ մրցակցության, որը հայ ֆուտբոլասերի բացառիկ ուշադրության կենտրոնում է: Խոսքը վերաբերում է «Արսենալ»-«Սաուտհեմպտոն» դիմակայությանը, որտեղ առանձնահատուկ դեր է ունեցել Հենրիխ Մխիթարյանը նախ գոլային փոխանցումով, ապա և դարպասի գրավումով: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է` 2:0:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ