Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինչ-որ բան տեղից շարժվել է, բայց մեր ուզած իրականությունը դեռ երազանք է մնում»

«Ինչ-որ բան տեղից շարժվել է, բայց մեր ուզած իրականությունը դեռ երազանք է մնում»
01.03.2019 | 03:25

«Իրատեսը» շարունակում է զրույցը դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:

(Նախորդ մասը)

-Տիկին Աննա, Ձեր ռեժիսորական գործունեության մեջ գերակշռող են մանուկների համար արված բեմադրությունները: Մանուկներն ավելի քմահաճ ու խստապահանջ չե՞ն՝ որպես հանդիսատես, ավելի դժվար չէ՞ գոհացնել նրանց, քան մեծահասակ հանդիսատեսին:
-Նախ ասեմ, որ ես ինձ ռեժիսոր չեմ համարում (Արմենը սրա հետ համաձայն չէ): Բայց, այո՛, արել եմ մանկական բեմադրություններ: Ես մեծացել եմ ինձ համար շատ թանկ մի մթնոլորտում: Մեր տանը երաժշտությունը, նկարչությունը, հեքիաթը, լավ գրականությունը մշտական ներկայություն են ունեցել: Իրոք, արվեստում, գրականության մեջ ամենադժվար ժանրը մանկականն է: Ես մանկուց շատ էի սիրում բալետ, օպերա, և ինձ համար կարևոր է, որ այսօրվա երեխաները լսեն, տեսնեն մաքուր, իսկական հեքիաթ: ՈՒ երբ ինքս ունեցա երեխաներ, թոռնիկներ, ուղղակի չէի կարող հանդուրժել, որ նրանք մեծանան այդ արտասահմանյան անհասկանալի, վախ առաջացնող, չարություն սերմանող մուլտիպլիկացիաներով: Այդ բացասական ինֆորմացիան գրոհում է մեր երեխաների վրա: Իսկ այսօրվա երեխաները մեր ապագա մեծերն են, այս աշխարհում ապրողները, կյանքն առաջ տանողները: Եվ ես իմ առջև դրել եմ նպատակ, որ նրանց մեջ ներարկվեն բարի, լավ հեքիաթի արժեքները: Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում պիեսների ընտրությանը: Դրանք պատահականորեն ընտրված գործեր չեն, այլ շատ նպատակային, լավ մտածված: Ես լսում եմ ներկայացումը, սովորաբար բեմադրում եմ «ականջով»: Պիտի տեքստը լավը լինի, երաժշտությունը լավը լինի, դաստիարակի: Ես ուղղակի երեխաներին պատմում եմ պատմություններ՝ լավ հայերենով, համադրված լավ երաժշտությամբ: Եվ հիմա գալիս են նոր ռեժիսորներ, ու ինձ համար շատ կարևոր է, որ նրանք, ինքնուրույն աշխատելով, պահպանեն այս ավանդույթները:

-Այսօրվա երիտասարդ բեմադրիչներից մեկը Ձեր դուստրն է՝ Լիլի Էլբակյանը: Ձեր և Արմեն Էլբակյանի փորձը, ստեղծագործական աշխարհայացքը, հեղինակությունը օգնու՞մ են նրան ստեղծագործելիս, թե՞ կաշկանդում:
-Մենք հաճախ ենք ունենում քննարկումներ ստեղծագործական պրոցեսում, և ես զգում եմ` կան ինչ-որ հոսանքներ, որոնք ազդում են նրա վրա: Երբ բեմադրում ես ներկայացում, ոչինչ չես պարտադրում դրանով, բայց միևնույն է, ունենում ես քո շեշտադրումները, քո ձեռագիրը, որն անկախ քեզնից թողնում է ազդեցություն: Բայց հիմա այնքան շատ են հոսանքները, տարբեր ուղղությունները, որ ուզած-չուզած թողնում են իրենց հետքը բեմադրություն անող երիտասարդի վրա: Իհարկե, որևէ բան պարտադրել պետք չէ, բայց չասել քո տեսակետը, չդրսևորել քո մոտեցումները, քո աշխարհայացքը՝ որպես ռեժիսոր, որպես այս աշխարհի քաղաքացի, անհնարին է: Այնպես որ, մեզ մոտ շատ բանավեճեր են լինում: Գուցե մեր աղջիկը լինելը նրա համար պարտավորեցնող է: Բայց նա արդեն վաղուց իր գործունեության մեջ ինքնուրույն է, ապցույցներն են նրա «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունը, Աղասի Այվազյանի «Աջաբ սանդալ» վիպակի բեմականացումն ու բեմադրությունը, իր պիեսի հիմքով արված «Կարմիր լապտերներ» ներկայացումը, որն իր ուղղվածությամբ «նյու-դրամա» է: Այս աշխատանքների համար նա բազմաթիվ բարձր մրցանակներ է ստացել: Բացի այդ՝ նա արդեն երրորդ, թե չորրորդ կուրսն է ավարտեցնում՝ լինելով այդքան երիտասարդ: Լիլին հետաքրքիր ռեժիսոր է, ունի զարգացած երևակայություն, ունի իր դիրքորոշումը՝ որպես մարդ-քաղաքացի: Ես այս ամենն ասում եմ ոչ թե նրա համար, որ իմ աղջիկն է, այլ որովհետև իրոք այդպես է: Դեռ մենք իր կողքին ենք, մեր ներկայությունը ինչ-որ բան նշանակում է, իհարկե: Բայց զգում եմ, որ նա՝ որպես արվեստագետ, աստիճանաբար ավելի ինքնուրույն է դառնում, ինչի համար ես շատ ուրախ եմ: Թեև իր ճանապարհը կարող է դժվար լինել, բայց դա էլ է տրված արվեստագետին: Նրա «Սառցե սիրտը» ներկայացումը մեծ փորձառություն էր: Սա մեծ վրձնահարվածներով արված աշխատանք էր, որը պսակվեց հաջողությամբ, ինչի համար շատ ուրախ եմ և հանգիստ, որովհետև գիտեմ, որ նա չի գնա համընդհանուր հոսանքով, որ կանի իր ինքնուրույն գործը:
-Ժորա Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» ներկայացման մեջ երկու անգամ եք խաղացել. երիտասարդ տարիքում՝ Վալյա, հիմա՝ Արուս: Մի կողմ թողնելով տարիքային գործոնը՝ ինչպե՞ս եք այդ կերպարանափոխության հետ կապված հոգեբանական, ստեղծագործական անցումները հաղթահարել:
-Ես փոխարինող եմ եղել Վալյայի դերում: Հիմնական դերասանուհին Ժենյա Ավետիսյանն էր, որը հրաշալի էր խաղում: Իսկ ես խաղացել եմ 100-րդ ներկայացման մեջ: Թող ինձ ներեն, բայց պիտի անկեղծորեն ասեմ, որ այդ դերն ունենալը ոչ կարևոր էր ինձ համար, ոչ էլ անկարևոր: Ես երբեք չեմ երազել գլխավոր հերոսուհիներ խաղալ. կարևոր է եղել բարդ հերոսուհիներ խաղալը, սուր անկյուններ հաղթահարելը: Վալյան այդ որակները չուներ, նրան կոչում էին «երկնագույն հերոսուհի»: Վալյայի կերպարը ուղղակի մի էպիզոդ էր իմ կյանքում: Նույն կերպ ես չեմ երազել Արուս խաղալ: Եվ համոզված եմ, որ ուրիշ դերասանուհիներ կան, որոնք ինձանից ավելի լավ կխաղային: Բայց ես արեցի էքսպերիմենտ, ինչպես «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ: Ես այդ շրջանում տխուր առիթ ունեցա հեռախոսով շփվելու Վարդենիսից մի կնոջ հետ, որին դժբախտություն էր պատահել՝ ավտովթարի զոհ էր դարձել երեխան: Ավելի ուշ հանդիպեցի նրան: Նա ինձ համար դարձավ Արուսի նախատիպը կարծես, որը շատ տարբեր էր ֆիլմից մեզ հայտնի Արուսի կերպարից: Թե՛ այս կերպարի, թե՛ Անտիկի դեպքում ես ունեցել եմ այն համոզումը, որ հայ կինը՝ առերևույթ տանջված, անպաշտպան թվալով հանդերձ, շատ ուժեղ բան ունի իր մեջ, որը թույլ չի տալիս կոտրվել, որի վրա հենվում է ամբողջ ընտանիքը: Ես այս մոտեցմամբ եմ խաղացել այդ կերպարները: Մի քանի տարի առաջ մենք ընտանիքով հանգստանում էինք Քոբուլեթում, և ես հայ կնոջ այդ բացառիկ որակները շատ ակնհայտորեն տեսա լողափին՝ համադրելով դրանք այլազգի կանանց հետ: Իմ խաղացած Արուսը անսամբլային է, ընդհանուր ֆոնից դուրս չի պրծնում, ինչպես «Մեծապատիվ մուրացկաններում»: Բայց ինձ համար շատ արժեքավոր կերպար է:
-Թատրոնը բովանդակության վրա աշխատելուց զատ պիտի մտածի նաև նյութական կողմի մասին, պիտի ապահովի հանդիսատեսի հետ կապը: Ինչպե՞ս են լուծվում այս հարցերը խամաճիկների թատրոնում:
-Քանի որ սա մանկական թատրոն է, իսկ այդպիսիք Երևանում քիչ են, մարդիկ ձգտում են իրենց երեխաներին բերել այստեղ: Մեր դահլիճն ընդամենը 70 նստատեղ ունի, որոնք մշտապես զբաղված են լինում, և անգամ ունենում ենք գերբեռնվածություն: Վերջերս մենք բացել ենք դրամարկղ-տրամվայը, որ գրավում է մարդկանց, ամռան ամիսներին անվճար փոքրիկ ներկայացումներ ենք խաղում ուղղակի մայթին: Այս ամենը նպաստում է, որ մարդիկ գան թատրոն: Իհարկե, դա մեզ մեծ եկամուտ չի բերում, որովհետև մեր տոմսերը շատ էժան են, մենք չենք ցանկանում, որ մեր ծնողները, մեր երեխաները ֆինանսական դժվարություն ունենան ու չկարողանան գալ թատրոն: Մեզ համար կարևոր է, որ մարդիկ իրենց լավ զգան թատրոնում, հասկանան, որ հոգի է դրվում ներկայացումների մեջ, որ իրենք թատրոնից գոհ հեռանան:

-Անկախության շրջանում հետաքրքիր մի կերպար եք մարմնավորել Միքայել Պողոսյանի «Երևան ջան» ֆիլմում: Ձեր կարուսելավարուհին երազանքի միջով կերպարանափոխված, իր թշվառ գոյությունը քարշ տվողից արժանապատիվ տիկնոջ վերածված անձնավորություն է: Այդ երազանքը բոլորինս էր և է: Մեր այսօրվա իրականության մեջ նկատու՞մ եք այդ երազանքի նյութականացման «շոշափուկները»:
-Կլինեմ անկեղծ. ինչպես 88-ին, երբ փլվում էր սովետը, այնպես էլ հիմա, ես զգում էի, որ մի բան պիտի փոխվի, մի բան պիտի տեղից շարժվի, որովհետև այլ կերպ անհնար էր: Հիմա իսկապես ինչ-որ բան տեղից շարժվել է, բայց մեր ուզած իրականությունը դեռ երազանք է մնում: Հիմա էլ ես տեսնում եմ որոշ բաներ, որոնք շտկվելու կարիք ունեն: Միայն շարժում անելով հարցերը չեն լուծվում: Շրջադարձը, հեղափոխությունը լավ բաներ են, բայց միայն դրանցով չես կարող առաջ տանել ժողովրդին: Մեր ժողովուրդը շատ արժանի է լավ կյանքի: Հայ մարդն իմաստուն է, պոեզիա, գրականություն, արվեստ սիրող է: Եվ ես կարծում եմ, որ մեր ղեկավարությունը պիտի գիտակցի սա, հատուկ ուշադրություն դարձնի արվեստին, գիտությանը, գրականությանը, բոլոր այն ոլորտներին, որոնք հիմնարար են, որոնք գուցե և արտաքինից չերևացող են, բայց խորքային մեծ նշանակություն ունեն: Ոչ թե ուզում եմ, որ անհատները լինեն ուշադրության կենտրոնում (մենք երբեք անձի հանդեպ ուշադրություն չենք պահանջել, առանց հատուկ սպասումների արել ենք մեր գործը), այլ համապատասխան ոլորտները: Սա շատ կարևոր է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ