Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես գտա իմ Լեռ Կամսարին ու դարձա ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ»

«Ես գտա իմ Լեռ Կամսարին ու դարձա ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ»
05.03.2019 | 02:05

«Իրատեսի» հյուրն է հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի թոռնուհին՝ ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

-Տիկին Վանուհի, բացի Լեռ Կամսարի թոռնուհին լինելուց, Դուք նաև նրա գրական ժառանգորդն եք, պարբերաբար հրատարակում եք նրա անտիպ գործերը. ինչպե՞ս որոշեցիք զբաղվել դրանով:
-Շատ տարողունակ հարց եք տալիս, երկու բառով չի ասվի։ Արամ պապիս գիտեի և սիրում էի ծնված օրվանից, բայց ա՛յ, Լեռ Կամսարին հանդիպեցի 12 տարեկան հասակում, երբ նա նոր էր մահացել։ Դպրոց գնալու ճանապարհին Լենինի հրապարակի կրպակում հանկարծ տեսա նրա «Մարդը տանու շորերով գիրքը»։ Զարմացա ու արմացա, քանի որ գիտեի, որ գիրքը արգելանքի տակ էր, ինչը և դարձել էր նրա մահվան պատճառը։ Պարզվեց` կրպակներին և գրադարաններին բաժանելուց հետո են գլխի ընկել, որ պետք է կանխել գրքի տարածումը։ Բնականաբար, գնեցի գիրքը, որ տանեցիներին ուրախացնեմ, և որոշեցի կարդալ, տեսնել ինչ վտանգավոր բան կա գրքում, որ վախեցրել էր կառավարությանը։ Ապշանքս մեծ էր։ Գիտե՞ք, Ամերիկան, Անգլիան կամ մի ուրիշ երկիր էլի նեղանալ կարող էր, բայց ախր Սովետը հեչ խռովելու տեղ չուներ (գլավլիտը հավեսով էր աշխատել)։ Կարդացի, կարդացի ուշադիր և զգացի, որ հոգումս բան չխկաց։ Այդ տարիքում տարված էի պատմահայրենասիրական գրականությամբ, և ֆելիետոնի ժանրը առանձնապես չհուզեց ինձ։
Երկրորդ հանդիպումս արդեն հիասթափեցնող էր։
Երբ պապս մահացավ, ես ականատեսն էի մի շատ տարօրինակ և ցավալի իրողության. տանեցիները թողել էին նոր հոգին ավանդածի սնարը և հարևան սենյակում ինչ-որ գզրոցներ էին դատարկում։ Քիչ հետո դուրս եկան մի հնամաշ, սև ճամպրուկով և հանձնեցին բարեկամներից մեկին, որը շուտափույթ անհետացավ։ Միայն դրանից հետո լուր տվեցին բոլորին, որ Լեռ Կամսարը վախճանվեց։
Արցունքների միջից հետաքրքրվեցի մորիցս, թե դա ինչ էր։
-Դա մեր հարստությունն է, մեր գանձը,- խորհրդավոր ասաց նա։
«Տես, է՜, ինչ խորն է վանեցիների հոգին,- մտածեցի,- ապրում են թշվառության մեջ` ունենալով մի ամբողջ ճամպրուկ ոսկի։ Երևի Վանից են բերել»։
Թաղումից հետո սկսվեց գանձերի իմ որոնումը։ Ճամպրուկը գտա Շուշան մորաքրոջս տանը։ Պարանով կապված էր և կնքված։ Պատռեցի կնիքը, մի կերպ փոքրիկ արանք բացեցի, ձեռքս սլլացրի ճամպրուկի մեջ և սկսեցի շոշափել։ Չէ, սա ոչ ոսկի է, ոչ էլ զարդեղեն։ ՈՒրեմն, թղթադրամներ են` անցավ մտքովս։ Բայց պետք էր տեսնել ու համոզվել։ Մի կերպ ձեռքս ընկածը դուրս հանեցի նեղ արանքից։ Սառը ջուր լցվեց գլխիս` ընդամենը գրված թղթի պատառիկներ էին։ Ահավոր հիասթափված ուզեցի նորից հետ խցկել դրանք, որ չբռնվեմ։ Մեկ էլ մտքովս անցավ` կարդամ, գուցե գրված է Վանում թողած մեր հարստության տեղը։
Հազիվ կարդում եմ ձեռագիրը՝ «Պրոլետարիատը մի կեղտոտ քուրջ է, որի ծալքերում բնակռած Լենինի և Ստալինի նման պարազիտներ ծծում են իր իսկ արյունը։
Դե գնա՛, պրոլետարիատ, ու ողջ կյանքումդ մարմինդ քորի»։
Ո՜վ սարսափ, սա ի՞նչ է։ Երևի պատկերացնում եք, թե ինչ կարող էր զգալ Լենին պապիի ազնիվ հոկտեմբերիկ սանիկը։ Մի մոռացեք, որ դեռևս 1965 թիվն էր։ Դողալով շրջում եմ թերթիկը՝ ««Հոկտեմբերյան հեղափոխության» հեղինակ Լենինը իսկապես որ աղվես է եղել, համաշխարհային աղվես, եթե կարելի է այսպես ասել։
Եվ իսկապես։ Ռուս ժողովուրդը, որ այդ հեղափոխությունը կատարեց, խոմ չվերցրե՞ց Լենինի գրած հիսունհինգ հատորները կարդաց, համոզվեց սոցիալիզմի անհրաժեշտությանը ու նոր զենք վերցրեց։ Ո՛չ։ Լենինը ուղղակի խաբեց բանվորին ու գյուղացուն։ Խոստացավ վերջ տալ պատերազմին` դրանով զինվորին խաբեց, ասաց` հողը գյուղացուն, դրանով էլ գյուղացուն խաբեց։ Հետագայում ո՛չ զինվորը խաղաղություն ստացավ, ո՛չ գյուղացին` հող։ Զինվորը կանչվեց երկարատև եղբայրասպան պատերազմի, իսկ գյուղացուն ոչ միայն հող չտվեց, այլև ունեցածն էլ ձեռքից խլեց և կոլխոզ քշեց ձրի աշխատելու։
Ահա՛ քեզ «հոկտեմբերի» տված բարիքը։
Ասացե՛ք, որ շունշանորդի աղվեսն այսպես անողորմ խաբեց իր զոհին։ Ուրեմն, ասենք.
-Այո՛, Լենինը համաշխարհային աղվես է. նրան պակասում է միայն փառահեղ համաշխարհային…պոչ»։
Վա՜յ, Լեռ Կամսար, վա՜յ, էս ի՞նչ ես գրել Լենին պապիիս մասին` հուզվեցի ես։ Եվ հլա հոժա՞ր չես, որ 20 տարով բանտարկել ու աքսորել են քեզ` շնորհակալություն պետք է հայտնես, որ չեն գնդակահարել։
Նայեցի կրծքիս կպցրած Վոլոդյա ՈՒլյանովի ոսկե գանգուրներին, և մեջս զարթնեց Պավլիկ Մորոզովի ախտանիշը (ճիշտ կլիներ գրել աղտանիշը)։ Գոհություն Աստծո, որ խեղճ Արամ պապս կենդանի չէր, թե չէ կբղավեի` այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև…, և կփռեի նրա ուրացող լեշը… Տեսնում եք, չէ՞, թե ինչպիսի զոմբիներ էր պատրաստում սովետական դպրոցը։
Լեռ Կամսարի նկատմամբ ատելությունս ավելի խորացավ, երբ հայրս մեր նոր ստացած բնակարանի առաջին «կահույքը»` «Օպտիմա» գրամեքենան գնեց և, չգիտես ինչու, տեղավորեց հենց իմ ննջասենյակում։ Սկսվեցին տարտարոսի իմ տանջանջները։ Մինչև ուշ գիշեր չը՛խկ, հա չը՛խկ։ Հոր ձեռագրերը տպում էր 7 օրինակով և թաքցնում տարբեր տեղերում։ Աչքը վախեցած էր, մտածում էր` բռնագրավելուց հետո գոնե մի օրինակը փրկվի։ Լեռ Կամսարի բանտարկվելուց հետո հայրս թողել էր դպրոցը, որպեսզի մոր հետ կարողանար պահել քրոջն ու եղբորը։ Հետևաբար, ունենալով 4-րդ դասարանի կրթություն, նա բնականաբար պետք է հարցներ ամեն բառի ուղղագրությունը։ ՈՒղղագրություն հարցնելը գլուխը քարը` ես պետք է իմանայի բոլոր երկրների վարչապետների, քաղաքական գործիչների անունները, Սովետ Միության կոմկուսի բոլոր ժամանակների քարտուղարների անունները։ Պետք է յուրացրած լինեի ոչ միայն Աստվածաշունչը և հունական դիցաբանությունը, այլև համաշխարհային փիլիսոփայությունը մարքսիզմ-լենինիզմի հետ միասին։ Էլ չերկարացնեմ՝ գրել էր ամեն ինչի և բոլորի մասին։ ՈՒղղակի խենթանալիք էր։ Տարեց տարի սպասում էի, եթե երբ կվերջանա այս զուլումը, երբ մի օր հայրս հայտարարեց.
-Փոխանակ անօգուտ թափառելու` տար պապիդ գրվածքները և փորձիր տպագրել մամուլում։
-Եթե արժեքավոր լինեին, ինձ չէին սպասի` վաղուց արդեն հրատարակած կլինեին,- նետեցի ես։
Հայրս սփրթնեց իմ անպատկառ հայտարարությունից, և եթե չասեի դրությունը փրկող նախադասությունը, երևի թե կաթվածահար լիներ։
- Լավ, լավ , նյութեր տուր, «Ավանգարդը» ճամփիս է, կտամ, կանցնեմ։
Վերցնելով նյութերը, որոշեցի սրբագրել, նոր տանել, հաստատ իմանալով, որ մեքենագրելիս բավականին սխալներ արած կլինի։
Մեկ սխալ, երկու, երեք, տասներեք, մեկ էլ հանկարծ նկատեցի, որ այլևս վրիպակները ինձ չեն հետաքրքրում. միտքս մեկեն բռնեց տողի պոչը և գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց… ու ընկավ Լեռ Կամսարի աշխարհը։ Երևի նույն զգացողությունը ունեցա, ինչ որ Կոլումբոսը Ամերիկան հայտնագործելիս։ Արդեն գանգատուփումս ունեի համալսարանական պարտադիր և ցանկալի գրականության մաղուցքը։ Արդեն թացը չորից մի փոքր զանազանել գիտեի, բայց սա հայտնություն էր։ Անվախ մտածողություն, անբռնազբոս խոսք, անկաշկանդ գրելաձև առանց լեզվական խրթին սեթևեթանքների, պարզապես մի զվարճալի զրուցակից, որ քեզ ամեն տեսակի կապանքներից ազատում է խնդմնդալով և դարձնում ազնիվ, շիտակ, մարդկային, անվախ, արդարամիտ և խելացի։
Ահա այսպես ես գտա իմ Լեռ Կամսարին ու դարձա ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ…
Լեռ Կամսարն աստիճանաբար պոկեց ինձ գորշ ամբոխից և դարձրեց ինքնուրույն, մտածող, անկախ մի անհատ։ Եվ ես որոշեցի գտածս գանձերը մեկիկ-մեկիկ բաժանել մարդկանց։
-Ձեզ մոտ գտնվող անտիպների ո՞ր մասն եք մինչ օրս հասցրել տպագրել. կա՞ն անտիպներ, որոնք Ձեզ մոտ չեն:
-Տասից ավելի գրքեր արդեն հրատարակվել են, բայց Կամսարի անտիպ ձեռագրերը ջրհորի պես են, որքան սպառում ես, այնքան շատանում են։ Ամեն անգամ, երբ նայում եմ, թե որքա՜ն աշխատանք կա դեռ անելու, թուքս ցամաքում է, վախենում եմ չհասցնել։ Լավ է, արդեն կամսարասերների խումբ է ձևավորվել, որը, կարծում եմ, կշարունակի այդ նվիրական գործը։
Վանի, ցարական Հայաստանի, Առաջին հանրապետության ժամանակահատվածում մամուլում լույս տեսած Կամսարի գործերը ևս պետք է համարել անտիպ և աստիճանաբար հավաքել ու գիրք դարձնել։ ՊԱԿ-ի արխիվում էլ (եթե պահպանել են) պետք է լինեն բռնագրավված անտիպ նյութեր։ Գրականության թանգարանում ևս կան անտիպ էջեր։ Կարող է հայտնաբերվել նաև ուրիշ անհատների արխիվներում։
-Խորհրդային իշխանությունները մոտավորապես ի՞նչ քանակի թղթեր են առգրավել Կամսարից։
-Այդ հարցին մի փոքր ընդհանրական պատասխանեմ։ Երգիծաբանի արխիվը երեք անգամ ոչնչացել է։ Առաջին անգամ ձեռագրերը կորցրել է 1915-ի գաղթի ճանապարհին։ Այնուհետև, 1935-ի ձերբակալման ժամանակ, Չեկան է բռնագրավել։ Երրորդ մեծ կորուստը հասցրել է 1946-ի երևանյան ջրհեղեղը. քանի որ, վախենալով բռնագրավումից, գրողն իր ձեռագրերը թաքցնում էր հողում հորած կճուճների մեջ, հեղեղն անդառնալի կորուստ է հասցրել ձեռագրերին։ Դրանք հիմնականում 1940-45 թվականների գործեր էին։
-Երկերի հրատարակման ժամանակ պետական պատշաճ օժանդակություն ստացե՞լ եք:
-Նկատի ունեք անկախության շրջանը, չէ՞, որովհետև ես սկսել եմ Կամսարի գրքերն անարգել տպագրել միայն այդ ժամանակ։
Առաջին գիրքը՝ «Կարմիր օրերը», 2000-ին հենց պետպատվերով եմ կյանքի կոչել։ Այնուհետև պետական հովանավորությամբ 2008-ին լույս տեսավ «Խաղք ու խատառակ աշխարհը», իսկ 2013-ին՝ «Թատերախաղերը»։ Ես անցած տարի էլ էի դիմել, վկայակոչելով հոբելյանական 130-ամյակը, բայց մշակույթի նախարարությունն ասաց, որ դա այնքան էլ հոբելյանական տարեթիվ չէ։ Սակայն կամսարասերներն իրենք իրենց համար հոբելյան հռչակեցին և անակնկալ մատուցեցին գրասեր հասարակայնությանը։ Կարինե Մարտիրոսյանն իր միջոցներով մենագրություն տպագրեց Կամսարի մասին։ Արմեն Քեշիշյանը, Հայկ Խեմչյանը, Գևորգ Մշեցին իրենց միջոցներով ընթերցողներին նվիրեցին «Միայնակը», այնուհետև աննախադեպ դեպք՝ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը ռուսերեն թարգմանեց և իր միջոցներով տպագրեց «Բանտիս օրագիրը»։ Եվ վերջապես, հոբելյանական ծաղկեպսակը բոլորեց «Ծերուկների մանկապարտեզը», որն իմ և խմբագիր Քրիստինե Հովհաննիսյանի չարչարանքների պտուղն է։
-Հայ ընթերցողը երբևէ իր սեղանին կունենա՞ Լեռ Կամսարի երկերի լիակատար ժողովածուն:
-Ինչ խոսք, փառահեղ կլիներ, մնում է գտնվի մի սրտացավ բարերար։ Հույսս չեմ կորցնում՝ ամեն ինչ դեռ առջևում է։
-Առհասարակ, ի՞նչ եք կարծում, Լեռ Կամսարն այսօր, որպես դասական, լիարժեք գնահատվա՞ծ է:
-Ո՛չ, իհարկե։ Ազգովին հասել ենք միայն Լեռան լանջին։ Մինչև գագաթին հասնելը դեռ շատ ճանապարհ կա։ Կամսարը դեռ կիսով չափ է հասանելի, դեռ բավականաչափ անտիպներ կան։ Ամբողջը հրատարակվելիս նոր կերևա նրա սեգ բարձրությունը։
-Նախատեսու՞մ եք երբևէ նրա տուն-թանգարանը բացել Երևանում:
-Դա չիրականացող երազանքների շարքից է։ Որպեսզի գրողը տուն-թանգարան ունենա, նախ պետք է ապրելու տուն ունեցած լինի։ 1915-ին թուրքերը խլեցին երգիծաբանի հայրական տունը։ 1935-ին էլ բոլշևիկները վռնդեցին Լուկաշինի նվիրած տնից և Կամսարին գցեցին ցախանոց։ Ցախանոցն էլ քանդվել է սովետի ժամանակ։ Ավերակների վրա ի՜նչ թանգարանի մասին կարող է խոսք լինել...
-Մշակույթի նախարարությունը կամ գրողների միությունը Կամսարին նվիրված հուշ-միջոցառում կազմակերպե՞լ են:
-Գրողների միությունը նշել է Լեռ Կամսարի 100-ամյակը, առանց որևէ մեկի դիմելու։ Արել է գրքի երկու շնորհանդես։ Այնպես չէ, որ առաջվա պես անտեսում են երգիծաբանին, ուղղակի սովետի ժամանակվա վերաբերմունքը հիշելով, մի տեսակ սիրտս չի հոժարում այդ կառույցից բան խնդրել։ Համ էլ Կամսարը միջոցառումներից խուսափող մարդ էր, ես` նույնպես։
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք Լեռ Կամսարի հետ կապված. նոր գրքի սպասե՞նք:
-Ես դադար եմ վերցրել։ Ինչպես ասացի, փորձելու եմ գիրք գրել, որպեսզի հետագայում սերունդներն օգտվեն իմ հիշողություններից։ Բավականաչափ հատորներ արդեն կան գրատներում։ Թող Կամսար փնտրողները գնեն և կարդան։ Եթե վաճառքից գումար գոյանա, անշուշտ նոր գիրք կծնվի։
-Կամսարը դպրոցական կամ բուհական ծրագրերում ներառվա՞ծ է:
-Որպեսզի ունենանք ազատ մտածող, կամային, ազնիվ, անկաշառ, ոչ ստրկամիտ սերունդ, Լեռ Կամսարն անպայմանորեն պետք է ներառվի դպրոցական և բուհական ծրագրերում։ Շատ եմ փափագում, բայց չգիտեմ ինչպես կարելի է հասնել դրան։
-Եթե հիմա Ձեր պապը լսեր Ձեզ, ի՞նչ կասեիք նրան:
-Ի՞նչ կասեի... Աստվա՜ծ իմ, Աստված իմ, ի՜նչ կասեի... Թերևս կասեի. «Մի տրտմիր, ծերո՛ւկ, ցանածդ բարի և ազնիվ սերմերը դեռ վերընձյուղվելու են։ Կգա ժամանակ, երբ կբազմես Հայոց Պառնասի քո արժանի տեղում»։
Լավ կլիներ, որ այդ ժամանակը համընկներ իմ ժամանակի հետ»։


Զրույցը`
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ