«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Պրեմիեր լիգայում արշալույսները խաղաղ չեն

Պրեմիեր լիգայում արշալույսները խաղաղ չեն
12.03.2019 | 01:57

Հանգստյան օրերը նորից տոնի վերածվեցին ֆուտբոլասերի համար, ու առնվազն երեք առաջնություն դրա բերկրանքը մատուցեց այս հրաշալի խաղի սիրահարներին:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Մանչեստր Սիթին» ու «Լիվերպուլը» հաղթանակով ավարտեցին օրվա իրենց հանդիպումները: Գվարդիոլայի սաները առավելության հասան «ՈՒոթֆորդի նկատմամբ»՝ 3:1, լիվերպուլցիներն անկասելի էին «Բյոռնլիի» հետ մրցակցությունում՝ 4:2: Այս երկու հանդիպումներն էլ հետաքրքրական էին մրցաշարային աղյուսակում թիմերի ունեցած տեղերի առումով, թե չէ ինչ վերաբերում է, այսպես ասած, թոփային կամ տուրի զարդ հանդիպմանը, դա հարկավ «Արսենալ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունն էր, որտեղ եթե հաղթեին մանկունիացիները, միավորներով՝ 61, կհավասարվեին «Տոտենհեմին», որն արտագնայում1։2 հաշվով զիջել էր «Սաուտհեմպտոնին»՝ վերջին հինգ խաղում կրելով երրորդ պարտությունը:
«Արսենալ»-«Մանչեստր Յունայթեդ» խաղի առնչությամբ ֆուտբոլասերին հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումը գոլառատ ավարտ էր ունեցել՝ 2:2 ու նույնն էր ակնկալվում և այս մրցակցությունից:
Ասենք, որ զինագործներն իրենց մանչեստրյան երկու գոլը կրկնեցին և Լոնդոնում, իսկ ահա մանկունիացիներն այդպես էլ չգտան տանտերերի դարպասը տանող ուղին: Գոլային հաշվարկով ձողափայտերին դիպած հարվածները բնականաբար ուժի մեջ չեն, ու դրանք անգամ կես գոլ էլ չեն հաշվվում, թեպետ եթե հաշվվեին, պակաս հետաքրքրություն չէին ներկայացնի: Ինչևէ:
Նկատենք, որ այս հաղթանակը «Արսենալին» հնարավորություն տվեց «Մանչեստր Յունայթեդից» հետ ողորմյա անել մեկ տուր առաջ նրան զիջած չորրորդ հորիզոնականը: Սա, ի դեպ, վերջինիս գլխավոր մարզիչ Սուլշերի առաջին պարտությունն էր պրեմիեր լիգայում: Տեղեկացնենք, որ հանդիպմանը չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը:
Այս ընդհանուրի մեջ հիշատակենք նաև «Չելսիի» ոչ-ոքին «Վուլվերհեմպտոնի» հետ (1։1), որովհետև որքան էլ «ազնվականները» 57 միավորով վեցերորդ հորիզոնականում են, այդուհանդերձ, պակաս անցկացրած մեկ հանդիպումը կարող է թիմին լուրջ առաջխաղացում ապահովել:
«Մանչեստր Սիթին» ունի 74, «Լիվերպուլը»՝ 73, «Տոտենհեմը»՝ 61 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Ֆուտբոլասերը հարկավ գիտի, մանավանդ այդ մասին մեր հերթին մենք էլ տեղեկացրել ենք, որ բունդեսլիգայի 24-րդ տուրն ինչ-որ չափով եղավ հեղափոխական: Նկատի ունենք եղած փոփոխությունները: «Բավարիան» բարձրացավ առաջին հորիզոնական՝ թող որ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների: Իր հերթին երկար ժամանակ երրորդ հորիզոնականն իրենով արած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մեկ քայլ նահանջեց՝ հայտնվելով չորրորդ տեղում: Արդ տեսնենք, թե ինչպիսի պահվածք դրսևորեցին առաջին եռյակը կազմածները: Պատկերավոր ասած՝ մյունխենցիները պարզապես «անցան» «Վոլֆսբուրգի» վրայով՝ այդպես էլ չնկատելով գերմանական «գայլերին»՝ 6:0: Հաղթական մրցելույթ ունեցան և դորտմունդցիները՝ սեփական հարկի տակ խաղը շահելով «Շտուտգարտից» (3:1)՝ չթողնելով բավարցիներին առաջ պոկվել: Երկուսն էլ ունեն 57-ական միավոր:
Մեկ տուր առաջ երրորդ հորիզոնական բարձրացած «Լայպցիգը» «Աուգսբուրգի» հետ ունեցավ գոլազուրկ հանդիպում, ինչը Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որն արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակի էր հասել «Մայնցի» նկատմամբ, հնարավորություն տվեց միավորներով (46), հավասարվելու երկրի գործող փոխչեմպիոններին:

ԻՍՊԱՆԻԱ
Նախօրեին «Աթլետիկոն» նվազագույն հաշվով հաղթել էր «Լեգանեսին» ու մրցաշարային աղյուսակում իր երկրորդ տեղը պնդացնելով, հանգիստ հետևում էր եռյակում իր հետ մաս կազմածների հանդիպումներին: «Բարսելոնը» «Ռայո Վալեկանոյի» հետ պայքարում առանձնակի խնդիրներ չունեցավ, եթե հաշվի չառնենք այն, որ առաջին գոլը խփել են հյուրերը: Կատալոնցիները նրանց այդ հանդգնությանը պատասխանել են Խերարդ Պիկեի, Լիոնել Մեսիի, Լուիս Սուարեսի գոլերով՝ ամեն ինչ դնելով իր տեղը: Նշենք, որ Մեսիի համար այս խաղը 443-րդն էր Իսպանիայի առաջնությունում, և որ այս ցուցանիշով նա շրջանցեց Անդրես Ինիեստային: Սրանից զատ Լեոն շրջանցեց և Էդեն Ազարին ու գլխավորեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններում ամենաշատ գոլային փոխանցում (12) կատարած ֆուտբոլիստների ցուցակը:
Հաղթական է եղել նաև Մադրիդի «Ռեալի» արտագնա մրցելույթը: «Վալյադոլիդը» «արքայականի» չորս գոլին կարողացել է պատասխանել միայն մեկով:
27 տուրից հետո «Բարսելոնն» ունի 63, «Աթլետիկոն»՝ 56, «Ռեալը»՝ 51 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի 27-րդ տուրը անփոփոխ պահեց մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակի դիրքերը: «Յուվենտուսը» 4:1 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնեց «ՈՒդինեզեին»՝ միավորների թիվը հասցնելով 75-ի: «Սասուոլոյի» հետ արտագնա խաղում «Նապոլին» բավարարվել է մեկական գոլերի փոխանակմամբ ու մեկ միավոր վաստակելով, ինչը նրան շարունակում է վստահորեն պահել աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ 57 միավոր: Վերջին հինգ խաղում հաղթանակների փայլուն սերիա ցույց տված «Միլանը» անհանդուրժող է եղել նաև «Կիևոյի» հետ խաղում՝ 2:1 ու 51 միավորով երրորդ հորիզոնականում է: Հաղթական հանդիպում է անցկացրել նաև դեռևս երկու տուր առաջ երրորդ տեղում գտնվող «Ինտերը», որի մրցակիցն է եղել ՍՊԱԼ-ը՝ 2:0:

ՖՐԱՆՍԻԱ
Բացառիկ լարված ընթացք է ունեցել «Սենտ Էտիեն»-«Լիլ» հանդիպումը, որտեղ հանդիպման միակ գոլը խփվել է խաղի 87-րդ րոպեին: Գոլից հետո կրքերն առավել են շիկացել, ու երեք րոպեի ընդմիջմամբ մրցավարը հարկադրված է եղել երկու կարմիր քարտ ցույց տալ տանտերերի ֆուտբոլիստներին: «Լիլն» ունի 57 միավոր ու վստահորեն երկրորդ տեղում է: Նրան որոշակիորեն մոտենալու շանսն է ձեռքից բաց թողել «Ստրասբուրգին» հյուր գնացած «Լիոնը», որը 2:0 հաշվով հաղթելու պայմաններում տանտերերին թույլ է տվել պատասխանել նույնքան գոլով ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի արդյունքով: «Լիոնի» ակտիվում 50 միավոր է: Ինչ վերաբերում է «Նանտ»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունը, դրա անցկացման օրը փոխվել է, սակայն փարիզցիներն այնքան մեծ թվով միավոր են մինչև այժմ հավաքել՝ 71 (նկատենք` երկու խաղ էլ պակաս են անցկացրել), որ դժվար էլ է պատկերացնել, թե որևէ մեկը կարող է սպառնալ նրա հերթական չեմպիոնական բարձունքին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ