Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեդվեդևա-Բաբասյանի ծանր մեդալը

Մեդվեդևա-Բաբասյանի ծանր մեդալը
26.03.2019 | 01:38

Ճապոնիայում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը մեզ համար բացառիկ հետաքրքրություն էր ներկայացնում մասնավորապես կանանց մենասահքի առումով: Չնայած նվաճած բրոնզե մեդալին՝ մեր հայրենակցուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի մրցելույթը պիտի միանշանակ որակել գերազանց, որովհետև այսքան անհաջող սկսված մրցաշարի ավարտին այսպիսի փայլուն մրցելույթ՝ այն էլ հավաքականում վերջին պահին հայտնվելով, բառացիորեն անհավանական բան է: Մեդվեդևան հաստատեց, որ բացառիկ կամային որակներով մարզիկ է ու իրավամբ կազմում է կանանց համաշխարհային գեղասահքի էլիտայի անբաժան մասը:


Աշխարհի չեմպիոնի կոչմանն է արժանացել օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ալինա Զագիտովան: Ի դեպ, սա նրա առաջին մրցանակն էր մեծահասակների աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ, ի տարբերություն նրա, Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է:


Մրցանակային երկրորդ հորիզոնականը բաժին է հասել ղազախ Էլիզաբեթ Տուրսունբաևային, որը դարձավ մեծահասակների աշխարհի առաջնությունում առաջին քառապտույտ ցատկ կատարած մարզուհին՝ դրանով իսկ իր անունը ընդմիշտ թողնելով մարզաձևի պատմության մեջ: Ի միջի այլոց, հատուկ ենք նշում «մեծահասակների առաջնություն» բառակապակցությունը, քանի որ քառապտույտ ցատկերը, այն էլ իրենց տարբեր դրսևորման մեջ, արդեն երկրորդ տարին են արվում աղջնակների մրցաշարերում, և այդ սերունդն արդեն իսկ կանգնած է հավաքականի շեմին, մեծահասակների առաջնությանը չի մասնակցում եղած տարիքային ցենզի սահմանափակման պատճառով:
Հակառակ սպասվածի, ճապոնացի գեղասահորդները չկարողացան մեդալային մրցակցություն ցույց տալ Ռուսաստանի ընտրանուն՝ հանգրվանելով 4-6-րդ հորիզոնականներում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ընտրանու երրորդ մասնակցին՝ Սոֆյա Սամոդուրովային, Եվրոպայի գործող չեմպիոնը երկու վարժությունների հանրագումարում ցույց է տվել ութերորդ արդյունքը:


Բացառիկ լարված ընթացք է ունեցել նաև տղամարդկանց առաջնությունը մենասահքում: Կարճ ծրագրից հետո առաջատարությունը ստանձնել է աշխարհի գործող չեմպիոն Նեթան Չենը, որը մարզվում է մեր հայրենակից Ռաֆայել Հարությունյանի մոտ: Նրան փորձել է ձեռնոց նետել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յուձուրո Հանյուն: Կարճ ծրագրից հետո ամերիկացու ունեցած միավորների առավելությունը չեզոքացնելու համար Հանյուն գնացել է ռիսկի, ծրագիրը խտացնելով գերբարդ ծրագրերով ու սա այն դեպքում, որ դեռևս ամբողջովին չէր ապաքինվել վնասվածքներից: Ռիսկը պայմանավորված էր նաև նրանով, որ Ճապոնիան մնում էր առանց մեդալների, այն էլ սեփական հարկի տակ անցկացվող առաջնությունում:
Հանյուն փայլուն է կատարել առաջադրված խնդիրը՝ ազատ ծրագրում հավաքելով 206,10 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է, իսկ եթե այն հաշվում ենք երկամարտի կտրվածքով, ապա այստեղ էլ ստացվում է աշխարհի նոր ռեկորդ՝ 300,97 միավոր: Հարկ համարենք նկատել, որ ճապոնացի գեղասահորդը դարձել է 300 միավորի սահմանագիծը հատած առաջին մարզիկը:


Հրաշալի հասկանալով, որ պլանավորած ծրագրով ելույթը կարող է անբավարար լինել ճապոնացուն հաղթելու համար, Ռաֆայել Հարությունյանի սանը նույնպես գնացել է մրցելույթը գերբարդ վարժություններով խտացնելու ճանապարհով: Արդյունքում՝ ազատ վարժությունների համար մեր մարզչի սանը ստացել է 216,02 միավոր (գրեթե +10 միավոր), իսկ երկամարտում հավաքած միավորները ստացվել են պարզապես աներևակայելի՝ 323,42: Սրանք աշխարհի նոր ռեկորդներ են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ