«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Իսկ առանց Վրեժ Իսրայելյանի Աշնակը տխուր կլինի

Իսկ առանց Վրեժ Իսրայելյանի Աշնակը տխուր կլինի
05.04.2019 | 02:55

Սասունցիները տարվա բոլոր ամիսներին հատուկ անուններ և բնութագրիչ խոսքեր ունեին: Օրինակ, ապրիլին ասում էին «Նիսան, կաթ մակարդին քասան» (Նիսանը ապրիլն էր): Սասունում կաթը մակարդելու համար մածունի փոխարեն որպես մակարդիչ-մերան օգտագործում էին ապրիլի «ծնունդ» անձրևաջուրը: Միայն այդ ամսին իր բաղադրությամբ մի հրաշագործ հատկություն էր ունենում անձրևը՝ մակարդում էր կաթը:


Ապրիլի 2-ին է ծնվել ակունքներով սասնորդի ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ՝ իր հրաշագործ գրչով «մակարդելով» ու գրականություն դարձնելով մեր ժողովրդի ցավն ու թախիծը, վեհությունն ու ըմբոստությունը, կարոտն ու էպոսածին և նույնքան իրական ու առասպելական պատմությունները: Նա իրականությանը նայում էր սթափ հայացքով: Նույն կերպ էլ իր գրականությունը ստեղծեց: Պատմվածքներից մեկում գրում է, որ ինքը մտել է «Հայ-թուրքական հինավուրց խաղի» մի քարանձավ ու չի կարողանում դուրս գալ: Այդ քարանձավը Վրեժ Իսրայելյանի Ագռավաքարն էր, և ինքն էլ իր էպոսածին ապուպապի՝ Փոքր Մհերի նման սպասման հիվանդ էր: Վրեժ Իսրայելյանը իր որդուն հենց Մհեր կոչեց՝ մտքում հույսի մի շող փայփայելով, որ գոնե իր Մհեր որդու սերունդը սկսի մեր հոգու Ագռավաքարը բացել:
Ծննդավայր Աշնակի դպրոցում Վրեժ Իսրայելյանի 70-ամյակի հանդիսությանը վաստակած մեծարանքի խոսքեր ասացին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ Ռոլանդ Շառոյանն ու Վրեժ Սարուխանյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը՝ նրան բնութագրելով որպես ոգու ամրության, Հայաստանը միասնությամբ հզորացնող և Էրգրին հույսով ու հավատով նայող գրողի:
Եվ այս սիրուց էլ ծնվել է Վրեժ Իսրայելյանի ճշմարիտ գիրը՝ «Առանց սասունցու աշխարհը տխուր կլինի...»: Իսկ առանց Վրեժ Իսրայելյանի Աշնակը տխուր կլինի...


Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao