Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»
12.04.2019 | 01:24

Վերջերս Հայաստանի հայրենասեր հասարակությունն իրապես ուրախացավ։ «Ազգային համաձայնություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ապրիլի 3-ին մամուլի ասուլիս հրավիրեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Երկրի քաղաքացիներին նա հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով հայտարարություն է արել 1996 թ. նախագահական ընտրության արդյունքները կեղծելու և ընտրությունից հետո սահմանադրական կարգը տապալելու հետ կապված հանցագործության մասին, ինչպես նաև խնդրել է քրեական գործ հարուցել իր նկատմամբ հատկապես դաժան բռնություն և տանջանքներ կիրառելու կապակցությամբ։


Եթե մարդն ազնիվ է և իսկապես ներկայացնում է իր ժողովրդին ու նրա ակնկալությունները, ապա այդպիսի մարդը պարտավոր է պաշտպանելու «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդի պահանջը և միանալու այն բոլոր անձանց խստագույն պատասխանատվության ենթարկելու նրա օրինական պահանջին, ովքեր մեղսակից են 1996 թ. նախագահական ընտրությունից հետո կատարված պետական հեղաշրջմանը և բացարձակապես խաղաղ Երևան զորք մտցնելուն։ Իմ բազմաթիվ հասակակիցները, և ոչ միայն նրանք, ոչ մի կերպ չեն կարող մոռանալ, որ ընտրողները պնդում էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թ. նախագահական ընտրությունում չի հաղթել, իսկ նրա մրցակիցը՝ ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը, պնդում էր, որ ժողովուրդը պահանջում է ընտրության երկրորդ փուլ։ Բայց... ՀՀՇ-ն գերադասեց պետական հեղաշրջում կատարել, ՀՀՇ-ն գերադասեց զորք մտցնել Երևան։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հայ ազգին ավելի շատ հետաքրքրում են 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները, այսինքն՝ 11 տարվա վաղեմություն ունեցողները։ Ես հավատացնում եմ նրան, որ ոչ, ազգը մինչև հիմա արդարություն է պահանջում 1996 թ. իրադարձությունների և այն ժամանակվա պետական հեղաշրջման մեղավորների գործով։


Ավելին. եթե ազնիվ մարդ է նա, ով 1995-ին գլխավորում էր Հայաստանի ԿԸՀ-ն՝ Խաչիկ Բեզիրջյանը, թող այժմ վեր կենա և խոստովանի այն, ինչն իմ ներկայությամբ խոստովանում էր «ՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌÿ» թերթի այն ժամանակվա գլխավոր խմբագրի առանձնասենյակում։ Իսկ նա խոստովանում էր, որ կեղծված է «լևոնական» Սահմանադրության հանրաքվեն։ Այսինքն, ըստ էության, խոստովանում էր, որ ՀՀՇ-ի իշխանությունը 1995 թ. հուլիսի 5-ին պետական հեղաշրջում է կատարել։ Ժողովուրդն այդ ժամանակ չէր ուզում «լևոնական» Սահմանադրությունը, սակայն ՀՀՇ-ն «անցկացրեց» և հայ ազգի վզին փաթաթեց դրա ստոր տեքստը։


Ազնի՞վ է արդյոք «ժողովրդական» վարչապետ Փաշինյանը։ Դատելով ըստ ամենայնի՝ ոչ։ Դատելով ըստ ամենայնի՝ նա ՀՀՇ-ամետ անճշտախոս է, եթե շարունակում է ձևացնել, թե «չգիտի» 1995 և 1996 թթ. պետական հեղաշրջումների մասին հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Այլապես ինչու՞ է նա ժամանակակից Հայաստանի պատմությունը «փորփրում»՝ սկսելով միայն 2008 թ. մարտի 1-ից։ Վարչապետ, սկսեք Լեոնիդ Ազգալդյանի սպանությունից։ Եվ անգամ՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի «ինքնասպանության»-սպանության մութ պատմության հետաքննությունից. չէ՞ որ այդ ողբերգությունը կատարվեց հենց այն բանից հետո, երբ Արթուր Մկրտչյանը եղավ Երևանում, հանդիպեց ՀՀՇ-ի հանցավոր պարագլուխների հետ և այլն։ Իսկ ինչու՞ չհետաքննել Համբարձում Ղանդիլյանի, Համբարձում Գալստյանի, Մարիուս Յուզբաշյանի, Վարդգես Պետրոսյանի սպանությունները, հը՞։ Ցանկը շատ մեծ է։ Վարչապետ Փաշինյան, Դուք համարու՞մ եք, որ ՀՀՇ-ական ձեր սիրելիներին Աստված թույլ էր տվել սպանել Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանին։ Կամ գուցե ուզում եք իմանա՞լ, թե ով է թիկունքից սպանել ֆիդայի Չավուշին և պատգամավոր Վիտյա Այվազյանին 1990 թ. օգոստոսի 29-ին, երբ ձեր ՀՀՇ-ին պետք էր զինաթափել Ռազմիկ Վասիլյանին ու նրա կողմնակիցներին։ ՀԱԲ-ի մարտիկները երդվում էին Աստծու անունով, որ չեն կրակել Չավուշի և Վիտյա Այվազյանի վրա։ Փաշինյան, չե՞ք ուզում իմանալ, թե ով է ժողովրդի հերոսներին լկտիորեն գնդակահարել։


Տա Աստված, որ ՀՀ դատախազությունը բավարարի Արամ Հարությունյանի դիմումը։ Բայց չեմ հավատում, թե Փաշինյանի օրոք ինչ-որ բան կշարժվի մեռյալ կետից և արդարադատության սլաքը կուղղվի Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի այլ հանցավոր պարագլուխների դեմ։ Բայց, բացի վերոգրյալից, մեր հասարակությունը հիշում է նաև մամուլի համար արված բարձրաձայն, բացահայտ հայտարարություններ, որոնցում կարմիր թելի պես այն միտքն է արտահայտվում, որ Տեր-Պետրոսյանը նաև դավաճան է։ Ես պարզապես կմեջբերեմ ինչ-որ բաներ։ «Ղարաբաղյան պատերազմի տարիներին Հայաստանի պաշտոնական ղեկավարության ու Ղարաբաղի դիրքորոշումները չեն համընկել, եղել են լուրջ հակասություններ»։ Այդ մասին 2013 թ. փետրվարի 21-ին, Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսում, հայտարարել է Արցախի հերոս, ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա նշել է, որ այսօր Ղարաբաղյան շարժման հիմնական գործող դեմքերից քչերն են վերհիշում ռազմական գործողությունների տարիներին եղած հակասությունները։ Տեր-Թադևոսյանն ընդգծել է, որ այն տարիների Հայաստանի ղեկավարությունը «գործնականում հանդես էր գալիս բոլոր հարձակողական գործողությունների դեմ»։ «Ի սկզբանե հանուն Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության հանդես եկող Հայաստանի քաղաքականությունն ինչ-որ փուլում փոխվեց։ Ղարաբաղը պետք է ապահովեր իր անվտանգությունը, իսկ պաշտպանության լավագույն ձևը հարձակումն է։ Բայց երբ մենք հարձակվում և տարածքներ էինք ազատագրում, Երևանի ղեկավարությունը մեծ մասամբ հակառակ էր լինում,- հայտարարել է նա։- Բոլոր խոշոր գործողությունները, այդ թվում՝ Խոջալուի և Շուշիի, կատարվել են հայկական ղեկավարության կամքին հակառակ։ Իշխանական ողջ թիմն աշխատում էր հակամարտության խաղաղ լուծում ապահովելու վրա, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում»։


Տեր-Թադևոսյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես էր հետաձգվում Խոջալուն գրավելու գործողությունը։ Ըստ նրա, նույնիսկ գործողությունն սկսելուց հետո Երևանից պահանջում էին այն դադարեցնել։ «Իսկ Շուշին գրավելուց հետո Տեր-Պետրոսյանն անգամ հայտարարեց. «Ես Թեհրանում պայմանավորվում եմ խաղաղ լուծման մասին, իսկ դուք ի՞նչ եք անում։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար»,- ասել է Տեր-Թադևոսյանը և ավելացրել, որ պաշտոնական շատ դեմքեր դատապարտել են Շուշիի գործողությունը։ Նա ընդգծել է, որ տարիներ անց գործողության հաջող ընթացքը վերագրվել է նրանց, ովքեր դեմ էին հանդես գալիս և նույնիսկ դատապարտում Շուշիի գրավումը։ Տեր-Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն սկսեց փոխվել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ «Հայաստանի և Ղարաբաղի ներկայիս նախագահները համախոհներ են, ուստի որևէ հակասություն չկա։ Չնայած ժամանակին սխալ գործածները հիմա քննադատում են գործող իշխանություններին, խոսում են արտագաղթի մասին։ Իսկ ի՞նչ է, նրանց ժամանակ արտագաղթ չկա՞ր, ձերբակալություններ չկայի՞ն։ Իմ բոլոր ընկերները կամ բանտարկվել են, կամ լքել երկիրը»,- հայտարարել է Տեր-Թադևոսյանը։ Պատասխանելով այն հարցին, թե նա չի՞ համարում, որ Ղարաբաղի հարցով բանակցություններում ներկայիս իշխանություններն էլ են զիջողական կողմնորոշում ընդունել, վետերանը նշել է, որ բանակցությունները պետք է սկսել զրոյից, մոռանալ Մադրիդյան սկզբունքները և բանակցության սեղանի շուրջ հրավիրել արցախյան կողմին։ Միայն այդ դեպքում հարցը կարող է լուծվել։


Իսկ ո՞վ էր ղեկավարում Հայաստանը Ստեփանակերտի օդանավակայանը և Խոջալուն, Շուշին ազատագրելիս։ «Մերժիր Սերժին» և «Նիկոլ, Նիկոլ» գոռոցների տակ ռեփ պարող երիտասարդների 99 %-ը անգիր արած կասի՝ Սերժը, հանրապետականները և այլն։ Եվ նրանց կուռք-առաջնորդը արիություն չի ունենա ասելու՝ ոչ, դա եղել է Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի դիկտատուրայի ժամանակ, դրանք եղել են քաղաքական բռնությունների և օրը ցերեկով ուղղակի Երևանի փողոցներում սպանությունների տարիներ։


Ահա կարճ քաղվածք «Ռեգնում» տեղեկատվական գործակալության հետ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի 2015 թ. հունվարի 17-ի հարցազրույցից։ «Ռեգնում». «Ինչպե՞ս եք վերաբերվում 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած հրադադարի պայմանագրին։ Դուք մասնակցե՞լ եք դրա ստորագրմանը»։ Ն. Տեր-Գրիգորյանց. «Ես համարում եմ, որ այն նողկալի փաստաթուղթ է, որը ոչ մի դեպքում չէր կարելի ստորագրել։ Հենց դրա պատճառով մինչև այժմ լուծված չէ հակամարտությունը, իսկ Ադրբեջանը, զինվելով նավթադոլարների հաշվին, Հայաստանին ու Արցախին շարունակում է սպառնալ պատերազմով, պարբերաբար հրաձգություն է կազմակերպում սահմանին։ Ստորագրմանը ես չեմ մասնակցել, և ինձ չեն հրավիրել այդ հարցերով զբաղվելու. ես այդ ժամանակ հրամանատարական կետում էի, մարտական կառավարման կենտրոնում»։ Գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը խիստ զինվորական մարդ է, չի մասնակցել ու երբեք էլ չի ցանկացել մասնակցել այն տարիների Հայաստանի ներքաղաքական մանր վեճերին և ՀՀՇ-ականների մերձքաղաքական խարդավանքներին։ Բայց հարց տանք. այդ զինվորական մարդու վերաբերմունքն ընդամենը հրադադարի պայմանագրին մի՞թե մեղադրանք չէ Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հասցեին, որ նրանք դավաճաններ են նվազագույնը 1994 թ. մայիս-հունիսից։


Եվ վերջին քաղվածքը՝ 2015 թ. հունվարի 30-ի «Առավոտ» թերթից. հոդվածը կոչվում էր «Տեր-Պետրոսյանին մեղադրում են դավաճանության մեջ. «Նա հաղթող նախագահ չէր»։ Մեջբերումը. «Վերջերս գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ռուսական RT հեռուստաալիքով ելույթի ժամանակ պատմեց, թե ինչու է Հայաստանից հեռացել վիրավորված։ Նա նշել է, որ արցախյան պատերազմն ավարտվել է Բիշքեկում ստորագրված հրադադարի խայտառակ պայմանագրով։ Եվ հենց այդ պայմանագրի պատճառով են լուրջ տարաձայնություններ առաջացել նրա և ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարության միջև։ Չնայած հետո Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ գնացել է Մոսկվա և գեներալին հորդորել վերադառնալու Հայաստան, սակայն գեներալը հրաժարվել է։ Խոսելով Բիշքեկի և 1994 թ. մայիսի 5-ի հրադադարի մասին, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ հաղթած պետությանը վայել չէ նման խայտառակ պայմանագիր ստորագրելը հրադադարի մասին, որը չի բխում հայ ժողովրդի շահերից։ Ըստ նրա, այդ ամոթալի պայմանագիրն ստորագրել են այնպիսի մարդիկ, որոնք ընդհանրապես ոչինչ չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, չգիտեին, թե ինչ է ռազմավարությունը. «Հրադադարի մասին Բիշքեկի պայմանագիրը կնքվել է ավազի վրա, այն իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլև հիմարություն, ապուշություն։ Չկար ոչ մի պարտավորություն կամ երաշխիք, ուստի պատերազմը կարող էր վերսկսվել հենց հաջորդ օրը։ Պայմանագրում հստակ ճշգրտում չի ստացել ոչ մի բաժանիչ գիծ, և Ադրբեջանին չեն ստիպել ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։ Այդ առիթով Շուշիի հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մկրտչյանը ¥Մարշալ¤ համաձայն է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի գնահատականներին. «Ճիշտ է ասում, որովհետև այդ ժամանակ մեր դիրքերը շատ ուժեղ էին, մենք կարող էինք պարտադրել որոշակի կետեր, ինչը չարեցինք։ Ես միշտ չեմ սիրել առաջին նախագահին և չեմ համարում, որ նա ազգային գործիչ է»։ Մեր այն դիտողությանը, որ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթող նախագահ է, ուրեմն ինչու՞ են հաշտության պայմանագրի համար նրան այժմ մեղադրում դավաճանության մեջ, Մկրտիչ Մկրտչյանը կոշտ պատասխանեց. «Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին, ես նրան հաղթող չեմ համարում»։ Իսկ այն դիտողությանը, թե դրանում եղել է նրա վիթխարի ներդրումը, վետերանն այսպես պատասխանեց. «Հենց նրա հրամանով էին դատարկվում գյուղերը, նա ուղղաթիռներ էր ուղարկում, ասում էր՝ դուրս հանեք հայ բնակչությանը, փոխանակ պաշտպաներ նրան։ Նա նվազագույն իսկ ցանկություն չուներ բանակ ստեղծելու, կատարելապես ցանկություն չուներ Ղարաբաղի հետ միավորվելու։ Նա Հայաստանի անկախ պետությունն ստեղծում էր Խորհրդային Հայաստանի 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այնպես որ, նման մարդուց կարելի՞ էր սպասել, որ նա տարածքներ կվերցնի»։


Իմ կարծիքը պարզ է և միանշանակ. ի մի բերելով Ա. Տեր-Թադևոսյանի, Ն. Տեր-Գրիգորյանցի և Մ. Մկրտչյանի մեղադրանքները՝ Հայաստանի դատախազությունը, ավելին՝ այն նույն հատուկ քննչական ծառայությունը, որը մատից ծծած պատճառներ է փնտրում Ռոբերտ Քոչարյանին «դատելու» համար, կարճ ասած՝ Հայաստանի բոլոր իրավապահ ու հսկողական մարմինները, ընդ որում, ազգային անվտանգության ծառայության ակտիվ մասնակցությամբ, պարզապես պարտավոր են կալանավորելու Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ի մյուս պարագլուխներին և մանրազնին հետաքննություն իրականացնելու։ Ես դեռ չեմ խոսում այն լավ հայտնի դրվագի մասին, երբ Հայաստանի այն տարիների նախագահը գաղտնի հանդիպում էր ունեցել հանցագործի հետ՝ ի դեմս թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբի պարագլուխ Ալփարսլան Թյուրքեշի, և նույնիսկ նախապատրաստվում էր Թյուրքեշի այցը Երևան։ Եթե որևէ մեկն ինձ չի հավատում, ապա հայտնեմ, որ մեր երկրում ապրում ու աշխատում է հայտնի լրագրող, թուրքագետ Հակոբ Չաքրյանը, որն այն տարիներին առաջինը տագնապ բարձրացրեց թուրք ֆաշիստների և թմրավաճառների պարագլխի հետ Տեր-Պետրոսյանի ¥ավելի ճիշտ՝ Տեր-Պետրոսյան եղբայրների. Թելմանը նույնպես մասնակից էր¤ գաղտնի բանակցությունների առնչությամբ։ Իսկ ով մտածում է այնպես, ինչպես Ա. Տեր-Թադևոսյանը, Ն. Տեր-Գրիգորյանցը, Մ. Մկրտչյանը և ես, խնդրեմ, սկսեք բարձրաձայն պահանջել, որ խիստ պատասխանատվության ենթարկվեն Լ. Տեր-Պետրոսյանն ու իր ոհմակը այն բոլոր պետական հանցագործությունների համար, որ նրանք կատարել են 1990-ական թվականներին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ