Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարզապես հայ բժշկի խիղճն է ծանր

Պարզապես հայ բժշկի խիղճն է ծանր
16.04.2019 | 00:59

Ցավալի է, բայց փաստ. առողջական տարբեր խնդիրներ ունեցող ՀՀ հպարտ քաղաքացիները ողողել են հարևան Վրաստանի հիվանդանոցները: Ինչու՞… որովհետև Վրաստանում բուժվելն անհամեմատ էժան է: Իմա` մատչելի: Այսքանը որպես ասելիքիս սկիզբ: Հավելեմ և այն, որ ստորև ներկայացվողը ո՛չ կոչ է «թավշյա հեղափոխություն» իրականացրած մեր հայրենակիցներին, ո՛չ էլ ուղերձ, այլ պարզապես տեղեկատվություն սրտային և այլ պրոբլեմներ ունեցողներին:


Ամենևին էլ գաղտնիք չէ, թե Հայաստանում որքան են տարածված տարբեր, հատկապես սրտային հիվանդությունները: Սրտի պարագայում հաճախ ելքը մեկն է` ստենտավորում: Հիվանդները, սակայն հեշտությամբ չեն դիմում այդ քայլին, որովհետև այն բավականին թանկ է, շատերին ոչ հասանելի: Ամեն մեկը չէ, որ այսօր ի վիճակի է միլիոններ վճարելու և սիրտ ստենտավորելու: Դե եկ 1 կամ 2 միլիոն վճարիր առողջությանդ համար, երբ ստացածդ…
Եզակի չեն և դեպքերը, երբ անվճարունակ հիվանդին օգնության ձեռք են մեկնում հարազատներն ու հարևանները:


Համագյուղացուս` Սամվել Շահկալդյանին, առավոտ շուտ հանդիպեցի Այգեստանի կենտրոնական փողոցում: Դանդաղ քայլում էր:
-Ինչու՞ ես խեղճացել, ի՞նչ է պատահել,- զարմացա ես: Շինարար այդ մարդուն միշտ տեսել եմ առույգ, հպարտ քայլելիս:
-Սիրտս ստենտավորել են,- եղավ պատասխանը:
-Թա՞նկ նստեց:
-Չէ, ինձ վրա էժան նստեց: Ընդամենը մեկ միլիոն, այն էլ` Թիֆլիս գնալ-գալով: Երևանում 2 միլիոն 200 հազար էին ուզում:
-Նորմա՞լ ես զգում,- հարցրի:
-Վիրաբույժը երիտասարդ տղա էր: Շա՜տ մարդկային: Երբ պարզվեց, որ պետք է տեղադրվի նաև չորրորդ ստենտը (գիտեր, որ այլևս փող չունեմ), ասաց` մի՛ անհանգստացեք, ամեն ինչ կկատարվի Ձեր ունեցած գումարի սահմաններում: Իսկ մեզ մո՞տ… Ռադիկին (մեր գյուղացի է, 50-ին մոտ մարդ-Ս.Հ.) նույնպես խորհուրդ ենք տվել, որ գնա Վրաստան:
Համագյուղացուս «իսկ մեզ մո՞տ» արտահայտությունը պտտվում էր ուղեղումս: Մտաբերեցի, թե «Իրատեսի» գեղարվեստական խմբագրի` նկարիչ Նիկօյի հետ ինչպես էին վարվել, երբ ծանր վիճակում շտապօգնությամբ տեղափոխել էին հիվանդանոց: Մինչև կինը չէր ստորագրել փաստաթուղթը` պարտավորվում է վճարել անկախ ելքից (իմա` անկախ փաստից` Նիկօն կապրի՞, թե՞ կմահանա), նրան չէին ընդունել:
ՈՒրախ էի, որ Սամվելն առողջ է, բայց տխուր էի Նիկօյի համար (կինը համոզված է, որ նա տգետ ու ագահ բժիշկների զոհը դարձավ), տխուր էի իմ երկրի համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. ՀՀ-ում ապրանքների թանկ լինելը պայմանավորում են ճանապարհածախսով. այլ երկրներից դրանք բերում են նավերով, վագոններով, ցամաքային տրանսպորտով: Հետաքրքիր է` ստենտներն է՞լ են ծանր նավերով ու վագոններով բերում: Իհարկե` ո՛չ: Պարզապես հայ բժշկի խիղճն է ծանր: Պարզապես, ինչպես ասում է «Իրատեսի» փոխխմբագիր Լիլի Մարտոյանը` նմանները ոչ թե Հիպոկրատի, այլ Հերոստրատի երդում են տվել:
Ականջդ կանչի, մեր օրերի ՀՀ գլխավոր բժշկապետ, ի՞նչ կասես այդ մասին: Ինչո՞վ կբացատրես մերոնց ագահությունն ու Վրաստանում առկա գների հետ եղած ահավոր տարբերությունը: Վատ չե՞ս զգում, որ քո երկրի (ինչպես դու ես ժամանակին ասել` «չմո երկրի») հպարտ քաղաքացին իր առողջական հարցերը լուծելու համար հասնում է Վրաստան:
Հարցս, ի դեպ, ոչ թե բժշկության որակի, այլ գումարի մասին է:

Դիտվել է՝ 11908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ