Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպե՞ս փորձանքն այդպես հեշտորեն Ֆրանսիա մտավ

Ինչպե՞ս փորձանքն այդպես հեշտորեն Ֆրանսիա մտավ
19.04.2019 | 01:21

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվեց: Այրվե՞ց, թե՞ այրեցին։ Ո՞վ համարձակվեց: Հիմա, երբ տաճարի մի մասը մոխրակույտի է վերածվել, դա արդեն էական էլ չէ: Այսօր անհնար է գտնել բանիմաց մեկին, որի հոգում Փարիզի Աստվածամոր տաճարի մոխրից չկա, որովհետև դա մարդ տեսակի ներքին սեփականությունն էր, անկախ նրանից՝ տեսե՞լ է այն, թե՞ ոչ:


Բայց ի՞նչը նպաստեց Ֆրանսիայի անուշադրությանը, ինչու՞ նա չկարողացավ պաշտպանել իր երկրի հպարտությունը, ինչպե՞ս փորձանքն այդպես հեշտորեն Ֆրանսիա մտավ:
2015 թվականի հունվարի 7-ին պետք է լույս տեսներ ֆրանսիական «Շառլ Հեբդո» (ֆր.՝ Charlie Hebdo) ամսագրի հերթական համարը, որում անդրադարձ էր կատարվելու նաև ֆրանսիացի գրող Միշել ՈՒելբեքի՝ նույն օրը լույս տեսած «Հնազանդություն» վեպին: Ամսագրի առաջին էջին զետեղված ծաղրանկարը մեկնաբանվում էր «Կախարդ ՈՒելբեքի գուշակությունները. 2015 թվականին ես կկորցնեմ ատամներս, իսկ 2022 թվականին ես արդեն ռամադանի պահքին եմ հետևում»: Ցավոք, հենց նույն օրը. «Շառլ Հեբդոյի» խմբագրությունը ահաբեկչության ենթարկվեց մուսուլման ծայրահեղականների կողմից, զոհվեց 12 մարդ, որոնց թվում՝ ՈՒելբեքի ընկերը՝ Բեռնար Մարին:


ՈՒելբեքն իր վեպով, որն անվանել է «քաղաքական ֆանտաստիկա», գուժում էր ֆրանսիական միջավայրի՝ ամեն վայրկյան մուսուլմանացման ու դրա վտանգների մասին, որին գրեթե ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Վեպում տեսնում ենք չափազանց ժողովրդավարության բերած անդառնալի վնասները. հիշյալ ճանապարհով իշխանության է գալիս մուսուլման նախագահ և գլխիվայր շրջում քրիստոնեաբար ապրող Ֆրանսիան:
ՈՒելբեքին խոսելու առիթ էր տվել ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո ահռելի ծավալների հասած ապաքրիստոնեությունը, որովհետև, սկսած այդ ժամանակաշրջանից, հարյուրավոր աղոթատեղիներ փակվեցին կամ վերածվեցին աշխարհիկ կենտրոնների:
Հավատացեք, որ ՈՒելբեքը ոչ մի նախադասությամբ չի վրիպել. Ֆրանսիան այսօր հեռու է բուն Ֆրանսիայից, տասնամյակներ շարունակ պետության կողմից հովանավորված այլասերությունը, անհասցե մարդկանց մուտքն ու դրանով պայմանավորված ներազգային հետընթացը, անբնական ժողովրդավարությունն ու մուլսուլմանացումն այդ երկիրը, ահաբեկչությունների ու լրտեսությունների առումով, խիստ խոցելի են դարձրել: Մի երևույթ, որի պտուղները օրերս քաղեց Ֆրանսիան, ավելի ճիշտ՝ ողջ աշխարհը՝ Աստվածամոր տաճարի հրդեհով. Փարիզը ծխում էր:


Ցանկացած երկրի, որտեղ ազգային պատկանելությունը մղված է երկրորդ պլան, որի ներկայացուցիչներն ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը, ամեն րոպե վտանգ է սպառնում, որովհետև կայուն ու անվտանգ է այն պետությունը, որի քաղաքացիները հայրենիքի ու հավաքականության զգացում ունեն, ինչը գրեթե իսպառ բացակայում է այսօրվա Ֆրանսիայում:
Ինչպես «Շառլ Հեբդոյի» խմբագրատան վրա հարձակումը, այնպես էլ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ապտակ էր ողջ քրիստոնյա աշխարհին, միաժամանակ սթափվելու և մտորելու հնարավորություն, ժողովրդավարության, մարդու ազատության և իրավունքների մասին ունեցած իր պատկերացումները վերանայելու հնարավորություն։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Վատիկանյան կաթոլիկությանը գերազանցող մի «կաթոլիկություն» էլ այսօր Հայաստանում է բնավորվել, որի գցած սերմերը առողջ պտուղներ չեն տալու. մեզ ավելի պիտանի սերմեր են պետք:

Դիտվել է՝ 15166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ