Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ահազանգ ենք հնչեցնում և հայտարարում՝ համահարթեցում չի՛ լինելու»

«Ահազանգ ենք հնչեցնում և հայտարարում՝ համահարթեցում չի՛ լինելու»
17.05.2019 | 00:48

Օրեր առաջ Ազգային ժողովի բակ հավեր տարած երիտասարդները «Ահազանգ» նախաձեռնության անդամներն են, որ «Մեզ հավի տեղ մի դրեք» գրությամբ պաստառներով պատգամավորներին իրենց բողոքն էին ներկայացնում հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ, մասնավորապես՝ եկամտային հարկի համահարթ սկզբունքի մասով: Երիտասարդները պահանջում են, որ կառավարությունն Ազգային ժողովից հետ կանչի հարկային նոր օրենսգրքի փաթեթը, որ հասարակության առավել բևեռացվածությանն է տանելու` հարուստին ավելի հարստացնելով, աղքատին աղքատացնելով:


Խորհրդարանի ազատագրված տարածքում հավեր բաց թողնելուց հետո էլ «Համահարթեցում չի լինելու» վանկարկումներով նախաձեռնության անդամները կառավարության շենքի առջև էին բողոքի ակցիա իրականացրել և վարչապետին ու կառավարության ամբողջ թիմին «Ահազանգ» գրությամբ դրամապանակներ «նվիրել»:
Նախաձեռնության անդամ ԱՐԳԻՇՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ խորհրդարանական մեծամասնության «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին կոչ են անում հետամուտ լինել նախագծի հետկանչմանը, քանի որ ընտրողների ձայների 70 %-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածելու այդ նույն մեծամասնությանը:


«Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65 %-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով: Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»,- ասում է Գևորգյանն ու հավելում, որ նույն հորդորով դիմում են նաև խորհրդարանական մյուս երկու ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներին՝ դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:


Մեր զրուցակիցն ընդգծում է, որ աշխարհի երկրների 95 տոկոսը հարկումը պրոգրեսիվ տոկոսով է իրականացնում, և անհասկանալի է, թե որն է համահարթեցման գնալու նպատակը, մանավանդ, որ բոլոր այն երկրները, որոնք համահարթեցման սկզբունքով են առաջնորդվել, վերադարձել են պրոգրեսիվին: Իսկ մեր հարևան Վրաստանը երկար ժամանակ է` ցանկանում է վերադառնալ պրոգրեսիվին, բայց չի կարողանում: Ըստ Գևորգյանի` կառավարությունը ներկայացնում է թանկացումների փաթեթ, որն արտահայտվելու է ակցիզային հարկի ավելացմամբ, և ամենօրյա օգտագործման մի շարք ապրանքներ թանկանալու են: Այսինքն` հարուստների եկամուտներն ավելացնելու համար լրացուցիչ բեռ է դրվելու միջին և ցածր աշխատավարձ ստացողների վրա: «Ահազանգ» նախաձեռնությունը, բացի եկամտային հարկի դեմ պայքարից, այլ օրակարգ չունի, և ակնկալում ենք, որ կառավարությունը պետք է մտածի բնակչության մեծամասնության մասին, որի ամսական եկամուտը չի բավարարում սպառողական զամբյուղը լրացնելու համար»,- հստակեցնում է նա:


Նախաձեռնության անդամներից ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ ասում է, որ պետք չէ մարդկանց հավի տեղ դնել՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով. «Մենք սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող երիտասարդներ ենք ու համոզված ենք, որ պետք է շատ եկամուտ ունեցողից վերցնել շատ, քիչ եկամուտ ունեցողներից` հնարավորինս քիչ, որ ունենանք կայացած միջին խավ, զարգացած տնտեսություն, աղքատության ցածր ցուցանիշ, այդպիսով` սոցիալական պետություն, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Իհարկե հասկանալի է, որ այս պահին գործող պրոգրեսիվ համակարգը, որը հեռու է կատարյալ լինելուց, պետք է բարելավվի: Բայց դրա փոխարեն անցյալ տարի սեղանին հայտնվեց մի նախագիծ, որը ոչ մի կերպ չես անվանի հարկային օրենսգրքի բարելավման ծրագիր: Սա մի քանի քայլ հետ է ու հակասում է հենց ներկայիս իշխանական ուժի հայտարարած նպատակներին, տնտեսական հեղափոխությանը և մեզ տանելու է դեպի հասարակության տարբեր շերտերի միջև բևեռացվածության խորացման և գործազրկության: Այս ամենը հաշվի առնելով` պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, որ այս նախագիծն օրենքի ուժ չստանա»:


Ըստ Վարդանյանի՝ կառավարությունն այն մասնագետների հետ, որոնք արտահայտում են հասարակության լայն շրջանակների շահերը, պետք է սեղանի շուրջ նստի, միասին գան ընդհանուր հայտարարի, որը չի վնասի կամ չի հարվածի բնակչությանը. «Խնդրի մասին ահազանգելու ենք այնքան, քանի դեռ չենք հասել ցանկալի արդյունքի: Ահազանգ ենք հնչեցնում և հայտարարում, որ համահարթեցում չի՛ լինելու: Առաջիկայում նույնպես շարունակելու ենք իրազեկող բնույթի ակցիաներ ու գործողություններ իրականացնել: Մեր երկրի յուրաքանչյուր ցածր եկամուտ ունեցող կամ չաշխատող բնակչի կյանքի վրա այս նախագիծը վատ հետևանքներ է ունենալու: Սակայն մարդիկ հիմնականում տեղյակ չեն սպասվող փոփոխություններից: Մեր առջև խնդիր ենք դրել հանրությանը բացատրել և ցույց տալ նախագծի հետևանքները»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ