Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տանուլ ենք տալիս շատ ավելի առանցքայինում ու այդ առանցքայինը չենք գիտակցում

Տանուլ ենք տալիս շատ ավելի առանցքայինում ու այդ առանցքայինը չենք գիտակցում
24.05.2019 | 02:23

Մայիսի 29-ին մեր սիրած թե չսիրած, մեր հիմնած թե չհիմնած, բոլշևիկյան Ռուսաստանի կամքով ազերիների վերածված մեր հարևան կովկասյան թաթարներին նվիրած թե չնվիրած Բաքվում կայանալու է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը, ու այն լինելու է առանց մեր Հենրիխ Մխիթարյանի մասնակցության:

Մի կողմ թողնենք, թե մրցակցությանը մեր ֆուտբոլիստի չմասնակցելը որքանով կազդի «Արսենալի» մարտունակության վրա, բայց այն, որ քաղաքականությունը ներխուժել է ֆուտբոլ ու առհասարակ մեծ սպորտ, պայմանավորելով շատ ու շատ բաներ, միայն այս փաստով չէ, որ պիտի իմանայինք կամ համոզվեինք:
Անկեղծ լինեմ՝ ես, որպես Մարտին Հուրիխանյան անհատ, քաղաքացի, խնդրին ուշադրություն չէի էլ դարձնի, եթե չլիներ ինձ համար ոչ կարևոր մեկ այլ, ինքնասիրությունս խորապես քրքրող հանգամանք, ու թույլ տվեք գալ մի փոքր հեռվից:


Ընդունենք, թե ոչ, խորհրդային տարիներին էլ Բաքուն անհամեմատ առաջ էր Երևանից:
Շա՛տ ու շատ բաներով:
Իսկ եթե շատ ավելի անկեղծ, այսրկովկասյան երեք հանրապետությունների մեջ մենք հետնապահի դիրքում էինք բազմաթիվ չափորոշիչներով, եթե բացառում ենք այն ոլորտները, գործունեության այն բնագավառները, որտեղ մարդկային ստեղծարար միտքն էր վճռորոշը: Խորհրդային Միության տնտեսական, քաղաքական, հասարակական կյանքում Բաքվի ունեցած առավելությունները գերազանցապես շնորհիվ նավթի էին, ու վերջինս հիմա էլ շարունակում է պայմանավորել ապշերոնյան գեղեցկուհի մայրաքաղաքով այդ երկրի առաջընթաց զարգացումը:
Հիմնախնդի՞ր է սա:
Միանշանակ:


Սակայն ոչ այն կարգի, որ կարող է թևաթափ անել:
Փառք Աստծո, մենք ունենք Արցախյան հերոսամարտ, ազատագրված Շուշի, գերությունից հետ բերված տարածքներ ու այդ ամենը անհամեմատ նվազ մարդկային, ֆինանսական ռեսուրսի պայմաններում:
Ի՛նչ է հուշում սա: Հուշում է այն, որ որտեղ մենք կազմակերպված ենք հանդես գալիս, միասնական ենք որպես ձույլ բռունցք, այդտեղ մեզ հաղթել չկա, իսկ այնտեղ, որտեղ թափթված ենք մեր պահվածքով, գործելաոճով՝ փնթի, պարտություն պարտության հետևից ենք կրում:
Անկեղծ ասած՝ պարտությունն էլ գրողի ծոցը, եթե դրանից հետևություն արվի, ինչը, ցավոք, մենք վճռականորեն չենք անում:
Տարիներ առաջ մեզանում սիրուն բան նախաձեռնվեց՝ ունեցանք համահայկական խաղերը: Սակայն ժամանակի հետ փոխանակ ազգի միասնականության դրա բաղադրիչին հավասարապես զուգակցեինք մարզականը, զուգակցեցինք բոլորովին այլ բան, ինչի հետևանքով պատրաստի գաղափարի գլխին կանգնած էշխանները այն դիտարկեցին որպես փող շինելու աղբյուր:


Սակայն գլուխը քարը, եթե սույն տականքը փող շինելով միայն բավարարվեր: Ունենալով ժամանակի իշխանության համակողմանի հովանավորությունն ու աջակցությունը, այն գաղափարը վերածեց բազեական հավաքների տիպի բանակումների՝ զրկելով այն անգամ գաղափարական կողմից: Իհարկե, եթե ես այստեղ մեջբերեմ անգլախոս երկրների համար Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպվող օլիմպիական խաղերի փաստն ու դրան այդ նույն անգլախոս երկրների կողմից գերապատվություն տալը, քան բուն օլիմպիական խաղերն են, կգտնվեն առարկողներ՝ անելով մատի ու էն անտերի ռուսական հայտնի համեմատությունը, սակայն կներեք, եթե մենք ազգ ենք ու տերություն, եթե մենք ժամանակի ու տարածության մեջ մնալու ոչ միայն խնդիր, այլև նպատակ ու ցանկություն ունենք, մեզ մեր առանցքային գաղափարներից շեղողներին ժամանակն է ազգադավ հռչակելն ու նման մոլախոտերից վերջնականապես ազատագրվելը, ազգապահպան ծրագրերի իրականացմանը լծվելը:
Մենք հաջողությամբ թաղեցինք համահայկական խաղերը որպես մարզական միջոցառում և բավարարվեցինք դրանք աշխարհի այս ու այն կողմերից ժամանած ու իրար հավանած մեկ-երկու զույգի պսակադրությամբ հիանալով, մինչդեռ այս ընթացքում Բաքուն հաջողեցրեց Համաեվրոպական առաջին օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալ (խնդրում եմ «Համաեվրոպական առաջին օլիմպիական խաղեր» բառակապակցությունը ֆիքսելուց առաջին բառի վրայից հպանցիկորեն չանցնել, քանզի այդ փաստով Ադրբեջանը նոր պատմության հիմնադիր է հիշատակվելու), հաջողեցրեց մի շարք մարզաձևերից աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ հյուրընկալող դառնալ ու հիմա էլ գալիս է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի այս եզրափակիչն իրենց համար ընդունելու, մերոնց համար այդ խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելը ճուրճուրալու փաստով:


Սակայն մենք սույն պարագայում այնքան մանկամիտ ենք մեզ դրսևորում, որ չենք հասկանում կամ չենք ուզում հասկանալ, որ Մխիթարյանի չմասնակցելու պարագան, որպես չափից ավելի մասնավոր դեպք, առժամանակ անց մոռացվելու է, իսկ որ Բաքուն մնում է համաշխարհային այդ խոշոր իրադարձության մայրաքաղաք, սեպագրվածի փաստի է վերածվում: «Սեպագրված» բառը դիտմամբ եմ օգտագործում, որ Մենուայի որդի Արգիշտիից ու նրա ժամանակակիցներից գոնե ամաչենք, իսկ եթե Մենուան Մենուա է ու նրա Արգիշտի որդին` իսկապես Արգիշտի, պիտի հազարամյակների խորքից մի պահ գան, բոլոր ազգադավներին սրածեն ու թրատեն այս խոշոր անամոթության համար ու ապա նոր գնան իրենց հանգստարաններ՝ հոգու հանգիստն առնելու:


Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղին, քանզի ֆուտբոլիստի անվտանգության համար համահավասար տագնապ ունի նաև նրան ներկայացնող թիմը, Մխիթարյանի չմասնակցելու առիթով համաշխարհային ֆուտբոլի ոչ անհայտ դեմքերից Հարի Լինեկերն ամոթանք կկարդա ՈՒԵՖԱ-ին՝ ասելով, որ եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լիներ, եզրափակիչը կտեղափոխեիք մեկ այլ երկիր՝ չմոռանալով շեշտել, որ Մխիթարյանն էլ հայկական Մեսին է, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր տարակուսանքը կհայտնի եվրոպական ֆուտբոլի համար նշանակալի այդ խաղն ինչ-որ բաքվում անցկացնելու մասին՝ մի տարածաշրջանում, որտեղից, ըստ նրա, առաջիկա երկու-երեք տասնամյակում դժվար թե մի թիմ հայտնվի, որ իրենից լուրջ կշիռ ներկայացնի։
Ասել են, ասում են ու էլի բաներ կասեն: Դրանց մեջ մեր սիրտը շոյող շատ բան կլինի: Սակայն, կներեք, եթե ձեզ դուր է գալիս, դուր է գալու հորթի այսօրինակ հրճվանքը, որից խոշոր հաշվով ոչինչ չի փոխվելու, իմ սրտի ցավերն ավելի են ահագնանում՝ բռնելով շունչս ու կոկորդս: Ախր կարո՞ղ ենք մի պահ մեզանից հասուն լինել ու հասկանալ, որ խնդիրը լոկ Հենրիխ Մխիթարյանը չէ, որ տանուլ ենք տալիս շատ ավելի առանցքային բանում ու այդ առանցքայինը չենք գիտակցում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ