Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեր հերն անիծողը

Մեր հերն անիծողը
31.05.2019 | 02:59

Երեկվանից արդեն պատմություն դարձավ Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչը: «Չելսին» դաժանագույն պարտության մատնեց «Արսենալին»՝ չորս անգամ պարտադրելով գնդակը հանել դարպասից:

Բան չունենք ասելու՝ այդ չորս անգամվա անպատվությունն «Արսենալն» անպատասխան չթողեց, սակայն դա ավելի շուտ նման էր ոչ թե հեղինակության գոլ խփելով հաշիվը թրջելու, այլ, ավելի շուտ, տակը թրջելու:
Կտրու՞կ է ասված:
Ինչ-որ տեղ նաև անպարկեշտության հետ սահմանակցումո՞վ:
Ոչինչ: Յոլա կգնան:
Բա լավ է՞, որ…
Եթե ծուռ նստենք ու շիտակ խոսենք, երեկվա «Արսենալին» ասելու ավելի կտրուկ բաներ էլ են հասնում, թեպետ հանգիստ խղճով կարող ենք և ասել՝ մե՞ր ինչ ոտքերն են թոնիրն ընկել-վառվել, որ այսպես մղկտում ենք կամ հլա դեռ նոր ենք մղկտոցը կապել: Եվ իսկապես էլ՝ խոշոր հաշվով անգլիական երկու թիմ իրար միս են կերել իրենց սիրասուն Բաքվում, վաշվիշը մեր դուռն է հասե՞լ:
Չէ՜, որքան էլ ուզում ենք մեզնից ինչ-որ բան ցրած լինել, մեկ է, բան դուրս չի գալիս, ու մեր հերն անիծողը, ստացվում է… Մխիթարյանն է՝ մեր իսկ տղեն, ով թեպետ խաղին չմասնակցեց, դրան մասնակցած յուրաքանչյուրից ավելի ուշադրության արժանացավ ու դեռ արժանանալու է շատ հասկանալի պատճառներով:

ԲԱՅՑ ԴԱ ԾԻԾԱՂԵԼԻ Է
Որպես Եվրոպայի լիգայի եզրափակչի մայրաքաղաք, Բաքուն հենց սկզբից էլ թերահավատորեն ընդունվեց լրջմիտ հանրության կողմից, որովհետև վրացու էն ասածի պես՝ где Кура, где мой до: Ասել է թե` Բաքուն ի՞նչ կապ ունի ֆուտբոլի հետ: Եվրոպական խաղարկություններում մեկ-երկու անգամ թպրտացել է ամբողջովին հրավիրյալ ֆուտբոլիստներից կազմված «Ղարաբա՞ղը», որտեղ ազեր տարրին թե բան էլ վստահում են, մարզումներին լեգեոներներին գնդակ մատակարարելն է:
Թե՞ մտածել են՝ սույն քայլով նպաստում են ֆուտբոլի աշխարհագրության ընդլայնմանը:
Բայց, ախր, սա էլ հիմնավոր փաստարկ չէ:
Ներդրում անում են մի տեղում, որտեղից արդարացված սպասելիք կա ու, ընդ որում, հնարավորինս կարճ ժամանակում: Մինչդեռ այս տարածաշրջանից, ներառյալ և մեր սիրասուն Հայաստանը (սա խոր ցավով եմ ասում) եվրոպական մակարդակի ֆուտբոլային ակումբ լավագույն դեպքում կարող է հայտնվել մի 20-30 տարի անց, իսկ դա ժամկետ է, որ ուղղակի կասկածի տակ է դնում իմ, իմ սերնդակիցների աղոտ հույսերը, թե կարող ենք պատմական այդ փաստի կենդանի ականատեսը լինել, քանզի այդքան տարի ձգելը մեր այս տարիքում արդեն իսկ հերոսություն կլինի մի երկրում, որտեղ ապրելն իսկ արդեն հերոսություն է:
Բաքվի ընտրության հարցում դեր է խաղացել բոլորովին ա՞յլ բան:
Նավթաբույր դոլարնե՞րը…


ՈՒշադրություն դարձրեք, որ սույնը դուք ասացիք:
Ինչևէ: Ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի, բայց որ Բաքուն այստեղ էլ (նկատի ունեմ խաղն ընդունելը) մեզանից առաջ ընկավ, փաստ է: Սակայն եկեք սույն հարցի վրա չծանրանանք, որովհետև եթե ծանրացանք, մենք միայն Ղարաբաղի փեշերից ենք բռնելու ու հաստատված թե չհաստատված ժողովրդավարությունից, իսկ Բաքուն` մնացած բոլոր բաներից, ու դրանից մեզ ստորացված ենք զգալու:
Բաքուն թողնելով հանգիստ՝ այս թեման վերջնականապես փակելուց առաջ ասենք, որ ՈՒԵՖԱ-ի նկատմամբ սկեպտիցիզմը գնալով խորանալու է (աչքիս ձեր ասած էն նավթադոլարներով դուք ճիշտ եք դուրս գալու), մանավանդ որ այդ մասին խոսում են անգամ մարդիկ, ովքեր սկզբունքորեն ոչնչով չեն առնչակցվում Եվրոպայի լիգայի այս եզրափակչին:
Ապացու՞յց:


Հարցի պարադոքսայնության թեման փակելու համար ձեզ բավարա՞ր է Յուրգեն Կլոպի անունը տալը, մարդու, որի գլխավորած «Լիվերպուլը» մադրիդյան «Մետրոպոլիտանոյում» հունիսի 1-ին մրցելու է «Տոտենհեմի» հետ: Մեջբերենք Կլոպի ասածն ու իսկականից փակենք Բաքվի թեման, որն աներես ճանճի պես կպել ու պոկ չի գալիս. «Եվրոպայի լիգան Բաքվու՞մ՝ դա ծիծաղելի է: Չգիտեմ թե նախաճաշին ինչ են մատուցել այն մարդկանց, ովքեր այդ հարցի լուծմամբ են զբաղվել: Գաղափար չունեմ, թե ինչպես կարելի է հասնել Բաքու, ու կա՞ն այնտեղ ուղիղ չվերթեր: Նման որոշումները պետք է լինեն շատ ավելի կշռադատված, բանական»:
Կլոպն ուրիշ բաներ էլ է ասել, սակայն դրանք նրա թույլտվությամբ շրջանցենք, որովհետև եթե 100-դոլարանոց հյուրանոցի համար մարդիկ պատրաստ են տրամադրելու 2700 դոլարից ոչ պակաս գումար, այդտեղ բանականության հետ աղերս չի կարող լինել:

ԵԹԵ ՈՉ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՆԸ
Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու եթե ոչ առաջին, ապա առնվազն երկրորդ ընդդեմ գործոնը Հենրիխ Մխիթարյանն էր: Այստեղ անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եզրափակչի առնչությամբ ՈՒԵՖԱ-ում կարող էին և գլխի չընկնել Հենրիխ Մխիթարյանի մասին կամ քիչ հավանական համարեին նրա «Արսենալի» դուրս գալը եզրափակիչ, մինչդեռ, ինչպես տեսնում եք, Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությամբ խորթ է եղել ՈՒԵՖԱ-ն կազմածների մտքի գիգանտներին, որովհետև եթե, ուրիշ բան էլ չէ, խնդրեին, ես էլ ութամյա թոռնիկիս կխնդրեի մեկ ակադեմիական ժամի տևողությամբ նրանց համար դասախոսություն կարդալ հարաբերականության տեսության հորից: Ինչևէ, իրենք չեն արել, ես էլ գլխի չեմ ընկել. հիմա ի՞նչ, արժե՞ ինձ դրա համար տանել պատի տակ ու գյուլլախորով անել, թեպետ, եթե անկեղծ, եղածի դիմաց բնավ էլ վատ գաղափար չէ:


Հասկանալով, որ Հենրիխ Մխիթարյանի կյանքը Բաքվում վտանգված կլինի, «Արսենալն» ու ֆուտբոլիստը, բնականաբար, չգնացին ռիսկի. «Դիտարկելով բոլոր տարբերակները՝ մենք հարկադրված էինք ընդունել ինձ համար ծանր որոշում՝ թիմի հետ չգնալ Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար հաճախակի չեն լինում, ու ես պետք է խոստովանեմ, որ այդպիսիները բաց թողնելը ցավալի է: Թիմակիցներիս համար երկրպագելու եմ տնից: Տուն բերեք գավաթը»:

ՉՀԱՋՈՂՎԵՑ
Գավաթը տուն բերել չհաջողվեց:
«Արսենալը» պարտվեց:
Հետին թվով կարելի է ամեն ինչ էլ ասել, որ եթե այս այսպես լիներ ու այնպես չլիներ…, սակայն նման բաները հարցի զգայական կողմն են, իսկ պատմությանը սովորաբար ի պահ է հանձնվում չոր վիճակագրությունը: Ցավոք, այն սերունդների հիշողությանն է հանձնելու երկու ակնհայտ եղելություն. առաջին՝ եզրափակչում «Արսենալը» զիջել է 1։4 հաշվով, և երկրորդ, որի մասին բավականին ծավալուն եմ եղել իմ նախորդ նյութում, եզրափակիչն անցել է Բաքվում:
Հատկապես այս երկրորդի առնչությամբ նախորդ գրածիս բան չեմ ուզում ավելացնել ու դա ոչ թե նրա համար, որ ավելացնելու բան չունեմ, այլ նրա համար, որ թեմայի արծարծումն իսկ հունից հանում է:
Այո, գավաթը տուն բերել չհաջողվեց, որքան էլ որ այդ տուն ասվածը Մեծ Բրիտանիան է, Լոնդոնը: Եվ այնուամենայնիվ, եզրափակչի այդ պարտությունը դաժան խոցում եղավ ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի համար: Մեկ այլ ֆուտբոլիստ էլ կար, որ ամեն ինչ կտար, միայն թե այդ պարտությունը չլիներ: Խոսքը աշխարհահռչակ Չեխի մասին է՝ «Արսենալի» լեգենդար դարպասապահի, որն այս խաղից հետո ավարտում է իր մրցելույթները մեծ սպորտում: Իր մարզական կարիերայի ընթացքում բազում հաղթանակներ տեսած այս հրաշալի մարզիկն իսկապես արժանի չէր մարզական կարիերայի նման ավարտի, բայց թե ի՞նչ կարող ես անել: Ֆրանսիացիները նման դեպքերի համար ասում են` սելավի, ու դա բնավ էլ մեր բարբառային «սելավ է» հասկացությունը չէ, թեպետ իր բնույթով հենց այդպիսին էլ կա, եթե անկեղծորեն խոսենք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ