Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եթե սոցիալական ցանցերի ահագնացող ագրեսիայի վրա աչք փակենք, այն մի օր իրականություն կդառնա»

«Եթե սոցիալական ցանցերի ահագնացող ագրեսիայի վրա աչք փակենք, այն մի օր իրականություն կդառնա»
07.06.2019 | 00:11

Այն բանից հետո, երբ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը նախկին իշխանություններին ու ՀՅԴ-ականներին մեղադրեց իրեն ծեծելու համար, մի խումբ դաշնակցականներ ինքնաբուխ ակցիա կազմակերպեցին: «Ես եմ ծեծել» կարգախոսով նրանք ներկայացել էին ոստիկանական բաժանմունքներ ու մեղքն իրենց վրա վերցրել: Հանրային հնչեղություն ստացած միջադեպին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասել, որ բռնությունից զերծ հանրության տեսլական պետք է ձևավորենք, իսկ Հայաստանում այսօր առկա բռնության քարոզը լուսանցքային, հետցնցումային երևույթ է: «Որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնություն գործադրող ուժերն ու անձինք, անկախ հանգամանքից՝ իշխանության, թե ընդդիմության համակիրներն են, դուրս են մղվելու հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, բոլորովին այլ գործընթաց է: Բռնության որևէ դեպք, որևէ դրսևորում, որևէ քարոզ, ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի և չպետք է ունենա: Կարծում եմ՝ այս առումով Հայաստանում կա հանրային կոնսենսուս, ու դա պետք է արտահայտվի պետական ինստիտուտների գործունեության մեջ»,- նշել է վարչապետը:


Ինչ վերաբերում է «Դաշնակցության» անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստին ծեծելուն, այս հարցում Փաշինյանն առավել քան զգայուն է: Ըստ նրա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծելու բանաձևն առաջ են քաշում այն ուժերը, որոնք 25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ժամանակ ազգային արժեքների մասին ոչ մի խոսք չեն ասել. «Իրենք թալանել են քաղաքացուն, բանակը, իրավապահ համակարգը, պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է՝ ազգային արժեքների համար եմ բռնություն կիրառել։ Եթե այդպես է՝ երեկվա ակցիայից հետո իրավապահները պետք է պարզեն՝ երկու հոգի որոշել են մարդ ծեծել ու ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական, ու այդ ամենը կազմակերպված էր։ Եթե կազմակերպված ակցիա է եղել, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ ՈՒ բոլոր այն մարդիկ, որ բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»:


ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ, սակայն, հակադարձում է Փաշինյանին՝ ակցիան որևէ մեկը չի կազմակերպել, ինքնաբուխ հավաք է եղել, որին մասնակցել են դաշնակցականներ. «Մասնակիցների ուղերձը հստակ էր, նրանք զգոնության կոչ էին անում իշխանություններին: Երկրում տևական ժամանակ, հետևողականորեն բռնության խոսք և քարոզ է հնչում, իսկ անպատժելիության, քաղաքական, իրավական գնահատականի բացակայության պայմաններում այն վերածվում է համապատասխան վարքագծի: Բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, անհանդուրժողականության, ագրեսիվ մերժումի վերաբերյալ դաշնակցության գնահատականները բազմիցս են հնչել, և արձանագրել ենք, որ այսպիսի իրականության պատասխանատվությունն իշխանություններինն է, որ պետք է սովորեն լսել ընդդիմախոսներին: Կողմ ենք օրենքի գերակայությանը, դատապարտում ենք բռնությունը և գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բռնությունը դատապարտող հայտարարությունը: Բայց նաև հստակ արձանագրում ենք, որ բռնության և ատելության կոչեր հնչում են հենց իշխանության և նրանց հարող շրջանակների կողմից: Եթե անցած մեկ տարվա ընթացքում դրա դեմն առած լինեին, այսօր այս իրավիճակը չէինք ունենա»:
Փաշինյանի հայտարարության տողատակերին անդրադառնալով՝ Իշխան Սաղաթելյանն ասում է, թե երկիրը թալանելու մասին հայտարարություն անելն անհարկի մեղադրանք է, ու իրենք չեն պատրաստվում դրան արձագանքել. դաշնակցությունը երբեք թալանի մասնակից չի եղել: Ինչ վերաբերում է ազգային արժեքներին և ազգային արժանապատվությանը, ՀՅԴ-ն դրանք միշտ է պաշտպանել, շարունակելու է պաշտպանել և այդ ուղղությամբ որևէ ոտնձգություն թույլ չի տալու:


ՀՅԴ ԳՄ մեկ այլ անդամ՝ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ընդգծելով, որ հրապարակային սպառնալիքներ են հնչում Արցախյան ազատամարտի խորհրդանիշ Պարգև սրբազանի, Արցախի նախագահի, պատերազմում մարտնչած հայորդիների հասցեին, հավելում է, որ այդքանից հետո լսում ենք իշխանությունների ակնհայտ անտարբեր, փնթի, առանձին դեպքերում նաև հրահրող կոչերը, և բնական է, որ հասարակության մեջ լինելու են նաև ընդվզումներ: Մարդիկ, տեսնելով իշխանությունների անգործությունը, գնում են իրավունքի պաշտպանության ճանապարհով, ու այդ երևույթը կարող է շարունակական բնույթ կրել: «Պետք է ժամանակին կանխվեր այն այլանդակությունը, որ հնչում էր հրապարակայնորեն, բայց իշխանությունը քար լռությամբ հետևում է ու անգամ քաղաքական հայտարարությամբ հանդես չի գալիս՝ դատապարտելու իրենց արժանապատիվ քաղաքացի համարող, բայց իրականում ոչ մի արժեքային համակարգ չունեցող անձանց: Հակառակը` թույլատրում է, հիմնավորում, թե ժողովրդավարական ճանապարհով ենք գնում, և ամեն մեկն ինչ ուզենա, կարող է ասել: Այդ ամենի պատճառով է նաև, որ հրապարակային վիրավորանքն ու սպառնալիքը դառնում են առօրյա երևույթ, հետևաբար, պատասխանն էլ սա է լինելու: Կոչ եմ անում իշխանություններին` օր առաջ վերջ տալ այս վիճակին, դատապարտել և հետևողական լինել անհանդուրժողություն և թշնամանք սերմանող վարքագծի նկատմամբ, որն այսօր տիրում է մեր երկրում»,- նշում է Մինասյանը, հավաստիացնելով, որ 130 տարվա քաղաքական ուժը բռնության որևէ տեսակ հանդուրժել չի կարող՝ անկախ հանգամանքից, թե այն ում նկատմամբ է կիրառվում:


Բռնության քարոզին դեմ են նաև խորհրդարանական ուժերը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ագրեսիայի աճի մասին բազմիցս է ահազանգել` թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ իրական կյանքում: Նրանք կոչով դիմում են գործընկերներին ու քաղաքացիներին՝ զերծ մնալ բռնության հնարավոր բոլոր դրսևորումներից, առավել ևս՝ դրանց խրախուսումից: Խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասում է, որ ցանկացած ակցիա պետք է բացառապես խաղաղ պայմաններում ընթանա և բռնության խրախուսման որևէ տարր չպարունակի: Ամեն ինչ փոխկապակցված է. եթե սոցիալական ցանցերում թույլ ենք տալիս, աչք ենք փակում ահագնացող ագրեսիայի վրա, այն մի օր անպայման իրականություն է դառնալու։ Նա նույնպես չի բացառում, որ տեղի ունեցած միջադեպը հետևանք է իշխանությունների հնչեցրած որոշակի հայտարարությունների, որոնք ագրեսիա են պարունակել։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ ևս մեկ անգամ հորդորում է՝ բոլոր հարթություններում, խոսքի մեջ բացառել ագրեսիայի դրսևորումները: Խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ էլ հավելում է, որ քաղաքական էլիտան անհանդուրժողական վերաբերմունք ունի այլակարծության ու քննադատության նկատմամբ, և դա ավելի մեծ արձագանք է ստանում սոցիալական ցանցերում: Այդ ամենի դեմն առնելու համար ամեն մեկն իրենից պետք սկսի, հատկապես իշխանությունները պետք է զգուշավոր լինեն հայտարարություններում ու գնահատականներում:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻ համար միանշանակ է՝ բռնության դեմ հանդուրժողականության ցանկացած դրսևորում պետք է բացառել, իսկ եթե նման կարգի երևույթներ նորից կրկնվեն, պետք է հարթվեն առանց բռնության կիրառման։ Ազգային ժողովի փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆՆ էլ ասում է, որ օրենքի առջև բոլորն են հավասար. «Հատվածական ու իրարամերժ գնահատականները, հասարակության, ազգի ու ժողովրդի մեջ բաժանարար գծեր մտցնելն անընդունելի են: Եթե նմանատիպ գործընթացներ կան, պետք է անկաշկանդ խոսենք դրանց մասին, հարկ եղած դեպքում՝ դատապարտենք»:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, նախքան քննարկվող թեմային անդրադառնալը, հայտնի ֆիլմից մեջբերում է անում՝ «սովետական միլիցիան ծեծին դեմ է», ապա շարունակում՝ պետք է դատապարտել բռնությունը. «Մամուլի հրապարակումները պետք է վերցնել ու գործ հարուցել։ Բռնության կոչ է նաև Արցախի նախագահի գլուխը ջարդելու հոխորտանքը: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն դատապարտեն, այլև պարզեն հետևանքներն ու կանխեն դրանք»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ