Amadinda
 

«Ինչպիսին էլ լինեն հայաստանյան պարագաները կամ ռեժիմները, մենք մեր կապը պահում ենք հայրենիքի հետ»

«Ինչպիսին էլ լինեն հայաստանյան պարագաները կամ ռեժիմները, մենք մեր կապը պահում ենք հայրենիքի հետ»
07.06.2019 | 01:14

Մայիսի 30-31-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում, Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» հայկական համայնքների բաժնի աջակցությամբ, կայացավ երկօրյա գիտաժողով «Հունաստանի և Կիպրոսի հայերը» թեմայով, որին մասնակցում էին հայ և օտարազգի 29 մասնագետ Հայաստանից, Լիբանանից, Հունաստանից, Կիպրոսից, Սիրիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Գիտաժողովի մասին մանրամասներ կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկում՝ զրուցակից ունենալով գիտաժողովի կազմակերպիչ, Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանին: Իսկ այսօր մեր զրուցակիցը Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր ՓՈԼ ՀԱՅԴՈՍՏՅԱՆՆ է:

-Վերապատվելի, Հայկազյան համալսարանի ստեղծման պատմությունը շատ հետաքրքրական է. փաստորեն, պատկառելի այս հաստատությունը ծնունդ է առել մի պարզ, գործնական նպատակից: Պատմեք, խնդրեմ, այդ մասին մեր ընթերցողին:
-Լիբանանում հայկական վարժարանները հիմնականում սկսել են հիմնադրվել 1922-23 թվականներից հետո: Մինչև 1940-50-ականները կային տասնյակ հայկական դպրոցներ: 20-րդ դարի կեսերին արդեն ակնհայտ էր, որ դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելու խնդիր կա: Մինչ այդ Կիլիկիայից եկած ուսուցիչները գիտեին իրենց անելիքը, բայց տասնամյակներ անց արդեն կար նրանց նորերով փոխարինելու բնական անհրաժեշտությունը: 1952-53 թթ. երկու Հայ ավետարանական եկեղեցի, որոնք գտնվում էին Բեյրութի կենտրոնում և Հայկազյան համալսարանին կից, հիմնել են հայ ուսուցիչ պատրաստելու երկու փոքր ծրագիր, որի շրջանակներում եկեղեցիներից յուրաքանչյուրը մեկ տարվա ընթացքում պատրաստել է 8-10 ուսուցիչ: Փորձը հաջողվել է, և որոշել են այդ հենքով ստեղծել մանկավարժական քոլեջ: Մտածել են, որ քոլեջը պիտի ունենա լուրջ ծրագիր, համապատասխանի համաշխարհային մակարդակներին, ոչ թե դառնա սոսկ ինքն իր համար մասնագետ պատրաստող հաստատություն: Եվ 1955-ի հոկտեմբերին ծնունդ է առնում Հայկազյան քոլեջը, որի հիմնական նպատակը հայկական վարժարանների համար մանկավարժներ պատրաստելն է եղել, ապա և ղեկավարներ պատրաստելը հայկական կառույցների համար: Այս տեսլականն իրականանում է շնորհիվ այն բանի, որ երկու ուժեր համախմբվում են: Մեկը Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունն էր, մյուսը՝ Ամերիկահայ ավետարանչական ընկերակցությունը: Երկրորդը ապահովել է ֆինանսական կողմը, և դա արվել է ոչ թե կազմակերպության միջոցներով, այլ երկու անհատ նվիրատուների, որոնք եղել են բնիկ հաճնցիներ: 1909-ի Ադանայի կոտորածից առաջ երկու հայ պատանի մեկնել էին Ամերիկա, որպեսզի դրամ վաստակեն ու վերադառնան Երկիր: Կոտորածից հետո, իհարկե, չեն վերադարձել, մնացել են Ամերիկայում, աշխատել, հարստացել: Մեկը Ստեփան Փիլիպոսյանն էր, որ Ֆիլադելֆիայում էր ապրում, մյուսը՝ Ստեփան Մեհակյանը, որ ապրում էր Արիզոնայում: Այս երկու Ստեփաններն են եղել քոլեջի հիմնադրման առաջին նվիրատուները: Եվ քանի որ համաշխարհային գործունեության նպատակ էր դրված քոլեջի առջև, որոշել են, որ ամերիկյան կրթական համակարգին համապատասխան ծրագիր պիտի իրականացվի այստեղ՝ անգլերեն ուսուցմամբ: Եվ երբ Հայկազյանն իր դռները բացում է, հենց առաջին ամսում սովորելու են գալիս 43 ուսանող, որոնցից 15-ը՝ ոչ հայեր: Վերջիններս միայն Լիբանանից չէին, այլև Հորդանանից, Սիրիայից, Պաղեստինից: Սա պայմանավորված էր նրանով, որ ուսուցումն անգլերեն էր, և չկար լեզվական խոչընդոտ: Շատ արագ ուսումնական ծրագիրը ծավալվում է մանկավարժությունից և հայագիտությունից անդին: Ներառվում են գիտական տարբեր ուղղություններ, 10-15 տարի անց տնտեսության, բիզնեսին առնչվող ճյուղերն են ի հայտ գալիս: Եվ Հայկազյանը դառնում է ոչ մեծ չափի համալսարանական կառույց: 1960-ականների վերջը վերելքի շրջան է եղել համալսարանի համար: Նկատի ունեմ հատկապես մանկավարժության, հայագիտության, առևտրական գիտելիքերի ուղղությունները: 1960-ականներին Հայկազյանը նաև գիտական մի փորձ է անում՝ մշակելու հրթիռային ծրագիր: Ծրագիրը կոչվում էր «Հայկազյան քոլեջի հրթիռային ակումբ»: Միջին Արևելքի առաջին հրթիռային հաջող փորձը Հայկազյանի ուսանողներն են իրականացրել, հիմնականում՝ հայ ուսանողները: Դրա համար համալսարանի պարտեզում տեղադրված է այդ ծրագրի մեկ խորհրդանիշը՝ հրթիռը՝ որպես մեր ունեցած գիտական առաջադիմության վկայություն: 1975-1990 թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով Հայկազյանը և՛ ֆիզիկապես, և՛ նյութապես ծանր վնասներ է կրում: Շրջանը վտանգված էր, և ուսանողները չէին կարողանում գալ սովորելու: Համալսարանը տեղահանվում է, հաստատվում մի փոքր շենքի մեջ՝ Բեյրութի մեկ ուրիշ կողմում: Համալսարանի այս գաղթականությունը շարունակվում է մինչև 1996 թվականը, մինչև որ Բեյրութի կենտրոնում նորոգվում է այս շքեղ շենքը, և 1997-ից սկսած Հայկազյանն ապրում է իր վերազարթոնքը: 1981-84 թթ.՝ պատերազմի օրերին ես եղել եմ Հայկազյանի ուսանող և անձնապես գիտեմ, թե ինչ վիճակում էր համալսարանն այդ ընթացքում: 2002-ի սեպտեմբերից ի վեր դարձել եմ Հայկազյան համալսարանի նախագահը և ղեկավարում եմ այն:

-Հասկանալի է, որ հայագիտությունը Հայկազյան համալսարանի կրթական ծրագրի անքակտելի բաղկացուցիչն է, բայց համաշխարհային չափանիշներին համապատասխանելու հրամայականը, ինչպես նշեցիք, համալսարանական ծրագրերում ներառել է նաև այլ ճյուղեր: Ի՞նչ հարաբերակցության մեջ են ուսուցման այդ երկու բաղադրիչները՝ հայագիտականը և ոչ հայագիտականը:
-Ի սկզբանե Հայկազյանը չի ստեղծվել որպես հայագիտական կենտրոն միայն: Եթե նպատակը մանկավարժ պատրաստելն էր, ապա մանկավարժության մեջ կան զանազան առարկաներ, որոնք ուսուցանելու համար պետք էր տիրապետել զանազան գիտությունների: Եվ որպես ոչ միայն հայկական, այլև լիբանանյան, ամերիկյան տիպի համալսարան՝ պիտի համապատասխաներ ընդունված չափանիշներին: Օրինակ, ըստ լիբանանյան կրթական օրենքի, որևէ հաստատություն չի կարող համալսարան կոչվել, եթե երեք ֆակուլտետ չունի: Մենք ունենք ավելին՝ չորսը: Սակայն հայագիտական առարկաների մասով գործում է հատուկ սկզբունք: Անկախ ֆակուլտետից՝ մեր հայ ուսանողներն ունեն պարտավորություն՝ որոշակի ծավալի հայագիտական նյութեր ընտրելու և ուսումնասիրելու իրենց կրթական ծրագրի շրջանակներում: Թեմաները տարբեր են՝ հայ գրականություն, հայոց պատմություն, հայ բանահյուսություն, Հայաստանի իրականություն, Արցախի հարց, Հայոց ցեղասպանություն և այլն: Այն հայ ուսանողը, որի կրթության ենթահողը հայկական չի եղել, և նա չգիտի հայերեն, կարող է հայագիտական նյութը ուսանել անգլերեն: Մենք ունենք նաև անգլերեն հայագիտական նյութեր, և դրանցից օգտվելու հնարավորություն ունեն նաև ոչ հայ ուսանողները:
-Կա՞ն այդպիսիք, որոնք, չլինելով հայ, հայագիտական ուսումնասիրություններ են կատարում:
-Այո՛, կան այդպիսիք: Ամեն տարի մոտ 200 ուսանող, որոնց մեծ մասը, իհարկե, հայեր են, մեր գրադարանի հայագիտական նյութերից են օգտվում: Թվում է, թե մենք սփյուռքում ենք, Հայաստանից հեռու ենք, կտրված, բայց իրական պատկերը սա է. մենք մեր ուսանողների մեջ կարողանում ենք հետաքրքրություն արթնացնել հայագիտության նկատմամբ: ՈՒսումնական ծրագրին զուգահեռ պետք է յուրահատուկ գնահատանքի արժանացնել նաև մեր հայագիտական գրադարանը: Այն գործում է առաջին տարիներից սկսած, դրանից օգտվում են ոչ միայն մեր ուսանողները, այլև շատ հետազոտողներ: Այսօր այն կոչվում է «Տերյան հայագիտական գրադարան»: Համալսարանի գործունեության մի կարևոր բաղկացուցիչ է 1970-ից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդեսը», որի համբավը շատ բարձր է ու տարածված աշխարհով մեկ: Երկրորդ այդպիսի հայագիտական հանդես դժվար է գտնել, որը հրատարակվում և խմբագրվում է սփյուռքում: Կան, թերևս, մեկ-երկու նման օրինակներ, բայց դրանք հետզհետե փոխադրվում են Հայաստան: Մենք ունենք խմբագրական կազմ, որի անդամները խմբագրում են արևմտահայերեն կամ, անհրաժեշտության դեպքում, այլ լեզուներով՝ արևելահայերեն, անգլերեն, ֆրանսերեն: Իսկ մեր ձեռքբերումների վերջին ճոխ հավելումն այն եղավ, որ 2011-ից սկսած գործում է Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը: Այնպես որ, մեր հայագիտական ծրագիրը բազմակողմանի է, համալսարանական բուն ծրագրից դուրս ունենում ենք գիտաժողովներ, դասախոսություններ:

-Հայագիտական ցանկացած ձեռնարկի մայր երակը Հայաստանն է՝ ըստ իս: Հայկազյան համալսարանը գործել է Խորհրդային Հայաստանի, ապա՝ անկախ Հայաստանի ժամանակներում, նաև վերջին հեղափոխության ականատեսն եք դարձել: Ի՞նչ կերպ են անդրադառնում հայրենիքում կատարված փոփոխությունները համալսարանի կյանքի վրա:
-Սկսեմ Խորհրդային Միության օրերից: Ես՝ որպես Հայկազյանի ուսանող, հիշում եմ, որ Լիբանանում կար որոշակի մոտիկություն և հեռավորություն Հայաստանի հանդեպ, կային այցելողներ և չայցելողներ, ընդունվածներ և չընդունվածներ Հայաստանում: Ես ուսանում էի հոգեբանություն, բայց հայագիտական բազմաթիվ դասաժամերի էի մասնակցում, շատ հայագիտական նյութեր ուսումնասիրում: Հայկազյանի մեր փորձառության մեջ մեզ համար շատ հստակ էր, որ հայրենի գրական դեմքերը, գիտնականները, նրանց հրատարակությունները, մամուլը մեզ համար կարևոր են: Ես գիտեի, որ իմ ուսումնառությունից շատ տարիներ առաջ Մորուս Հասրաթյանը Հայաստանից հրավիրվել էր և դասավանդել այստեղ ամիսներ շարունակ: Իմ տարիներին այստեղ հրավիրվել է և դասավանդել պրոֆեսոր Լևոն Հախվերդյանը: Այսինքն՝ պարբերաբար Հայկազյանում ապահովվել է հայաստանյան ներկայություն՝ առանց քաղաքական դրսևորումների: Հայկազյանը ջանում էր չեզոք, զուտ գիտական մոտեցում ցուցաբերել: Հայաստանի անկախացումից հետո Հայկազյան համալսարանն ունեցել է երեք արագ անդրադարձ: Առաջին. Հայկազյանը հիմնել է մասնաճյուղ Երևանում՝ որպես բիզնեսի դպրոց, որը գործել է երկու տարի, բայց հետո չի շարունակվել: Պարզապես ծրագիրն է սխալ եղել երևի, բայց Հայկազյանը միշտ ջանացել է երկրի վերաշինության գործի մեջ իր բաժինն ունենալ: Երկրորդ. անկախության հենց առաջին տարիներին՝ 1991-92-ին, Հայկազյանը, Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ, հայրենիքի նորաստեղծ արտգործնախարարության մեկամյա մի ծրագիր է հովանավորել, որի շրջանակներում պատրաստվել են դիվանագետներ Հայաստանի համար: Վեց հոգի են մասնակցել ծրագրին, որոնցից չորսը դարձան դիվանագետ և աշխատեցին որպես Հայաստանի դեսպաններ: Երկու տարի անց գերազանցիկ աշակերտների համար ¥հատկապես՝ բիզնեսի և քաղաքագիտության ոլորտի¤ հատուկ ծրագիր է հովանավորվել, որի շրջանակներում որոշ ուսանողներ եկել են Բեյրութ, սովորել և ավարտել են Հայկազյան համալսարանը, ապա կա՛մ վերադարձել են Հայաստան, կա՛մ մեկնել տարբեր երկրներ: 2011 թվականից հետո վերապատրաստության, պրակտիկայի մի շարք ծրագրեր են մշակվել Հայկազյանում՝ Սփյուռքի նախարարության աշխատակիցների համար: Երեք անգամ իրականացվել է ծրագիրը, որի ընթացքում նախարարությունից վեց հոգի վերապատրաստվել է մեզ մոտ: Նույն տարում մենք հուշագրեր ենք ստորագրել մի շարք գործընկերների հետ՝ Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարման պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային գրադարանի, Արցախի պետական համալսարանի, «Նորավանք» հիմնադրամի: Իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ մինչ այդ արդեն կար համագործակցություն, որովհետև, ինչպես ասացի, մենք կրթական նույն համակարգին ենք պատկանում: Միշտ լինում են փոխհրավերներ, միացյալ գիտաժողովներ, այսինքն, Հայկազյանը միշտ մտածել է, որ ինքը տալիք ունի Հայաստանին և համագործակցել է ամեն կերպ:
-Փաստորեն, բոլոր պայմաններում Հայկազյանը հայրենիքի հետ համագործակցության ձևերը գտնում է, այո՞:
-Այո՛: Ինչպիսին էլ լինեն հայաստանյան պարագաները կամ ռեժիմները, մենք մեր կապը պահում ենք հայրենիքի հետ: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանն ապրում է նոր մթնոլորտի մեջ: Այս պայմաններում ուսման, կրթական գործի փոփոխությունները տակավին հստակ չեն մեզ համար, ուստի չեմ կարող ասել, թե ինչպես մենք կկարողանանք համագործակցել հայրենիքի կրթական հաստատությունների հետ: Բայց մենք միշտ պատրաստ ենք հայրենիքի մակարդակի կերտման, բարձրացման հարցում ունենալու մեր ներդրումը, համագործակցելու բոլոր պատկան կառույցների և դրանց ներկայացուցիչների հետ: Մեզանից ավելի ուրախը չպիտի լինի, եթե Հայաստանը զարգանա բոլոր ուղղություններով՝ կենսամակարդակով, գիտությամբ, օրենքով, պետականությամբ, թափանցիկությամբ: Այս ամենը մեր երազանքն է, մեր տեսիլքն է, և մենք ամեն ինչով պատրաստ ենք նպաստելու դրան:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao