Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համահայկական խաղերից մինչև մերօրյա Բենդեր

Համահայկական խաղերից մինչև մերօրյա Բենդեր
07.06.2019 | 01:31

Օգոստոսին կտրվի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի մեկնարկը: Կազմակերպիչներն արդեն իսկ գտել են դրա առանձնացյալ սահմանումը, որը հանրությանը մատուցվում է հետևյալ բնութագրմամբ՝ լավագույնն է լինելու մինչև այժմ անցկացվածների մեջ:

Եթե լավագույնն է լինելու որակման մեջ Համահայկականի պատվարժան կազմակերպիչները նկատի ունեն Հայասատան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ակնհայտորեն չափազանցում են իրենց անելիքը, քանզի Համահայկական խաղերն ի սկզբանե էլ այդպիսին են հղացված եղել՝ մինչև գաղափարն Իշխան Զաքարյանի կողմից գողանալն ու այն որպես միջոցառում, գաղափար ոտքով-գլխով անձնական սեփականություն դարձնելը, որը համեստաբար տեղավորվում է նրա՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի համեստ կարգավիճակի տակ:


…Խաղերի հետ կապված՝ Իշխան Զաքարյանն իր տարերքի մեջ է՝ դեմքին ի պահ տված մանկական անզուսպ հիացքով: Սակայն որքան դեմքին գծագրված հիացքը անզուսպ ու մանկական, նույնքան անկյուն քշված գազանի հոտառությամբ է նա առաջնորդվել խաղերի մեկնարկի ընտրության տեղի հարցում, քանզի Արցախի անվան տակ մեզանում ի՞նչը չի կլլվել, որ քրեական օրենսգրքի դիտանկյունից մերօրյա Օստապ Բենդերի պես հարուստ կենսագրություն ունեցող մարդու կենսագրականի բազմադայլայլ էջերը չկլլվեն, մանավանդ որ դամքյաշության օրինակով նրան օգնության է հասնելու Համահայկական խաղերի սփյուռքյան դեսանտը, որը մանկական խանդաղատանքով է նայում հայրենիքում իրականացվող յուրաքանչյուր քայլի՝ մատների արանքով նայելով խնդրո նյութական բաղադրիչին ու դրա վրա ձեռք բարձրացնողներին:


Չէ, իսկապես մեկ այլ տարերքի մեջ է Զաքարենց տոհմից մեր Իշխանը:
Թվեր է, որ ներկայացնում է, աննախադեպություն է, որից խոսում է, այնքան է ինքնահմայված խորասուզված անելիքների մեջ, որ անհանգստանում է անգամ ճանապարհին սննդի կազմակերպման որակից (վերջն այդքան մարդ Հայաստանից պիտի տեղափոխվի Արցախ ու այնտեղից հետ բերվի), անհանգստանում է հնարավոր թունավորումները բացառելուց ու այս ամենում այնքան անկեղծ է, որ քիչ է մնում շերեփը վերցնի ու ամեն ղազանի գլխին անձամբ կանգնի:


Սակայն, չգիտես ինչու, նույն Իշխան Զաքարյանը պակաս ջանադրություն է հանդես բերում տեղից տեղ գնալու մի այնպիսի կարևոր բաղադրիչի առնչությամբ, որպիսին զուգարանների պարագան է, թեպետ այստեղ մարդկայնորեն կարելի է նրան հասկանալ՝ երկրում հազիվհազ է մարել աստղաբաշխական գներով ձեռք բերված բիոզուգարանների պատմությունը, որից մի այլ կարգի կրիմինալի հոտ էր գալիս, ու որը հաջողությամբ Իշխան Զաքարյանը կուլ տվեց զուգարանների հետ մեկտեղ:
Մյուս կողմից էլ Իշխանը զուգարանները հիշի, որ ի՞նչ անի՝ ինչպես խորիմաստ ձևով կարող էր հարց տալ դասականը:


Հիշի, որ Նիկոլ Փաշինյանին հիշեցնի նրա պատգամավորական տարիներից ամենատարբեր հարցերի տեսքով իրեն պատին դեմ տա՞լը:
Հիմա էլ հո թուրն էլ, թվանքն էլ Նիկոլի ձեռքին է:
Բա որ հիշեց ու ամեն Համահայկականից Իշխան Զաքարյանի կապիտալի բազմապատկումը մեջտեղ բերեց, այս անգամ Իշխան Զաքարյանը ո՞ր մկան ծակը մտնի, ո՞ր մի անշահախնդրորեն իրեն ձեռք մեկնած ընկերոջ արած նվերը հիշատակի, որ կարող է լինել հյուրանոց, ամառանոց, սատանան գիտի, թե մեկ էլ ինչ …անոց:
Նիկոլն է ու՝ վարչապետ մարդ, որ դրեց ու չորով…
Սակայն քանի դեռ Իշխան Զաքարյանի տակը չոր է, եկեք այս թեման փակենք, մարդուն թողնենք այս խաղերն ազնվորեն անցնել, գոնե այս մեկ խաղում տաշի-տուշիի կողքին դույզն ինչ մարզական գործոնն ավելացնել, հետո նոր խոսենք մնացածի մասին, մանավանդ որ ասելու ահռելի բան կա, ու միակ բանը, որ չկա, ժամանակն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ