Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դեռ «մարաղ» են մտել

Դեռ «մարաղ» են մտել
11.06.2019 | 00:42

Աբովյանի քաղաքապետի ընտրության արդյունքները դեռ երկար կքննարկվեն, սակայն էականն այն է, որ իշխանությունը կարողանա դասեր քաղել դրանից, հասկանա, որ այսպիսի կադրերով ու քաղաքականությամբ երկար չի պահի իշխանությունը։ Ակնհայտ է, որ սա պայքար էր Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, ու վերջինս «չհանձնեց» իր տարածքը։ Այլ խոսքով, «հեղափոխությունը» չհասավ Աբովյան կամ նրան հետ ուղարկեցին, մերժեցին, չնայած Փաշինյանն էլ գնաց ու քայլերթ արեց քաղաքով մեկ։


Այս կիրակի ՏԻՄ ընտրությունները ևս մեկ բանի մասին փաստեցին. ՏԻՄ-երում Փաշինյանի դիրքերը բավական թույլ են, եթե չասենք` անմխիթար։ Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն այս առումով շատ մեծ ներկայացվածություն ունի համայնքներում. ճիշտ է, նախորդ մեկ տարում համայնքապետերը «մարաղ» էին մտել, վախենալով աթոռներ կորցնելուց և իշխանության կոշտ դիմադրությանն արժանանալուց, բայց իրականում ընդամենը հարմար պահի են սպասում՝ «հին ու բարի» ժամանակներին վերադառնալու համար։ ՀՀԿ-ն էլ այս առումով հետաքրքրիր մարտավարություն է մշակել, չի շտապում նրանց գործի դնել, որպեսզի ժամանակից շուտ իշխանության «ուշադրությանը» չարժանացնի։ Ավելին, նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ում հատուկ խնայել էին նրանց։ «Հո փուռը չէի՞նք տալու միանգամից, նրանք մեզ հետո ավելի շատ են պետք»,- ասում էին ՀՀԿ-ականները։


ՏԻՄ-երում իրենց ներկայությունն ունեն նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնք ևս ամեն ինչ կանեն սեփական դիրքերը գործող իշխանությանը չզիջելու առումով։ Վերջին թարմ օրինակը Աբովյանի, Ազատամուտի, Գետարգելի ընտրություններն են, որոնք ապացուցեցին` Փաշինյանը ՏԻՄ-երում չունի լուրջ ներկայացուցիչներ, որոնք իրենց հեղինակության հաշվին գոնե 100 ձայն կհավաքեն։ Այստեղ էլ «բրենդը» հեղափոխությունն ու Փաշինյանի վարկանիշն են, իսկ վարկանիշն այդ արդեն սկսել է ընկնել։ Անշուշտ, ՏԻՄ ընտրությունների ամենամեծ «պարտիան» մեկ տարի առաջ շահեց Փաշինյանը՝ սեփական մարդուն կարգելով Երևանի քաղաքապետ, բայց այստեղ էլ իրավիճակը հուսադրող չէ, քանի որ Հայկ Մարությանի աշխատանքից դժգոհողների թիվն օր օրի ավելանում է, իսկ դա ավելի վատ հետևանք է ունենալու, քան այլ քաղաքական ուժի ներկայացուցչի պարագայում կլիներ։ Գոնե քննադատության մի թիրախ կլիներ, որի վրա կարելի էր բարդել մայրաքաղաքային խնդիրների ծանրությունը։


Այնպես որ, ունենալով լիարժեք մենատիրություն գործադիր և օրենսդիր իշխանությունում, Փաշինյանը խնդիր ունի տեղական ինքնակառավարման մարմիների վերահսկողության հարցում, դա նշանակում է, որ իշխանությունը «ցնցող», առաջին ծիծեռնակները կարող են հենց ՏԻՄ-երը լինել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ