Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ կտա մեզ այս «Եվրոպան»

Ի՞նչ կտա մեզ այս «Եվրոպան»
11.06.2019 | 01:24

Եվրո 2020-ի որակավորման փուլի խաղերի երրորդ տուրն էլ դարձավ պատմություն։ Ինչ խոսք, որ առջևում անցնելիք բավական երկար ճանապարհ կա, բայց այն, ինչ պիտի ուրվագծվեր, ցուցանելով ուժերի ռեալ հարաբերակցությունը, խոշոր հաշվով արդեն իսկ ցուցանում ու ցուցանվում է։ Այնպես որ գրանցված արդյունքի առումով խմբերով մեր անցնելը պիտի որ ֆուտբոլասերին առանձնակի անակնկալ փաստի կամ փաստերի առաջ չկանգնեցնի։

J ԽՈՒՄԲ
Բնականաբար, մեր անդրադարձը սկսենք մեր հավաքականի մրցելույթից՝ թեկուզ այն կողմնապահությամբ, որ սեփական շապիկը սեփական մաշկին առավել մոտ է։
Հուրախություն բոլորիս, J խմբում հանդես եկող մեր ընտրանին տարավ իր անդրանիկ հաղթանակը։ Ֆինլանդիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներից կրած պարտություններից հետո սա, հարկավ, հաճելի նորությունների կարգից է, որքան էլ այն, իրատես լինենք, խմբայինից դուրս գալու հեռանկարներ մեր առջև չի բացում։ Հույսը, բնականաբար, լավ բան է, ու այն երբեք և ոչ մի պարագայում չի կարելի կորցնել, բայց իրականության զգացողությունը կորցնելն էլ մի բան չէ։ Այնպես որ, անկեղծ լինենք, մեր հավաքականը կայանալու բավականին երկար ճանապարհ պիտի անցնի եվրոպական մակարդակում իրենից քիչ թե շատ լուրջ բան ներկայացնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ շատ կարևոր նախապայմաններ կան, որոնք այսօր-վաղը լինելիք բան չեն, որքան էլ արագացված տեմպերով գործենք։ Հայաստանի ֆուտբոլային տնտեսությունը այնպես չի ավերված ու ապականված, որ կարողանանք մոտ հեռանկարի հույսով ապրել։ Պահանջվում է համառ, տքնաջան ու տիտանական աշխատանք։


Ինչ վերաբերում է կոնկրետ խաղին, հաղթել ենք 3։0 հաշվով, հաղթել ենք մի մրցակցի, որը սկզբունքորեն ֆուտբոլային Եվրոպայում նույնքան հզորություն ունեցող թիմ է, որքան մերը։ Ցավալի է, հարկավ, այս մասին այսպես ասելը, սակայն այսպիսին է դառը ճշմարտությունը, ու որքան արագ մեր գլխից վանենք մեծամտական հովերը, այնքան ավելի արագ կլինի ֆուտբոլային մեր տնտեսության կայացումը։
Հաղթանակն այս, ինչ խոսք, մեզ հնարավորություն չտվեց բաժանվելու աղյուսակային հինգերորդ հորիզոնականից, սակայն հավաքականի անվան դիմաց գոնե հնարավորություն տվեց զրոյից վեր թվային արտահայտություն ունեցող նիշ ունենալ, ու սա արդեն իսկ լավ է։
Պարզից էլ պարզ է, որ հաղթանակը եղավ ներդրված մեծ ջանքերի արդյունքում։ Պարպվեցի՞ն մերոնք այս խաղում, թե տակը մի բան մնաց առաջիկա մրցակցության համար՝ ցույց կտա Հունաստանի հավաքականի հետ արդեն այսօր իսկ սպասվելիք դիմակայությունը։ Սեփական հարկի տակ իտալացիներից երեք անպատասխան գնդակի տարբերությամբ կրած պարտությունը հույներին հարկադրելու է ողջ կատաղությամբ ընկնելու մեր ջանին, բայց դե մերոնք էլ հաղթանակի համն արդեն առել են, ու, ինչ իմանաս, մեկ էլ տեսար... Մի խոսքով, սպասենք իրադարձությունների զարգացումներին ու հուսանք, որ դրանք մեզ համար բարեբաստիկ կլինեն։
Որոշակիորեն անակնկալների շարքից պիտի համարել ֆինների ընտրանուց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի կրած պարտությունը, բայց փաստը մնում է փաստ, որ ֆինները սեփական հարկի տակ զորել են 2։0 հաշվով առավելության հասնելու հյուրերի նկատմամբ ու վեց միավորով բնավորվելու երկրորդ հորիզոնականում։ Բացարձակ արդյունքով խմբայինը գլխավորում են իտալացիները։

A ԽՈՒՄԲ
Երկու խաղից հետո առաջատարությունը վեց միավորով խլած Անգլիայի ընտրանին տուրի հանդիպումը բաց էր թողել այն պատճառով, որ Ազգերի լիգայում երրորդ տեղի համար մրցավեճի էր բռնվել Շվեյցարիայի հավաքականի հետ ու, ի դեպ, հաղթանակ տոնել։ Այստեղ երկրորդ հորիզոնականում սեփական հարկի տակ 2։1 հաշվով Բուլղարիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տոնած Չեխիայի ընտրանին է։ Ինչ վերաբերում է Չեռնոգորիա-Կոսովո մրցավեճին, այն ավարտվել է 1։1 հաշվով։

B ԽՈՒՄԲ
Լիտվա-Լյուքսեմբուրգ դիմակայությունում գրանցվել է բառի բուն իմաստով մարտական ոչ-ոքի, պարտությունից խուսափողները եղել են տանտերերը, որոնք երկրորդ խաղակեսի ավարտին, առաջին խաղակեսի հանգույն, ևս մեկ ֆուտբոլիստով պակաս են մնացել՝ հանդիպումն ավարտելով ինը հոգով։
7 միավորով խմբայինի առաջատարի պարտականությունները ստանձնած ուկրաինացիները 5։0 հաշվով պարտության են մատնել սերբերին։
Երկրորդ հորիզոնականում չորս միավոր ունեցող լյուքսեմբուրգցիներն են։
Ինչ խոսք, որ այս խմբի պոտենցիալ առաջատարը երկու խաղից հետո երկու միավոր ունեցող Պորտուգալիայի ընտրանին է, որը Ազգերի լիգայի եզրափակչում կիրակի մրցեց Հոլանդիայի հավաքականի հետ ու առավելության հասավ նվազագույն հաշվով՝ տիրանալով գավաթին։

C ԽՈՒՄԲ
Էստոնիա-Հյուսիսային Իռլանդիա դիմակայությունում տանտերերը մոտ էին առաջին միավորը վաստակելուն ու համարյա անակնկալի հեղինակ էին դառնում, սակայն խմբի առաջատարը կարողացավ ոչ միայն հաշիվը հավասարեցնել, այլև կամային հաղթանակ տոնել՝ երեք խաղից հետո միավորների թիվը հասցնելով իննի։ Իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Գերմանիայի ընտրանին՝ մրցակցին՝ Բելառուսի ընտրանուն, հարկադրելով երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից։
Այս խումբը ներկայացնող Հոլանդիայի ընտրանու մասին փոքր-ինչ վերևում ասել ենք, հավելենք միայն, որ այն երկու խաղից հետո ունի երեք միավոր ու երրորդ հորիզոնականում է։

D ԽՈՒՄԲ
Առաջատար Իռլանդիայի ընտրանին երրորդ տուրում կորցրեց առաջին միավորները, և նրան ոչ-ոքիով բավարարվելուն պարտադրեց Դանիայի հավաքականը, որն այս մրցակցությունում տանտիրոջ կարգավիճակում էր։
Չորս միավորով երկրորդ հորիզոնականում շարունակեց մնալ Շվեյցարիայի ընտրանին, որը, վերևում ասել ենք, մասնակցում էր Ազգերի լիգայի մրցաշարին ու երրորդ տեղի համար պայքարում 11-մետրանոցներով զիջեց անգլիացիներին։ Այստեղ, մեր հանգույն, առաջին միավորները վաստակեցին մեր հարևան վրացիները՝ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ տնային մրցակցությունում առավելության հասնելով 3։0 հաշվով։ Նկատենք, որ հաշվի մեջ էլ են վրացիները նույնությամբ մեզ կրկնել։ Մերոնց նկատմամբ նրանց ունեցած միակ առավելությունն այն է, որ նրանք երրորդ տեղում են, մերոնք՝ հինգերորդ։

E ԽՈՒՄԲ
Երեք թիվը կրկնվել է այսրկովկասյան նաև երրորդ հանրապետության ընտրանու խաղում միայն այն տարբերությամբ, որ ազերիներն այդքան անգամ գնդակը հանել են սեփական դարպասից՝ հյուրերի դարպասը կարողանալով գրավել միայն մեկ անգամ։ Այս հաղթանակը հունգարացիներին հնարավորություն է տվել վեց միավորով գլխավորելու մրցաշարային աղյուսակը։
Նույնքան միավորով երկրորդ տեղում են խորվաթները, որոնք հյուրընկալելիս 2։1 հաշվով պարտության են մատնել ՈՒելսի ընտրանուն։ Նկատենք, որ նախորդ տուրում նույնպիսի հաշվով խորվաթները հաղթել էին Ադրբեջանի հավաքականին։

F ԽՈՒՄԲ
Ակնհայտ հետնապահի՝ Ֆարերյան կղզիների ընտրանու նկատմամբ Իսպանիայի հավաքականի 4։1 հաշվով արտագնա հաղթանակը հարկավ կարելի է չափից ավելի համեստ հաշվով հաղթանակ համարել իսպանացիների համար, որոնք հպարտ միայնության մեջ բացարձակ արդյունքով գլխավորում են խումբը։
Երկրորդն այստեղ Մալթայի ընտրանու նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակի հասած Շվեդիայի հավաքականն է։
Խմբային հանդիպումներից նշենք և տնային մրցակցությունում նորվեգների ոչ-ոքին ռումինացիների հետ՝ 2։2։

G ԽՈՒՄԲ
Ինը միավորով առաջատարությունը ստանձնածը Լեհաստանի ընտրանին է, որը արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել չորս միավորի վրա մնացած Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ։
7 միավորով նրանց հաջորդում են իսրայելցիները, որոնք արտագնայում հույսի նշույլ իսկ չեն թողել լատվիացիներին՝ 3։0։
Խմբային մյուս՝ Ավստրիա-Սլովենիա մրցակցությունն ավարտվել է առաջինների նվազագույն հաշվով հաղթանակով։

H ԽՈՒՄԲ
Ամենախոշոր անակնկալն արձանագրվել է Թուրքիա-Ֆրանսիա դիմակայությունում, որտեղ տանտերերը 2։0 հաշվով պատժել են հյուրերին ու ինը միավորով ստանձնել խմբի առաջատարությունը։ Ֆրանսիացիները մնացել են ունեցած վեցով, նույնքան միավորով նրանց ընկերակցելու են եկել իսլանդիացիները, որոնք նվազագույն հաշվով ծնկի են բերել Ալբանիայի հավաքականին։
Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաև խմբային մյուս՝ Մոլդովա-Անդորրա դիմակայությունում։

I ԽՈՒՄԲ
Առաջատարը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնած Բելգիայի ընտրանին էր, որը շանս իսկ չտվեց ղազախներին՝ 3։0։
Խոշոր հաշվով հաղթանակի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականը, սակայն մրցակիցը չափից թույլ Սան Մարինոյի ընտրանին էր՝ 9։0, այնպես որ, ռուսների զվարճության մեջ արտառոց բան չպիտի տեսնել։
Ռուսները վեց միավորով երկրորդ հորիզոնականում են։ Նույնքան միավոր ունեն շոտլանդացիները, որոնք տնային խաղում 2։1 հաշվով առավելության են հասել Կիպրոսի հավաքականի նկատմամբ։

ՈՐՊԵՍ ԱՎԱՐՏ
Խիստ ընդհանրական գծերով այսպիսին էր Եվրո 2020-ի որակավորման փուլի խաղերի երրորդ տուրը, որի չորրորդն արդեն իսկ երեկ էր, շարունակությունը՝ այսօր։ Մեծ դադարների արանքում ահա այսպիսի արագացված տեմպեր։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ