Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան ստացավ С-400-ները, ինչի՞ համար է սկանդալը

Թուրքիան ստացավ С-400-ները, ինչի՞ համար է սկանդալը
14.07.2019 | 14:15

Ռուսաստանը սկսեց հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային: Կողմերը 2,5 միլիարդ դոլարի գործարք են կնքել դեռ 2017-ին: Գումարի մի մասը Թուրքիան կվճարի, մյուս մասը՝ կստանա ռուսական վարկով: Թուրքիայի գնումը լարվածություն է հարուցել Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում: Թուրքիայի ՊՆ նախարարությունը ուրբաթ օրը տեղեկացրեց, որ Անկարայի մերձակա Մյուրտեդ ավիաբազա են հասել С-400-ի առաջին մասերը: Տեղեկությունը հաստատեց ռուսական ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:
С-400-ը համարվում է աշխարհում ամենակատարյալ հակահրթիռային համակարգերից մեկը, կարող է միաժամանակ խոցել 80 նպատակակետ, ոչնչացնել տարբեր օդային օբյեկտներ՝ դրոններ, ինքնաթիռներ, հրթիռներ:


Ինչու՞ С-400-ների մատակարարումը Թուրքիային սկանդալ հարուցեց:
ԱՄՆ-ը համաձայն չէր ՆԱՏՕ-ի իր դաշնակցի` ՌԴ-ից С-400-ներ գնելու որոշմանը և Վաշինգտոնը զգուշացրել էր Անկարային հնարավոր պատժամիջոցների մասին, եթե գործարքը կայանա: ԱՄՆ-ը պահանջում էր Թուրքիայից հրաժարվել С-400-ներից հօգուտ Patriot համակարգերի: Վաշինգտոնը պնդում է, որ С-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանական ցանցի հետ և կարող են սպառնալիքի տակ դնել ամերիկյան Lockheed Martin F-35 կործանիչները, որ Թուրքիան օգնում է արտադրել և ծրագրում է գնել: Ամերիկացիները զգուշանում են, որ ռուսների մասնակցությունը թուրքական հակաօդային պաշտպանության կազմակերպմանը, որ աշխատում են նույն տարածաշրջանում, ինչ F-35-ները, կօգնի ռուսական հետախուզությանն արժեքավոր տեղեկություններ ստանալ: Անկարան մերժեց զգուշացումները և հայտարարեց, որ չի հրաժարվի գործարքից և երկու երկրների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի վատացան: Թուրքիան ասում է, որ բազաները, որտեղ տեղակայվելու են С-400-ները, հեռու կլինեն նրանցից, որտեղ տեղակայվելու են F-35-ները:
Հունիսի վերջին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները հանդիպեցին Օսակայում, G20-ի սամիթում: Հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն հայտնեց, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանի С-400-ների պատճառով: Դոնալդ Թրամփը հրապարակավ ասաց, որ հրաժարվել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գաղափարից, ԱՄՆ-ը բախվել է ՙբարդ իրավիճակի՚ Թուրքիայի ու Ռուսաստանի գործարքի պատճառով և հավելեց, որ պատժամիջոցների հարցը դեռ կքննարկվի: Հնարավոր պատժամիջոցներից է F-35 կործանիչների վաճառքից հրաժարվելը: Անկարան ծրագրում էր 100 կործանիչ գնել, ավելին՝ մասնակցում էր կառուցմանը: Թուրքական ձեռնարկությունները կործանիչների համար արտադրում են մասեր, որոնք բարդ է փոխարինել: Թրամփը ցավակցեց Էրդողանին ու մեղադրեց Բարաք Օբամային, որ Թուրքիային առաջարկել է Patriot համակարգերի գնման ոչ շահավետ պայմաններ:


Ինչու՞ Թուրքիան ընտրեց С-400-ները:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանակին հայտարարում էր, որ ռուսական համալիրներն ընտրվեցին, երբ ամերիկյան ու եվրոպական արտադրողները հրաժարվեցին իրենց արտադրանքը մատակարարել Թուրքիային ձեռնտու պայմաններով: 2013-ին ամերիկացիները Թուրքիայում իրենց Patriot զենիթային համակարգերը տեղակայեցին՝ Սիրիայից պաշտպանվելու համար: Սակայն 2015-ին սկսեցին դուրս բերել՝ բացատրելով, որ Սիրիան այլևս սպառնալիք չէ: Թուրքիան մնաց առանց հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի: Մի քանի տարի Անկարան բանակցում էր Patriot համակարգերի համար, բայց մի քանի պատճառներով ձախողվեց: Պատճառներից մեկն էր, որ ամերիկացիները համաձայն չէին թուրքերին փոխանցել տեխնոլոգիաները, որ նրանց պետք էին սեփական զենիթահրթիռային համակարգեր հավաքելու համար: Համաձայնե՞լ է Ռուսաստանը իր տեխնոլոգիաները փոխանցել՝ հարցը բաց է մնում: ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը ասում էր, որ տեխնոլոգիաների հարցը չի քննարկվում: Էրդողանը հայտարարում էր, որ թեպետ պայմանագրի առաջին փուլում չի ծրագրվում համակարգերի համատեղ արտադրություն, ինքը հույս ունի, որ երկրորդ փուլում կսկսվի:


Ի՞նչ կասի Վաշինգտոնը: BBC-ի ռազմական մեկնաբան Ջոնաթան Մարկուսը գտնում է, որ դա լուրջ բարդություններ կհարուցի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում իր կարևոր դաշնակցի միջև: ՆԱՏՕ-ի անդամը համար Ռուսաստանից նման զենքի գնումը գրեթե աննախադեպ է: ԱՄՆ-ը արդեն դադարեցրել է իր ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային և թուրք օդաչուների ուսուցումը: Նախատեսում է Թուրքիայի հեռացումը այդ ծրագրից: Անկարան մասնակցում է F-35 կործանիչների արտադրությանը և պետք է դառնար այդ ինքնաթիռների սպասարկման տարածաշրջանային բազա: Թուրքիայի նախագահ Էրդողանը, կարծես, հավատում է, որ չնայած Պենտագոնի բարձրագոչ հայտարարություններին, Դոնալդ Թրամփն այդքան թշնամաբար չի տրամադրված ռուսական հրթիռների գնմանը: Սա Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությւոնների լուրջ քննություն է:
BBC


Հ.Գ. Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Էսփերը և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հեռախոսել են, քննարկվել է Թուրքիա ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը՝ հայտնել է Habertürk-ը: Աքարը նշել է, որ S-400 համակարգերի ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ՝ անհրաժեշտություն, քանի որ օդային պաշտպանության տեսանկյունից Թուրքիան խոցելի է: Անկարան գնահատում է նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը և շարունակում է մտածել այդ ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ S-400-ների մատակարարումն ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիքորոշման մեջ որևէ բան չի փոխում: ԱՄՆ մի քանի սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Մենք կոչ ենք անում նախագահին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, ինչպես դա պահանջում է «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը»,- նշված է սենատորների հայտարարության մեջ: Օրենսդիրները կողմ են Թուրքիայի դուրս բերմանը F-35 ծրագրին մասնակցող երկրների ցանկից: Փաստաթուղթը ստորագրել են հանրապետականներ Ջիմ Ինհոֆը, Ջիմ Ռիշը և դեմոկրատներ Ջեկ Ռիդը և Բոբ Մենենդեսը: Վաշինգտոնը հույս ունի, որ երկու երկրների հարաբերությունները չեն տուժի ներկայիս սառեցման պատճառով, սակայն, ըստ սենատորների, կարգավորում պետք չէ սպասել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարեցրել շփումները Մոսկվայի հետ:
Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթ օրը օրինագիծ է ընդունել 2019-ի պետական բյուջեի օրենքում փոփոխություններ անելու մասին: Օրինագծի հոդվածներից մեկը ենթադրում է պաշտպանությանը հատկացվող ծախսերի ավելացում: 150 մլն մանաթ հավելյալ գումար կուղղվի «Պաշտպանական ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերին: Ընդանուր ծավալը կկազմի 3 մլրդ 187 մլն 618 հազար մանաթ (մոտ 1.88 մլրդ դոլար): Ադրբեջանի հավելյալ ծախսերը պաշտպանության ոլորտում ընթացիկ տարում կավելանան 4.9 տոկոսով: Գուցե Բաքուն էլ է ուզում S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, չէ՞ որ Մոսկվայի համար դա բիզնես է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ