«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Իվանիշվիլին կասեցնում է հայկական սցենարը Վրաստանում

Իվանիշվիլին կասեցնում է հայկական սցենարը Վրաստանում
22.07.2019 | 10:41

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել Վրաստանի հասարակական հեռուստատեսության 1-ին ալիքին: Առաջ՝ մեկնաբանելով Թբիլիսիում հունիսի 20-21-ի իրադարձությունները՝ նա հայտարարում էր, որ պատրաստ են 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Քայլը ունիկալ էր, որովհետև պարտադրված էր ընդդիմության բողոքներով, որ թեժացնում էին հակառուսական հիստերիան և մատնացույց անում Աբխազիան ու Հարավային Օսեթիան:

Բայց դեռ հունիսի 13-ին ընդդիմադիր 20 կուսակցությունների ներկայացուցիչներ խորհրդարան էին ներկայացրել 300 000 ստորագրություն՝ պահանջեով անցնել համամասնական ընտրակարգի 2020-ին, թեպետ իշխող կուսակցությունը հայտարարում էր, որ նախաձեռնությունը մտադիր են քննարկել 2024-ից ոչ շուտ: Այսինքն՝ Իվանիշվիլին նահանջեց: Գուցե ապագայում պատմաբանները մանրամասն ուսումնասիրեն՝ հատկապես ո՞վ, ո՞ր ուժը ցուցարարներին դրդեց ներխուժել խորհրդարան, որը հետո հիմք տվեց իշխանությանը պետական հեղաշրջման մեղադրանք ներկայացնել ընդդիմությանը և ուժ կիրառած ՆԳՆ ներկայացուցիչներին համարել պետականության պաշտպաններ: Այդ շրջանում The New York Times-ը գրում էր. «Ընդդիմությունը փողոցում արտահայտում էր իր կատաղությունը ինչպես Ռուսաստանի նկատմամբ, այնպես էլ Վրաստանի իշխանության»: Անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր էին հնչում՝ համամասնական ընտրակարգով: Բայց իրադարձությունները ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի տարակուսանքն էին հարուցել: Նրա խոսքով՝ ռուս պատգամավոր Սերգեկ Գավրիլովի «պրոբլեմը», որ նստել էր խորհրդարանի նախագահի աթոռին, բողոքների զարգացումը Վրաստանում տարավ «հայկական սցենարով»: Նրանք բացառապես կողմնորոշված էին գործող իշխանության դեմ պայքարի: Բայց հետո հայտնվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, որում նա Ռուսաստանն անվանում էր «թշամի ու օկուպանտ», որ ամեն ինչ տեղափոխեց միջպետական հարաբերությունների հարթություն և ուրվագծեց նրա նահանջը դեպի արմատականներ: Դրանից հետո Մոսկվան վճռեց դադարեցնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Կա վարկած, որ Զուրաբիշվիլին պատրաստվում էր հակախաղ սկսել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Վրաստանում հայտնվելու դեպքում: Որոշ փորձագետների կարծիքով՝ խաղադրույքը նաև «Վրացական երազանքի» տորհման վրա էր: Գուցե ապագայում նոր մանրամասներ հայտնի դառնան այդ պահին ստեղծված քաղաքական իրավիճակից, որ բացահայտորեն իր ռեժիսորն ուներ: «Ռուսաստանի գործոնը դարձավ այդ ճգնաժամի տրիգերը, բայց ոչ պատճառր, -գրում էր Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը:- Պատճառը ներքին քաղաքականության խիստ բևեռացումն էր, որտեղ ընդդիմությունը խաղարկում էր ռուսական խաղաքարտը՝ վարկաբեկելու կառավարությանը»: Ինձ թվում է՝ 2018-ի գարնանը՝ նախագահական ընտրությունների նախօրյակին, «Վրացական երազանքի» ղեկավարմանը վերադառնալու Իվանիշվիլու որոշումը, որ հիմա համարվում է «երկրորդ գալուստ ապոկալիպսից հետո», պատահական չէր: Ինչպես օտարեկրուհի Զուրաբիշվիլիի առաջադրումը նախագահի թեկնածու: Հիմա Իվանիշվիլին հերթական քայլն է անում՝ հայտարարելով, որ պատրաստ է 2020-ի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնել: Դա ոչ միայն հանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման սուր հարցը, այլև բողոքական շարժումից հետ քաշեց ընդդիմության շատ ղեկավարների, որ իրենց քաղաքական հեռանկարները կապում էին բացառապես նոր ընտրությունների հետ: Իշխանության վրա նրանց ճնշումը թուլացավ:


Բացի «Գավրիլովի կազուսը»՝ Վրաստանում իրավիճակի ապակայունացման ևս մեկ սկանդալ ձեռնարկվեց «Ռուսթավի-2» հեռուստաալիքի միջոցով: Դա այն իրավիճակում էր, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը պահպանում է երկրի վերահսկողությունը, իսկ ցուցարարներին մնացել է վերջին պահանջը՝ հեռացնել ՆԳՆ նախարար Գեորգի Գախարիային, ում մեղադրում էին բողոքի ակցիան հուլիսի 20-ին դաժանորեն ցրելու մեջ: Մոսկվան, նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, փակեց Վրաստանի դեմ պատժամիջոցների թեման: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի խոսքով՝ «ՌԴ նախագահը զսպվածության կոչ արեց և արտահայտվեց հօգուտ հավասարակշռված մոտեցման՝ ղեկավարվելով նաև մեր շահերով, և ինչպես ինքն ընդգծեց՝ «հարգելով վրաց ժողովրդին»: Նշվեց, որ «ռուսական կողմը նախկինի պես տրամադրված է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»: Եվ այստեղ «անսպասելի» Ստրասբուրգի դատարանը փոխում է «Ռուսթավի 2»-ի սեփականատերերին՝ նախորդ ղեկավարության հրաժարականից հետո: Վրացի քաղաքական գործիչներից մեկի խոսքով՝ «իշխանությունները երկսենյականով «խրուշչովկայի» պես վերաձևակերպեցին հեռուստաալիքը»: Հենց այս իրավիճակում Բիձինա Իվանիշվիլին գնաց հարցազրույցի և 3 հիմնական դրույթներ առաջադրեց: Առաջին՝ Գախարիայի հրաժարականը պահանջում է միայն «Ազգային միասնական շարժումը»: Երկրորդ՝ «նա, ով դեմ է Ռուսաստանի հետ առևտրին, անխելք տհաս է և Վրաստանի թշնամի»: Գավրիլովի այցը և հաջորդած իրադարձությունները արհեստականորեն «ուռճացված թեմա» են: Երրորդ՝ անոնսեց վրացական քաղաքականություն ձեռներեց Մամուկա Խազարաձեի մուտքը: Ապագա խորհրդարանական ընտրություններում, Իվանիշվիլիի խոսքով, «Վրացական երազանքը» պատրաստ է կոալիցիայի բոլորի հետ՝ բացի «Միասնական ազգային շարժումից», բայց ինքը խաղը դնում է հաղթանակի վրա: Մնացած հարցերում վրացիներին խոստացվեց, որ «վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ էր»: Իսկ այսօ՞ր: Վրաստան online պորտալը մեջբերում է միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Գեորգի Գաբրոնաձեին. «Մեր երկրում քաղաքական դասը շատ թերզարգացած է՝ նրա ձևավորումն ավարտված չէ: Մենք շատ հեռու ենք եվրոպական կուսակցական համակարգից: Քաղաքական դասը շատ քիչ քաղաքական գործիչներից է կազմված: Նրանց քաղաքական պայքարը «զրոյական արդյունքի խաղ է», կարծես նրանցից հետո այս երկիրը գոյությունը չի շարունակելու: Մոտենում է ընտրական տարին, կլինի սենտիմենտների, հույզերի խաղ, երկու ուժերն էլ կջանան հակառակորդին դիվայնացնել, չզարմանաք, եթե միմյանց մեղադրեն երկրորդ գալուստի և հակաքրիստոսի ծննդյան նախապատրասության մեջ, որովհետև մեր քաղաքական մշակույթը ավելիին ընդունակ չէ: Այդ ընթացքում հասարակությունը ստանում է լրացուցիչ արմատականացում, նյարդային իրավիճակ, իսկ տնտեսությունը՝ շոկ՝ այն տեսակետից, որ ընտրություններից առաջ ստեղծում են քաղաքացիական պատերազմի, հեղափոխության կամ ինչ-որ այլ տարօրինակ սպասումներ: Մենք ոչ մի կերպ դուրս չենք գալիս փրկչական հռետորաբանությունից: Հիմա էլ ենք այդ ճանապարհով գնում: Մեկ օրինականացնում ենք, որ մենք Աստվածամոր ճակատագրին ենք, կարծես մինչև հիմա պարծենալու ոչինչ չունեինք: Մեկ դպրոցներ ենք վերադարձնում «Մայրենի լեզուն», որ առանձին հարց է՝ պե՞տք է մեզ դպրոցներում 1868-ին գրված դասագիրքը, և այդ որոշումը իրականում ինչի՞ն ծառայեց: Մեկ գնում ենք սուրբ Նինոյի ճանապարհով, մեկ՝ Մովսեսի ճանապարհով»: Հավելելու ոչինչ չունեմ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ծանոթ իրավիճակ է, չէ՞՝ կուսակցությունների մասով: Փաստացի՝ Հայաստանում ևս չկա կայացած կուսակցական համակարգ և մեր քաղաքական մշակույթը ևս ավելիին ունակ չէ՝ քան մրցակիցների դիվայնացումը՝ ծրագրերի հանրայնացման փոխարեն: Բայց կուսակցություններն այն են, ինչ պահանջում է ու ի վիճակի է ընկալել հասարակությունը: Փաստացի՝ մենք չձևավորված հասարակություն ենք, որ պատրաստ չէ իրական ընտրության՝ ոչ ընտրելու, ոչ ընտրվելու ու մեծ մխիթարություն չէ, որ հարևան Վրաստանն էլ է այդ վիճակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao