«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Էս ի՞նչ ենք անում

Էս ի՞նչ ենք անում
23.07.2019 | 00:09

Կատաղած շոգն ու մենք. ամառը կիսվեց, աշնանը մնում է մի ամիս ու մի շաբաթ: ՈՒ ինչո՞վ ենք հիշելու 2019-ի ամառը: «Ճանապարհային պատերազմով»՝ հաստատ: Մի «պատերազմ», որ հայտարարել ենք ինքներս մեզ ու ամբողջ ուժով պարտվում ենք՝ ավելացնելով զոհերի ու վիրավորների թիվը: Փաստորեն՝ ամառն ավելի վտանգավոր է վարորդների ու հետիոտների կյանքում, քան ձմեռը: Գուցե իրոք շիկացած ասֆալտին արգելակները չե՞ն պահում: Բայց ավելի շատ չեն գործում ուրիշ արգելակներ՝ մեր գլխում, գիտակցության ու բանականության արգելակները: ՈՒ ամառը մեղավոր չէ: 2019-ի ամառը հաստատ երկար կհիշեն նաև իջևանցիները: ՈՒ ոչ միայն նրանք: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Իջևանը դարձավ Հայաստանի լուրերի մայրաքաղաք: Խայտաբղետ ու իրարամերժ լուրերի: Հիմնականում՝ դառը: ՈՒ ի՞նչ հասկացանք Իջևանգեյթից:


Կոռուպցիան վերացնելն անհրաժեշտություն է, և հնարավոր է, երբ դառնա կենսակերպ: Տասնամյակներով կոռուպցիան եղել է կառավարման կերպ, աշխատանքի ու ապրելու կերպ: Գողություն են արել, կիսվել են ու ապրել են: Հենց դա ցույց տվեց Իջևանի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների բախումը: Մարդիկ քարով ու փայտով պետությունից պաշտպանում են իրենց գողանալու իրավունքը, որովհետև ապրուստի ուրիշ միջոց չեն տեսնում, պետությունը չի կարողանում պաշտպանել իր ոստիկաններին և իր բնակիչներին՝ իր ոստիկաններից: Միջպետական ճանապարհ փակելն արդեն ոչ թե հեղափոխական տրենդ է, այլ շանտաժ իշխանությանը: Երբ ոստիկանները փորձել են ճանապարհից հեռացնել ցուցարարներին, սկսվել են բախումներ։ 13 մարդ հոսպիտալացվել է, 11-ը՝ ոստիկան։ Նրանց միացել են հատուկջոկատայինները, ցուցարարները ձերբակալվել են: Այս կետից մեկնաբանությունները տարբերվում են. իջևանցիները բողոքում են ծեծուջարդից, բռնություններից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառում է, որ բռնություններ են եղել: Գլխավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ կեցվածքն էր: Համարյա սենսացիոն՝ հայրենակիցների նկատմամբ: Գուցե իջևանցիներն ակնկալում էին, որ իրենց վարչապետը կհասկանա ու արտոնություններ կտա իրենց՝ անտառ գողանալով ապրելու: Չհասկացավ: Չտվեց ու ճիշտ արեց: Նրանց համար հատկապես անհավանական էր, որ կառավարության նիստում վարչապետը հարցնում էր՝ ինչու՞ են ձերբակալվածներն այդքան քիչ՝ 36-ից 13-ը, ու պահանջում էր բոլորին ձերբակալել. «Հայաստանի կառավարության հետ ոչ մեկը չի կարող շանտաժի լեզվով խոսել»: «Ես ուզում եմ հստակ լինենք. ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ և այստեղ ոստիկանության, ԱԱԾ-ի, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել, և սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»:


Ցուցարարների հետ բանակցել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևան են մեկնել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հաջորդ օրը հարազատները բողոքում էին, որ «նագլի ձևով, քաշքաշ են արել», ծեծուջարդով տարել են:

Հայտնի չէ՝ որտեղ են ձերբակալվածները: Փաստը հաստատեց ՄԻՊ-ը՝ հայտնելով իր մտահոգությունները: Իջևան գնաց ԱԱԾ տնօրենը: Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց. «Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով, և մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք՝ որպես փայտանյութ դիտարկելը», բացատրեց, որ բացառիկ զբոսաշրջային տարածքներ են։ Արթուր Վանեցյանի կարծիքով՝ բողոքի ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ կազմակերպված սադրանք։ «Մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո, ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց, ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու»,- ասել է նա, ոստիկանության հետ համատեղ աշխատանքով բոլորը կհայտնաբերվեն ու կկանգնեն օրենքի առջև, բայց և հույս է տվել. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե քաղաքացիներին, թե պետությանը»: Ինչպե՞ս: «Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը՝ համապատասխան ծառայությունների միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով բաժանի քաղաքացիներին»՝ առաջարկում էր ԱԱԾ տնօրենը:

Ակնհայտ է, որ այդ տարբերակի համար Վալերի Օսիպյանն իր ոստիկաններով պիտի մնա Իջևանում: Իշխանությունը պատմությունը հանգեցնում է «փայտի մաֆիային», իջևանցիները հայտարարում են, որ ապրուստ չունեն:
Անտառից փայտ հանելն արգելելու միանգամայն օրինական պահանջը պետք է զուգորդվեր մարդկանց ապրուստի ուրիշ միջոց տալով: Տարածքային կառավարման նախարարն ու մարզպետն ասում են, որ օրական 8-15000 դրամով աշխատանք է առաջարկվել, մերժել են՝ գերադասում են փայտ գողանալ: Ամսական՝ կիրակիները հանած, 192-360000 աշխատավարձից հրաժարվելը Հայաստանում ռեալ չէ. ինչ-որ մեկը ստում է՝ կամ աշխատանք առաջարկողները, կամ աշխատանքից հրաժարվողները, որ իրենց խոսքով՝ օրվա հաց են աշխատում գողությամբ:


Իրադարձություններն Իջևանում ազդանշան են, որ օրինականության ապրիորի հաստատում հնարավոր չէ, օրինական ապրելու պայմաններ պետք է ստեղծվեն հպարտ քաղաքացիների համար: Այլապես երեկ Իջևանն էր, վաղը Գյումրին կլինի, հաջորդ օրը Գեղարքունիքը, ու՝ այդպես: Տնտեսական հեղափոխության խնդիրը աշխատատեղն է, միայն աշխատանք ունենալու պարագայում մարդիկ կդադարեն միջպետական ճանապարհներ ու փողոցներ փակել: Այս ընթացքով խորանալու են բռնությունները: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավապահ համակարգում է կատաղի դիմադրության հանդիպել, այլև նրանից երես են թեքում հեղափոխություն արած ու այսօր ծեծվող երեխաներն ու նրանց տուն տանելու համար գնացած, բայց հեղափոխություն արած մեծերը, որ չեն ստանում իրենց ակնկալածը՝ աշխատանք ու արդարություն: ՈՒ գերադասում են գողանալ: Խնդիրը համակարգային է ու համակարգային լուծում էլ պիտի ստանա: Համենայն դեպս՝ ԱԱԾ տնօրենի Իջևան գնալը վկայում է, որ իշխանությունը ոչ թե քաղաքացու բողոք է քննարկում, այլ մաֆիայի դեմ պայքար, որ ազգային անվտանգության սպառնալիք է: Իջևանը նաև այլ վկայություն տվեց. մարդիկ չեն ուզում ընդունել, որ իրավիճակ է փոխվել, և փորձում են շարունակել հին կենսակերպը՝ չաշխատելով ապրելու, գողանալու ու պետությունից բողոքելու: Արժեքների փոփոխություն չի եղել, գիտակցության փոփոխություն չի եղել, պատասխանատվություն չկա, կա պահանջ: Պետություն-իշխանություն-քաղաքացի եռամիասնություն չկա, կան միմյանցից դժգոհ հատվածներ: ՈՒ դա վկայում է կառավարման ճգնաժամ:


Հուլիսի 17-ին «Ազատությանը» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բազում խնդրահարույց հայտարարություններ արեց: ՈՒ մինչ լրագրողները քննարկում էին նրա խոսքի որակն ու անթույլատրելի որակում տոնն ու բառապաշարը, վարչապետը կարող է վարկանիշի վերելք գրանցել: Նիկոլ Փաշինյանը միշտ էլ շեշտը դրել է հասարակության որոշակի հատվածի վրա, որ կոչվում է ամբոխ, և նրա ողջ պոպուլիզմը հենց ամբոխահաճություն է: Հարցազրույցը ուղղված էր հիմնականում նրանց, որ հետայսու կարող են ասել՝ Նիկոլը բացատրեց ու մենք հասկացանք՝ ինչ է եղել ու ինչպես է եղել ու հիմա 1000 տոկոսով իր հետ ենք՝ ինչ էլ որոշի անել: Իսկ դա շոշափելի արդյունք է: Հասարակության այն հատվածը, որ սովոր է ամեն ինչին իր տեսակետից նայել, որ սկզբունքներ ունի ու գնահատում է ոչ թե խոսքով, այլ արդյունքով, չի համալրի նրա համակիրների շարքերը, հակառակը՝ համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության առաջին իսկ տարում ահավոր հոգնած է ու հանդիպելով համակարգային դիմադրության՝ չգիտի ինչ անել և նորից ու նորից լուծումները իր վրայից գցում է ժողովրդի վրա: Այն պարզ պատճառով, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Եվ ոչինչ, որ ժողովուրդը ընտրությամբ նրան է լիազորել օրենսդիր ու գործադիր իշխանությունը տնօրինելու իրավունքը և անգամ հիմա, վերջին հարցումների համաձայն, «Իմ քայլը» կստանար 60 տոկոս, եթե ընտրությունները լինեին այսօր: Նա ընդունում է, որ Հայաստանում կա վատ կառավարում, և չի ընդունում, որ կապ ունի «նոր, երիտասարդ թիմի» հետ՝ «98 տոկոս կառավարման էն համակարգը, որ մենք ունեցել ենք իշխանափոխությունից առաջ»: Ընդունում է, որ պրոբլեմը ոչ այնքան մարդկային է, որքան համակարգային: Բայց չգիտի՝ համակարգի դեմ ի՞նչ պետք է անել: Փոխարենը՝ «մեր քաղաքական թիմը այն քաղաքական թիմն է, որը ապահովել է ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին, և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմը ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու»: Նա բախվել է նախորդ իշխանության «քաղաքական մանիպուլյացիային» ՍԴ-ում, համոզված է, որ ՍԴ-ն վավերացրել է՝ 96-ից սկսած բոլոր ընտրակեղծիքները և կա վստահության ճգնաժամ ՍԴ-ի նկատմամբ, որ այսօր չունենք «այնպիսի ՍԴ, որը համապատասխանի մեր այսօրվա գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին», գիտի, որ «2019-ի Հայաստանը պետք է ունենա 2019-ի ՍԴ, սա է քաղաքական խնդիրը և որևէ մեկը չկասկածի, որ էս խնդիրը պետք ա լուծվի»: Բայց չգիտի՝ ինչպե՞ս: Նաև ճիշտ չի համարում, որ Սահմանադրությունը հաճախ փոխվի. «Կարծում եմ՝ խորհրդարանական համակարգը պետք է շանս ունենա, որ հասկանանք՝ ինչպիսի համակարգ է սա»: «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր կառավարություն և իրենք էլ հիմա իրանց վրա են ուզում ձևել նոր Սահմանադրությունը, բայց նորմալ եմ համարում, որ հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ»: Իսկ ընդհանրապես նրա հարցազրույցի մի մեծ հատված հաղորդում էր հանցագործության մասին, և տարօրինակ է, որ ոչ մի տեղեկություն չեղավ հետաքննություն սկսելու մասին: Փաստորեն՝ վարչապետի խոսքը լուրջ չի՞ ընդունվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՍԴ-ն արեց հերթական ձիով քայլը՝ հարցազրույցի հաջորդ օրը որոշեց՝ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»: Թող հիմա Ջանի Բուքիքիոյի գլուխը ցավի՝ Ռոբերտ Քոչարյանի գործը հասավ Վենետիկ: ԲԴԽ-ն էլ իր սկանդալը սարքեց՝ 1 օրում ԲԴԽ-ն հասցրեց նախագահ ընտրել՝ Ռուբեն Վարդազարյանին, մերժել Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը: Նախշուն Տավարացյանն էլ հասցրեց հրաժարական տալ՝ ԲԴԽ-ում «աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու» անհրաժեշտությունից ելնելով ու հիմա ԲԴԽ-ն 2 անդամի պակաս ունի: Էս ի՞նչ ենք անում: Երբվանի՞ց է տունտունիկն ազգային խաղ դարձել՝ քաղաքականության անվան տակ: Չգիտեմ Ալեն Սիմոնյանն ինչու՞ հրաժարվեց օրհներգը փոխելու մտքից, առաջարկում եմ Դալիդայի ու Ալեն Դելոնի կատարմամբ «Պարոլե, պարոլե» երգը: Իսկն է:

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao