«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Արյունը ջուր է դարձել

Արյունը ջուր է դարձել
26.07.2019 | 01:23

«Սիրո և համերաշխության հեղափոխությունից» հետո ինձ հաճախ է թվում, թե մղձավանջի մեջ եմ, և զարթուցիչի ձայնից ուր որ է կարթնանամ: Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը, թվում էր, այն սահմանագիծն է, որից այն կողմ անցնել որևէ մեկը չի հանդգնի: Մեկ տարուց ավելի Հայաստանի ղեկավարումը ստանձնածները որևէ հայտարարությամբ ու խոսքով, գործողությամբ, «լայվով» չեն հորդորել, խնդրել, հրամայել, կարգադրել՝ սիրեք ու հանդուրժեք միմյանց: Ատելությունը, հանրությանը մերոնցականների ու ձերոնցականների, ներկաների ու նախկինների, «Սերժի ստրուկների» ու «Նիկոլի վկաների» բաժանելը կանգնել է մարդկանց կոկորդին ու թույլ չի տալիս ապրել: Մարդիկ, որ ենթադրաբար պետք է մտահոգված լինեին իրենց երիտասարդությունը վայելելու, արժանապատիվ աշխատանք ու բարեկեցիկ ծերություն ունենալու խնդիրներով, սոցիալական ցանցերից դուրս չեն գալիս, աջուձախ կծմծում են միմյանց:

Ի՞նչ են ուզում, ինչի՞ց են դժգոհ, ի՞նչն է նրանց ստիպում խայթել դիմացինին, հասկանալ ու ըմբռնել չեմ կարողանում: Թերթի նախորդ համարներից մեկում էի գրել, որ մերժումների ցիկլից Հայաստանը դուրս չի գալիս, 30 տարի շարունակ մերժում ենք, բայց այժմ սոսկալին այն է, որ ոչ թե ինչ-որ երևույթ, վարք ու բարք կամ իշխանություն ենք մերժում, այլ միմյանց, հարազատը` հարազատին: Աղետի է նման այս երևույթը, որ դամոկլյան սրի նման կախվել է մեր գլխավերևից: Քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բանավիճելու փոխարեն, վիրավորում են իրար, անցնում թույլատրելի սահմանը և, որ ամենացավալին է, խաչ քաշում մեկը մյուսի վրա: Գոնե ինձ համար ոչ հեռավոր ապագայում Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը, առաջին հերթին, «նշանավորվելու» է նրանով, որ իրար դեմ դուրս եկան ոչ միայն ներկա ու նախկին իշխանությունները, այլև եղբայրն ու քույրը, ծնողն ու զավակը: Այս օրերին հաճախ եմ հիշում Շահան Շահնուրի «Նահանջն առանց երգի» վեպի հերոս Սուրենի խոսքերը, որ ասում է «Կնահանջե բարք, ըմբռնում, բարոյական սեր…»: Իրապես, նահանջի օրեր ենք ապրում, օդը ծանրացած է թունոտությամբ, ամեն պահի զգում ես հետևից լսվող ֆշշոցը: Ամենածանրը մեզ՝ լրագրողներիս համար է, երբ շրջապատում, բարեկամ-հարազատների շրջանում չեն կարողանում ընդունել ու հասկանալ՝ մեր առաքելությունը գործող իշխանություններին դիֆիրամբներ ձոնելը չէ, պատգամավորների ու չինովնիկների անհոդաբաշխ խոսքը տեքստ դարձնելն ու մատուցելը չէ, թերացումների, սայթաքումների, սխալների, կոռուպցիոն սկանդալների, արատավոր երևույթների մասին մեր արած հրապարակումներն են, որ գոնե որոշ չափով սթափ են պահում իշխանություններին, ստիպում հետ նայել ու հետևություներ անել: Քավ լիցի, պալատական երգիչների ու ճառ ասողների պակաս չկա այսօր: Իսկ նրանք, ովքեր երազում են ամուր, հզոր, կայացած ու դիմագիծ ունեցող պետություն ունենալու մասին, շարունակում են ու շարունակելու են պայքարել տգիտության, կոռուպցիայի, անարդարության ու արատավոր երևույթների դեմ:

Թեև քննադատող լրատվամիջոցներին ու լրագրողներին առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչները չեն սիրում, այնուամենայնիվ, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում ու հորդորում եմ` առողջացրեք համընդհանուր ատելության մթնոլորտը, իրական սեր ու համերաշխություն քարոզեք, այն այժմ մեզ օդ ու ջրի պես է հարկավոր:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao