«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Եվ խոսեց Արմեն Սարգսյանը

Եվ խոսեց Արմեն Սարգսյանը
27.07.2019 | 14:11

Ընդունեք, որ նախագահ Արմեն Սարգսյանի համբերությունը ծովածավալ է: Երկրում ինչ կատարվում է, նրան մեղադրում են, կամ՝ կապում նրա հետ: Ոմանք՝ հին իներցիայով՝ համարելով նախագահին երկրի առաջին դեմք, ոմանք՝ ցուցումով՝ համարելով նրան ոչ իր տեղում, ոմանք պարզապես պարապությունից: Ի՞նչ է ասել Արմեն Սարգսյանը բոլոր դիմումներին, կոչերին, մեղադրանքներին ի տրիտուր:


«Սիրելի հայրենակիցներ,
Ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:


Մենք ուշադրությամբ հետևում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին և այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը: Միաժամանակ ես լիահույս եմ, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը:
Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին:


Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր:
Վերջին շրջանում ես հանդիպել և շարունակելու եմ հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, ովքեր շահագրգռված են ու գործում են հանուն մեր երկրի և ժողովրդի բարօրության:

Աստված պահապան մեզ»


Այսքանը: Առաջին հայացքից՝ ոչ մի սենսացիա, ոչ մի սկանդալ, ոչ մի հայտնություն: Փաստացի՝ Արմեն Սարգսյանը շարադրել է իր սկզբունքներն ու նպատակները ու այդ սկզբունքները պաշտպանելու ու նպատակներն իրականացնելու մեխանիզմները: Եվ՝ հավաստել, որ ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ լսում է իբրև ՀՀ քաղաքացի, բայց մնում է ՀՀ նախագահ և գործելու է ՀՀ Սահմանադրությամբ: Վերջ: Նրանից ավելին չսպասեք: Բայց դա չի նշանակում, որ ՀՀ նախագահն իրեն զրկում է խորհուրդներ տալու իրավունքից: Կամ՝ հույս ունենալու: Ինչպես ընտանիքի հայրը, որ հետևում է զավակների պահվածքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ է Արմեն Սարգսյանը կարևորում դադար առնելն ու անելիքը ծանրութեթև անելը: Թերևս այն պատճառով, որ ինքն այդպես կաներ, նաև այն, որ Հայաստանում ամեն ինչ սկսվում ու ոչինչ իր լրումին չի հասնում: Արմեն Սարգսյանը ոչ սև է, ոչ սպիտակ, ոչ էլ, առավելևս, սևուսպիտակ, նա վեր է քաղաքական գզվռտոցից ու երբեք իրեն թույլ չի տա ներքաշվել քննարկման մեջ: Բայց և նա անտարբեր ու անհաղորդ դիտորդ չէ՝ նա ՆԱԽԱԳԱՀ է: Իսկ նախագահը՝ նրա պատկերացումով հնարավորը պիտի անի տունը պահելու համար և պատասխանատու է տան մթնոլորտի համար: Իսկ ընդհանրապես՝ մարդն անում է իր գործը ու, մեղմ ասած, բարձր զանգակատնից անտեսած ունի՝ ով ինչ կասի իր մասին ու ինչպես իր քայլերը կորակի: Հատկապես այն, որ ինքը խոսեց, երբ արձակուրդում էր վարչապետը: Ու եթե անկեղծ, դա իսկապես որրէ նշանակություն չունի, որովհետև տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը լսում ու տեսնում է միայն այն, ինչ իրեն ցույց են տալիս, ոչ թե այն՝ ինչ կա: Ի տարբերություն Արմեն Սարգսյանի, որ նախագահ ընտրվեց մի երկրում ու մի խորհրդարանում, իսկ իբրև նախագահ աշխատում է այլ խորհրդարանի հետ ու համարյա թե այլ երկրում: Բայց դա բոլորովին այլ պատմություն է:

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao