«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Հասարակության տարբեր շերտեր սկսում են հարցադրումներ հնչեցնել ու ակնկալիքների բավարարում պահանջել»

«Հասարակության տարբեր շերտեր սկսում են հարցադրումներ հնչեցնել ու ակնկալիքների բավարարում պահանջել»
01.08.2019 | 11:17

«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը սովորական դատական գործընթաց չէ. նա հանրապետության երկրորդ նախագահն է եղել, և այդ հանգամանքն արդեն իսկ գործընթացը նախադեպային է դարձնում։ Մյուս կողմից, գործ ունենք Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքների մի ծավալի հետ, որը տարբեր գնահատականների համաձայն, նկատելիորեն թե՛ բազմաշերտ է, թե՛ խնդրահարույց՝ իրավական կարգի ապահովման տեսանկյունից»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԿՆՅԱԶ ՍԱՐՈՅԱՆԸ:

-Եթե այս ամենին էլ գումարենք նախկինների դեմ անողոք պայքար մղելու՝ հանրության որոշակի շերտերի սպասելիքներն ու պահանջները նոր իշխանություններից, ապա պարզ կդառնա, թե ինչու են քաղաքական գործընթացներն այսօր պտտվում առավելապես Քոչարյանի գործի առանցքի շուրջ,- ասաց քաղաքագետը։- Իհարկե, օրակարգային բազմաթիվ այլ հարցեր կան, բայց թե ինչու դրանք չեն դառնում ավելի դոմինանտ քննարկումներում, պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Օրինակ՝ իշխանությունը կարող է ձեռնպահ մնալ նման քննարկումների նախաձեռնողը լինելուց, քանի որ մի շարք էական և խնդրահարույց հարցերի շուրջ կա՛մ չկան, կա՛մ վերջնական ձևակերպված չեն մոտեցումներն ու լուծումների գործիքակազմը։ Քաղաքական մյուս ուժերը նախաձեռնող չեն դառնում, քանի որ դեռ չեն հաղթահարել նախորդ տարվա քաղաքական իրադարձությունների՝ իրենց համար շոկային վիճակն ու առայժմ պատկերացում չունեն, թե որն է լինելու իրենց հետագա մարտավարությունը, ինչ դիրքավորմամբ են հանդես գալու, ռեսուրսային ինչ բազա ունեն։ Բացի այդ, հանրության կողմից էլ, շատ դեպքերում, օրակարգային լուրջ խնդիրներ չեն ձևակերպվում այն մտայնությամբ, որ դա հեղափոխական կառավարության անելիքն է։
-Չնայած ամառը քաղաքականապես պասիվ շրջան է, բայց որոշ ուժերի մասնակցությամբ հանդիպումներ, անդրկուլիսային որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ամիսներին, և հնարավո՞ր է աշնանն ակտիվ գործընթացների ականատեսը լինենք:
-Քաղաքական առումով նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած դեպքերը միայն հանրապետական կուսակցության համար չէ, որ խնդիրներ ստեղծեցին։ Փաստի առաջ կանգնեցին նաև դաշտում ակտիվություն ցուցաբերող այլ քաղաքական ուժեր՝ տեսնելով, որ իրենց երբեմնի էլեկտորատից, ըստ էության, ոչինչ գրեթե չի մնացել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները երկրորդ շոկային հարվածն էին քաղաքական ուժերի համար։ Հետևաբար, ենթադրելի է, որ տևական լռությունից հետո մի շարք քաղաքական ուժեր վերստին ակտիվանալու փորձեր պետք է անեն, մյուս կողմից, դաշտում տեսնում ենք հետապրիլյան իրադարձություններից հետո կազմավորվող քաղաքական միավորներ։ Հիմա այս ուժերը «team building»-ի փուլում են։ Կարծում եմ՝ արդեն աշնանը կսկսվի թիմային մարզումների փուլը, որն էլ, քաղաքական մեծ խաղից առաջ, աստիճանաբար կբերի հիմնական ուժերով քաղաքական բևեռների ուրվագծմանը։ Չմոռանանք, որ 2018-ի ապրիլը ցնցեց քաղաքական դաշտը, բայց այն իր նոր տեսքը դեռ չի ստացել։ Հաշվի առնելով իրադարձությունների բարձր դինամիկան՝ բացառված չեն նաև քաղաքական անակնկալները՝ անսպասելի քաղաքական կոմբինացիաներով ու լուծումներով։
-Օրերս սոցհարցում հրապարակվեց, համաձայն որի, իշխանության վարկանիշը որոշակիորեն նվազել է, փոխարենը ՀՀԿ-ն է վարկանիշի բարձրացում արձանագրել և դարձել քաղաքական դաշտի երրորդ ուժը։ Ի՞նչ են Ձեզ հուշում այս տվյալները։
-Չէի ասի, թե ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Գիտեք, քչերն են խոսում այդ մասին, բայց Realpolitik-ը փաստում է, որ հեղափոխություն անելն ավելի հեշտ է, քան դրանից հետո իշխանավարելը։ Հներին հեռացնելը զուտ հեղափոխության մեկնարկի կուլմինացիան է, իսկ արդեն հներից տարբերվող քաղաքականություն վարելն ու կառավարում իրականացնելը հեղափոխության գլխավոր առաջադրանքն է լինում, որը հաղթահարելը ոչ միշտ է ստացվում։ Կարծում եմ՝ այս փուլում գործ ունենք հենց այս խնդրի հետ։ Հետևաբար թե՛ հանրապետական կուսակցության, թե՛ մյուս քաղաքական միավորների շուրջ հետաքրքրության աճն ուղիղ համեմատական է իշխանության՝ հեղափոխության կարևոր առաջադրանքը լուծելու կարողությանը։ Բնական է, որ հասարակության տարբեր շերտեր աստիճանաբար դուրս են գալիս հեղափոխական էյֆորիայից, սկսում են հարցադրումներ հնչեցնել ու ակնկալիքների բավարարում պահանջել։ Մենք, ըստ էության, ունենք ոչ ստանդարտ իրավիճակ։ Չենք կարող պնդել, որ դրական տեղաշարժեր չկան, բայց չենք կարող նաև հերքել, որ հեղափոխության կոնցեպտի տակ դրված հանրության ակնկալիքներն ահռելի մասշտաբներ ունեն։ Քաղաքականությունն առհասարակ գործարքների ամբողջություն է, հեղափոխությունն էլ հեղափոխական վերևի ու ներքևի միջև կայացած գործարք է, իսկ ցանկացած գործարք ենթադրում է կողմերի համար փոխադարձ շահավետություն։ Իշխանության լեգիտիմությունն էլ վաղուց արդեն Աստծուց տրված շնորհ չէ, բարոյական չափումից զատ, այն ունի նաև ժամանակային չափում, այսինքն՝ լեգիտիմության շարունակական պահպանման հնարավորությունը։ Չգիտեմ այս ամենն իշխանությունը հաշվարկել էր, թե ոչ, բայց որ պետք է առերեսվել դրա հետ, փաստ է։ Այս ամենը հուշում է, որ եկել է իրականության հետ առերեսվելու փուլը, որտեղ էմոցիաները, սևերի ու սպիտակի բաժանումները, հեշտ մարսվող, բայց վնասակար ազդեցություն թողնող թեզերն արդեն անպիտան գործիքներ են։
-Այս օրերին ամենաքննարկվող թեման դատական համակարգի բարեփոխումներն են: Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կբարեփոխվի՞ դատաիրավական համակարգը, դատավորներն ու վեթինգ իրականացնող դեռևս անհայտ մարմինը պատրա՞ստ են զտման գործընթացին:
-Դատաիրավական բարեփոխումների շուրջ քննարկումներն ինչ-որ փուլից տարերային բնույթ ստացան։ Սկզբում դաշտ նետվեց անցումային արդարադատության հայեցակարգը, հետո շեշտադրումներն աստիճանաբար տեղափոխվեցին համընդհանուր վեթինգի հայեցակարգի շուրջ, իսկ ներկայում արդեն շրջանառվում է բարեվարքության ինստիտուտի մոդելի ուժեղացման թեզը։ Այս վայրիվերումներն առնվազն թույլ են տալիս ենթադրել, որ կա ինչ-որ չհղկված տեսլական, բայց գոնե մինչ այս պահը չկա մշակված բանաձև, չկան հիմնավորումներ, միջազգային փորձն էլ հաջողության քիչ օրինակներ է արձանագրել։ Հակված եմ ենթադրելու, որ դատաիրավական բարեփոխումների մասով ոչ գրագետ մշակված տեղեկատվական քաղաքականություն իրականացվեց, ինչից գոնե այս պահին էականորեն տուժեց բուն գործընթացը։ Տրիվիալ կանոն է, որ հանրությունը սիրում է ճաղերի հետևում տեսնել իրեն կառավարողներին և միշտ էլ ունենալու է նման պահանջներ։ Բազմաթիվ արատավոր երևույթներ միանշանակ պետք է արմատախիլ անել այդ համակարգից, բայց առանց այսրոպեական մղումների, առանց իրավունքի և օրենքների խախտումների, քանի որ դրանք վտանգավոր նախադեպեր կարող են դառնալ։ Կարծում եմ՝ դատաիրավական համակարգի բարեփոխման գրավականը իշխանության ունակությունն է, թե որքանով կկարողանա պահել քաղաքական նպատակադրումների ու բարեփոխումների ցանկության միջև պարտադիր ենթադրվող կարմիր գիծը։
-Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ որպես «բուդկա» սեփականաշնորհել էր ՍԴ-ն: Ո՞րն է երաշխիքը, որ եթե Հրայր Թովմասյանը պարտադրված հրաժարական տա, ՍԴ-ն, «սեփական բուդկայի» կարգավիճակով, նոր իշխանություններին չի ծառայի:
-Երաշխիքը, ըստ էության, գործընթացի ելքից է կախված։ Եթե ՍԴ նախագահը պետք է հրաժարական ներկայացնի ճնշումների հետևանքով, ապա կստացվի, որ օրվա իշխանությունը որոշեց, թե ով պետք է լինի ՍԴ նախագահ։ Թե սա որքանով է դատական համակարգի անկախության հետ համահունչ, թողնում եմ առանց մեկնաբանության։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ որպես կոնկրետ այս խնդրի լուծման եղանակ, նախ և առաջ պետք է այդ փոփոխությունների հայեցակարգը հիմնավորի, թե կոնկրետ ինչ ճգնաժամի մեջ է ՍԴ-ն: Գոնե մինչ այս պահը հայտնի չէ մի այնպիսի դեպքի, գործի մասին, որով ՍԴ-ն չի կարողացել իր լիազորություններն իրացնել կամ, օրինակ, կայացրել է մի այնպիսի վճիռ, որը ներքաղաքական կայունությունն է խաթարել, մարդկանց իրավունքների զանգվածային խախտումների պատճառ է դարձել և այլն։
-Օրերս արտախորհրդարանական յոթ ուժեր Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն էին տարածել: Իշխանությունները մինչ այժմ չեն արձագանքել այդ «նախազգուշացմանը»: Ինչու՞։
-Եթե չեմ սխալվում, իշխանության կողմից արձագանքներ եղել են, բայց զուտ ռեպլիկի կարգով։ Կարծում եմ՝ ավելի լուրջ արձագանքներ կլինեն, երբ արտախորհրդարանական այդ բևեռում քաղաքական գործընթացներն ակտիվանան առաջիկա ամիսներին։ Ընդհանրապես, ես չէի ուզենա, որ այս իշխանությունը թերահավատորեն վերաբերվեր ընդդիմությանը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչի մասին է խոսում։ Հայաստանի քաղաքական դաշտի արատավոր երևույթներից մեկը միշտ եղել է իշխանության կողմից ընդդիմության ասելիքը լսելն ու, որպես կանոն, դա անտեսելը։ Լավ կլինի, որ քաղաքականության վարման այս ձևը տեղ չունենա նոր իրողությունում:

Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 4408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao