Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը
17.09.2019 | 12:14

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: ոխվարչապետը ասել է. «Կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը և ծնելիության աճի խթանումը: Միաժամանակ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետևաբար, այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է: Մյուս կողմից էլ, նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետև նման բազմաշերտ ու խորը արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:


Ներկայացնեմ, թե ինչ քայլեր են կատարվել մինչ օրս: Հասկանալի է, որ հիմնահարցը հնարավոր չէ հասցեագրել առանց խորքային վերլուծության, այդ պատճառով Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նախորդ նիստերի ընթացքում անդրադարձել ենք ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին, ռազմավարական հիմնադրույթներին ու միջազգային լավագույն փորձին: Վեր են հանվել մեր երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրները: Այսօր արդեն ունենք անհրաժեշտ փաստերն ու վերլուծությունները, որպեսզի անցում կատարենք նախապատրաստական փուլից դեպի գործնական քայլերի իրագործում:


Մեզ համար ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետևաբար, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից։
Կատարված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։
Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել և շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով.
դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,
նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,
երեխա ունեցող և դեռևս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն:
Հենց այս ծրագրային առաջարկներին և դրանց հնարավոր իրագործման խնդրին էլ անդրադառնալու ենք այսօր»:
Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի համակարգի բարելավման, երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական հասանելիության վերաբերյալ ծրագրային առաջարկները։ Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ և երեխա ունեցող, երիտասարդ և երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարականներ տվեց՝ լրամշակել վերոնշյալ ծրագրային առաջարկները, քննարկման արդյունքներից բխող նոր առաջարկներ և փաթեթներ ներկայացնել:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ