Իսկ արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք
01.10.2019 | 00:03
Ժամանակակից աշխարհում մարդ առանց համացանցի չի կարող պատկերացնել իր առօրյան, որովհետև այն ստեղծում է հարմարավետություն, կյանքը դարձնում ավելի հետաքրքիր և հնարավորություն տալիս արագ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու: Այս կերպ համացանցի օգտատերերի թիվը գնալով արագ աճում է:
Փորձագետների տվյալներով` 2011 թ. օգտատերերի թիվը մոտ 2,3 միլիարդ էր: Իսկ այսօր այդ թիվը գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտատերերի զգալի մասը երիտասարդներ ու երեխաներ են, որոնցից շատերը, հատկապես դպրոցական տարիքի երեխաները, արդեն կատարյալ տիրապետում և օգտվում են համացանցից, չնկատելով, թե ինչպես է համացանցը դանդաղ և աննկատ ձգում նրանց իր «ոստայնի» մեջ: Մերօրյա երիտասարդությունը, նաև երեխաները, նախընտրում է վիրտուալ աշխարհի իրականությունը` անցկացնելով համակարգչի մոտ երկար ժամեր (հետազոտման տվյալների համաձայն մշտական ցանկություն` օրվա ընթացքում մոտ 12-16 ժամ): Այսպիսով առաջանում է ինտերնետ-կախվածություն: Ե՛վ մեծերի, և՛ երիտասարդների ու երեխաների մեջ առաջանում են համացանց մտնելու և դրանից կտրվելու անկարողություն:
Համացանցային կախվածության խնդրով զբաղվող փորձագետները բացահայտել են տվյալ կախվածության մի քանի ախտանշաններ, որոնցից հայտնի են.
. ինտերնետ - ռեսուրսների չափից ավելի օգտագործումը, այսինքն, երբ մարդ ոչ թե փնտրում է իրեն հետաքրքրող ինֆորմացիա, այլ մեքենայաբար, աննպատակ շարունակ այցելում է տարբեր կայքեր,
. խաղամոլությունը, ինչը պայմանավորված է համակարգչային խաղերի գրավչությամբ և նրանց ձգողական հատկությամբ,
. մարդ չի նկատում` ինչպես կլանվեց համացանցի մեջ, դա սկսում են նկատել նրան շրջապատող մարդիկ:
Համացանցային կախվածությունը կարելի է համեմատել թմրանյութերի կամ ալկոհոլային կախվածության հետ, մեկ տարբերությամբ, որ ինտերնետ-կախվածության դեպքում բացակայում է քիմիական նյութը: Մարդու ուղեղում գրգռվում են նույն ռեցեպտորները` սերոտոնինը, դոֆամինը և արտադրում ադրենալին, սակայն դա ոչ թե նյութական, քիմիական, այլ հոգեբանական կախվածություն է: Ըստ այդմ հետազոտող հոգեբաններն ընդգծում են այսօր հիմնականում հինգ տեսակի ինտերնետ-կախվածություն:
1. Ամենատարածված կախվածությունը սոցցանցերի, տարբեր ֆորումների վիրտուալ շփման մեջ ներգրավվածությունն է: Մեծ մասամբ օնլայն շփման մեջ հայտնվում են երիտասարդներն ու պատանիները, որովհետև համացանցը հնարավորություն է ընձեռում ներկայանալու երազած, սակայն ոչ իրական կերպարներով, և մնալով այդ վիրտուալ կերպարի մեջ` իրականացնելու որքան անհրաժեշտ, նույնքան և ցանկալի, բայց իրականում ոչ հնարավոր գործողություններ: Համացանցում օնլայն շփումը հիմնականում պետք է սահմանափակվի արդեն առկա ծանոթությունները պահպանելով, իսկ կախվածություն ունեցողները ձգտում են ստեղծել նոր ծանոթություններ` վերածելով այն պարզապես անիմաստ զբաղմունքի: Դրան խթանող գործոններից են` համացանցի գաղտնիությունը, անհնարությունը ստուգելու իր անձի մասին ներկայացրած ինֆորմացիայի ճշգրտությունը: Նաև պատճառներից մեկն է ինքնաարտահայտման բարդությունը, երբ մարդ, դժվարանալով արտահայտել և հաստատել սեփական կարծիքը, ինքն իր մեջ անվստահ մարդ լինելով, համացանցում կարողանում է ազատ արտահայտել այն, ինչ կուտակվել է իր սրտում, չվախենալով այլոց դժգոհությունից կամ քննադատությունից, ինչն էլ ստեղծում է պատասխանատվությունից խուսափելու մթնոլորտ: Այս կախվածությունը հաղթահարելու համար մարդ պետք է ձգտի իր մեջ զարգացնել այլ մարդկանց հետ կենդանի շփման ունակությունը: (Ամենահարմար միջավայրը եկեղեցական հավատացյալ համայնքն է, որտեղ մարդ կարող է վերագտնել իրեն` կենդանի հաղորդությամբ մարդկանց և Քրիստոս Աստծո հետ):
2. Տեղեկատվական ինտերնետ կախվածություն, կամ անհաղթահարելի պահանջ ինֆորմացիայի մշտական հոսքի, ինչը ստիպում է մարդուն անվերջ շրջագայել համացանցի տարածքներում: Այս կախվածությունը ենթադրում է ինֆորմացիայի աննպատակ փնտրտուք, երբ մարդ թափառում է` անցնելով մի կայքից մյուսը, կարդում է հոդվածներ, դիտում տեսանյութեր և այլն: Արդյունքում այս անիմաստ թափառումը բերում է ինֆորմացիոն գերծանրաբեռնվածության և հոգնածության: Դրա պատճառներից են պարապությունը և հոգու դատարկությունը: Իսկ հոգին չի հագենում ոչ մի բանով, այլ միայն հոգևոր սննդով, բարեպաշտ կյանքով և բարի գործերով:
3. Ինտերնետ-կախվածության մյուս տեսակը խաղամոլությունն է, երբ մարդ կպչում և չի կարող կտրվել օնլայն խաղերից:
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ սկսում են խաղալ համացանցում: Պատճառները տարբեր են: Մեկը փորձում է լցնել իր կյանքում առկա դատարկությունը, մյուսը` ուղղակի անգործությունից: Կան մարդիկ, որոնք պարզապես ուզում են հասնել գերազանցության, մրցակցելով ուրիշների հետ: Իրական սպորտային մրցումներում դրան հասնել անհնարին կլինի, իսկ վիրտուալ խաղերում շատ հեշտ է և հնարավոր: Օնլայն խաղերի հեղինակները մտածված են ստեղծում մարդու ուղեղի կենտրոնների վրա ազդող հատուկ ձայնային և անիմացիոն էֆեկտներ, մրցակցության պայմաններ, որպեսզի խաղի գրավչությամբ տարվելով, օգտատերերն ավելի երկար ժամանակ անցկացնեն համացանցում` անիմաստ ծախսելով իրենց դրամները, որոնք գնալու են ի շահ այդ խաղերի հեղինակների և համացանցի տերերի:
4. Լայն տարածում են ստացել նաև ազարտ օնլայն-կազինո գումարով խաղերը, որոնց մեջ տասնյակ հազարավոր մարդկանց համացանցի միջոցով ամենօրյա ներգրավվածությունը արդեն գերազանցում է ավանդական կազինո-խաղատներում ներգրավված մարդկանց թիվը:
Խաղամոլությունը իրապես դարձել է մեր հասարակության լուրջ պրոբլեմը: Այս տարածված երևույթի տխուր հետևանքները բոլորիս հայտնի են` նյարդային համակարգի խախտում, ունեցվածքի մսխում, ուրիշների, նաև տնեցիների հանդեպ անտարբերություն, ընտանիքների քայքայում և այլն:
5. Ինտերնետ-կախվածության ևս մի տեսակը հանդիսանում է այսպես ասած կիբեր-սեքսուալ կախվածությունը: Սա կպչուն, զզվելի ձգողականություն է համացանցում դիտելու պոռնոնկարներ և պոռնոֆիլմեր:
Այս տեսակ սեքսուալ ինտերնետ կախվածությունը, առաջին հայացքից չեզոք թվացող, իրականում շատ լուրջ խնդիր է, որը կանգնած է սոցիալ-հոգեբանական անվտանգության ապահովման ճանապարհին թե՛ մարդ անհատի, թե՛ ամբողջ հասարակության համար: Բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, կամ գտնվում են քայքայման եզրին, որովհետև ամուսիններից մեկը հակում ունի իր սեքսուալ պահանջները բավարարելու համացանցի միջոցով: Այսպիսով տեղի է ունենում էմոցիոնալ պառակտում իրական մարդկանց միջև, որի հետևանքով ընտանիքը, երեխաները, ընկերները, աշխատանքը կամ ուսումը մղվում են հետին պլան: Այս կախվածությանը իհարկե նպաստում են համացանցի մատչելիությունը, գաղտնիությունը, ամենաթողությունը, իրական փոխադարձ սիրո պարտականությունների բացակայությունը և այլն:
Համացանցային կախվածությունների ցուցակը կարելի է շարունակել` ավելացնելով հակերությունը, կիբեր հանցագործությունների զանազան տեսակներ, օնլայն առևտուր, աուդիո և տեսանյութերի անվերջ ներբեռնում` սեփական պահուստ ստեղծելու նպատակով և այլն։
Եզրակացնելով պետք է համաձայնենք, որ համացանցից թեև ամբողջությամբ հրաժարվել հնարավոր չէ հասարակության մեջ ապրող և աշխատող մարդու համար, սակայն հնարավոր է գերի չդառնալ և չկորչել գորշ «սարդոստայնի» դատարկության մեջ: Կախվածությունից ազատվելու համար նախ պետք է բացահայտել այն առաջացնող պատճառները և վերլուծել դրանք, ընտանիքներում ստեղծել վստահության և սիրո մթնոլորտ, հոգ տանել երեխաների ազատ ժամանակի զբաղվածության մասին: Եթե երեխան ունենա նախասիրություններ, հետաքրքիր և օգտակար զբաղմունք, ապա ավելի քիչ ժամանակ կանցկացնի էկրանի մոտ: Երիտասարդ սերնդին կարևոր է ցույց տալ, որ իրական աշխարհը ավելի հարուստ է, գեղեցիկ, իմաստալից, քան վիրտուալ, խաբուսիկ աշխարհի գորշությունը:
Իսկ ծանր կախվածության մեջ հայտնված մարդկանց թերևս անհրաժեշտ կլինի դեղորայքային, բժշկական, հոգեբանական օգնություն, ինչը շատ դեպքերում չի կարող օգնել ազատվելու համացանցային կախվածությունից ամբողջապես, որովհետև բոլոր տեսակի կախվածությունները մոլություններ են, այսինքն մեղքեր և շատ հաճախ հոգեսպան մեղքեր: Իսկ մեղքը հոգու հիվանդություն է և հաճախ առաջացնում է կախվածություն: Այս դեպքում երկրավոր բժշկությունը կատարյալ չէ և անհրաժեշտ է Երկնավոր բժշկի` մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջամտությունը Իր քավչարար արյան զորությամբ` սուրբ Հաղորդության և ապաշխարության խորհուրդների միջոցով, որը և հաստատվում է ավետարանական խոսքերով. «եթե Որդին ազատի, ճշմարտապես ազատ կլինեք»:
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Դարբասի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ