ReAnimania 2019
 

Կլասիկը մնում է կլասիկ

Կլասիկը մնում է կլասիկ
02.10.2019 | 10:24

Երեկվա ԵԱՏՄախեղդ օրվա լրահոսում համարյա աննկատ մնաց Աժ կլասիկ պատգամավորի կլասիկ գրառումը Ֆեյսբուքում. «Հիշու՞մ եք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քվեարկությամբ վերադարձվեց Ռուսաստանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստերին։ ՌԴ վերադարձը հիմնավորող ելույթ ունեցա ԱԼԴԵ քաղաքական խմբում, որն ամենառադիկալն էր՝ ռուսների վերադարձի մասով։ Իմ ելույթում մանրամասն ներկայացրեցի, որ եթե հիմա ՌԴ-ին հնարավորություն չտանք վերադառնալ ԵԽԽՎ, ՌԴ-ն դուրս կգա կառույցից, որի արդյունքում Ռուսաստանում ապրող 150 մլն մարդ կզրկվի ԵԽ Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից։ Արդյունքում կստանանք ավելի ռադիկալ Ռուսաստան և ավելի բաժանված Եվրոպա։ Ահա այս հիմնավորմամբ էլ կողմ քվեարկեցի։

Ամիսներ անց՝ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԵԽԽՎ-ում իր ելույթում նույն փաստարկներով հիմնավորեց Ֆրանսիայի կողմ քվեարկելու և իր անձնապես կողմ լինելու դիրքորոշումը»։


Ահա այսքանը՝ Աժ համեստագույն պատգամավորն իրեն համեմատում է Ֆրանսիայի նախագահի հետ: Ի՞նչ հիմքով:
Նախ ՌԴ-ի մասով: ԵԽԽՎ-ն շահագրգիռ էր ՌԴ-ին վերադարձնել ոչ այնքան քաղաքական, որքան ֆինանսական նկատառումներով: 2014-ից, երբ ՌԴ Պետդումայի պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից և ի նշան բողոքի լքեց նստաշրջանը, ՌԴ-ն ԵԽԽՎ բյուջեին անդամավճար չի մուծել: Իսկ դա ԵԽԽՎ բյուջեի համար զգալի գումար է: ՌԴ-ում մարդու իրավունքների մասով՝ «ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները» ՌԴ-ում համարյա չեն գործում կամ գործում են հազվադեպ: ՌԴ-ն ապավինում է իր օրենսդրությանը և Արևմուտքի հետ հայտնի հարաբերությունների պատճառով ոչ ԵԽԽՎ-ն, ոչ ՄԻԵԴ-ը ՌԴ-ում առանձնապես գործոն չեն: Դա փաստարկ է եվրոպացիների համար, բայց ոչ երբեք ռուսների: Մակրոնի մասով՝ Ֆրանսիայի նախագահը ՌԴ նախագահի հետ հարաբերությունները ջերմացնելու հստակ կուրս է վերցրել և բազում հայտարարություններ է արել, որ ՌԴ-ին պետք է վերադարձնել եվրոպական ընտանիք: Որ մայրցամաքի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի: ԵԽԽՎ ՌԴ-ին վերադարձնելը հիմնականում ֆրանսիական նախաձեռնություն էր և ընդամենը մեկ քայլ էր Ֆրանսիա-ՌԴ հարաբերությունների ջերմացման շրջագծում: Մակրոնի ինչի՞ն է պետք Ռուսաստանը: Պետք է՝ շատ ուտիլիտար նպատակներով: Մեծ Բրիտանիան հեռանում է ԵՄ-ից, Գերմանիան ակնհայտորեն կորցնում է ԵՄ առաջին ջութակի դիրքերը, Էմանուել Մակրոնն իր խնդիրն է համարում ԵՄ-ում բարեփոխումներ անելը, որի մասին ևս բազմիցս խոսել է: Հաջողության համար նրան պետք է նվազագույնը չեզոք Ռուսաստան, որ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական քայլեր չի անում ԵՄ-ի դեմ: Մոսկվան Մակրոնին պետք է նաև ԱՄՆ-ի դեմ չբարձրաձայնվող, բայց ակնհայտ պայքարում: Թրամփի ԱՄՆ-ը ոչ միայն չի ընդունում, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության երաշխավորն է, այլև պարբերաբար սպառնում է առևտրային պատերազմներով՝ Եվրոպայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի կտրուկ բարձրացումով: Եվրոպային ժամանակ է պետք սեփական բանակ ունենալու համար և Եվրոպային պետք է ինչ-որ կերպ ձերբազատվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից ու Ռուսաստանն ունենալ իբրև սպառման շուկա ու առևտրատնտեսական գործընկեր: Վերջին հաշվով՝ Մակրոնին պետք են արտաքին քաղաքական լուրջ հաղթաթղթեր նախագահական ընտրություններում նորից հաղթելու ու երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեղին ժիլետների շարժման հետևում կա արտաքին գործոն և այդ գործոնը անդրօվկիանոսյան է: Մակրոնը դա երբեք չի ների Թրամփին:

Աշխարհաքաղաքական բարդ ու հակասական խաղերում պատահական մի համընկնումը ոգեշնչել է հայոց խորհրդարանի կլասիկ պատգամավորին ու ինքնին հարց է ծագում՝ Ֆրանսիայի նախագահը պաշտպանում էր իր երկրի ազգային շահը, ու՞մ շահն էր պաշտպանում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԼԴԵ խմբում ելույթ ունենալիս ու ՌԴ պատվիրակության ԵԽԽՎ վերադարձին կողմ քվեարկելով: Ի՞ր, թե՞ Հայաստանի: Բազմափորձ պատգամավորը հաստատ թվաբանության հետ այնքան լավ հարաբերություններ ունի, որ կարող էր հաշվարկել՝ ՀՀ ԱԺ պատվիրակությունը քվեարկի-չքվեարկի, լիագումար նիստում որոշումը ընդունվել-չընդունվելու վրա չի ազդելու: Սա այն հարցերից չէր, որոնց ճակատագիրը մեկ կամ մի քանի ձայնի առավելությամբ է որոշվում: Իհարկե, կա հարցի քաղաքական կողմը: Հենց այստեղ է սկսվում բուն պատմությունը՝ 5 տարվա խաղաղ կյանքից հետո վերջապես ՀՀ ԱԺ պատվիրակությանը հնարավորություն էր տրվում գործով ապացուցել իր անմնացորդ նվիրումն ու հավատարմությունը ռուս-հայկական համագործակցությանը միջազգային կառույցներում: Բայց այստեղ մի «բայց» կա՝ հայերը միշտ ռուսների հետ են, ռուսները՝ ավելի շատ թուրքերի ու ադրբեջանցիների: Դա էլ անցանք ու մոռացանք: Էդմոն Մարուքյանը հրաշալի օրինակ է՝ սեփական պատմական անցյալի ու այդ անցյալի հետ հակասության մեջ մտնող ներկայի: Հրաշալի, բայց ոչ եզակի: Հավելեմ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ոչ պատահական՝ նա երբեք պատահական ոչինչ չի ասում, հայտարարությունը, թե ինչպես են աշխատում Հայաստանի խորհրդարանի իշխանության ու ընդդիմության հետ: Ճիշտ է՝ հայտարարությունը արվել է վաղուց, բայց բանալի է՝ հասկանալու ինչու՞ տրոհվեց «Ելքը» և երեք կուսակցությունների այսօրը ցույց է տալիս, թե ով են եղել նրանք երեկ: Ու՝ ո՞վ են լինելու վաղը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հաստատ կալարեի այս ամենը գրել, եթե աչքովս չընկներ ոչ միայն Էդմոն Մարուքյայի ֆեյսբուքյան գրառումը, այլև… Մակրոնի հետ սելֆին:
ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ու մակագրել. «Վատագույն սելֆին ԵԽԽՎ-ի պատմության մեջ: Սակայն անխոս հաճելի էր Մակրոնի հետ նկարվելը: Ավելորդ լուսավորության համար դիմել պարոն Մարուքյանին»: Մնում է հարցնել՝ իսկ ու՞ր էր Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao