ReAnimania 2019
 

Ալիևը՝ Լավրովի շարունակություն

Ալիևը՝ Լավրովի շարունակություն
05.10.2019 | 13:19

Ոմանց գուցե զարմացրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խիստ միակողմանի մասնագիտական հիշողությունն ու խիստ միակողմանի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ու բանակցությունների վիճակի մասին Սոչիում՝ Վալդայ ակումբի նիստում: Բոլոր զարմացածները երեկ ստացան իրենց պատասխանը, երբ հանդիպեցին Ադրբեջանի ու ՌԴ նախագահները և Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ ակումբի նիստում: Նախ՝ Մոսկվան ու Բաքուն պայմանավորվեցին շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը: Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասաց. «Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ»: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի՝ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը: Հետո՝ ինչպես վայել է արևելյան դիվանագիտությանը՝ փառաբանեց Պուտինին: «Ռուսաստանը կարողացավ հաղթահարել դարասկզբի ճգնաժամը «Պուտինի գործոնի» շնորհիվ՚ աևձանագրեց Իլհամ Ալիևը Վալդայի լիագումար նիստում: «Հիմնական գործոնը, որի շնորհիվ Ռուսաստանը պատվով դուրս եկավ ամենաբարդ փորձություններից, Վլադիմիր Պուտինի գործոնն է: Դա ճիշտ է, և դա պետք է իմանան բոլորը»,- ասաց Իլհամ Հեյդարովիչը: Այսքանից հետո նա արդեն իրավունք ուներ պատասխանել Հայաստանի վարչապետին: Շատերն են նկատել, որ նրա պատասխանը մեկ ամիս ուշացումով էր, բայց ոչ ոք չի արձանագրել, որ Ալիևի պատասխանը հնչեց Ռուսաստանից, ու հենց դա էր նրա մեկամսյա լռության պատճառը:


«Ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ զարմանք առաջացնող «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը։ Նախ, մեղմ ասած, սուտ է: Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից, հավասարապես լեռնայինը, ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», – ասել է Իլհամ Ալիևը։ Նա նորից հիշեցրել է, որ Հայաստանն էլ չի ճանաչում «այդ անօրինական միավորումը» և Ղարաբաղը ադրբեջանական երկիր է: «Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)», – հայտարարել է Ալիևը և մեծագույն հաճույքով հիշեցրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները: «Հայաստանի վարչապետը հաճախ ասում է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այսպիսով, ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովրդից, ովքեր ունեն հավասար իրավունքներ։


Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի լուծումն է ընդունելի Ադրբեջանի համար, այն կայանում է տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն է իրենց բնօրրան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ: Դա համահունչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ ակտին», – հայտարարել է Ալիևը։ Այսինքն՝ ամեն ինչ պտտվեց ու վերադարձավ ելման դրություն՝ կիրթ ու պրագմատիկ Ալիևը գտավ ճիշտ պահն ու ճիշտ տեղը ոչինչ չասելու: Ինչու՞ ոչինչ: Որովհետև ոչ մի նորություն նրա ձևակերպումների մեջ չկա ու չի կարող լինել: Ալիևի կրեդոն է տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը նա չի ճանաչում ու չի ճանաչելու, որովհետև իր պարագայում դա նշանակելու է հրաժարական:


Եվ անկախ նրանից, թե ինչ է ասում ՌԴ-ն ու երբ ինչ խոստումներ է տալիս, համաձայն է Ալիևի հետ: Եվ դա այն Լավրովը, որ սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի 74-րդ ասամբլեայի ամբիոնից Արևմուտքին կրկնակի ստանդարտների մեղադրանք էր ներկայացնում. «Երբ ձեռնտու է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նշանակություն ունի, իսկ երբ պետք չէ՝ համարվում է անօրինական»՝ բառացիոերն ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Երբ ձեռնտու է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նշանակություն ունի, իսկ երբ պետք չէ՝ համարվում է անօրինական»՝ ասելիս նա նկատի ունի Ղրիմը: Ինչպե՞ս է վարվում Ռուսաստանը Արցախի հարցում՝ ճանաչու՞մ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, թե՞ կողմ է տարածքային ամբողջականությանը: Եթե ՌԴ ԱԳ նախարարը դեմ է կրկնակի ու բազմակի ստանդարտներին և մեղադրում է Արևմուտքին այդ վարքագծի համար, ինչու՞ է նույնն անում ՌԴ-ն: Ավելին՝ խորացնում է կոնֆլիկտը՝ սպառազինելով կոնֆլիկտի կողմերին ու կախվածության մեջ դնելով իրենից: Սա ո՞ր ստանդարտն է՝ բիզնեսի՞, թե՞ բիզնեսի վրա հիմնված արտաքին քաղաքականության, որտեղից վաղուց դուրս է վռնդված բարոյականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Վալդայի համաժողովում Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ ասեկ է. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»: Նա նշել է, որ հենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևը, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովորդների համար: «Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Նա ընդգծել է , որ պատասխանելով հայկական կողմի առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չի կատարել տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը: ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը: «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ», - նշել է Աննա Նաղդալյանը: ԱԳՆ խոսնակն ասել է՝ Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:
Այսինքն՝ ոչինչ չի փոխվում, Հայաստանն էլ մնում է իր դիրքերում ու շարունակվելու է դիրքային պայքարը՝ սահմանային կրակոցներով: Ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանի ու Ադրբեջանի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են տարածաշրջան գալ, մի հայտարարություն էլ նրանք կանեն, ու հարցը կմնա նույն հարթության մեջ՝ կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Եվ՝ ե՞րբ:

Դիտվել է՝ 682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao