Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը կանաչ լույս վառեց Անկարայի համար

ԱՄՆ-ը կանաչ լույս վառեց Անկարայի համար
08.10.2019 | 11:30

Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում, բայց և չի մասնակցի: Թուրքիայի նախագահ Էրդողանը նպատակ ունի սահմանից հեռացնել քուրդ աշխարհազորայիններին, որ ԱՄՆ դաշնակիցն էին ԻՊ-ի դեմ պայքարում: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ԱՄՆ զինվորականները հեռանում են Թուրքիայիհնարավոր ռազմական գործողությունների գոտիներից: Քրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ունեին ԱՄՆ աջակցությունը և կարևոր դեր խաղացին Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ին ջախջախելու մեջ: Թուրքիան նրանց համարում է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղ: Կիրակի օրը Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հաղորդեց, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Թուրքիայի ռազմական գործողություններին և Անկարան ստանձնել է պատասխանատվությունը ԻՊ-ի զինյալների համար, որ վերջին 2 տարում գերևարվել են ու բանտարկված են: Քրդական YPG –ը մինչև օրս ուներ Վաշինգտոնի աջակցությունը: 2019-ի հունվարին Դոնալդ Թրամփը սպառնաց «կործանել Թուրքիայի տնտեսությունը, եթե հարձակվի քրդական ուժերի վրա՝ Սիրայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո՚: Սակայն Սպիտակ տան նոր հայտարարությունը բոլորովին այլ բովանդակություն ունի և որևէ սպառնալիք չի պարունակում:

«Շուտով թուրքական ուժերը կսկսեն վաղուց ծրագրված ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում,-նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:-ԱՄՆ զինված ուժերը չեն աջակցի այս գործողությանը և չեն մասնակցի: ԱՄՆ ուժերը, ԻՊ-ի ջախջախումից հետո, այլևս այդ շրջաններում չեն լինի՚: «ԱՄՆ կառավարությունը կոչ է անում Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական մյուս երկրներին, որտեղից շատերը Սիրիա են եկել և միացել ԻՊ-ին, իսկ հետագայում գերևարվել են, նրանց հետ վերցնել: Բայց նրանք հրաժարվեցին՚՝ նշվում է հայտարարության մեջ: «ԱՄՆ-ը նրանց չի պահի, քանի որ դա կարող է երկար տարիներ ձգվել և պահանջել ամերիկացի հարկատուներից մեծ ծախսեր՚՝ ընդգծել է Սպիտակ տունը: Սիրիայի տարածքում՝ քրդերի վերահսկողության տակ, 12000 մարդ կա, որ կասկածվում է ԻՊ-ին անդամակցության մեջ: 4000-ը օտարերկրացիներ են: Կիրակի երեկոյան Էրդողանը հայտարարեց, որ Թրամփի հետ հեռախոսով քննարկել է Թուրքիայի՝ անվտանգության գոտու ստեղծման հարցը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է ահաբեկիչների դեմ պայքարի և սիրիացի փախստականների՝ տուն վերադառնալու պայմանների ստեղծման համար:

Թուրքիայում ապրում են 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որ հեռացել են երկրից 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով:

Իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտում տեղակայելլ իրենց տարածքում ապրող 2 միլիոն փախստականների: Թրամփի հետ խոսակցության ընթացքում Էրդողանը հիասթափություն է արտահայտել, որ ամերիկացի զինվորականները ի վիճակի չեն կատարել անվտանգության գոտու ստեղծման համաձայնությունը, որ ձեռք էր բերվել օգոստոսին՝ հաղորդել են նախագահի գրասենյակից: Շաբաթ օրը Էրդողանը նախազգուշացրեց, որ թուրքական ուժերը կարող են մի քանի օրից սկսել հարձակումը: Մանրամասների մասին նա չխոսեց:

Երկուշաբթի քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF), որ YPG-ի կազմում են ու վերահսկում են ԻՊ-ից ազատագրված տարածքները Սիրիայի հյուսիս-արևելքում, հայտարարեցին, որ ամերիկացիները սկսել են դուրս գալ սահմանակից շրջաններից: SDF-ը հայտարարեց, որ դա խիստ բացասական ազդեցություն կունենա ԻՊ-ի դեմ ալյանսի պայքարի վրա: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական խումբը ևս հայտարարեց, որ ԱՄՆ-ը հեռանում է իր առանցքային դիրքերից: Հյուսիսային Իրաքի քրդական հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ SDF-ը իր ստորաբաժանումները բերել է մարտական պատրաստության վիճակի, թուրքական բանակը մոտեցել է սահմանին:

Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները SDF-ի քրդասիրիական ալյանսի ամենախոշոր զորամիավորումն են: Թուրքիան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին YPG-ին աջակցելու համար: Անկարան նրանց համարում է ՔԱԿ-ի մասնաճյուղ: ՔԱԿ-ը 1984-ից պայքարում է Թուրքիայի հարավ-արևելքում քրդական ինքնավարության ստեղծման համար: Թուրքիան, ԱՄՆ-ը և որոշ այլ երկրներ ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն: Անկարան զգուշանում է, որ սիրիացի քրդերը, որ ուզում են Սիրիայի ներսում ինքնավար տարածք ստեղծել (ինչպես Իրաքյան Քուրդիստանը, որ լայն ինքնավարության կարգավիճակ ունի), ոգևորում է Թուրքիայի քրդերին նման տարածք ստեղծել Թուրքիայում: Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները ժխտում են ՔԱԿ-ի հետ կապը:

Սպիտակ տան հայտարարությունը նշանակում է ԱՄՆ քաղաքականության էական փոփոխություն՝ նախագահ Թրամփը գործում է հակառակ Պենտագոնի ու Պետդեպարտամենտի խորհուրդների: Դա կարող է հանգեցնել Սիրիայում ալյանսների վերաձևավորման: Քրդերը, հավանաբար, ստիպված կլինեն պայմանավորվել նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ: Իսկ ուժերի վերադասավորումից առաջացած քաոսը կարող է նպաստել ԻՊ-ի վերածնունդին:

Սահմանամերձ շրջաններից ամերիկացի զինվորականների հեռանալը կարող է վերածվել Սիրիայից ԱՄՆ զորքերի լիակատար դուրսբերման, որ վաղուց էր ցանկանում Թրամփը: Դա նշանակում է դավաճանել քուրդ դաշնակիցներին, որ հարուցելու է տարածաշրջանի մյուս երկրների անհանգստությունը: Եվ Սաուդյան Արաբիան, և Իսրայելը հասկանում են, որ Թրամփի հռետորաբանությունը հազվադեպ է համընկնում նրա քայլերի հետ:

Սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Սիրիայի հարցով հետազոտական խումբը ներկայացրեց հաշվետվություն, որն արձանագրում է՝ ԱՄՆ-ը նախկինի պես լուրջ շահեր ունի Սիրիայի անվտանգության հարցում, Վաշինգտոնը պահպանում է ազդեցության լծակները այնտեղ կատարվող իրադարձությունների վրա:

Բայց Թրամփը բացահայտորեն այդ կարծիքին չէ:

BBC

Հ.Գ. Ակնհայտորեն՝ նախքան Թրամփի համաձայնությունը ստանալը, Էրդողանը ստացել է նաև Պուտինի համաձայնությունը, իսկ դա նշանակում է, որ Պուտինն էլ «դավաճանում է՚ Ասադին, ինչպես՝ Թրամփը՝ քրդերին: Ինչ նպատակ էլ ունենա Էրդողանը, դա ագրեսիա է Սիրիայի դեմ, որին Դամասկոսը, բնականաբար, չի կարող համաձայն լինել: Այսինքն՝ հասունանում է Սիրիա-Թուրքիա հերթական լարումը, եթե ոչ պատերազմը: Սիրիայի նախագահը շատ լավ է հասկանում, որ «անվտանգության գոտին՚ դառնալու է այն տարածքը, որ Էրդողանը բնակեցնելու է ոչ այնքան սիրիացի փախստականներով, որքան թուրքերով, բացելու է թուրքական դպրոցներ, հիվանդանոցներ, հաստատելու է իր կառավարումը՝ հետո Սիրիայից պոկելու համար: Համենայն դեպս կանխելու համար այդ տեսակետը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում գրել է. «Սիրիական ճգնաժամի սկսվելու օրից մենք աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը, սրանից հետո նույնպես աջակցելու ենք» և հավելել, որ իրենք վճռական են տրամադրված իրենց երկրի անվտանգության պահպանման և «տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու գործում»: Հետաքրքիր է՝ ինչու՞ նման վճռականություն չեն դրսևորում Իդլիբում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ