Երկրում շարունակվում է իրավական համակարգի ապամոնտաժումը, ռեպրեսիաները նոր թափ են հավաքում. Քոչարյանին մի պահ «մոռացած» իշխանությունների մոտ դեռ ոչինչ չի ստացվում Հրայր Թովմասյանին «բանտելու» մասով: Ակնհայտն այլ բան է. իրավիճակն ավելի է խորանալու բազում պատճառներով. բազմիցս ենք անդրադարձել դրանց, մտահոգ շրջանակներին հետաքրքրող հարցն էլ հետևյալն է. այն ամենը, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, իրավական անկարողությա՞ն, փնթիության արդյու՞նք, թե՞ լավ պլանավորված ծրագրի իրականացում է:
Երկուսն էլ: Հաշվի առնենք` Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ «անսպասելի», չնայած դրանից առաջ լուրջ փորձարկումներ եղել էին` «Էլեկտրիկ Երևան», ՊՊԾ գնդի գրավում, Սերժ Թանկյանի համերգ, որպես ճշգրտում` «ոգու» ու ծավալայնության:
Հայ էթնոսը զգայական է, սակայն «տառապանքի քառուղիներով» անցած նրա տեսակը կարմիր նիշեր չանցնելու, չերկնչենք ասել, տիեզերական բնույթ ունի.
ա) քաղաքացիական բախումների չի գնում.
բ) դժվար պահին խիստ արագ միաբանվում, համախմբվում է:
Աշխարհը, մասնավորապես Մեծ Մերձավոր Արևելքը մարշալ-պլանով վերադասավորելու աշխատանք շատ վաղուց սկսած «տիրակալներն» անկասկած Հարավային Կովկասը, ի մասնավորի Հայաստանը վերաձևելու նպատակայնությունն իրացնելիս չէին կարող «խորքային» վերլուծության չենթարկել այս երկու բաղադրիչները՝ դրանք ջարդելու, հայի «տիեզերք» թափանցելու, այնտեղ ձվադրելու հեռահար ծրագրով:
Այսօր հենց այդ գործընթացի «պիկն» է Հայաստանում. ջարդում են միասնությունը, մաշում էթնոսի ներքին ուժն ու կորովը, ոգու ամբողջության մեջ տրոհում մտցնում, որպեսզի կարողանան իրենց գերնպատակներն իրականացնել:
Գերնպատակների մասին ևս շատ ենք խոսել՝ պոկել տարածաշրջանը Ռուսաստանից, դարձնել «ցոփ արոտավայր»` սեփական շահերի: Նկատենք` գործընթացը հաջողությամբ ավարտվել է ՈՒկրաինայում, Վրաստանում, երկուսն էլ արդեն ռուսական ազդեցությունից դուրս են: Չենք քննարկելու Ղրիմի, հիմա էլ Լուգանսկի ու Դոնեցկի հարցերը, Աբխազիայինն ու Օսիայինը` նույնպես:
Դառնալու ենք մեզ. հայ ոգին մաշելու գործընթացը նույնպես խիստ բարեհաջող է ընթանում: Ընդ որում, պլանն իրականացնող տիրակալները մետրիկան դրել են «ամենահաջող» պերսոնի վրա` հաշվի առնելով բոլոր դետալները` մանկություն, ամբիցիա, բարոյական զսպանակների հետ զրո խնդիր, «յան,» էներգիայի ազդեցության խոր տարածականություն, ամեն ինչի համար վիրտուոզ բացատրություն գտնելու անսահման կարողունակություն, ողնաշարի բոլոր պարունակներով իշխանությանը կառչած լինելու մարմաջ, բռնապետական էգոցենտրիկության աճուրդավորում ու այդպես շարունակ:
Նրան ներում են և միջազգային հանրությունը, և՛ հայ հանրությունը (որքան էլ աբսուրդային` 37 թիվ հիշեցնող վերջին ռեպրեսիաները իսկապես ու կրկին բարձրացրել են օրվա իշխողի վարկանիշը, ասել է` նրան խաղարկողների հաշվարկներն անթերի են)։ Հանրության մի մասը ողջունում է ձերբակալությունների խելահեղ, իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող շղթան, մյուս մասն էլ հոգեպես մաշվում-հյուծվում է, դիմադրողականությունը կորցնում, որովհետև չկան այն օազիսները, պայքարի համադրումները, որ կկանխեին այս ամենը:
Չկա հակընդդեմ պրոյեկտը, չկան կատարողները:
Իսկ չկա մեկ պարզ պատճառով. սա հեշտ պայքար չէ. սա, նախ և առաջ, որքան էլ քաղաքական-տարածաշրջանային, իրավական և այլ կարգի առարկայական դրսևորումների համակցություն է, նույնքան էլ հոգևոր պատերազմ է և հոգևոր պատրաստվածություն է պահանջում:
Մեծ դեպրեսիան ահա այսպես է առաջանում։ Ժամանակին Եվրոպայում էր այն «շրջում»` փոխելով մարդուն, նրա արյան բաղադրությունը, հիմա «մեր կողմերում» է:
Նյարդերը տեղի՞ են տալիս։
Երբեմն` այո, սակայն, մեծ հաշվով, էթնոսը նաև մաքրվում, բյուրեղանում է այս հյուծող կռվում: ՈՒ տակը հաստատ ԲԱՆ մնալու է, որպես ի սկզբանե գոյ։ ՈՒ, անկախ մեր քայլերից, Բանը իր ու ոչ թե «իմ» քայլն անելու է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ